Դանիել Լիբեսքինդ

լեհ-ամերիկացի ճարտարապետ

Դանիել Լիբեսքինդ (անգլ.՝ Daniel Libeskind, մայիսի 12, 1946(1946-05-12)[1][2][3][…], Լոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), ամերիկացի ճարտարապետ-դեկոնստրուկտիվիստ։ Ամերիկյան քաղաքացիությունն ստացել է 1965 թվականին։

Դանիել Լիբեսքինդ
անգլ.՝ Daniel Libeskind
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1946(1946-05-12)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5],  Լեհաստան և  Գերմանիա
ԿրթությունԷսեքսի համալսարան, Քուփեր Յունիոն և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
ԵրկերՖելիքս Նուսբաումի թանգարան, Danish Jewish Museum? և CityLife?
Մասնագիտությունճարտարապետ
ԱշխատավայրԵյլի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
ԱմուսինNina Libeskind?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքlibeskind.com
 Daniel Libeskind Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դանիել Լիբեսքինդը ծնվել է 1946 թվականի մայիսի 12-ին Լոձում, Լեհաստան, հրեաների ընտանիքում[8]։ Իսրայելում և Նյու-Յորքում ստացել է երաժշտական կրթություն, որտեղ իրեն դրսևորել է որպես վիրտուոզ երաժիշտ։ Հետագայում երաժշտությունը կարևոր դեր է խաղացել նրա ճարտարապետական նախագծումների մեջ։ Լիբեսքինդն ստացել է ճարտարապետական կրթություն Նյու-Յորքում, Քուփեր Յունիոնում (Cooper Union), 1970 թվականին, ինչպես նաև` Անգլիայում ստացել է երկրորդ բարձրագույն կրթություն «ճարտարապետության պատմություն և տեսություն» մասնագիտացմամբ (1972)։

1989 թվականին Լիբեսքինդը հիմնել է Studio Daniel Libeskind բյուրոն Բեռլինում[9]։ 2003 թվականին բյուրոն տեղափոխվել է Նյու-Յորք, երբ բյուրոն հաղթել է Նյու-Նորքի նախկին Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում նոր կոմպլեքս կառուցելու նախագծերի մրցույթում։ Լիբեսքինդն այսօր համարվում է համաշխարհային ճարտարապետության ամենավառ կերպարներից մեկը։

 
Օնտարիոյի թագավորական թանգարանի ճակատային մասի «դեկոնստրուկտիվ հատվածը»

Այսօր Դանիել Լիբեսքինդը նախագծերից բացի դասավանդում է և դասախոսություններ է կարդում աշխարհի շատ համալսարաններում. Տորոնտոյում, Յեյլում, Փենսիլվանիայում, ինչպես նաև` Կարլսեուրի Դիզայնի համալսարանում (Գերմանիա) և Բեռլինի Հումբոլտի համալսարանի, Էդինբուրգի համալսարանի, Չիկագոյի DePaul և Տորոնտոյի համալսարանների դոկտորական աստիճան ունի։ 1978-85 թվականներին գլխավորել է Կրէնբրուկսկի արվեստների ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը։ 1986-89 թվականներին հիմնել ու գլխավորել է ճարտարապետական համալսարան Միլանում։ Դանիելը մեկն է այն յոթ ճարտարապետներից, որ 1989 թվականին մասնակցել է «Դեկոնստրուկտիվիզմի ճարտարապետություն» ցուցահանդեսին։ Հանրաճանաչություն սկսել է ձեռք բերել իր բեռլինյան նախագծերի, մասնավորապես, Հրեական թանգարանի նախագծի շնորհիվ։ Նրա ստեղծագործության ոլորտը ոչ միայն ճարտարապետությունն է, այլև` փիլիսոփայությունը, երաժշտությունը, և այս ոլորտներում նա նույնքան բարձր որակավորում ունի, որքան և ճարտարապետության մեջ։ Դժվար է գտնել մեկ այլ ճարտարապետի, ում համար երաժշտությունն այդքան կարևոր տարր լինի ճարտարապետության մեջ։ Երաժշտություն, երկրաչափություն, բառ. սրանք բոլորն էլ ներշնչման աղբյուր են Լիբեսքինդ-ճարտարապետի համար։ Նա կառուցում է շենքեր, գրում է փիլիսոփայական էսսեներ, բեմադրում է օպերա (2000 թվականին Լայպցիգի օպերայում Լիբեսքինդը ոչ միայն բեմադրող էր, այլև խմբավար էր Օլիվիե Մեսսիանի օպերայում)։

Լիբեսքինդի տեքստերը, անգամ` համեմատած Պ. Այզենմանի կամ Բ. Չումի հետ, շատ բարդ են, լի են մետաֆորներով։ Իր տեքստերում նա օգտագործում է ընդգծման մեթոդը։ Լիբեսքինդը քանդում է մակերեսայնության ու պատի գաղափարը։ Ի թիվս մի շարք այլ հատկանիշների, Լիբեսքինդն իր տեքստերում զուգահեռաբար օգտագործում է մի քանի լեզուներ, թեքում է տառերն ու բառերը տարբեր ուղղություններով, բախում է միմյանց, տառերի մեջ թվեր է մտցնում ու իր տեքստն էլ մի յուօրինակ գաղտնագիր է սարքում[10]։ Եվ եթե այն կարդալ ուղղակիորեն, ապա այն անիմաստ կթվա։ Բանն այն է, որ Լիբեսքինդը ինչպես ինչպես տեքստերում, այնպես էլ` ճարտարապետական նախագծերում օգտագործում է տողերի արանքում կարդալու մեթոդը։ Լիբեսքինդի համար չափազանց կարևոր է «Նոր Մոդեռնիզմ» հասկացությունը, որը կապված է Վերջի հետ։ Պարզ է, որ 20-րդ դարի վերջը ճանապարհի ավարտը չէ` չնայած սպասվող փոփոխություններին ուղեկցող աշխարհվերջյան զգացողություններին։ Մշակութային գիտակցման մեջ հնի ու նորի այդ սահմանն արդեն հաղթահարված է, և գոյության միջավայրի փոփոխության զգացողություն է առաջացել։ Փոխվել են նաև մարդկանց ցանկությունները, հետևաբար` փոխվել է մտածողության կերպը։ Լիբեսքինդը ենթադրում է, որ մոդեռնիզմը շարունակվում է ոչ թե 10, 20 կամ 100 տարի, այլ դա 3000 տարի ձգվող գործընթաց է և միայն հիմա է մոտենում ավարտին։ Այսինքն, նա նկատի ունի, որ մարդու ինտելեկտի հարստացման շրջանը, այն մեծությունը, որ աշխարհ են բերել Սոկրատն ու իր համակիրները, մոտենում է ավարտին։ Աշխարհը գոյություն կունենա ևս 1000 տարի, սակայն, հոգևոր առումով այն մոտենում է բացարձակ Վերջին։ Ինչ-որ առումով` Նոր Մոդերնիզմը հենց Վերջն է, Վերջի էմբլեման։ Որպես ճարտարապետ, Լիբեսքինդը համարում է, որ ճարտարապետությունը մտել է մի փուլ, որը դեռ հստակորեն հայտնի չէ։ Սա գիտակից եզրակացությունների ու հստակ կառուցված կատեգորիաների փուլ չէ։ Վերջին մոտենալն, ըստ Լիբեսքինդի, նշանակում է մինչև տվյալ պահը կուտակված փորձի ընկալում և յուրացում։ Իր այս թեորիան Լիբեսքինդը փորձեց կյանքի կոչել «Բեռլինը եզրագծին» (Berlin City Edge 1987) և Բեռլինի հրեական թանգարանի (Jewish Museum, Berlin, 2000) նախագծերում։

Հայտնի նախագծեր խմբագրել

  • Ֆելիքս Նուսսբաումի թանգարան Օսնաբրյուկում, 1998
  • Բեռլինի հրեական թանգարան, 1999
  • Կայսերական ռազմական թանգարան Մանչեսթրում, 2001
  • Հրեական թանգարան Կոպենհագենում, 2003
  • Դեվներյան թանգարանի ընդլայնում, 2006
  • Թագավորական թանգարանի ընդլայնում Տորոնտոյում, 2007
  • Հրեական թանգարան Սան-Ֆրանցիսկոյում, 2008

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Լիբեսքինդ» հոդվածին։