Դավիթ Բեկ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ (այլ կիրառումներ)

Դավիթ Բեկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։

Գյուղ
Դավիթ Բեկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Կապան համայնք[1]
Մակերես23.08 կմ²
ԲԾՄ1150 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն746 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդավիթբեկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Դավիթ Բեկ (գյուղ) (Հայաստան)##
Դավիթ Բեկ (գյուղ) (Հայաստան)
Դավիթ Բեկ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Դավիթ Բեկ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Գյուղի պաշտոնական անունը Դավիթ Բեկ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Զեյվա անունով[3]։ Դավիթ Բեկ է վերանվանվել 1949 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Բարգուշատի լեռների հյուսիսային ստորոտում՝ Քաշունի գետի հովտում, ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա[4] Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 28 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն խմբագրել

Ըստ որոշ հեղինակների գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում Դավիթ Բեկի ցուցումով՝ Արցախից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից։ Հետագայում՝ 19-րդ դարում, Դավիթ Բեկ գյուղում են վերաբնակվել շրջակա Տախ, Սիսավան (Ենգիջա), Ակն, Խաթուն, Փակահան, Բաղ գյուղերի բնակիչները։ 1915 թվականին գյուղում բնակություն են հաստատել նաև Վասպուրականից բռնագաղթած ընտանիքներ։ Ինչպես գյուղացիներն են պատմում, Արցախից եկել են 7 տոհմեր՝ Դերանց, Պուղուսաց, Եղիազարաց, Մելքումաց, Ակուց, Մսկամաց և Տերեցվաց, որոնք իրենց հերթին ունեն ճյուղավորումներ։

1919-1921 թվականներին գյուղը հիմնականում շրջապատված էր թուրքերով, որոնց հետ ընդհարումներ են եղել։ 1919 թվականի աշնան վերջին Գարեգին Նժդեհը իջևանել է այնտեղ և գյուղի վաշտապետ նշանակել Մոսուց Բուղդանին, որը մինչև Նժդեհի գալը տեղում գլխավորում էր պայքարը։ Առաջին ընդհարումը եղել է Աին բնակավայրում։ Այնուհետև Նժդեհը գյուղացիների հետ թուրքերին քշել են գյուղի շրջակայքից մինչև Խոջանան։

1879 թվականին Դավիթ Բեկում է ծնվել ազգային-ազատագրական և քաղաքական գործիչ, առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Նա 1750-ական թվականներին Մարտակերտի շրջանի Հիլից գյուղից այստեղ տեղափոխված ընտանիքի սերունդներից է։ Սակայն նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվել է Շուշի, երբ Արամը դեռ փոքր էր։ Ինչպես գյուղացիներն են ասում պատճառն այն էր, որ հոր մահից հետո մայրն երկրորդ անգամ է ամուսնացել։ Այդպես Հովհաննիսյանը ազգանունը փոխարինվել է Մանուկյանով։ Արամ Մանուկյանի անունն է կրում գյուղի միջնակարգ դպրեցը, իսկ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը գյուղում կանգնեցվեց նրա կիսանդրին։

Արցախյան ազատամարտի ժամանակ գյուղը եղել է պատերազմական թատերաբեմ։ 1992 թվականի հունվարից ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վնասվել են բնակավայրի որոշ տներ։ Պատերազմի ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 9 գյուղացի։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Դավիթ Բեկի արևելյան կողմում կա 10-րդ դարի կիսավեր մահարձան, նույն կողմում, 3 կմ հեռավորության վրա, «Տախ» եկեղեցին է համանուն ավերակ գյուղում, որի բնակիչները Դավիթ Բեկ են տեղափոխվել 19-րդ դարում։

Գյուղի մոտակայքով անցնող Քաշունի գետի վրա 1902 թվականին գյուղի բարերար Գևորգ Եղիազարյանը կառուցեց կամուրջ։

Գյուղում կա սրբատեղի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Այն կառուցվել է 1866 թվականից, որի տարածքում նախկինում եղել է փայտե եկեղեցի։ Սուրբ Ստեփանոսը սովետական տարիներին փակ էր և օգտագործվում էր որպես պահեստ։ Հետագայում այն վերականգնվել և բարեկարգվել է գյուղացիների ջանքերով։

Գյուղն ունի ևս մեկ սրբատեղի՝ սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցել է գյուղացի բարերար, մոսկվայաբնակ Միրիկ Մնացականյանը։ Բարերարը եկեղեցու հարևանությամբ կառուցել է նաև հանդիսությունների սրահ։

Գյուղում է է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցած և զոհվածների հուշարձան։ Դավիթ Բեկից պատերազմին մասնակցած գյուղացիներից 106-ը զոհվել են։

2011 թվականին Գագիգ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց հուշաքար նվիրված Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվեց 9 գյուղացիների հիշատակին։

2018 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը, գյուղում ՀՅԴ «Արամ Մանուկյան կոմիտեի» նախաձեռնությամբ և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կիսանդրին[5]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դավիթ Բեկի մշտական բնակչությունը կազմել է 796, առկա բնակչությունը՝ 712 մարդ[6]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][7]։ Ստորև ներկայացված է Դավիթ Բեկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][7].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2018
Բնակիչ 714 761 859 815 931 800 931 809 796 746

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ, սովետական տարիներին նաև ծխախոտի մշակմամբ։ 1981 թվականին գյուղում բացվել է կոշիկի «Մասիս» արտադրական միավորման Ղափանի մասնաճյուղ (գործել է ԽՍՀՄ տարիներին)։ Ոռոգման նպատակով կառուցվել է ջրամբար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 291
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, 1988 թվական, էջ 669։
  5. Արամ Մանուկյանի հայրենի գյուղում կկառուցվի տուն-թանգարան
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. 7,0 7,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»