Գրիգոր Փափազյան
Գրիգոր Փափազյան (նաև՝ Գրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազյան, 1893, Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա - դեկտեմբերի 20, 1965, Ալժիր), հայ բժիշկ, հասարակական և ազգային գործիչ։
Ծնվել է | 1893 |
---|---|
Ծննդավայր | Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1965 |
Մահվան վայր | Ալժիր |
Այլ անուններ | Գրիգոր Տուտի, Գրիգոր Տուտի Փափազյան |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1893 թվականին Մարմարա ծովի ասիական ափի Բանդրմա քաղաքում։ Գրվել է Գրիգոր Տուտի կամ Գրիգոր Տուտի Փափազյան։ Ավարտել է Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի Մխիթարյան վարժարանը։ 1917 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։
1917 թվականին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժշկի հանգամանքով մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ Գերի է ընկել անգլիական բանակին և Եգիպտոս տարվել։ Պատերազմի ավարտից հետո ազատվել է գերությունից և վերադարձել ծննդավայրը, որը գրավել էր Հունաստանը։ Քեմալական արշավանքի սկզբին, շատերի հետ նա էլ ապաստան է գտել Հունաստանում։ Հաստատվել է Թրակիայի Ալեքսանդրուպոլիս (Դեդե աղաջ) քաղաքում, ուր երկար տարիներ մասնակցել է հայ համայնքի ազգային, կրթական, հասարակական և կուսակցական (ՀՅԴ) կյանքին։ Եղել է սիրված և հարգված անձնավորություն։
1945 թվականին ընտանիքով գաղթել է Փարիզ, որտեղ սակայն, իբրև բժիշկ աշխատելու իրավունք չի ունեցել։ 1960-ական թվականների սկզբներին տեղափոխվել է Ալժիր։ Ալժիր մայրաքաղաքի քաղաքապետական բժիշկ է աշխատել։
Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 20-ին Ալժիրում՝ 72 տարեկանում։
Գրականություն խմբագրել
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, ԺԳ. տարի, 1966, Պէյրութ, 1967։
Աղբյուր խմբագրել
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։