Գրիգոր Փեշտիմալճյան

հայ փիլիսոփա
(Վերահղված է Գրիգոր Փեշտիմալճեանից)

Գրիգոր Փեշտիմալճյան (դեկտեմբերի 24, 1774(1774-12-24), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 24, 1837(1837-12-24), Կոստանդնուպոլիս), հայ բառարանագիր, քերական, փիլիսոփա, մանկավարժ։

Գրիգոր Փեշտիմալճյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1774(1774-12-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էդեկտեմբերի 24, 1837(1837-12-24) (63 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, բառարանագիր և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

1730 թվականից հայոց լեզու և կրոն է դասավանդել Միջագյուղի դպրոցում։ Այնուհետև նշանակվել է Մայր եկեղեցուն կից Մայր դպրատան ուսուցիչ (1824-1826), որտեղ վարել է ճարտասանության, տրամաբանության, հայոց լեզվի քերականության ու կրոնագիտության դասընթացները։ 1828 թվականին հիմնադրվել է Գում Գափուի «Ընծայարան» ուսումնարանը, որի տնօրեն և գլխավոր ուսուցիչ է նշանակվել Փեշտիմալճյանը։ 1830 թվականին վերաբացվել է Մայր վարժարանը (տես Պեզճյան Մայր վարժարան), և Փեշտիմալճյանը միաժամանակ եղել է նաև նրա տնօրենը։ 1829 թվականին լույս է տեսել Փեշտիմալճյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» աշխատությունը, որը փաստորեն գրաբարի քերականության դպրոցական դասընթաց է։ «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1-2, 1844-1846) աշխատությունը Փեշտիմալճյանը գրել է 1826 թվականից առաջ, սակայն չի ավարտել, այն լրացրել են նրա աշակերտները։ Փեշտիմալճյանի աշխատությունների մեծ մասը գրել է մաքուր աշխարհաբարով։ «Կրթութիւն քաղաքավարութեան» (1829) և «Վարժութիւն բարւոք խոստովանութեան» (1854, երկուսն էլ՝ աշխարհաբար) գործերը մեծ դեր են խաղացել աշակերտների բարոյական դաստիարակության գործում։ «Լուսաշափղ․․․» (1848) գրքում Փեշտիմալճյանը պաշտպանել է բնական իրավունքի տեսությունը, ըստ նրա, միայն բնական իրավունքին համապատասխանող քաղաքացիական իրավունքը կարող է նպաստել հասարակության առաջընթացին։ Նա ղեմ է եղել միապետական, արիստոկրատական կառավարման ձևերին և պաշտպանել է ժողովրդապետությունը։ «Տրամաբանութիւն կամ արուեստ բանական» (1854, գրաբար) երկում խիստ նկատելի է 18-րդ դարի 2-րդ կեսի իտալացի փիլիսոփա Ֆրանչեսկո Սոավեի «Արվեստ բանական» գրքի ազդեցությունը։ Փեշտիմալճյանը գոյաբանական հարցերը լուծել է դեիզմի դիրքերից, իսկ իմացաբանության մեջ հետևել է Ջ․ Լոկին։ Ըստ Փեշտիմալճյանի, տրամաբանությունը հավասարապես զբաղվում է ինչպես ճշմարտության բացահայտման, այնպես էլ դրա հիմնավորման օրենքներով։ Ընդհանուր առմամբ լինելով մատերիալիստական ուղղության սենսուալիստ փիլիսոփա, որոշ հարցերում նա տուրք է տվել ռացիոնալիզմին։ Փեշտիմալճյանը ունեցել է ուսուցման ուրույն մեթոդ, դասերը դարձրել է հաճելի և գործնական, հեշտից գնացել է դեպի դժվարը, ծանոթից՝ անծանոթը։ «Ընծայարանի» համար Փեշտիմալճյանի մասնակցությամբ վերակազմվել է կանոնադրությունը, ըստ որի արգելվել է ծեծը, ֆիզիկ, պատիժը, հայհոյանքը, աշակերտների անարգական անվանումը ուսուցիչների կողմից։

Գրականություն խմբագրել

  • Ծալյան Մ., Գրիգոր պատուելի Փեշտիմալճեան (17744-1837), Կահիրե, 1912։
  • Ազատյան Թ., Հարիւրամեայ յոբելեան Պեզճեան Մայր վարժարանի (1830-1930), ԿՊ, 1930։
  • Գասպարյան Գ. Կ., Հայ բառարանագրության պատմություն, Երևան, 1968։
  • Թևոսյան Ա. Մ., Հայ տրամաբանական միտքը 19-րդ դարում, Երևան, 1976։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։