Գևորգ Տիրացյան

հայ պատմաբան

Գևորգ Արտաշեսի Տիրացյան (սեպտեմբերի 18, 1926(1926-09-18), Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն - հունվարի 17, 1993(1993-01-17), Երևան, Հայաստան), հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։

Գևորգ Տիրացյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1926(1926-09-18)
Աքքերման, Cetatea-Albă County, Ռումինիայի թագավորություն
Մահացել էհունվարի 17, 1993(1993-01-17) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և արևելագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Ալմա մատերԲուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1986)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՀայրԱրտաշես Տիրացյան

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Տիրացյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 18-ին Ռումինիայի Չետատեա-Ալբա քաղաքում՝ ուսուցիչ և բառարանագիր Արտաշես Տիրացյանի ընտանիքում։ Մայրը Դրաստամատ Կանայանի ազգականուհին էր։ Տիրացյանը, դպրոցական տարիներին ստանալով հիմնավոր կրթություն, 1945 թվականին ընդունվում է Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Տիրացյանների ընտանիքը հայրենադարձվում է, և 1948 թվականին նա դառնում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։ Ավարտելով համալսարանը՝ 1952 թվականին ընդունվում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան, որտեղ նրա գիտական ղեկավարն էր Բորիս Պիոտրովսկին։ Ապագա հնագետի աշխարհայացքի և գիտական հետաքրքրությունների ձևավորման հարցում ազդեցություն է ունեցել նաև լենինգրադյան արևելագիտական դպրոցի ներկայացուցիչներից մեկը՝ Կամիլա Տրևերը։

1956 թվականին աշխատանքի է անցնում Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ստեղծման առաջին օրերից (1959 թվական) մինչև իր կյանքի վերջը Գևորգ Տիրացյանն աշխատել է այս ինստիտուտում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև՝ հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ (1974-1993), ինստիտուտի փոխտնօրեն (1981-1988), տնօրեն (1988-1993)։

Աշխատություններ խմբագրել

1986 թվականին նա հաջողությամբ պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Հայաստանը մ. թ. ա. VI – մ. թ. III դարերում» թեմայով։

Պատմագիտության ասպարեզում Տիրացյանի աշխատություններից է նաև «Երվանդունիները Հայաստանում» ուսումնասիրությունը։ Այդ աշխատության մեջ, նա ցույց է տվել, որ ուրարտացիներից հետո Հայկական լեռնաշխարհը վերամիավորելու փորձը կատարվել է Երվանդունիների օրոք։ Ավելի քան երկու տասնամյակ անց հրատարակած իր երկու հոդվածներում նա անդրադարձել է Երվանդյան Հայաստանի տարածքին՝ քննարկելով նաև տարածքային փոփոխությունների խնդիրը։ Հետևություն. չնայած Դարեհ I-ի օրոք Հայաստանը բաժանվեց երկու սատրապությունների, այնուամենայնիվ, Հայկական լեռնաշխարհը հանդես էր գալիս մի անվան տակ՝ Արմինա՝ որպես ամբողջական մեկ երկիր։ Գ. Տիրացյանի պատմագիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել հին հայկական պետության առաջացումը, «Անաբասիսը» և Հայաստանը, Կոմագենե երկիրն ու Հայաստանը և մի շարք այլ հարցեր։

Հնագիտական հետազոտություններ խմբագրել

Գևորգ Տիրացյանն առաջինն է փորձել լուծել հին հայկական մշակույթի պարբերացման հիմնախնդիրը՝ այդ նպատակով օգտագործելով ինչպես հնագիտական աղբյուրների ընձեռած տվյալները, այնպես էլ օգտվելով սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմության տեղեկություններից։ 1988 թ. լույս տեսավ Գ. Տիրացյանի «Культура древней Армении, VI в. до н. э.- III в. н. э. (по археологическим данным)» մենագրությունը։

Գ. Տիրացյանը Կարմիր բլուրի և Գառնիի հնագիտական արշավախմբերի անդամ է եղել, պեղումներ է իրականացրել Հացավանում և այլ հուշարձաններում, հնագիտական հետազոտություններ է կատարել Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Աշտարակի ու Նաիրիի տարածաշրջաններում։ Սակայն նրա աշխատանքների անկյունաքարն են դարձել հին Հայաստանի առաջին մայրաքաղաք Արմավիրի պեղումները, որոնց ղեկավարն է եղել 1970 թվականից։ Արմավիրի և նրա պեղումների վերաբերյալ տաղանդաշատ հետազոտողը հասցրել է հրատարակել շուրջ քառասուն գիտական աշխատություններ։

Գևորգ Տիրացյանը տիրապետում էր գերմաներենին և ռումիներենին, հիմնավորապես գիտեր անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն։ Նա զեկուցումներով մասնակցել է աշխարհի տարբեր երկրներում անցկացվող հնագիտական ու արևելագիտական կոնֆերանսներին, կոնգրեսներին։

Գ. Տիրացյանը գրախոսել է պատմագիտական ու հնագիտական մի շարք մենագրություններ։ Հոբելյանական առիթներով գիտական հանդեսներում Տիրացյանը տպագրել է հոդվածներ՝ նվիրված գիտության երախտավորներ Կ. Վ. Տրևերի, Ա. Ա. Սահինյանի, Ս. Տ. Երեմյանի, Բ. Բ. Պիոտրովսկու, Բ. Ն. Առաքելյանի կյանքին և գիտական գործունեությանը։

Տիրացյանը «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական հրատարակության առաջին հատորի և «ԽՍՀՄ հնագիտություն» բազմահատորյակի հատորներից մեկի հեղինակներից է։ Մահվանից հետո էլ շարունակվում են տպագրվել նրա հոդվածները՝ հայերեն և օտար լեզուներով։ Հրատարակվում են նաև մենագրությունները. «Արմավիր»-ը՝ ֆրանսերեն, «Ուրարտուից` Հայաստան»-ը՝ անգլերեն։

Կոչումներ խմբագրել

1957 թվականին Գևորգ Տիրացյանին շնորհվում է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ Գառնիի դամբանադաշտի և բաղնիքի պեղումներով ձեռք բերված տվյալների հետազոտությանը նվիրված ատենախոսության համար։

1987 թվականին նրան շնորհվում է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Աղբյուրներ խմբագրել

  • Գարեգին Թումանյան, Ռուբեն Վարդանյան, «Մեծանուն գիտնականը և քաղաքացին» (Գևորգ Տիրացյանի ծննդյան 85-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 269-273
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Տիրացյան» հոդվածին։