Դոնա դե Վարոնա (անգլ.՝ Donna de Varona, ապրիլի 26, 1947(1947-04-26), Սան Դիեգո, Կալիֆոռնիա), ամերիկացի մարզուհի և սպորտային լրագրող։ Իր սպորտային կարիերայի ընթացքում դե Վարոնան 18 համաշխարհային ռեկորդ է սահմանել լողում, երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն և 18 անգամ հաղթել է ԱՄՆ առաջնությունում։ Ակտիվ սպորտային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես հաղորդավար, սցենարիստ և սպորտային հաղորդումների պրոդյուսեր՝ արժանանալով «Էմի» և «Գրեյսի» մրցանակներին։ Դե Վարոնան Կանանց սպորտի հիմնադրամի ստեղծման նախաձեռնողներից մեկն է և առաջին նախագահը, Ֆիզկուլտուրայի և սպորտի նախագահական խորհրդի անդամ, ԱՄՆ Սենատի խորհրդատու, ակտիվորեն նպաստել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1972 թվականին IX Բաժնում ԱՄՆ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կատարմանը, որը երաշխավորում էր կրթության ոլորտում աշխատանքի ընդունման ժամանակ սեռերի հավասարությունը։ Դոնա դե Վարոնան Համաշխարհային լողի փառքի սրահի անդամ է (1969 թվականից) և Կանանց փառքի ազգային սրահի անդամ (2003 թվականից), Օլիմպիական շքանշանի դափնեկիր է (2000)։

Դոնա դե Վարոնա
անգլ.՝ Donna de Varona
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1947(1947-04-26) (77 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Santa Clara High School? և Acalanes High School?
Մասնագիտությունլողորդ և մարզական մեկնաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Donna de Varona Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

13 տարեկան հասակում Դոնա դե Վարոնան մասնակցել է 1960 թվականի Օլիմպիական խաղերին Հռոմում՝ դառնալով ամենաերիտասարդ մասնակիցը[2]։ Միակ ձևը, որում նա հանդես էր գալիս, 4×100 մ ազատ ոճով էստաֆետան էր, որտեղ Դոնան մասնակցում էր նախընտրական փուլին։ Հաջորդ չորս տարիներին նա 8 համաշխարհային ռեկորդ սահմանեց 50-մետրանոց լողավազաններում (մեջքով լողում, բաթերֆլայում և ազատ ոճում) և ԱՄՆ 10 ռեկորդ կարճ ջրում (դրանցից շատերը բազում անգամներ), համաշխարհային ռեկորդները 25-մետրանոց լողավազաններում չէին գրանցվում՝ սկսած 1957 թվականից, սակայն Դե Վարոնայի արդյունքները կարճ ջրում այդ ժամանակ լավագույնն էին աշխարհում։ Այդ տարիներին նրա դիմանկարները հայտնվում էին Life, Time և Sports Illustrated ամսագրերի շապիկներին, իսկ ընդհանրապես նրա լուսանկարները հրապարակվում էին ավելի հաճախ, քան որևէ այլ մարզուհունը։ Ներքին ասպարեզում Դե Վարոնան նվաճել է ԱՄՆ ազգային մրցությունների 37 մեդալ, այդ թվում՝ 18 ոսկե[3]։ 1964 թվականի Օլիմպիական խաղերին Տոկիոյում նա նվաճեց երկու ոսկե դեալ․ 400 մ հեռավորության վրա համալիր լողով և 4×100 մ ազատ ոճով էստաֆետայում՝ հավաքականի հետ սահմանելով այդ հեռավորության վրա համաշխարհային ռեկորդ։

Արդեն 1965 թվականին 17 տարեկան հասակում Դե Վարոնան ավարտեց ելույթները լողավազանում և սկսեց սպորտային լրագրողի կարիերան՝ վարելով եթերներ ABC-ի համար ԱՄՆ տղամարդկանց լողի առաջնությունից։ Նա դարձավ առաջին կինը, որը վարեց սպորտային հաղորդում կաբելային հեռուստատեսությամբ և ամենաերիտասարդ սպորտային մեկնաբանը։ 1968 թվականից մինչև 1996 թվականը նա եթերներ է վարել ABC-ում վեց ամառային և երեք ձմեռային Օլիմպիական խաղերից, իսկ 1998 թվականին մասնակցել է Նագանոյի Օլիմպիական խաղերի հեռարձակմանը TNT-ով։ Նրա կողմից է գրվել հիդրոաէրոբիկայի մասին աշխատությունը[4]։

Աշխատելով սպորտային լրագրության մեջ, ինչպես նաև 1968 թվականին ավարտելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ[5]՝ Դե Վարոնան կարողանում էր նաև ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվել։ Նա կանանց իրավունքների համար պայքարի առաջատարներից էր՝ դառնալով Կանանց սպորտի հիմնադրամի առաջին նախագահը։ 1976 թվականից մինչև 1978 թվականը նա Սենատի խորհրդատու էր[4], իսկ 2002—2003 թվականներին եղել է ԱՄՆ կրթության նախարարության սպորտում հավասար հնարավորությունների հանձնաժողովի անդամ[2]։ Դե Վարոնան եղել է Ֆիզկուլտուրայի և սպորտի նախագահական խորհրդի հինգ կազմերի անդամ, ինչպես նաև նախագահ Ջերալդ Ռուդոլֆ Ֆորդի ժամանակ Օլիմպիական սպորտի խորհրդի անդամ, նախագահ Ջիմի Քարթերի ժամանակ կանանց հարցերով խորհրդատվական հանձնաժողովի անդամ և ԱՄՆ Օլիմպիական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ։ 1999 թվականին նա գլխավորում էր կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեն, որը այդ ժամանակ ամենահաջողակ սպորտային մրցաշարն էր պատմության մեջ[4]։

Ճանաչում

խմբագրել

Դոնա դե Վարոնայի նվաճումները սպորտում, լրագրության ոլորտում և հասարակական գործունեության մեջ նշանավորվել են բազմաթիվ մրցանակներով։ 1964 թվականի՝ լողի մեջ իր վեջին ամբողջական տարվա արդյունքներով, նա կոչվել է ԱՄՆ ամենանշանավոր կին մարզուհին, լավագույն ամերիկացի լողորդը և Սան Ֆրանցիսկոյի տարվա կինը, ստացել է Mademoiselle ամսագրի և Սպորտի ազգային ակադեմիայի մրցանակները։ 1965 թվականին Համաշխարհային լողի փառքի սրահը նրան շնորհել է «լողի թագուհու» ոչ պաշտոնական տիտղոսը, իսկ 1969 թվականին նա ընդգրկվել է այն սպորտսմենների ցանկում, որոնք ներկա են փառքի սրահում[3]։ Sports Illustrated ամսագիրը նրան ընդգրկել է XX դարի մեծագույն 100 մարզուհիների ցանկում[6]։

ABC-ի՝ Օլիմպիական խաղերին նվիրված մեկ ժամանոց «Կրակի պահապանները» (անգլ.՝ Keepers of the Flame) հեռուստահաղորդման համար արժանացել է «Էմի» մրցանակի, քանի որ նա թե՛ տեքստ հեղինակն էր, թե՛ հաղորդավարը, թե՛ պրոդյուսերներից մեկը։ Հետագայում 1991 թվականի Հատուկ ամառային օլիմպիադայի մասնակցի մասին հաղորդման համար է արժանացել նույն մրցանակին։ Բացի այդ՝ երկու տարի շարունակ (2000 և 2001 թվականներին) նա արժանացել է «Գրեյսի» մրցանակին[4] «Դոնա դե Վարոնան սպորտի մասին» Sporting News ռադիոյով հեռարձակվող հաղորդման համար[2]։ 2001 թվականին Դե Վարոնան դարձել է Էլա Շոնֆիլդրի անվան մրցանակի դափնեկիր սպորտային լրագրության մեջ հաջողությունների համար Համաշխարհային լողի փառքի սրահի կողմից[4]։

Դոնա դե Վարոնայի մյուս մրցանակները ընդգրկում են Կիֆուտյան կրթաթոշակը, որը ստացել է 1986 թվականին Յեյլի համալսարանի կողմից, 1991 թվականին ստացած Համաշխարհային լողի փառքի սրահի ոսկե մեդալյոնը, որը նրան շնորհվել էր որպես լողորդների նոր սերնդի համար օրինակի (նա դարձել է առաջին կինը, որ արժանացել է այդ մրցանակին)[4], Օլիմպիական մեդալը, որի դափնեկիր է Դե Վարոնան դարձել 2000 թվականին[7] և Թեոդոր Ռուզվելտի անվան NCAA մրցանակ[5]։ 2003 թվականին դարձավ կանանց փառքի Ազգային սրահի անդամ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.womenofthehall.org/inductee/donna-de-varona/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Donna de Varona» (անգլերեն). National Women's Hall of Fame. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  3. 3,0 3,1 «Donna deVarona (USA)» (անգլերեն). International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Al Schoenfield Media Award: 2001 Donna de Varona» (անգլերեն). International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  5. 5,0 5,1 «Donna de Varona '86». UCLA Alumni Association. 2015 թ․ մայիսի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  6. «Donna de Varona». Women's Sports Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  7. Olympic Order // Olympic Review. — 2000. — Vol. 27. — № 35. — P. 41-42.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Donna deVarona (USA)» (անգլերեն). International Swimming Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  • «Donna de Varona» (անգլերեն). National Women's Hall of Fame. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնա դե Վարոնա» հոդվածին։