Դիգերներ (շարժում Անգլիայում)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիգերներ (այլ կիրառումներ)

Այս հոդվածում ամսաթվերը ներկայացված են Հուլյան օրացույցով, որը գործում էր Անգլիայում (Մեծ Բրիտանիա) մինչև 1752 թվականը:

«Ճշմարիտ լեվելլերների» կամ դիգերների պատկերազարդ մանիֆեստը։ 1649 թվականի գարուն

Դիգերներ (անգլ.՝ Diggers, «փորողներ»), ինքնանվանումը՝ «ճշմարիտ լեվելլերներ» (անգլ.՝ True Levellers1649 թվականին ստեղծված անգլիական հեղափոխության տարիների աղքատ գյուղացիների շարժում, որը դեմ էր մասնավոր սեփականությանը, առաջին հերթին դեմ էր հողի մասնավոր սեփականությանը։ Դիգերները գործել են համեմատաբար խաղաղ ճանապարհով. նրանք սկսել են բահերով փորել համայնքային հողերը (որտեղից էլ առաջացել է «դիգերներ» անվանումը՝«փորողներ»), և մյուս աղքատներին կոչ անել հետևել իրենց օրինակին։ Նրանք հույս ունեին շարժման մեջ ներգրավել հազարավոր մարդկանց և անցնել նոր հասարակական կառույցի, որտեղ մասնավոր սեփականություն չէր լինի։ Դիգերների ղեկավարն ու գաղափարախոսը Ջերարդ Ուինստենլին էր։

Պատմություն խմբագրել

Առաջին պամֆլետը[1], որն անմիջականորեն արտահայտում էր դիգերների գաղափարները, «Արդարության նոր օրենքն» էր, որը գրել էր Ուինստենլին 1649 թվականին։ «Արդարության նոր օրենքում», որը հրապարակվել է Չարլզ I-ի դատավարության օրերին, զարգացվել էին նրա նախորդ տրակտատների և այլ պամֆլետների գաղափարները, այդ թվում՝ գյուղական լեվելլերների «Լույս, որը շողում է Բեկինգհեմշիրում» և «Էլ ավելի մեծ լույս, որը սկսել է շողալ Բեքինգհեմշիրում» հրատարակությունների գաղափարները։ Իր նոր պամֆլետում Ուինստենլին խոսում էր այն մասին, որ չպետք է գոյություն ունենա մասնավոր սեփականություն, հողը պետք է լինի ընդհանուր՝ «Միասին աշխատեք և միասին կերեք ձեր հացը, բոլորը թող իմանան»։ Նա կարծում էր, որ միապետության և լորդերի իշխանության վերացումից հետո պետք է հետևեն հողերի բաշխման անարդարության արմատախիլ անելուն, բայց քանի որ դա չի արվել, պետք է սկսել միասին աշխատել դատարկ հողատարածքներում, որոնք Անգլիայում բավականին շատ էին։ Բայց չի կարելի ուժով խլել հողերն ու սեփականությունը՝ կարծում էր Ուինստենլին։ Նա գրում էր, որ հին աշխարհի կործանումը (իսկ չէ՞ որ նա կարծում էր, որ երբ բոլոր մարդիկ միասին աշխատեն, դա բոլորովին այլ աշխարհ կլինի, որտեղ հպարտությանն ու չարությանը տեղ չի լինի, «ոչ ոք չի ցանկանա ավելին ունենալ, քան մյուսները, կամ էլ տիրացու լինել ուրիշների վրա, կամ իր համար ինչ-որ բան պահանջել») չպետք է իրականացվի «պատերազմների, հրամանագրերի կամ մարդկանց ձեռքով», բայց «Միայն Տերը կլինի բուժողը, վերականգնողը և արդարության Նոր օրենքի հեղինակը»։ Ուինստենլին յուրաքանչյուրին առաջարկում էր ապրել իր սեփական խելքով, այլ ոչ թե հետևել որևէ մեկի ցուցումներին (այդ թվում՝ եկեղեցու), ամբողջությամբ հրաժարվել մասնավոր սեփականությունից, հրաժարվել այլոց նկատմամբ տիրապետությունից, ոչնչացնել բանտերը, դադարեցնել խարազանումներն ու մահապատիժները։ Դիգերների համոզմունքները հիմնված էին մարդու և բնության միջև էկոլոգիական հարաբերությունների վրա՝ ճանաչելով մարդկանց և նրանց շրջապատի միջև առկա բնածին կապերը։ Ուինստենլին հայտարարում էր, որ «ճշմարիտ ազատությունն այնտեղ է, որտեղ մարդը ստանում է իր սնունդը և ապրուստը, իսկ դա հողն է»[2]։

1649 թվականի ապրիլի 8-ին Սուրբ Գեորգիի բլրի ստորոտում՝ Կոբհեմ բնակավայրից ոչ հեռու, Սուրեյի կոմսությունում բնակություն հաստատեց դիգերների առաջին խումբը, որը սկսեցին վարել և ցանել մինչ այդ երբեք չգործածած հողը։ Նրանց գործողություններն այնպիսի իրարանցում առաջացրեցին տեղի ջենտլմենների և խոշոր ֆրիհոլդերների շրջանում, որ ոմն Հենրի Սանդերս հարկ համարեց ապրիլի 16-ին տեղի ունեցածի մասին հաղորդել անմիջականորեն Պետական խորհրդին։ «Մարդկանց խառնամբոխը՝ պաշտոնաթող զինվոր Էվերարդի գլխավորությամբ,– հայտնում էր Սանդերսը– եկել են Սուրբ Գեորգիի բլուր և սկսել են քանդել հողը՝ ցանելով պաստեռնակ, գազար և բակլա։ Ուրբաթ օրը նրանք 20-30 հոգի էին։ Ամբողջ օրը աշխատելով՝ նրանք բոլորին հրավիրում են օգնության գալ՝ խոստանալով սնունդ, խմիչք և հագուստ։ Նրանք ասում են, որ տասն օր անց իրենք կլինեն 4-5 հազար»[3]։

Այս խաղաղ ելույթը վախ առաջացրեց տեղի լենդլորդերի և ֆրիհոլդերների շրջանում, որոնք բողոք ներկայացրեցին կառավարությանը։ Այդ ժամանակ վախեցած Պետական խորհուրդը գեներալ Ֆերֆաքսին կարգադրեց ցրել «անկանոն և ապստամբ մարդկանց» «անօրինական հավաքույթը», որոնց գործողությունները կարող են «խախտել հանրապետության խաղաղությունն ու հանգստությունը»։ Իսկ երբ սուրբ Գեորգիի բլրին մոտեցան երկու հեծելազորային էսկադրոններ, դիգերները սպայի պահանջով հանգիստ հեռացան․ սպան Ֆերֆաքսին հայտնեց դիգերների խաղաղ մտադրությունների մասին։ Հաջորդ օրը Էվերարդը և Ուինստենլին հանդիպեցին Ֆերֆաքսին (և ցնցեցին նրան արդեն նրանով, որ չհանեցին գլխարկները) և ներկայացրեցին շարժման հիմնական սկզբունքները։

Շուտով հրապարակվեց դիգերների մանիֆեստը՝ «Ճշմարիտ լեվելլերների կողմից բարձրացված դրոշ...»։ Նրանում հանդիպում ենք նույն գաղափարներին, ինչ դիգերների մյուս պամֆլետներում՝ հողի՝ որպես «ընդհանուր գանձարան»ի մասին միտքը, մասնավոր սեփականության քննադատությունը, լենդլորդերի մերկացումը։ Բացի այդ, պամֆլետում շարադրվում էր երկրում գոյություն ունեցող կարգերի, բնակչությանը հիասթափեցնող իշխանության քննադատությունը։ Ինչպես և դիգերների մյուս փաստաթղթերում, այս մանիֆեստում ևս մշտապես հանդիպում էին կրոնական տեքստերին հղումներ։

Հարկ է ավելացնել, որ դիգերներից սկսեցին վճռականորեն հեռանալ լեվելլերները. մասնավոր սեփականության չեղարկումը հակասում էր իրենց գաղափարներին, այն կվախեցներ փոքր սեփականատերերի շրջանում լեվելլերների համախոհների մեծ մասին։ Նման մանր սեփականատերերը ակտիվորեն խանգարում էին դիգերներին համայնքի շինարարության հարցում․ դիգերների շինությունները փոքր–ինչ քանդվել էին, իսկ արդեն մայիսին էվերարդի հետ խզում տեղի ունեցավ, և Ուինստենլին մնաց շարժման գրեթե միակ գաղափարական ոգեշնչողը։

Հունիսին հայտնվեց դիգերական «Անգլիայի խեղճ ճնշված ժողովրդի հռչակագիրը», որը ստորագրվեց 45 անձանց, այդ թվում՝ Ուինստենլիի կողմից, ով, ամենայն հավանականությամբ, այդ պամֆլետի հեղինակն էր։ «Հռչակագիրը» կոչված էր պարզաբանելու դիգերների մտադրությունները։ Դրանում կրկին խոսվում է մասնավոր սեփականության գոյության անօրինականության մասին և հայտարարվում էր այն մասին, որ մարդիկ համարձակություն են ձեռք բերել ընդդիմանալու իրենց հողը զավթած մարդկանց ժառանգներին։ Միևնույն ժամանակ, դիգերները, այնուամենայնիվ, չէին գնում համայնքային հողերի մշակման ուղղությամբ՝ համարելով, որ չի կարելի զենք գործադրել՝ հույս ունենալով հաղթել սիրով և «քրիստոնեական ոգով»։ Բայց գաղութի մի մասը այրվեց զինվորների կողմից, և ապա՝ այն ոչնչացնելու եկան տեղի ֆրիհոլդերները։ Ուինստենլին գրեց Ֆերֆաքսին, ով բոլորովին վերջերս խոստացել էր ձեռք չտալ դիգերներին և որոշակի ազատություն ապահովել նրանց համար, փորձեց ևս մեկ անգամ պատմել գաղութի էության մասին, սպաների սրտերում խիղճ արթնացնել։ Ֆրիհոլդերների գործողությունների մասին հայտարարագիր հրապարակվեց։ Բայց դիգերները մնացին չլսված։ Ավելին, ֆրիհոլդերները հայց ներկայացրեցին տեղի դատարան։ Դատարանը անհավանական թվով խախտումներ արձանագրեց. մեղադրյալներին ոչ մի անգամ նույնիսկ խոսք չտրամադրվեց։ Դիգերներին դատապարտեցին տուգանքների, որոնք առգրավվեցին կովերով, իսկ Բիկկերստաֆին բանտարկեցին։ Ուինստենլին բողոք ներկայացրեց համայնքների պալատ, սակայն պալատի անդամները զբաղված էին «ավելի կարևոր գործերով»։ Աշնանը Ուինստենլին կրկին տուգանվում է։

1650-1651 թվականներին շարունակվեցին դիգերների ելույթները, չնայած նրան, որ նրանց ակտիվորեն դիմակայում էին լենդլորդերը, բարեկեցիկ ապրող գյուղացիները, պաշտոնյաները, ինչն արտացոլված է «Ամանորյա նվեր խորհրդարանին և բանակին» պամֆլետում։ Այնուամենայնիվ, դիգերների շարժումը աճում էր և տարածվեց առնվազն 8 երկրներում (բացի Սուրեյից)։ Սակայն դիգերների ելույթները զայրացրեցին լենդլորդներին, և 1651 թվականի վերջին նրանց ակտիվ դիմադրության պատճառով «ճշմարիտ լեվելլերների» շարժումն ամբողջությամբ ճնշվեց։ 1652 թվականին Ուինստենլին հրապարակեց իր առավել նշանակալի աշխատանքը՝ «Ազատության օրենքը», որում լայնորեն շարադրվում էին նրա գաղափարները և նկարված էր աշխարհի կառուցվածքի պատկերը, որը, ըստ Ուինստենլիի, պետք է կյանքի կոչվի։ Այստեղ հանդիպում են դիգերների՝ որպես գործող գյուղացիական շարժման մասին վերջին հիշատակումները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The True Levellers Standard A D V A N C E D: or, The State of Community opened, and Presented to the Sons of Men
  2. Grant, Neil. Hamlyn Children's History of Britain: From the Stone Age to the Present Day, 2nd Rev edition (Dean, 1992), p.144
  3. Barnard, Toby (1982). The English Republic 1649-1660. Taylor & Francis.

Գրականություն խմբագրել