Դավիթ Էդուարդի Սարապյան, Դև (փետրվարի 4, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 1991, գյուղ Թոդան, Շահումյանի Շրջան, Արցախ), հայ գրող, ազատագրական շարժման գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ։

Դավիթ Էդուարդի Սարապյան
Ծնվել էփետրվարի 4, 1966(1966-02-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 10, 1991(1991-12-10) (25 տարեկան)
Մահվան վայրԹոդան, Շահումյանի Շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1966 թ. փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Երևանի Ձերժինսկու անվան № 20 միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ։
1984 թ. մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985 թ. հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։ Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Աշխատել է որպես ռեժիսոր, գրել «300 վայրկյան» վիպակը[1]։

 
Հայր և որդի Սարապյանների հուշատախտակը Երևանում

Մարտական ուղին

խմբագրել

1990 թ. մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքեր, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։
Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։
1991 թ. հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։
Զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան № 20 դպրոցում (Ձերժինսկի) բացվել է Դավիթ Սարապյանի անունը կրող դասարանը։

2021 թ. Երևանի № 100 հիմնական դպրոցը կրում է Դավիթ Սարապյանի անունով:

Կյանքն արվեստի մեջ

խմբագրել

Գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։

Մեջբերումներ Դավիթ Սարապյանի մասին

խմբագրել

«Դավիթն անմիջապես աչքի ընկավ։ Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի։ Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց, դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը։ Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում։ Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը։ Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք։ Օժտված էր մարտական ու մարդկային հազվագյուտ հատկություններով։ Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները։ Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի։ Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ։ Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն»։
Կոմանդոս

«Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը։ Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ։ Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»։
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ
  2. «ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆ, ԴԵՎ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.