Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)

Գրիգոր Մանուչարյանց (1773[1], Վարագավան, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] - 1846[1], Վարագավան, Ռուսական կայսրություն[1]), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս։

Գրիգոր Մանուչարյանց
Դիմանկար
Ծնվել է1773[1]
ԾննդավայրՎարագավան, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]
Մահացել է1846[1]
Մահվան վայրՎարագավան, Ռուսական կայսրություն[1]
Մասնագիտությունքահանա

Արևելյան Հայաստանի ազատագրությունը պարսկա-թյուրքական տիրապետությունից, որն սկսվեց XIX դարի սկզբից, վերջացավ 1828 թվականի փետրվարի 10-ին, երբ կնքվեց Թյուրքմենչայի պայմանագիրը։ Մոտ քառորդ դար տևող պայքարի այդ լարված շրջանում բացառիկ սխրագործություններ գործեցին հայ ժողովրդի անվեհեր զավակները։ Ռուսական զորաբանակի հրամանատարությունը, իր ժամանակին, նշել է հայկական զորամասերի, հայ առանձին անհատների ցույց տված բացառիկ քաջագործությունները ինչպես պարսից, այնպես և թյուրք զորքերի դեմ վարած ճակատամարտերում։ Ռուսական հրամանատարության այդ կարծիքը խտացված ձևով արտահայտել է Թիֆլիսի զինվորական նահանգապետ գեներալ Սիպյագինը իր 1827 թվականի մայիսի 24-ին գրած կոչում․«Անցյալ տարվանից պարսկական զորքերի մեր սահմանը ներխուժելու պահից , հայերը աչքի են ընկել իրենց անվեհերությամբ ընդդեմ թշնամիների, անսասան կայութնությամբ՝ վերահաս աղետների մեջ»[2]։ Հանրահայտ են Խաչատուր Աբովյանի խոսքերը հայերի ցույց տված օգնությանը ռուսական զորաբանակին․« Ինչ որ պարսից կռվի ժամանակինհայերն արին ,-գրում է նա,-թե մարդ չիմանա, քարերը վկայություն կտան»[3]։ Պատմական այս ժամանակաշրջանից մեզ հայտնի են ժողովրդական մի շարք հերոսների անուններ, որոնցից աչքի ընկնող դեմքերից մեկն է Գրիգոր Մանուչարյանցը։

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Մանուչարյանցը ՝ համեստ ու ժողովրդասեր եպիսկոպոսը, ծնվել է 1773 թվականին Շամշադինի Հախում (ներկայիս Վարագավան) գյուղում։ Կրթությունը ստացել է Նոր Վարագավանքի[4]։ վարժարանում։ Հախում գյուղը 19-րդ դարի սկզբից համբավ ստացավ շնորհիվ այն բանի, որ ծննդավայրն է հանդիսացել Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանցի, որի անունով և կոչվել է «Վարդապետի գյուղ»։

Կրթությունն ստացել է Նոր Վարագավանքի վարժարանում։ Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին։ Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804), երկրորդ (1808) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808 թ. նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Սբ. Գեորգի IV աստիճանի, Սբ. Վլադիմիրի և Սբ. Աննայի շքանշաններով։ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28) Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է Լոռի-Փամբակի, Դիլիջանի և Ղազախ-Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը և այլն։ 1826 թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ։ Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը։ Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ։ Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց։

Զինվորական գործունեությունը խմբագրել

Գրիգոր Մանուչարյանը, հետևելով մեր հայրենասեր հոգևորականների օրինակին, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ասպարեզ է իջնում XIX դարի սկզբներին։ Ժամանակավորապես մի կողմ թողնելով իր վեղարն ու սքեմը, նա հագնում է գյուղացու չուխան, դնում է փափախը և նվիրվում հայ ժողովրդի ազատագրության գործին։ Կարճ ժամանակամիջոցում Մանուչարյանցին հաջողվում է իր շուրջը համախմբել Շամշադինի և Ղազախի հայերից մոտ 500 կտրիճ երիտասարդներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում իրենց կյանքը զոհելու Հայրենիքի ազատության սրբազան գործի համար։ Լինելով իր ժողովրդի հարազատ զավակը, Մանուչարյանցը չի հանդուրժում պարսկական խաների ու սարդարների վայրագությունները, նրանց կատարած անպատմելի բռնությունները հայ ժողովրդի և հարևան մյուս ժողովուրդների նկատմամբ։ Նա մինչև հոգու խորքը խոցվում է ՝ տեսնելով օտարի կողմից անարգվող հայ շինականին, տեսնելով ամենուր թագավորող վիշտն ու կարիքը, և շատ անգամ վտանգելով իր կյանքը, աշխատում է պաշտպանել իր հայրենակիցների գույքն ու պատիվը։ Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանցը, իր հայկական հեծելագնդով, առաջին անգամ կռվի մեջ է նետվում 1804 թվականին․ նա մասնակցում է իշխան Ցիցիանովի Գանձակի ռազմական արշավին, ինչպես և Երևանի արշավանքին։ Հայրենասեր եպիսկոպոսը ռազմական իր խիզախ գործողություններով օգնում է ռուսական ազատարար բանակին՝ թիկունքից հարվածելով թշնամուն և մեծ կորուստ պատճառելով նրան։ Չնայած իր գնդի փոքրաթիվ լինելուն, Գրիգոր եպիսկոպոսը դիմում է համարձակ գործողությունների։« Պարսից հեծելազորի հետ կռիվ սկսողը և ճակատահար լինողը,-գրում է Ա․ Երիցյանը,- միշտ Գրիգոր արհին էր լինում յուր կտրիճներով։ Սարսափելի էր դառնում այս հեզ և համեստ հոգևորականը պատերազմի դաշտում՝ թուրը հանած միջոցին»[5]։ Իշխան Ցիցիանովը, բարձր գնահատելով հայրենասեր եպիսկոպոսի գլխավորած գնդի արշավանքների ժամանակ ցույց տված քաջագործությունները, սրբազանին պարգևատրում է Ս․Գեորգիի չորրորդ աստիճանի զինվորական խաչով և նշանակում է 300 ռուբլի մշտական թոշակ։ Հայրենասեր եպիսկոպոսը գործուն մասնակցություն է ունենում 1808 թվականին Գուդովիչի Երևանյան արշավանքին։ Հայկական 500 հոգանոց իր հեծելագնդի գլուխն անցած, նա ցույց է տալիս բացառիկ քաջագործություն։«Այդ գնդի (այսինքն ՝ Մանուչարյանցի ղեկավարած գնդի –Ս․Ս) կամավորները,-ինչպես վկայում է նորագույն ուսումնասիրողներից մեկը,-այդ արշավանքի ժամանակ աչքի ընկան իրենց բացառիկ խիզախությամբ և կայունությամբ»[6]։ Գրիգոր եպիսկոպոսը ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնող պարսկական մի խոշոր զորամասի հետ ունեցած կռվի ժամանակ, Հին–Նախիջևանի մոտ, ծանր վիրավորվում է և հազիվ փրկվում մահից։ 1808 թվականի ռուսական բանակի այս արշավանքի ընթացքում Գրիգոր եպիսկոպոսը, իր ցույց տված քաջագործությունների համար, կոմս Գուդովիչի միջնորդությամբ, պարգևատրվում է Վլադիմիրի և Աննայի շքանշաններով և պետության կողմից նախկինում սահմանված 300 ռուբլի կենսաթոշակը բարձրացվում է 600-ի և երկարացվում ցմահ։ Այս համեստ հոգևորականը իր օրինակով ոգևորում էր պարսկա-թյուրքական տիրապետությունը թոթափելու համար ոտքի կանգնած հայ ժողովրդի բազմաթիվ զավակների, որոնք կազմակերպված պարտիզանական ջոկատների մեջ կռվում էին թշնամու դեմ։ Այդ ժամանակ օտարի լուծը դեն նետելու համար ոտքի էին կանգել հոգևորականն ու աշխարհականը, շինականն ու արհեստավորը, գյուղացին և քաղաքացին, ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ հայ ազատասերների զենքի շաչյունի մեջ լսվում էր Հայ Եկեղեցու մեծ գործչի, ազնիվ հայրենասեր Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյանցի խրոխտ ձայնը։ Նրա անունը, կարճ ժամանակամիջոցում, տարածվում է ամենուրեք։ Թշնամին նրան ճանաչելիս է եղել «Դելի քեշիշ» անունով և սարսափում էր նրա հեծելազորից[7]։ Գուդովիչի արշավանքից հետո Գրիգոր եպիսկոպոսը իր ջոկատով որոշ տարիներ ժամանակավորապես հանգիստ է առնում մինչև 1826 թվականը ՝ ռուս-պարսկական նոր պատերազմը, երբ նա հարկադրաված է լինում նորից փոխել իր շորերը և նորից վերցնել սուրն ու հրացանը։ 1826-1828 թվականների գործողությունների ընթացքում Գրիգոր եպիսկոպոսի ջոկատի առաջին քաջագործությունները Հաղբաթ-Թիֆլիս ճանապարհին է տեղի ունեցել՝ Եփրեմ կաթողիկոսին Թիֆլիս տեղափոխելու ժամանակ։ Եփրեմ կաթողիկոսը, ինչպես հայտնի է, դեռևս 1821 թվականից գտնվում էր Հաղբատի հռչակավոր վանքում։ 1826 թվականին, երբ պարսիկները հարձակման են անցնում և ծավալում են ռազմական գործողություններն ու պարսկական զորքերը մոտենում են Հաղբատին, լուրջ վտանգ է սկսում սպառնալ Հայոց Հայրապետի կյանքին։ Ներսես Աշտարակեցի եպիսկոպոսը,որը կազմակերպում էր կաթողիկոսի տեղափոխությունը Հայաստանից Թիֆլիս, շատ մոտիկից ճանաչելով Գրիգոր Եպիսկոպոս Մանուչարյանցին և վստահելով նրա նվիրվածությանն ու արիությանը, այդ ծանր գործը հանձնարարում է նրան։ Հայրենասեր եպիսկոպոսը զգալով գործի պատասխանատվույունը, իր հետ վերցնում է 40 հայ երիտասարդ քաջերի և ճանապարհվում Հաղբատ։ Վերցնելով ծերունի կաթողիկոսին, Գրիգոր եպիսկոպոսը իր 40 կտրիճների հետ, Հաղբատից ճանապարհվում է դեպի Թիֆլիս։ Նրանց ճանապարհը Բորչալուի դաշտում, Խրամ գետի մոտ, կտրում է շուրջ 300 հոգուց բաղկացած լավ զինված պարսկական մի հեծելագունդ։ Տեղի է ունենում մարտը, որը տևում է մոտավորապես կես ժամ։ Ծերունի հայրապետի կյանքը փրկելու համար Գրիգոր եպիսկոպոսը դիմում է բացառիկ խիզախության․-նա հարձակվում է թշնամու վրա և ճեղքում թշնամու ամրակուռ պատնեշը։ Պարսիկները սարսափած քաջարի եպիսկոպոսի այդ խիզախությունից, այլևս չեն համարձակվում հետապնդել նրան[8]։ Կովկասի կառավարչապետ Երմոլովը, մոտից ծանոթ լինելով Մանուչարյանցի խմբի քաջագործությունների հետ, 1826 թվականին, Կովկասի ռուսական զորաբանակի համար ստեղծված ոչ այնքան նպաստավոր իրադրության պամաններւոմ, ցանկանում է օգտվել Մանուչարյանցի հեծելագնդի ծառայությունից․ –նա հանձնարարում է Գրիգոր եպիսկոպոսին իր հեծելագնդով անցնել Շամշադին ՝ զսպելու այնտեղ պարսիկ հրոսակախմբերի վայրագությունները և կանխելու կատարվող գերեվարությունը։«Դելի քեշիշը» նորից գործի է անցնում ․ նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում խաղաղություն ստեղծել Շամշադինում և գերիներին վերադարձնել, որից անչափ գոհ է մնում Կովկասի ռուսական զորահրամանատարությունը։ Երմոլովը Հասան-Սուում գտնված ժամանակ՝ ցանկանալով վարձահատույց լինել, խնդրում է Գրիգոր եպիսկոպոսից գրավոր հայտնել, թե «ինչով ինքը կարող է այդ ծառայությունների համար վարձահատույց լինել»։ Սրբազանը շատ համեստ կերպով պատասխանում է, թե ինքն անձամբ « ոչնչի կարոտ չէ, բայց անօրինություն է համարում այն , որ թյուրք «աղալար» և «բեկ» կոչված ազնվականները Շամշադինում վաղուց ի վեր տիրացել են հայոց գյուղերին և ծանր հարկ վերցնելով կեղեքում են հայոց ազգաբնակչությանը», ուստի և խնդրում է արգելել այդ հարկահանումը[8]։ Երմոլովը, լսելով այդ քաջ հոգևորականի համեստ խնդրանքը, ընդառաջում է նրան և Շամշադինի հայերին ազատելով ազնվականների իրավասությունից, արքունական գյուղացու իրավունքով է օժտում։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ ռուսական ազատարար բանակները գրավեցին Պարսկաստանի վերջին հենակետը և Երևանի «անառիկ» բերդը, և երբ Արևելյան Հայաստանը վերջնականապես կցվվեց Ռուսաստանին, Գրիգոր արքեպիսկոպոս Մանուչարյանցը հրաժեշտ տվեց զինվորական կյանքին․ հանեց զենքներն ու գյուղացու չուխան, հագավ նորից վանականի սև վերարկուն և քաշվեց մի անմարդանակ վանք՝ ճգնելու։ Բայց նրա հոգին նորից չէր կարողանում տանել անարդարությունները․ երբ լսում էր, որ այս կամ այն հրոսակախումբը հայ գյուղերից կողոպուտ կամ գերեվարություն է կատարել, նորից բորբոքվում էր նրա քաջարի սիրտը, ձի էր նստում, հասնում ավազակների հետևից, խլում նրանց վերցրած ավարը, վերադարձնում տերերին և հանգիստ սրտով վերադառնում իր ճգնարանը։

Մահը խմբագրել

1846 թվականին բոլորի կողմից սիրված ու հարգված արքեպիսկոպոսը իր մահկանացուն է կնքում ճգնարանի մեջ։

 
Գրիքոր արքեպիսկոպոս Մանուչարյանցի գերեզմանաքարը հայրենի գյուղում

Իր համագյուղացիները նրան հուղարկավորում են հայրենի գյուղի եկեղեցում։ « Նախկին Հախում գյուղի կենտրոնում կառուցված է փայտածածկ հողե կտուրով գյուղական եկեղեցին։ Դրա ներսում գտնվում է Գրիգոր Մանուչարյանցի գերեզմանը»[9]։ Այսպիսով, հայ Եկեղեցու այս անձնվեր ու հայրենասեր պաշտոնյան՝ սնված իր նախահայրերի ՝ Ս․ Գրիգորի, Ս․ Մաշտոցի, Ս․ Սահակի և այլ ժողովրդասեր հոգևորականների սրբազան ավանդներով, հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող օրերում հանդես է բերել բացառիկ նվիրավածություն, սեր և եռանդ դեպի հայ ժողովուրդն ու սիրելի դարձած Հայրենիքը։ Նա կատարել է իր սրբազան պարտքը ժողովրդի ևՀայրենիքի հանդեպ, պայքարել է անարդարության, չարիքի և բռնության դեմ՝ հանուն հայրենիքի ազատության և անկախության։

Պատկերասրահ խմբագրել

 
Խաչքար՝ ի հիշատակ Գրիգոր արքեպիսկոպոս Մանուչարյանցի
 
Գրիգոր արքեպիսկոպոս Մանուչարյանցի խաչքարը՝ գյուղական եկեղեցում

Գրականություն խմբագրել

  • Աբովյան Խ, Ընտիր երկեր, Երևան,1939թ․, մաս I, էջ 143
  • Տեր-Ավետիսյան, Գրիգոր եպիսկոպոս Մանուչարյան, էջմիածին ամսագիր, 1945 թ․, հունվար-փետրվար․ էջ 39

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 257.
  2. Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի «Տեղեկագիր», 1951 թ․,N 11, էջ 17
  3. Աբովյան Խ., 1933, էջ 143
  4. https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%B8%D6%80_%D5%8E%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84
  5. Ա․ երիցյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը և Կովկասի Հայք , Թիֆլիս, 1894 թ․, հատոր Ա, էջ 244
  6. Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի «Տեղեկագիր»
  7. Ե․Ք․ Գեղամյան , Պատմական քաղվածքներ, 1909 թ․, էջ 183
  8. 8,0 8,1 Ա․ երիցյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը և Կովկասի Հայք , Թիֆլիս, 1894 թ․, հատոր Ա, էջ 247
  9. Տեր-Ավետիսյան, Գրիգոր մանուչարյանց, էջմիածին ամսագիր, 1945 թ․, հունվար-փետրվար․ էջ 39

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 257