Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան

Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան (ԴոնԱՏՀ), Դոնբասի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Լայնորեն հայտնի է ԴՊԻ անվանումով (Դոնեցկի պոլիտեխնիկ ինստիտուտ)։

Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան
ուկրաիներեն՝ Державний вищий навчальний заклад "Донецький національний технічний університет"[1] և անգլ.՝ State Higher Education Establishment "Donetsk National Technical University"[1]
Изображение логотипа
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան և ազգային համալսարան
ԿարգախոսVivat, Crescat, Glorat![2]
Հիմնադրված էմայիսի 30, 1921
Երկիր Ուկրաինա
Հասցե85300, Україна, Донецька обл., пл. Шибанкова, 2
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
Կայքdonntu.edu.ua(ուկր.)
Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան (Ուկրաինա)##
Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան (Ուկրաինա)
Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան, Ուկրաինա
 Donetsk National Technical University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ուսումնական հաստատության անվանումները՝

  • 1921-1926՝ Դոնեցկի ընկեր Արտյոմի անվան լեռնային տեխնիկում (քաղաք Ստալինո)
  • 1926-1935՝ Դոնեցկի լեռնային ինստիտուտ (ԴԼԻ)
  • 1935-1960՝ Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտ (ԴԻԻ), 1938-1953 թվականներին կրել է Նիկիտա Խրուշչովի անունը
  • 1960-1993՝ Դոնեցկի պոլիտեխնիկ ինստիտուտ (ԴՊԻ)
  • 1993-2001՝ Դոնեցկի պետական տեխնիկական համալսարան (ԴոնՊՏՀ)
  • 2001 թվականից՝ Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան (ԴոնԱՏՀ)

Ակունքներ խմբագրել

 
Հուշատախտակ ԴոնԱՏՀ առաջին մասնաշենքի պատին
 
Առևտրային ուսումնարանի շենքը, որը տրամադրվել է Դոնեցկի լեռնային տեխնիկումին, 1912

Դոնբասում առաջին բուհի կազմավորումը տեղի էր ունենում ծայրահեղ ծանր պայմաններում։ Քաղաքացիական պատերազմից հետո հանքերը, մետալուրգիական, կոքսի, մեքենաշինական գործարանները պարապուրդի էին մատնված, երկաթուղին ավերված էր։ Երկրի նոր ղեկավարությունը մեծ նշանակություն էր տալիս Դոնբասի վերականգնմանը։ Դրա համար անհրաժեշտ էին ինժեներական կադրեր։ Այդ ժամանակ Դոնբասում աշխատում էին ընդամենը 189 լեռնային ինժեներներ, և լեռնային արդյունաբերությունը բարձր որակավորման մասնագետների խիստ կարիք էր զգում։

Հաշվի առնելով այդ, որոշվեց Յուզովկայում բացել լեռնային տեխնիկում, որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում էր Ֆեոդոր Սերգեևին (Արտյոմին)։ Լեռնային տեխնիկումի բացման որոշումն ընդունվեց Հանքագործների Համառուսաստանյան միության Կենտրոնական կոմիտեի կողմից։ 1920-ական թվականներին ԽՍՀՄ-ում տեխնիկումները համարվում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ և պատրաստում էին նեղ մասնագիտացմամբ մասնագետներ, իսկ ինստիտուտները պատրաստում էին արտադրության ղեկավարներ և կառավարիչներ։

Քաղաքային իշխանությունների որոշմամբ նորաստեղծ ուսումնական հաստատությանը հատկացվեց նախկին Առևտրային ուսումնարանի շենքը (այժմ՝ 2-րդ ուսումնական մասնաշենք) և հարակից կիսավեր կազակական զորանոցները։ Կարճ ժամանակահատվածում դրանք վերանորոգվեցին և 1921 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցավ Դոնտեխնիկումի պաշտոնական բացումը։ Առաջին հավաքագրմամբ տեխնիկում ընդունվեցին 208 ուսանողներ։

Քանի որ ուսանողների ընդհանուր կրթական մակարդակը բավականին ցածր էր տեխնիկումի ղեկավարությունը որոշեց բացել բանվորական ֆակուլտետ։ Դա Ուկրաինայի առաջին բանֆակներից մեկն էր, որտեղ ուսանողները երեք տարվա ընթացքում ուսումնասիրում էին ընդհանուր կրթական առարկաներ։ Բանֆակում է սովորել նաև ԽՍՀՄ ապագա ղեկավար Նիկիտա Խրուշչովը, հենց Դոնտեխնիկումից էլ սկսվել է նրա քաղաքական կարիերան։ 1922 թվականին վերադառնալով Յուզովկա, նա որպես Իններորդ բանակի քաղաքական բաժնի հրահանգիչ գործուղվում է Ռուչետկովո, որպես կոմիսար հանքավայրերից մեկի վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար (այժմ Դոնեցկի Կիրովյան շրջան)։ Աշխատանքների հաջող կազմակերպման շնորհիվ նա շուտով առաջարկություն ստացավ հարևան հանքավայրը ղեկավարելու վերաբերյալ, սակայն նա դիմում ներկայացրեց բանֆակ ընդունվելու վերաբերյալ, որտեղ որպես ընդունվելու նպատակ նշել էր «Ստանալ անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ, արտադրության ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով»։ Շուտով Նիկիտա Խրուշչովը դարձավ ոչ միայն բանֆակի, այլ ողջ տեխնիկումի կուսքարտուղարը։ Այդ ժամանակահատվածում նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ վերականգնվեցին ուսումնական մասնաշենքի արհեստանոցները, լաբորատորիան, կարգավորվեց էլեկտրասնուցումը, ինչպես նաև մոտակա տպարանում սկսեցին դասագրքերի տպագրությունը։ 1924 թվականի սեպտեմբերին Նիկիտա Խրուշչովը ընդգրկվում է տեխնիկումի առաջին 15 շրջանավարտներին դիպլոմներ հանձնող հանձնաժողովի կազմում։ Սակայն նրան դիպլոմ ստանալ չհաջողվեց, քանի որ 1925 թվականի հուլիսին նշանակվեց Պետրովո-Մարինսկի գավառի Ստալինյան օկրուգի կուսակցական ղեկավար, որտեղից էլ սկսվեց նրա առաջընթացը դեպի իշխանության բարձունքներ։

Դոնտեխնիկումի համար մեծ պրոբլեմ էր դասախոսական կադրերի ընտրության հարցը, մասնագիտական առարկաների դասավանդման համար հրավիրվում էին արդյունաբերական ձեռնարկությունների ինժեներներին։ 1923 թվականից տեխնիկումում սկսեցին աշխատել Խարկովից, Եկատերինոսլավից, Նովոչերկասկից և ԽՍՀՄ այլ քաղաքներից հրավիրված պրոֆեսորներ։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Բուհի շրջանավարտների թվում են[3]`

  • Նիկիտա Սերգեևիչ Խրուշչով՝ ղեկավարել է ԽՍՀՄ-ը 1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ականների կեսերը
  • Ալեքսանդր Ֆյոդորովիչ Զասյադկո, Նիկոլայ Միխայլովիչ Խուդոսովցև և Ալեքսանդր Անդրեևիչ Պշենիչնի[4]՝ ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ ածխարդյունաբերության ղեկավարներ
  • Ալեքսանդր Պավլովիչ Լյաշկո, Եֆիմ Լեոնիդովիչ Զվյագիլսկի՝ ղեկավարել են Ուկրաինայի կառավարությունը
  • Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչ՝ Ուկրաինայի չորրորդ նախագահ
  • Վիտալի Անատոլևիչ Հայդուկ և Անդրեյ Պետրովիչ Կլյուև՝ Ուկրաինայի փոխվարչապետեր
  • Լյուդմիլա Ֆյոդորովնա Բեզլեպկինա[5]՝ Ռուսաստանի բնակչության սոցիալական պաշտպանության նախկին նախարար
  • Նգուեն Վան Ան՝ Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ
  • Անատոլի Բորիսովիչ Սոլովյանենկո՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
 
Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտի ավերված 1-ին մասնաշենքը
 
Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտի ավերված 3-րդ մասնաշենքը
 
Հուշատախտակ Դոնեցկում

Դոնեցկի լեռնային ինստիտուտ խմբագրել

1926 թվականին Դոնեցկի լեռնային տեխնիկումը զգալի հաջողությունների հասավ որակավորված մասնագետների պատրաստման գործում` դառնալով Դոնբասի ուսումնական և գիտատեխնիկական կենտրոն։ Սակայն Դոնեցկի ածխային ավազանի ինդուստրացման բարձր տեմպերը պահանջում էին ավելի մեծ թվով որակավորված մասնագետներ։ Այդ կապակցությամբ 1926 թվականի ապրիլին Դոնեցկի լեռնային տեխնիկումը վերակազմավորվեց և կոչվեց Դոնեցկի լեռնային ինստիտուտ[6]։

1929 թվականի վերջում քաղաքում բացված երեկոյան մետալուրգիական տեխնիկումը վերակազմավորվեց Դոնեցկի մետալուրգիական ինստիտուտի (ԴՄԻ), որտեղ մասնագետներ էին պատրաստում դոմենային, մարտենյան և գլանման արտադրությունների համար։ 1930 թվականի ամռանը ածխաքիմիական ֆակուլտետի բազայի վրա ստեղծվեց երկրորդ ճյուղային ինստիտուտը` Դոնեցկի ածխաքիմիական ինստիտուտը։

Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտ խմբագրել

1935 թվականի ապրիլին որոշվեց լեռնային, մետալուրգիական և ածխաքիմիական ինստիտուտների բազայի վրա ստեղծել մեկ միասնական բուհ, որը ստացավ Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտ անվանումը[7]։

1938 թվականից մինչև 1953 թվականը ինստիտուտը կրել է Նիկիտա Խրուշչովի անունը[8]։ 1941 թվականին ինստիտուտը դարձավ տարածաշրջանի խոշորագույն կրթական և գիտական կենտրոն։ Իր գոյության 20 տարիների ընթացքում ինստիտուտը պատրաստել է շուրջ 4300 ինժեներներ, ստեղծվել է լավագույն նյութատեխնիկական բազա, պատրաստվել են բարձր որակավորման ուսուցչական կադրեր։ Ածխարդյունաբերության և արդյունաբերության մյուս ճյուղերի համար բարձր որակավորման ինժեներա-տեխնիկական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար ինստիտուտը 1941 թվականի մարտին պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Շքանշաններով և մեդալներով են պարգևատրվել նաև ինստիտուտի մի խումբ դասախոսներ։

Ինստիտուտի զարգացման հետագա ծրագրերն ընդհատեց Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի առաջին օրերից բազմաթիվ ուսանող-բարձր կուրսեցիներ, շրջանավարտներ, դասախոսներ և ինստիտուտի աշխատակիցներ կամավորական հիմունքներով մեկնեցին ռազմաճակատ։ 1941 թվականի օգոստոսին ցածր կուրսերի գրեթե բոլոր ուսանողները զորակոչվեցին ռազմաճակատ։

Քաղաքը ֆաշիստների կողմից օկուպացիայի նախօրեին 1941 թվականի հոկտեմբերին հաջողվեց տարհանել ինստիտուտի սարքավորումների մի մասը, դասախոսներին և ուսանողներին Նովոսիբիրսկի մարզի Պրոկոպևսկ քաղաք։ Այստեղ 1942 թվականի փետրվարին վերսկսեցին ուսումնական պարապմունքները։ 1942 թվականի մարտին ծանր պայմաններում ինստիտուտը տվեց պատերազմական պայմաններում իր առաջին շրջանավարտներին, ինժեների դիպլոմ ստացան 6 ուսանողներ։ 1942/1943 նոր ուսումնական տարում Պրոկոպևսկի ինստիտուտում սովորում էին ավելի քան 400 ուսանողներ։

1943 թվականի աշնանը՝ Դոնբասի ազատագրումից հետո, Պրոկոպևսկից Ստալինո գործուղվեցին մի խումբ դասախոսներ՝ ինստիտուտի վիճակը ուսումնասիրելու նպատակով։ Ինստիտուտին հասցված վնասը կազմում էր ավելի քան 66 միլիոն ռուբլի։ Այրվել և պայթեցվել էին 13 ուսումնական և բնակելի շինություններ։ Զգալի էին նաև մարդկային կորուստները, ֆաշիստների կողմից սպանվել էին պրոֆեսոր Ն. Ա. Նիկոլսկին, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Ս. Ֆ. Լեբեդևը և ինստիտուտի ավելի քան 100 դասախոսներ ու աշխատակիցներ։ Բազմաթիվ դասախոսներ, աշխատակիցներ և ուսանողներ իրենց կյանքը տվեցին ռազմաճակատում։

Դոնբասի տարածքի ազատագրմանը զուգահեռ սկսեցին աշխատանքներ տարվել տնտեսության վերականգնման ուղղությամբ։ Դասախոսները և ուսանողները մասնակցում էին ուսումնական մասնաշենքերի վերականգնման աշխատանքներին։ 1943 թվականի դեկտեմբերի 5-ին 1-ին և 2-րդ կուրսերի 678 ուսանողներ վերսկսեցին պարապմունքները։ 1944 թվականի հոկտեմբերին Պրոկոպևսկում գտնվող ինստիտուտի հիմնական կազմը վերադարձավ Ստալինո քաղաք։ Ինստիտուտում նորից սկսեցին գործել 4 ֆակուլտետները` լեռնային, լեռնա-մեխանիկական, մետալուրգիական և ածխաքիմիական։

Ինստիտուտում կազմավորվեց կենտրոնական լաբորատորիա՝ Դոնբասի ածխահանքերից ջրերի դուսբերման աշխատանքների գծով, որը ղեկավարում էր լեռնային մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Վ. Ս. Պակը։

1946 թվականի սկզբին ինստիտուտի նախապատերազմական 5 ուսումնական մասնաշենքերից շահագործվում էին միայն երեքը, երկրորդ մասնաշենքից օգտագործվում էր օգտակար մակերեսի 70 %-ը, երրորդից՝ 40 %-ը։ Կադրերի արագացված վերապատրաստման նպատակով ինստիտուտում կազմակերպվեցին եռամյա բարձրագույն ինժեներական դասընթացներ։ 1951 թվականին ինստիտուտը համարյա ամբողջությամբ վերականգնվել էր։ Բուհը աստիճանաբար ընդլայնվեց, վերականգնվեց երեկոյան բաժանմունքը, բացվեց արդյունաբերական և քաղաքացիական շինարարության համար կադրերի պատրաստման ֆակուլտետը, 1953 թվականից սկսեց գործել հեռակա ֆակուլտետը։ Նույն թվականին բացվեց ինստիտուտի Կրամատորսկի մասնաճյուղը։ 1955 թվականին երեկոյան բաժանմունք բացվեց Մակեևկայում։

Դոնեցկի պոլիտեխնիկական ինստիտուտ խմբագրել

1960 թվականի սկզբին ինստիտուտի մասնաճյուղեր բացվեցին Գորլովկայում և Տորեզում։ Իր բնույթով բուհը դառնում է պոլիտեխնիկական, և 1960 թվականի մարտի 19-ին այն վերակազմավորվում է՝ ստանալով Դոնեցկի պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումը։ Այդ ժամանակ այնտեղ սովորում էին 18 մասնագիտությունների 8355 ուսանողներ։

1960 թվականին Դոնեցկի պոլիտեխնիկական ինստիտուտն ուներ 4 ուսումնական մասնաշենք, 2 գրադարան՝ շուրջ 600 հազար հատոր գրքային ֆոնդով։ Ինստիտուտի ռեկտոր՝ պրոֆեսոր Մ. Ա. Բոգոմոլովը (ռեկտոր է եղել 1952-1968 թվականներին) մեծ ուշադրություն էր դարձնում ինստիտուտի նյութատեխնիկական և ուսումնական բազայի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչն էլ հնարավորություն էր տալիս պարբերաբար ավելացնել ուսանողների հավաքագրումը։

1952 թվականից սկսեցին ուսանողներ պատրաստվել արտասահմանյան երկրների համար և արդեն 1960 թվականին բուհն ավարտեցին ավելի քան 100 օտաերկրացիներ, Չինաստանից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայից։

1967 թվականին Դոնեցկի պոլիտեխնիկ ինստիտուտի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետն է ավարտել Նգուեն Վան Անը, ով հետագայում դարձավ Վիետնամի Ազգային Ժողովի նախագահը։

1960-ական թվականներին բացվեցին նոր ֆակուլտետներ, 1960 թվականին՝ էլեկտրոտեխնիկականը, 1966 թվականին՝ մեխանիկականը, 1967 թվականին՝ երկրաբանա-մարկշեյդերականը, 1969 թվականին՝ ինժեներա-տնտեսագիտականը։ Նոր ֆակուլտետների ձևավորումը շարունակվում էր 1970-ական թվականներին, 1972 թվականին՝ էներգետիկականը, 1974 թվականին՝ ՀՏ (հաշվիչ տենիկայի) և ԿԱՀ (կառավարման ավտոմատացված համակարգերի) ֆակուլտետը, որը 1977 թվականին բաժանվեց երկու ինքնուրույն ֆակուլտետների, ՀՏ (հաշվիչ տենիկայի) և ԿԱՀ (կառավարման ավտոմատացված համակարգերի)։ Այսպիսով, 1980-ականների սկզբին ինստիտուտում գործում էին 10 ֆակուլտետներ` լեռնային, լեռնա-երկրաբանական, լեռնա-էլեկտրամեխանիկական, մետալուրգիական, մեխանիկական, քիմիական-տեխնոլոգիական, ինժեներա-տնտեսագիտական, հաշվիչ տենիկայի, կառավարման ավտոմատացված համակարգերի, ինչպես նաև երկու երեկոյան ֆակուլտետներ` լեռնա-մեխանիկականը և էլեկտրամեխանիկականը, ինչպես նաև հեռակա ֆակուլտետը։ Բացի դրանից ստեղծվեցին արտասահմանյան ուանողների ուսուցման ֆակուլտետներ, արդյունաբերական արտադրությունների և շինարարության կազմակերպիչների, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների որակավորման բարձրացման դասընթացներ և նախապատրաստական բաժանմունք ցերեկային և երեկոյան ուսուցմամբ։

ԴՊԻ-ին կյանքի ուղեգիր է տվել նաև Դոնբասի մի շարք տեխնիկական բուհերի, որոնք ստեղծվել են հիմնական ինստիտուտի ստորաբաժանումների և մասնաճյուղերի բազայի վրա, դրանց թվում են Կրամատորսկի ինդուստրիալ ինստիտուտը, որը 1960 թվականին ԴՊԻ-ի մասնաճյուղից վերակազմավորվեց անկախ բուհի և Մակեևկայի ինժեներա-շինարարական ինստիտուտը , որը նույնպես վերակազմավորվել էր ԴՊԻ –ի մասնաճյուղից։

1960-1990-ական թվականներին ինստիտուտի նյութատեխնիկական բազան զգալիորեն ամրապնդվեց։ Նրա զարգացման գործում զգալի վաստակ են ունեցել ռեկտորներ Մ. Ա. Բոգոմոլովը (ռեկտոր` 1952-1968 թթ.), Գեորգի Մալեևը (ռեկտոր` 1968-1989 թթ.), Ալեքսանդր Մինաևը (ռեկտոր` 1989-2014 թթ.): Կառուցվեցին մեխանիկական, քիմիա-տեխնոլոգիական, էներգետիկական, լեռնային ֆակուլտետների ժամանակակից մասնաշենքերը։ 990- ական թվականների սկզբին բազային ինստիտուտը տեղակայված էր 9 ուսումնական մասնաշենքերում, որոնց ընդհանուր ուսումնական տարածքը կազմում է շուրջ 200 հազար մ²։ Այնտեղ կային 120 մասնագիտացված լսարաններ, ավելի քան 300 ուսումնական լաբորատորիաներ և կաբինետներ, երկու հեռուստատեսային ուսումնական կենտրոններ, հաշվողական կենտրոն և գրադարան ավելի քան 1,5 միլիոն հատոր ընդհանուր ֆոնդով։ 1969 թվականին պրոռեկտոր Ս. Ա. Ժեդանովի հրամանով կազմակերպվել էր «ուսումնական հեռուստակենտրոն», որը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով։

1990-ական թվականների սկզբին ԴՊԻ-ին դարձավ Ուկրաինայի խոշորագույն բուհերից մեկը, այնտեղ աշխատում էին շուրջ 1400 դասախոսներ, այդ թվում 122 պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, շուրջ 700 դոցենտներ, գիտության թեկնածուներ։ Մանկավարժական և գիտական աշխատանքները ղեկավարում էին Ուկրաինայի բարձրագույն դպրոցի 10 վաստակավոր աշխատողներ (Մ. Պ. Զբորշչիկը, Գեորգի Մալեևը, Վ. Ն. Մացենկոն և մյուսները ), առաջատար գիտնականներ, որոնց շնորհվել էր «Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի» կոչում (Վ. Գ. Գեյեր, Վ. Մ. Կլիմենկո, Կ. ֆ. Սապիցկի, Ն. Գ. Լոգվինով, Ալեքսանդր Մինաև և ուրիշներ)։

Դոնեցկի պետական տեխնիկական համալսարան խմբագրել

1993 թվականին ԴՊԻ-ն անցավ ատեստավորում և Նախարարների կաբինետի որոշմամբ 1993 թվականի սեպտեմբերին նրան շնորհվեց պետական տեխնիկական համալսարանի կարգավիճակ։

ԴոնՊՏՀ-ի բազայի վրա այդ ժամանակաշրջանում ստեղծվեց Տարածաշրջանային ուսումնա-գիտատեխնիկական համալիր, որի մեջ մտան երեք ինստիտուտներ (լեռնային, միջազգային համագործակցության և Գորլովկայի ավտո-ճանապարհային), Կրասնոարմեյսկի մասնաճյուղը, 20 ֆակուլտետներ, Կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման Կենտրոնը, օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական բաժանմունքը, երեք տեխնիկում։

Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարան խմբագրել

2001 թվականի ամռանը համալսարանը ստացավ ազգայինի կարգավիճակ։ Այդ ժամանակ մասնագիտությունների և մասնագիտացումների թիվը գերազանցում էր 60-ը, ուսանողների ընդհանուր թիվը գերազանցում էր 25 հազարը։ 88 ամբիոններում աշխատում էին 1300 դասախոսներ, որոնց թվում Ուկրաինայի Պետական մրցանակի դափնեկիրներ, պրոֆեսորներ Ալեքսանդր Մինաևը, Ա. Ն. Սմիրնովը, Ե. Ա. Բաշկովը, Ա. Ա. Տրոյանսկին, Լ. Պ. Ֆելդմանը և ուրիշներ։

Նշանավոր տարեթվեր խմբագրել

1921

  • 30 մայիսի 1921 թվականին ստեղծվել է Դոնեցկի լեռնային տեխնիկումը։

1926

  • Դոնեցկի լեռնային տեխնիկումը վերակազմավորվեց Դոնեցկի լեռնային ինստիտուտի։
  • Ստեղծվեց լեռնային ամբիոնը։
  • Դոնեցկի լեռնային ինստիտուտի դասախոսներ Ա. Մ. Պերվուշինը և Ա. Ի. Տուլպարովը քաղաքային կոմունալ տնտեսության պատվերով մշակեցին քաղաքի պատմության մեջ Դոնեցկի առաջին ջրմուղի նախագիծը։

1931

  • Շահագործման հանձնվեց երրորդ ուսումնական մասնաշենքը 12450 մ2 ընդհանուր մակերեսով և 260 լսարանով։
  • Ստեղծվեց ասպիրանտուրան։
  • Ստեղծվեցին երկրաբանության, օրգանական քիմիայի, վառելիքի քիմիական տեխնոլոգիայի, ջերմատեխնիկայի, քաղաքատնտեսության, չուգունի մետալուրգիայի ամբիոնները։
  • Ստեղծվեց ածխարդյունաբերության ղեկավար աշխատողների անհատական ուսուցման հատուկ նշանակության ֆակուլտետը։

1941

  • Մայիս - Դոնբասում լայնորեն նշվում էր Դոնեցկի ինդուստրիալ ինստիտուտի 20- ամյա հոբելյանը։ Ածխի և արդյունաբերության այլ ճյուղերի համար բարձր որակավորման ինժեներատեխնիկական կադրերի պատրաստման գործում ձեռք բերված հաջողությունների համար ԴԻԻ-ն պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
  • Հունիս - Հայրենական Մեծ պատերազմի սկսվելու հետ կապված ԴԻԻ-ի բարձր կուրսերի ուսանողները զորակոչվեցին Կարմիր բանակ։
  • Հոկտեմբեր - ուսանողների, դասախոսների և սարքավորումների մի մասը Դոնեցկից տարհանվեց երկրի արևելք։
  • Նոյեմբեր - ԴԻԻ-ի տարհանված ուսանողները և դասախոսները տեղավորվեցին Պրոկոպևսկ քաղաքում, որը համարվում է Կուզբասի ածխարդյունաբերության կենտրոնը։

1946

  • 1946-1947 թթ. նոր ուսումնական տարվա սկզբին ուսանողների և դասախոսների ուժերով վերանորոգվեց ինստիտուտի երկրորդ ուսումնական մասնաշենքը, մասնակիորեն առաջին և երրորդ մասնաշենքերը։
  • Ստեղծվեց մետալուրգիական վառարանների ամբիոնը։

1951

  • Լեռնային մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վ. Ս. Պակը ընտրվում է Ուկրաինական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, իսկ «Վառելիքի քիմիական տեխնոլոգիայի» ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ի. Ե. Կորոբչանսկին ընտրվում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։
  • Սկսեց լույս տեսնել «Խորհրդային ուսանող» համաբուհական բազմատիրաժ թերթը։
  • «Քաղաքական-դաստիարակչական և մշակութային աշխատանքների կազմակերպման բարելավման նպատակով» ստեղծվում է Ուսանողական ակումբ։

1956

  • ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահ է ընտրվում Նիկիտա Խրուշչովը, որը1922-1925 թվականներին եղել է Դոնեցկի լեռնային տեխնիկումի ուսանող։
  • Ավելի քան հազար երիտասարդ ինժեներներ ստանում են ԴԻԻ-ի շրջանավարտի դիպլոմ։
  • ԴԻԻ-ի գրադարանը համալրվում է ավելի քան 30 հազար հատոր ուսումնական և գիտատեխնիկական գրականությամբ։

1961

  • Կայացավ «Արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրաֆիկացիա» մասնագիտությամբ առաջին ինժեներ էլեկտրամեխանիկ շրջանավարտների դիպլոմների հանձմումը
  • Ենակիևո քաղաքում ստեղծվեց ԴՊԻ-ի ընդհանուր տեխնիկական ֆակուլտետը։

1966

  • Կրասնոարմեյսկ քաղաքում ստեղծվեց ԴՊԻ-ի մասնաճյուղը երկու ֆակուլտետներով` ընդհանուր տեխնիկական և երեկոյան։
  • Լեհաստանի ժողովրդական հանրապետության հետ արդյունավետ համագործակցության համար ԴՊԻ-ին պարգևատրվեց «Լեհաստանը 1000 տարեկան է» հուշամեդալով։

1971

  • Դոնեցկի պոլիտեխնիկ ինստիտուտը հանդիսավոր նշեց 50-ամյա հոբելյանը։
  • ԴՊԻ-ում սովորում էին շուրջ 22 հազար ուսանողներ` 30 մասնագիտությունների գծով։
  • «Ժողովրդական տնտեսության համար մասնագետների պատրաստման և գիտական նվաճումների զարգացման գործում ձեռք բերված հաջողությունների համար» ԴՊԻ-ին պարգևատրվեց ՈւԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության պատվոգրով։
  • Բացվեց ԴՊԻ-ի պատմության թանգարանը, որի ցուցադրությունները արտացոլում էին ինստիտուտի զարգացման հիմնական փուլերը։
  • Գոռովսկի ԸՏՖ-ի բազայի վրա ստեղծվեց ԴՊԻ-ի Գոռլովսկի մասնաճյուղը։
  • Սկսեց գործել ԴՊԻ-ի թեթև ատլետիկայի մարզաձևերի հրապարակը։
  • Ստեղծվեց լեռնային ապարների ֆիզիկայի և գեոմեխանիկայի ամբիոնը։

1976

  • ԴՊԻ-ում սկսեցին գործել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության երեք մասնագիտացված խորհուրդներ` լեռնային, լեռնա-էլեկտրամեխանիկական և մետալուրգիական պրոֆիլների գծով։
  • Ստեղծվեց ԴՊԻ-ի ուսանողների շրջանում գեղարվեստական ինքնագործունեության միջոցառումների անցկացման նոր ձև «Դեբյուտ»-ը։
  • Առաջին անգամ անցկացվեց «Հումորինա» միջոցառումը։

1981

1986

  • Ընդունվեց «ԴՊԻ-1990», նպատակային համակարգային ծրագիրը, որն ուղղված էր մասնագետների պատրաստման որակի բարելավմանը և գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։
  • Սկսվեց 8 ուսումնական մասնաշենքերի շինարարությունը։

1991

  • ԴՊԻ-ն դարձավ ԽՍՀՄ ինժեներական բուհերի ասոցիացիայի անդամ։
  • Ուկրաինայի Պետական մրցանակի դափնեկրի կոչումներ ստացան «Լեռնային մեքենաներ» ամբիոնի դասախոսներ Ն. Գ. Բոյկոն, Պ. Ա. Գորբատովը, Վ. Գ. Գուլյաևը, Գ. Վ. Մալեևը։
  • «Խորհրդային ուսանող» թերթը սկսեց լույստեսնել «Դոնեցկի պոլիտեխնիկ» նոր անվանումով։
  • Ստեղծվեց «Մշակութաբանության» ամբիոնը։

1996

  • ԴոնԱՏՀ-ի 75-ամյակի կապակցությամբ ստեղծվեց բացառիկ գեղարվեստական նկար «ԴոնԱՏՀ-ի պատմությունը» (նկարիչ` Ե. Կոլմիկով)։
  • Բուհը տվեց պետական կառավարման մագիստրոսների առաջին շրջանավարտներին։
  • Ստեղծվեց համալսարանի իրավաբանական բաժինը։
  • «Համալսարանի հետագա զարգացման և համալսարանների համաշխարհային ընկերակցության մեջ մտնելու նպատակով» ստեղծվեց համակարգչային տեղեկատվության և հեռահաղորդակցության կենտրոն։

2001

  • ԴոնԱՏՀ-ն նշեց իր 80-ամյակը։
  • Համալսարանին տրվեց «ազգային» կարգավիճակ։
  • ԴոնԱՏՀ-ում կայացավ «Ինժեներական կրթության արդյունավետությունը XXI դարում» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։
  • «Ոսկե մրցանավակ» III Միջազգային փառատոնի արդյունքներով ԴոնԱՏՀ-ն հաղթող դարձավ «Գիտության և կրթության բնագավառում նվաճումների համար» անվանակարգում։
  • Ստեղծվեց «Դոնեցկի պոլիտեխնիկի ընկերների միությունը»։
  • Գիտատեխնիկական գրադարանի բազայի վրա բացվեց գերմանական ընթերցասրահը։

2006

  • Համալսարանը բարձրակարգ մասնագետներ է պատրաստում 24 բնագավառներում, 63 մասնագիտության և 22 մասնագիտացումներով։ ԴոնԱՏՀ-ում սովորում են շուրջ 28 հազար ուսանողներ։ Ուսումնական գործընթացը կազմակերպում էին ավելի քան 1300 դասախոսներ, որոնցից 115-ը` գիտության դոկտորներ։
  • Կայացավ «Դոնբաս 2020-գիտությունը և տեխնիկան արտադրությանը» III միջազգային գիտագործնական կոնֆերանսը։
  • Կայացավ «Տեխնոլոգիայի առաջընթացը պողպատի մետալուրգիայում, XXI դար» միջազգային կոնֆերանսը։
  • ԴոնԱՏՀ-ում անցկացվեց «Գյուտարարությունը և ռացիոնալացումը Դոնեցկի մարզում» գիտագործնական կոնֆերանսը։
  • Երկրաբանության ամբիոնը նշեց 75-ամյակը։
  • Պետական կառավարման մագիստրատուրան նշեց 10-ամյակը։
  • Նշվեց «Լեռնային մեքենաներ» ամիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յա. Ի. Ալշիցի (1906-1982 թթ.) 100-ամյակը։

2011

  • ԴոնԱՏՀ-ի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ լույս տեսան համալսարանի պատմության մասին երկու հիմնական ժողովածուներ։
  • ԴոնԱՏՀ-ի հոբելյանի կապակցությամբ անցկացվեցին համալսարանի ամբիոնների գիտատեխնիկական կոնֆերանսներ և ցուցահանդեսներ։

ԴոնԱՏՀ-ի վարկանիշեր խմբագրել

2014 թվականին «Էքսպերտ ՌԱ» գործակալությունը բուհն ընդգրկեց Անկախ Պետությունների Համագործակցության լավագույն ուսումնական հաստատությունների ցանկում, որտեղ նրան շնորհվեց «D» վարկանիշային դաս[9]։ Համալսարանը զինված հակամարտության ժամանակահատվածում Ուկրաինայի հարավ արևելքում զինված հակամարտության հետ կապված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության 03.10.2014 թվականի № 1129 հրամանով Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանը տեղափոխվեց Կրասնոարմեյսկ քաղաք (այժմ` Պոկրովսկ)։ Ինչպես նշված էր հրամանում, այդպիսի տեղափոխման նպատակը համարվում էր Ուկրաինայի քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Համալսարանի համար հիմք հանդիսացավ Կրասնոարմեյսկի ինդուստրիալ ինստիտուտը (2017 թվականից ԴոնԱՏՀ-ի Ինդուստրիալ ինստիտուտ), ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Յա. Ա. Լյաշոկը (2017 թվականի մարտից ռեկտոր ընտրվեց տնտեսական գիտությունների դոկտոր Յարոսլավ Ալեքսանդրովիչ Լյաշոկը)։

Սակայն ուսանողների և դասախոսների զգալի մասը մնացին իրենց հիմնական բնակության վայրում` Դոնեցկում[10][11]։ Համալսարանը շարունակեց իր աշխատանքը։ 2016 թվականի հունվարից Դոնեցկի ԴոնԱՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կ. Ն. Մարենիչը։ Ուսուցումը իրականացվում է 16 ֆակուլտետներում, ինչպես նաև Լեռնային գործի և երկրաբանության ինստիտուտում[12][13][14][15][16][17]։

Համալսարանի ժամանակակից կառուցվածք խմբագրել

Ուկրաինայի ԿԳՆ ԴոնԱՏՀ Պոկրովսկում Կրասնոարմեյսկ (Պոկրովսկ) տեղափոխված համալսարանի կառուցվածքը ունի հետևյալ տեսքը

Ֆակուլտետներ խմբագրել

  • Լեռնային ֆակուլտետ (ԼՖ)
  • Համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաների, ավտոմատացման, էլեկտրոինժեներիայի և ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետ (ՀՏՏԱԷՌՖ)
  • Համակարգչային գիտության և տեխնոլոգիաների ֆակուլտետ (ՀԳՏՖ)
  • Մեքենաշինության, էկոլոգիայի և քիմիական տեխնոլոգիայի ֆակուլտետ (ՄԷՔՏՖ)
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ (ՏԿՖ)

Դոկտորանտուրա-ասպիրանտուրա խմբագրել

ԴոնԱՏՀ-ի այլ կառուցվածքային միավորներ

  • ԴոնԱՏՀ-ի գիտատեխնիկական գրադարան
  • Հետդիպլոմային կրթության ինստիտուտ

Տեխնիկումներ

  • Բախմուտի ինդուստրիալ տեխնիկում
  • Կոնստանտինովսկի ինդուստրիալ տեխնիկում

ԴոնԱՏՀ-ն Դոնեցկում խմբագրել

Դոնեցկում մնացած համալսարանը ունի հետևյալ կառուցվածքը[12]`

  • Լեռնա-երկրաբանական ֆակուլտետ
  • Լեռնային ֆակուլտետ
  • Ինժեներականմեխանիկայի և մեքենաշինության ֆակուլտետ
  • Ֆիզիկո-մետալուրգիական ֆակուլտետ
  • Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ
  • Համակարգչային գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատիկայի ֆակուլտետ
  • Էկոլոգիայի և քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
  • Ֆրանսիական տեխնիկական ֆակուլտետ
  • Գերմանական տեխնիկական ֆակուլտետ
  • Հեռակա ֆակուլտետ
  • Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքների ֆակուլտետ
  • Կադրերի վերապատրաստման ֆակուլտետ
Ավտոմոբիլային-ճանապարհային ինստիտուտ (ք. Գորլովկա)
Պետական կառավարման մագիստրատուրա
Հետդիպլոմային կրթության ինստիտուտ
Դոկտորանտուրա և ասպիրանտուրա
Մինչբուհական նախապատրաստական կենտրոն
Գորլովկայի ավտոտրանսպորտային տեխնիկում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://registry.edbo.gov.ua/university/202/
  2. http://www.logos.biz.ua/proj/donntu/online/zmist.htm
  3. «Гордость и слава ДонНТУ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  4. Угольный министр Советского Союза
  5. «Безлепкина Людмила Фёдоровна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  6. Данные из архива ДонНТУ
  7. Город назывался Сталино, а вуз — Донецкий индустриальный институт
  8. «К 95-летию ДонНТУ. Второе десятилетие истории ДонНТУ (1931—1941 гг.). Газета «Донецкий политехник». — Донецкий национальный технический университет, 01.10.2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  9. Рейтинг высших учебных заведений России и стран СНГ.
  10. Об «образовательной блокаде», работе ДонНТУ в г. Донецке и признании дипломов выпускников. Газета «Взгляд», 19.11.2015
  11. «Газета ДонНТУ «Донецкий политехник»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  12. 12,0 12,1 «Официальный сайт ДонНТУ в г. Донецке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  13. «О работе ДонНТУ в г. Донецке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  14. Официальный твиттер ДонНТУ (Донецк)
  15. «ВУЗы ДНР: принимают на обучение граждан ближнего и дальнего зарубежья». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  16. Торжественное вручение дипломов в ДонНТУ (Донецк, 29.06.2015)
  17. «Портал магистров ДонНТУ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Донецкий государственный технический университет : Крат. ист. очерк / М-во образ. Украины. — Донецк, 1995. — 40 с.

Արտաքին հղումներ խմբագրել