Դիսգրաֆիա (հունարեն՝ δυσγραφία), գրելու գործընթացի մասնակի խանգարում։ Դիսգրաֆիայի դեպքում լինում են կայուն կրկնվող սխալներ, որը պայմանավորված է գրի համար պատասխանատու բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերզարգացմամբ։

Խոսքի խանգարումները տարբերվում են ձևով և արտահայտվածության աստիճանով։ Դրանք կարող են վնասել միայն խոսքի հնչյունաբանական կամ իմաստային կողմը, բառապաշարը, քերականական կառուցվածքը։ Բացի այդ, խանգարումները դրսևորվում են խոսքի արագության և սահունության փոփոխությամբ (օրինակ՝ կակազելու դեպքում), գրավոր խոսքի և ընթերցանության խախտումներով։

Գրավոր խոսքն ունի խոսքային գործունեության երկու տեսակ` գիր և ընթերցանություն։ Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա, իսկ ընթերցանության խանգարումները՝ դիսլեքսիա։ Այս խանգարումները կարող են դրսևորվել առանձին-առանձին, սակայն հիմնականում լինում են զուգակցված։ Գրի լրիվ բացակայությունն անվանում են ագրաֆիա, իսկ ընթերցանությանը՝ ալեքսիա։ Դիսգրաֆիայի և դիսլեքսիայի խանգարման պատճառները նույնն են։

Դիսգրաֆիայի որոշ դեպքերում կարող է վնասել նաև աչք-ձեռք կոորդինացիան, օրիենտացիայով կամ հաջորդականությամբ կարգավորվող գործողությունները, ինչպիսիք են կոշիկները կապելը, առաջարկվող գործողությունը կրկնելը։ Դիսլեքսիայի առկայության դեպքում դիսգրաֆիան հաճախ բազմագործոնային է՝ պայմանավորված վատթարացած գրելու ավտոմատիզմով, մատների դժվար հաջորդական շարժումների իրականացմամբ, կազմակերպման ու պարզաբանման դժվարություներով, բառաձևերի վատ մտաբերմամբ, որոնք բառի ուղղագրությունը պատկերացնելուն կարող են օգնել։

Գրելու գործընթացը պարունակում է մի շարք գործողություններ։ Մեծահասակները կրճատում են այդ գործընթացները, ինչը դժվար է երեխաների համար։ Գրելու դրդապատճառները տարբեր են։ Այն կարող է լինել տեղեկատվության պահպանման, փոխանցման համար և այլն։ Գրելու գործընթացը սկսվում է նրանով, որ մարդը մտավոր ծրագիր է կազմում, թե ինչ է գրելու, ինչի մասին և ինչ հաջորդականությամբ։ Գրելու ընթացքում գրողը պետք է կողմնորոշվի, թե ինչ է արդեն գրել, ինչ է գրելու և ինչպես է գրելու։

Գրելու գործընթացի կարևոր գործողություններից է հնչյունների կառուցվածքի կազմը, հաջորդականությունը և հնչյունների տեղը բառի մեջ։ Հնչյունների վերլուծությունն իրականանում է խոսքալսողական և խոսքաշարժողական վերլուծիչների համատեղ գործունեությամբ։ Հնչյունների բնույթը որոշելու մեջ մեծ դեր է կատարում արտասանությունը։ Նյարդահոգեբանական տեսանկյունից գրի ու ընթերցանության խանգարումներով երեխաները կազմում են ուսումնական պրոցեսում դժվարություններ ունեցող երեխաների մի զգալի մասը։ Գրի ու ընթերցանության խանգարումներով մարդկանց թիվն ամբողջ աշխարհում կազմում է ողջ բնակչության 10-15%-ը[1]։

Դիսգրաֆիայով են տառապել մի շարք հայտնի մարդիկ, օրինակ՝ դետեկտիվ ժանրի ներկայացուցիչ Ագաթա Քրիստին, հայտնի ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնը, ամերիկացի դերասան, կինոռեժիսոր Հենրի Ուինքլերը, ամերիկացի գիտնական, գյուտարար Թոմաս Էդիսոնը և այլք[2]։

Դիսգրաֆիայի առաջացման պատճառները խմբագրել

  1. Դիսգրաֆիայի պատճառ կարող է հանդիսանալ գրի գործընթացի համար պատասխանատու ֆունկցիոնալ համակարգերի ձևավորման հապաղումը՝ տեսողական, լսողական, շարժողական, տեսողատարածական։ Այն պայմանավորված է մինչծննդյան, հետծննդյան և ծննդաբերության ժամանակ ազդող բացասական գործոններով, այն է՝ նախածննդյան շրջանում մոր տարած թունավոր հղիությունը, մոր և երեխայի արյան անհամատեղելիությունը, թունավոր նյութերի ազդեցությունը՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ, քիմիական նյութեր, սթրեսները, ինֆեկցիոն հիվանդությունները, մոր հոգեկան վիճակը, ծննդաբերական պրոցեսում՝ վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերական միջամտությունները և հետծննդյան շրջանում՝ երեխայի փսիխոսոմատիկ վիճակը, տարած ինֆեկցիոն հիվանդությունները։
  2. Ներկիսագնդային ու միջկիսագնդային փոխներգործության խաթարումը։
  3. Տարածա-ժամանակային պատկերացումների ձևավորման դժվարությունները։
  4. Ձախլիկների դեպքում ձախի փոխարեն աջ ձեռքը կիրառելը։
  5. Մինիմալ ուղեղային դիսֆունկիցիա։
  6. Ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության սինդրոմ, հոգեկան զարգացման հապաղում[3]։

Դիսգրաֆիայի տեսակները խմբագրել

Արտաբերական-ակուստիկական, որի դեպքում հիմնվում են սխալ արտասանության վրա և գրում այնպես, ինչպես լսում։

Ակուստիկական դիսգրաֆիա, երբ լինում է հնչողությամբ մոտ հնչյուններին համապատասխանող տառերի փոխարինում։

Լեզվական վերլուծությամբ ու համադրությամբ պայմանավորված դիսգրաֆիա, որի դեպքում բնորոշ են հետևյալ սխալները

  • Տառերի ու վանկերի բացթողումներ
  • Տառերի ու վանկերի ավելացում
  • Բառի ոչ ամբողջական գրում
  • Տառերի ու վանկերի ավելորդ անգամ գրում
  • Տարբեր բառերի վանկերի միագում մեկ բառում

Ագրամատիկական դիսգրաֆիա, որը կապված է խոսքի քերականական կողմի թերզարգացման հետ։ Այս տեսակի դեպքում գրում են շատ քերականական սխալներով։

Օպտիկական դիսգրաֆիա, որի հիմքում ընկած է տեսողա-տարածական պատկերացումների, տեսողական վերլուծության ու համադրության անբավարար ձևավորված լինելը։ Այս դեպքում հնարավոր է լինեն նման տառերի շփոթմունք, օրինակ՝ ս-ո, ը-ր, խ-ի, ա-ս և այլն[4]։

Դիսգրաֆիայի հաղթահարման հիմնական միջոցներ խմբագրել

Գոյություն չունի դիսգրաֆիայի լիակատար բուժում, սակայն կան մի շարք մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շտկել և նվազեցնել այն։ Այդ միջոցներից են հնչույթային ընկալմանը, վերլուծությանն ու համադրությանն ուղղված խաղերն ու վարժությունները, մկանների զարգացմանն ուղղված վարժությունները։ Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս համակարգչով աշխատելը, որպեսզի խուսափեն ձեռագրի խնդրից։

Ծանոթագրություններ խմբագրել