Դիֆերենցիալ հույզերի տեսություն

Դիֆերենցիալ հույզերի տեսություն, հույզերի հոգեբանական տեսություն՝ մշակված Քարոլ Իզարդի կողմից։ Ուսումնասիրության օբյեկտ հանդիսանում են մասնավոր հույզերը, որոնցից յուրաքանչյուրը դիտարկվում է մյուսներից առանձին՝ որպես ինքնուրույն ապրման դրդապատճառային գործընթաց, որն ազդում է մարդու կոգնիտիվ ոլորտի և վարքի վրա։ Դիֆերենցիալ հույզերի տեսությունն առանձնացնում է հետևյալ տասը բազային հույզերը՝ ուրախություն, տխրություն, զայրույթ, զզվանք, զարմանք, արհամարհանք, վախ, հետաքրքրություն, մեղք, ամոթ[1][2][3]։

Պատմություն

խմբագրել

Հույզերի կենսաբանական և ֆիզիոլոգիական ասպեկտները քննարկվել են[4] Արիստոտելի, Դարվինի (1872), Ուիլյամ Ջեյմսի (1884)[5], Ջոն Դյուիի (1895)[6] կողմից։ Իրականացնելով մի շարք միջմշակութային հետազոտություններ, Պոլ Էքմանը և Քարոլ Իզարդը հանգեցին այն եզրակացության, որ գոյություն ունեն բազմաթիվ նմանություններ մարդկանց հուզական դրսևորումներում և դրանց ճանաչման մեջ[7]։ Հետազոտությունն ուներ նպատակ պարզելու արդյոք հույզերի միմիակական դրսևորումները տարբերակվում են Նոր Գվինեայի այնպիսի բնակիչների խմբի կողմից, որոնք ունեցել են շատ քիչ շփում Արևմուտքի մարդկանց հետ կամ երբեք ֆիլմ չեն դիտել։ Հետազոտողները ցուցադրում էին նկարներ, որոնցում մարդիկ ցուցադրում էին յոթ տարբեր հույզեր՝ ուրախություն, զայրույթ, տխրություն, զզվանք, զարմանք, վախ և արհամարհանք։ Հետազոտողները հայտնաբերեցին, որ Նոր Գվինեայի տեղաբնակները կաորղանում էին ճանաչել տարբեր հույզերը և տարբերակել դրանք մեկը մյուսից[8]։

Հիմնական դրույթներ

խմբագրել
  • Տասը բազային հույզերը կազմում են անձի դրդապատճառային համակարգի հիմքը.
  • Յուրաքանչյուր հույզն առանձին վերցրած յուրահատուկ մոտիվացնում է անձի վարքը և ենթադրում ապրման սպեցիֆիկ ձև,
  • Բազային յուրաքանչյուր հույզ օժտված է միայն իրեն բնորոշ հատկություններով՝ միմիկական, պանտոմիմիկական և ներքին, հումորալ փոփոխություններով և տարբեր ձևով են ազդում մարդու կոգնիտիվ ոլորտի ու վարքի վրա,
  • Հուզական գործընթացները փոխազդում են դրայվերի, հոմեոստատիկ, պերցեպտիվ, կոգնիտիվ և շարժողական գործընթացների հետ և նրանց վրա թողնում են ազդեցություն,
  • Վերոնշյալ գործընթացները ազդում են հուզական գործընթացի ընթացքի վրա։

Անձը վեց համակարգերի բարդ փոխազդեցության արդյունք է՝ հոմեոստատիկ, դրդող (դրայվերի), հուզական, պերցեպտիվ, կոգնիտիվ և շարժողական։ Հոմեոստատիկ համակարգը իրենից ներկայացնում է մի քանի փոխկապակցված և փոխպայմանավորված համակարգերի ամբողջոթյուն, որոնք գործում են անգիտակցաբար և ավտոմատիզացված։ Դրանից ամենակարևորը էնդոկրին և սիրտ-անոթային համակարգերն են, որոնք հարաբերվում են հույզերի համակարգի հետ առավել հաճախ։ Հոմեոստատիկ մեխանիզմները սովորաբար հույզերի համակարգի հարաբերությամբ դիտարկվում են որպես օժանդակ, սակայն հորմոնները, միջնորդանյութերը և այլ մետաբոլիկ կարգավորիչները, ունեն կարևոր նշանակություն ակտիվացված հույզի ամրապնդման համար։ Դրայվերի համակարգը հիմնված է մարմնական պահանջմունքների բավարարման պակասի կամ փոփոխությունների մասին տեղեկատվության վրա։ Հիմնական դրայվերի մեջ մտնում են քաղցը, ծարավը, սեռոական հակումը, կոմֆորտ փնտրելը և ցավից խուսափելը։ Անձի կազմակերպման, նրա սոցիալական փոխազդումների և մարդկային կեցության համար սկզբունքային կարևորություն ունեն հուզական, պերցեպտիվ, կոգնիտիվ և մոտոր համակարգերը։ Այս համակարգերի փոխհարաբերակցությունը կազմում է մարդկային վարքի հիմքը։ Այս համակարգերի փոխհարաբերությունների ներդաշնակության արդյունք է հանդիսանում արդյունավետ վարքը և հակառակը, անարդյունավետ վարքը, դեզադապտացիան համակարգային փոխազդեցության խախտման կամ սխալ իրագործման ուղիղ արդյունքն են։

Հույզերի բնութագիր

խմբագրել

Դիֆերենցիալ հույզերի տեսությունը հույզը սահմանում է որպես բարդ գործընթաց, որն ունի նյարդաֆիզիոլոգիական, նյարդամկանային և զգայական-ապրումային ասպեկտներ։ Հույզերի նյարդաֆիզիոլոգիական ասպեկտը գլխավորապես պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի էլեկտրաքիմիական ակտիվությամբ։ Դիմային նյարդերը, մկանային հյուսվածքը և դիմային մկանունքի պրոպրիոռեցեպտորները նույնպես մասնակցում են հուզական գործընթացին։ Ենթադրվում է, որ հույզը սոմատիկ նյարդային համակարգի արդյունք է և սոմատիկորեն ակտիվացված հույզը մոբիլիզացնում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքը, իսկ այն իր հերթին կարող է ամրապնդել և ուժեղացնել հույզը։ Առանձնացվում են հուզական համակարգի աշխատանքը կարգավորող երկու կենսաբանական համակարգեր՝ ցանցաձև գոյացություն, որը կարգավորում է նեյրոնային ակտիվության փոփոխությունների մակարդակը, և վիսցերալ-էնդոկրին համակարգը, որը վերահսկում է այնպիսի գործընթացներ, ինչպիսք են հորմոնների ներզատումը, սրտի ռիթմը, շնչառության հաճախությունը։ Զգայական մակարդակում հույզն իրենից ներկայացնում է ապրում, որն անհատի համար ունի անմիջական նշանակություն։ Նեյրոքիմիական գործընթացները, բնածին ծրագրերի համաձայն, առաջ են բերում համակարգային միմիկական և սոմատիկ դրսևորումներ, որոնք այնուհետև հակադարձ կապի մեխանիզմի շնորհիվ գիտակցվում են, ինչի արդյունքում մարդն ունենում է հույզի ապրում։ Այս ապրումը միաժամանակ և′ դրդապատճառում է մարդուն, և′ տեղեկացնում են իրավիճակի մաիսն։ Հույզերի ազբյուրները կարելի է նկարագրել նյարդային, աֆֆեկտիվ և կոգնիտիվ գործընթացների սահմաններում։ Նեյրոնային մակարդակում հույզի ծագումը կարող է բացատրվել որպես որոշակի միջնորդանյութերի և գլխուղեղի կառուցվածքների աշխատանքի արդյունք։ Աֆֆեկտիվ մակարդակում հույզի առաջացումը բացատրվում է սենսոր-պերցեպտիվ գործընթացներով, իսկ կոգնիտիվ մակարդակում՝ առանձին մտածական գործընթացներով։ Նեյրոնային և նյարդամկանային ակտիվացնողներ են՝ հորմոնները և միջնորդանյութերը, թմրադեղային նյութերը, աֆֆեկտիվ ակտիվացնող են համարվում՝ ցավը, հոգնածությունը, կոգնիտիվ ակտիվացնող են համարվում գնահատականը, հիշողությունը, անտիցիպացիան։ Նյարդամկանային կամ էքսպրեսիվ մակարդակում հույզը դրսևորվում է միմիկական, պանտոմիմիկական, վիսցերալ-էնդոկրին ռեակցիաներով։ Հույզերն ուղղակի օրգանիզմային ռեակցիաներ չեն։ Նրանց չի կարելի դիտարկել որպես ուղղակի գործողություն ի պատասխան ինչ-որ իրադարձության կամ իրավիճակի, նրանք ինքնին իրենց էությամբ հանդիսանում են գործողությունների խթանիչներ, պատճառներ։ Հույզերն ունեն որոշակի ընդհանուր բնութագրեր։ Նրանք փուլային (ցիկլիկ) չեն, հանդիսանում են մոտիվացիոն գործոններ, ունիվերսալ են և ճկուն։ Հույզերն ունեն կարգավորող ազդեցություն դրայվերի և անձի այլ համակարգերի վրա։ Յուրաքանչյուր հույզ կարող է ուժեղացնել կամ թուլացնել ազդեցությունը ֆիզիոլոգիական դրայվի կամ աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքների վրա։

Դինամիկություն և համակարգայնություն

խմբագրել

Հույզերը դինամիկ են՝ միաժամանակ կապված լինելով մեկը մյուսի հետ. այդ պատճառով էլ հույզերի դիֆերենցիալ տեսությունը հույզերին դիտարկում է որպես համակարգ։ Հույզերը միմյանց հետ կապված են հիերարխիկորեն։ Օրինակ, ըստ Սիլվիան Թոմկինսի, գրգռիչները, որոնք առաջացնում են հետաքրքրության, վախի և սարսափի հույզերը, ունեն յուրահատուկ հիերարխիա, որոնցում չափավոր ինտենսիվություն ունեցող գրգռիչը առաջացնում է հետաքրքրություն, իսկ առավելագույն ինտենսիվություն ունեցողը՝ սարսափ։ Համակարգային կազմակերպման օգտին խոսում է նաև հույզերի այնպիսի բնութագրիչ, ինչպիսինն է բևեռայնությունը (օրինակ, ուրախություն-տխրություն, հետաքրքրություն-զզվանք)։ Ընդ որում, երկբևեռ հույզերը միմյանց չեն հակասում (օրինակ՝ ուրախության արցունքներ)։ Մյուս հույզերը, որոնք չեն կազմում բևեռային զույգեր, որոշակի հանգամանքներում նույնպես կարող են միմյանց հետ փոխկապակցված լինել։ Եթե մարդը մշտապես կամ բավականին հաճախ ունենում է երկու կամ ավելի հույզերի ապրում, որոնք էլ որոշ չափով հարաբերակցվում են կոգնիտիվ գործընթացների հետ, ապա դա կարող է հանգեցնել աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքների ստեղծմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Izard, C. E., Libero, D. Z., Putnam, P., & Haynes, O. M. (1993). Stability of emotion experiences and their relations to traits of personality. Journal of Personality and Social Psychology, 64, 847-860.
  2. Boyle, G. J. (1984). Reliability and validity of Izard's Differential Emotions Scale. Personality and Individual Differences, 5, 747-750.
  3. Boyle, G. J., Helmes, E., Matthews, G., & Izard, C. E. (2015). Multidimensional measures of affects: Emotions and mood states. In G.J. Boyle et al. (Eds.), Measures of Personality and Social Psychological Constructs.
  4. Colombetti, Giovanna (2009). "From affect programs to dynamical discrete emotions". Philosophical Psychology 22 (4): 407–425
  5. James, William (1884). "What is an Emotion?". Mind. os-IX (34): 188–205.
  6. Dewey, John (1895). "The theory of emotion.". Psychological Review 2 (1): 13–32.
  7. Paul Ekman (20 March 2007). Emotions Revealed, Second Edition: Recognizing Faces and Feelings to Improve Communication and Emotional Life. Henry Holt and Company. pp. 13
  8. Ekman, Paul; Friesen, Wallace V. (1971). "Constants Across Cultures in the Face and Emotion" (PDF). Journal of Personality and Social Psychology 17 (2): 124–129.

Գրականություն

խմբագրել
  • Tomkins, Silvan S. (1962), Affect Imagery Consciousness: Volume I, The Positive Affects. London: Tavistock.
  • Tomkins, Silvan S. (1963), Affect Imagery Consciousness: Volume II, The Negative Affects.
  • Harris P. L., Johnson С. N., Hutton О., Andrews G., Cooke Т. Young children's theory of mind and emotion. - Cognition and emotion, 1989, 3, 379-400 (b).
  • Lazarus R. S., Соупе J. С., Folkman S. Cognition, emotion and motivation: The doctoring of Humpty-Dumpty. - In: K. R. Scherer, P. Ekman (Eds.). Approaches to emotion. - Hillsdale, NJ, Eribaum, 1984,221-237.
  • Lewis Н. В. Shame in depression and hysteria. - In: C. E. lzard (Ed.). Emotions in personality and psychopathology. - New York, Plenum, 1979, 371-396.
  • Roseman 1. J. Cognitive determinants of emotions: A structural theory. - In: P. Shaver (Ed.). Review of personality and social psychology. - Beverly Hills, CA, Sage Publications, 1984, Vol.
  • 5,11-36.
  • Smith С. A., Ellsworth P. С. Patterns of appraisal and emotions related to taking an exam. - Journal of Personality and Social Psychology, 1987, 52, 475-488.
  • Weiner B., Handel S.I. A cognition-emotion-action sequence: Anticipated emotional consequences of causal attributions and reported communication strategy. - Developmental psychology, 1985, 21(1), 102-107.