Դավիթ Գևորգյան

հայ ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ռաֆիկի Գևորգյան, (Օգոստոսի 12, 1960, Ջաջուռ, Շիրակի մարզ - սեպտեմբերի 9, 1992, Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, 1997 թվականի նոյեմբերի 25-ից «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի պատվավոր անդամ (հետմահու)։ Ազատամարտիկ Թաթոս Գևորգյանի կրտսեր եղբայրը։

Դավիթ Ռաֆիկի Գևորգյան
Օգոստոսի 12, 1960 - սեպտեմբերի 9, 1992
Ծննդավայր Ջաջուռ, Ախուրյանի շրջան, ՀՍՍՀ
Մահվան վայրԼՂՀ Չլդրան, Մարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ շարքային
Զորամաս

«Արամ Մանուկյան» ջոկատ

Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակ
ՊաշտոնՀրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ
ԿրթությունՄիսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց (1975)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ 1967 թվականին սովորել է Ջաջուռի Մինաս Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա 1968 թվականին Դավիթի ընտանիքը տեղափոխվում է Երևան, որտեղ էլ նա հաճախում է Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո 1975-1980 թվականներին սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում, ձեռք բերելով ավտոէլեկտրիկի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ներքին զորքերում։ 1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։ 1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։ 1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։

Մարտական ուղի խմբագրել

1988 թվականից ակտիվորեն մասնակցել է արցախյան շարժմանը։ 1991 թվականից կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Անդամագրվել է եղբոր՝ Թաթոս Գևորգյանի ղեկավարած «Արամ Մանուկյան» ջոկատին։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին, դրսևորելով որպես հրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ։

1992 թվականին կամավորագրվել է Վազգեն Սարգսյանի կողմից կազմակերպված «Մահապարտների ջոկատ»-ին, որը հետագայում անվանվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակ։ «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Չլդրան բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է Արծիվ-մահապարտներ հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրանոթաձիգ։

Չլդրան գյուղի բարձունքներն ամրապնդելու ժամանակ, իր վիրավոր ընկերոջը՝ Արմեն Ժամհարյանին մարտադաշտից դուրս բերելիս, 1992 թվականի սեպտեմբերի 9-ին, Դավիթը հրանոթային արկի պայթյունից զոհվում է։ Զոհվում է նաև նրանց հրամանատար Տիգրանը, որը շտապել էր իր երկու զինվորներին օգնության։

Դասարանի անվանակոչություն խմբագրել

 
Դավիթ Գևորգյանի հուշատախտակը Երևանի Կամարակ փողոցի 63 տան պատին։

2009 թվականին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվան Երևանի թիվ 48 դպրոցի ռազմագիտության դասասենյակը ՀՀ Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների համատեղ որոշմամբ անվանակոչվեց Արծվի-մահապարտ Դավիթ Գևորգյանի անունով[1]։ 2010 թվականի մայիսի 7-ին, դասարանի անվանակոչությանը ներկա էին նախկին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Աժ պատգամավորներ, Դավիթի հարազատները, ընկերները և բարձրաստիճան սպաներ։

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնում Դավիթի մորը, ասելով հետևյալը՝

«Մեր ձեռք բերած հաղթանակները մեզ այնպիսի ուժ ու ոգու կորով են տալիս, որ համզված եմ՝ մեր հետագա հաղթանակներն ապահովված են։ Այսօր մեր բանակը շարունակում է պաշտպանել և պահպանել այն, ինչ Դավիթի և նրա նման քաջերի շնորհիվ ձեռք ենք բերել։ Դավիթները մեզ շատ պետք են, Դավիթներ կլինեն նրանք, ովքեր կպահպանեն մեր ձեռքբերումները»[2]։

Ջաջուռի գյուղական խորհրդի որոշմամբ Դավիթ Գևորգյանի անունով են կոչվել գյուղի գլխավոր փողոցն ու մանկապարտեզը[1][3]։

Թաղված է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Պարգևներ խմբագրել

  • 1997 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով, 1992 թվականին նրա ռազմակոչով «Արծիվ» հատուկ գումարտակում կամավորագրվելու համար պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ» կրծքանշանով։
  • 1998 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանգրով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով[4]։
  • 2011 թվականի մայիսի 9-ին, Արցախյան ազատամարտում ցուցաբերած արիության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար պարգևատրվել է «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավաբաշտպան» ՀԿ-ի պատվոգրով։
  • 2012 թվականին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։
  • 2012 թվականի մայիսի 7-ին ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով։
  • «Ազատամարտիկ» ՌԲՀԿ-ի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Ազատամարտիկ» մեդալով։
  • 2012 թվականի հունվարի 28-ին «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի կողմից Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է պատվոգրով։
  • Պարգևատրվել է «Հաղթանակ» մեդալով։
  • «Երկրապահ կամավորականների միություն» ՀՀԿ-ի վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանագրով պարգևատրվել է միության պատվոգրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8
  2. «Հայ զինվոր», թիվ 18, մայիսի 12-19, 2010 թ., էջ 5
  3. «Արցախի Արծիվները», «Հերոսը Ջաջուռից» հոդված, Ա. Շիրոյան
  4. Հայաստանի Հանրապետության կառավարություն, որոշում, 19 սեպտեմբերի 1998 թվականի N 601 քաղ. Երևան

Աղբյուրներ խմբագրել

  • Արծվանիստ Զեյթուն, Լևոն Սողոմոնյան, 2007թ., էջ 508
  • «Հայ զինվոր», «Ջաջուռցի արծիվը» հոդված, թիվ 18, մայիսի 12-19, 2010 թ., էջ 5
  • «Հայ զինվոր», «Արծիվ Մահապարտը» հոդված, թիվ 49, դեկտեմբերի 12-18, 2013 թ., էջ 8
  • «Արցախի Արծիվները», «Հերոսը Ջաջուռից» հոդված, Ա. Շիրոյան