Դմիտրի Ղիփիանի

վրացի քաղաքական, պետական, հասարակական գործիչ

Դիմիտրի Իվանի Ղիփիանի (ապրիլի 14 (26), 1814, Մերեթ, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ - հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1887[1], Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն), ռուսական կայսրական և վրացի քաղաքական, պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[2]։

Դմիտրի Ղիփիանի
վրաց.՝ დიმიტრი ყიფიანი
Թիֆլիսի քաղաքագլուխ
Դեկտեմբերի 14 1875 - ապրիլի 9 1879
Նախորդող Յազոն Դմիտրյան Թումանյան
Հաջորդող Անտոն Սողոմոնյան Ղորղանյան
 
Մասնագիտություն՝ գրող
Ազգություն Վրացի
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր ապրիլի 14 (26), 1814
Ծննդավայր Մերեթ Գորիի գավառ
Վախճանի օր հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1887[1] (73 տարեկան)
Վախճանի վայր Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն
Թաղված Մթածմինդա
Դինաստիա Ղիփիանիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Իվան Ղիփիանի
Մայր Բարբարա Պուրցելաձե
Ամուսին Նինո Չիլաշվիլի
Զավակներ Նիկոլոս Ղիփիանի
Կոնստանտին Ղիփիանի
Էլեն Ղիփիանի
 
Ինքնագիր Изображение автографа

Դ. Ղիփիանին 3 տարեկան հասակում կորցրել է հորը, ով ազնվական էր և Մերեթ էր տեղափոխվել Աբաշիից[3]։ Ղիփիանիների տոհմական կալվածքը գտնվում էր Բորժոմի կիրճում՝ Քվիշխեթի գյուղ։ 1845 թվականին ամուսնացել է գեներալ Գիորգի Ճիլաշվիլու դստեր՝ Նինոյի հետ[2]։

Քաղաքացիական գործունեություն խմբագրել

1830-1859 թվականներին Դ. Ղիփիանին զբաղեցրել է տարբեր քաղաքացիական պաշտոններ։ Ավագ եղբոր՝ Քայխոսրոյի հոգածությամբ փոխադրվել է Թիֆլիս և ընդունվել 8-ամյա հոգևոր ուսումնարան, սակայն ընդամենը 2 տարի անց փոխադրվել է Ազնվականական ուսումնարան ուսումը շարունակելու համար։ 1830 թվականից սկսել է դասավանդել Թիֆլիսի գիմնազիայում։ 1834 թվականին ծառայության է անցել Վոլոգդայի նահանգային կառավարման գրասենյակային աստիճանավորների կազմում, որտեղ էլ 1835 թվականին ընտրվել է քարտուղար։ Նույն թվականին նշանակվել է նահանգապետի քաղաքացիական գրասենյակի կառավարչի պաշտոնակատար։ 1837 թվականին գրանցվել է Վրաստանի Գերագույն կառավարման գործադիր շահագործման հաստիքացուցակում և գործուղվել Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի տրամադրության տակ։ Նույն թվականին նշանակվել է Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակին կից հատուկ հանձնարարությունների բաժնի աստիճանավոր, 1838 թվականին՝ Վրաստանի նահանգապետի քաղաքացիական գրասենյակի քարտուղար և “Закавказский Вестник”-ի խմբագիր, սակայն կայսերական կառավարչի խնդրանքով մնացել է նույն պաշտոնում որպես քարտուղար։ 1839 թվականին փոխադրվել է Վրաստանի գլխավոր հրամանատարի գրասենյակ։ 1841 թվականին նրան շնորհվել է տիտղոսային խորհրդականի, 1843 թվականին՝ արտգործերի խորհրդականի թեկնածուի կոչում, իսկ 1845 թվականին նշանակվել է Գլխավոր վարչության գրասենյակի տնօրենի պաշտոնակատար։ Այս վարչության լուծարվելուց հետո՝ 1846 թվականին, դարձել է Գլխավոր վարչության խորհրդի գործերի կառավարիչ։ Նույն թվականին նրան տրվել է առևտրական խորհրդականի, 1854 թվականին՝ ավագ խորհրդականի կոչում։ Նույն թվականին հաստատվել է ավագ խորհրդականի պաշտոնում, 1856 թվականին՝ Կովկասյան փոխարքայի գրասենյակում՝ տնօրենի պաշտոնակատար։ 1857 թվականին նրան շնորհվել է Սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի շքանշան, նշանակվել է Անդրկովկասյան երկրամասի Գլխավոր Վարչության խորհրդի անդամ, 1859 թվականին՝ Կովկասյան փոխարքայի խորհրդի անդամ։ 1860 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան, իսկ 1862 թվականից անցել է թոշակի։ Ավելի քան 10 տարի եղել է Թիֆլիսի նահանգային գիմնազիայի պատվավոր հոգաբարձու։ 1864 թվականին շնորհվել է Սուրբ Աննայի առաջին աստիճանի շքանշան՝ թագով, 1866 թվականին՝ Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան։ Եղել է Թիֆլիսի նահանգի ազնվականության առաջնորդը[2][4]։

Ղրիմի պատերազմի ժամանակ գեներալ Բարսեղ Բեհբութովի կողմից նշանակվել է ռազմական գրասենյակի պետ։ 1864 թվականին ընտրվել է «Ազնվական միության» նախագահ և հիմնել գրագիտություն տարածող դպրոց[2][5]։

Հասարակական գործունեություն խմբագրել

1860-ական թվականներին Դ. Ղիփիանին զգալի դեր է խաղացել ճորտերի ազատության գաղափարի հաղթանակի գործում[6]։ Նրա մտահղացմամբ և ջանքերով հիմնադրվել է «Թիֆլիսի ազնվական բանկ»-ը[7]։ Թղթակցել է Ն.Ավալիշվիլու խմբագրությամբ լույս տեսնող (1869-1879) «Մնաթոբի» ամսագրին՝ խմբագրելով պատմական և գրական բաժնում[8]։ 1885-1886 թվականներին Քութայիսի նահանգի ազնվականության ներկայացուցիչն էր։ Հեղինակել է մի շարք գրքեր։ Նրա գրչին են պատկանում Շեքսպիրի և Մոլիերի պիեսների թարգմանությունները[2][9]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել 1875 թվականի դեկտեմբերի 14-ին և պաշտոնավարել մինչև 1879 թվականի ապրիլի 9-ը[10]։ Նրա պաշտոնավարության տարիներին ավարտվում է քաղաքային ինքնավարության համակարգի վերահաստիքավորման գործընթացը[11]։ 1876 թվականի մարտին անցկացվում է միօրյա մարդահամար[12]։ Համաձայն իր հրաժարականի՝ թողնում է պաշտոնը[13] և հաստատվելով Քվիշխեթի գյուղում՝ զբաղվելով քերականության հարցերով և թարգմանչությամբ[2]։

1887 թվականի հոկտեմբերի 24-ին Ստավրոպոլում կողոպուտի ժամանակ սպանվել է[14]։ Աճյունը փոխադրվել է Թիֆլիս և ամփոփվել Մթածմինդա պանթեոնում գտնվող Մամա Դավիթ եկեղեցու բակում։ Տարիներ անց՝ 1899 թվականի հոկտեմբերի 24-ին, նրա գերեզմանի վրա հուշակոթող է կանգնեցվել[2][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
  3. «მოგზაური», 1999, N 2, էջ 8.(վրաց.)
  4. Акты собранные Кавказскою Археографическою комиссиею, том X, Тифлис 1885, ст. XXII.(ռուս.)
  5. «მოგზაური», 1999, N 2, էջ 8-9.(վրաց.)
  6. 6,0 6,1 «Մշակ», 1899, N 198, էջ 2։
  7. Туманов Г.М., Характеристики и воспоминания, книга первая, Тифлис, 1913, ст. 48.(ռուս.)
  8. Хаханов А.С., Два эскиза из культурной жизни грузии, СПБ, 1905, ст. 48.(ռուս.)
  9. “Словарь Кавказких деятелей”, Тифлис, 1890, ст. 42-43.(ռուս.)
  10. “Известия Тифлисской Городской Думы”, N 4, Тифлис, 1911, ст. 18.(ռուս.)
  11. “Кавказское Слово”, 1914, N 71, ст. 2.(ռուս.)
  12. “Кавказский календарь на 1892 г.”, Тифлис, 1891, ст. 34.(ռուս.)
  13. «Մուրճ», 1891, էջ 528։
  14. “Тифлисский листок”, 1887, N 238.(ռուս.)