Գրիգոր Տեր-Հակոբյան

հայ բժիշկ, հոգեբույժ

Գրիգոր Աբրահամի Տեր-Հակոբյան (Գրո, 1886 կամ 1887 - դեկտեմբերի 18, 1969(1969-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հոգեբույժ, պետական գործիչ։ Պրոֆեսոր։

Գրիգոր Տեր-Հակոբյան
Ծնվել է1886 կամ 1887
Մահացել էդեկտեմբերի 18, 1969(1969-12-18)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, հոգեբույժ և պետական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու և պրոֆեսոր

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Տեր-Հակոբյանը ծնվել է 1886 թվականի դեկտեմբերին (1887 թվականի մայիսի 4-ին) Նախիջևան քաղաքում (Արաքսի վրա) ծառայողի ընտանիքում։ Հինգ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ 1894 թվականին ընդունվել է Նախիջևանի եռդասյա քաղաքային դպրոց, որտեղից տեղափոխվել է Երևան և ընդունվել գիմնազիայի նախապատրաստական դասարան։ 1905 թվականին ավարտել է գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետ։ 1906 թվականին կլիմայական պայմանների (թե ուսանողական ցույցերին մասնակցելու) պատճառով տեղափոխվել է Օդեսայի համալսարան, իսկ տարեվերջին՝ փոխադրվել բժշկական ֆակուլտետ։ 1910 թվականին Օդեսայում ընդհատակյա հեղափոխական աշխատանքի և ցույցերին մասնակցելու պատճառով ձերբակալվել և բանտարկվել է։ 1911 թվականին ազատվելուց հետո պետական քննությունները հանձնել է Մոսկվայի համալսարանում, ստացել բժշկի որակավորում և մնացել այդ համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդաբուժական կլինիկայում՝ որպես էքստեռն։ 1912 թվականի հունվարին հաստատվել է օրդինատորի պաշտոնում։ Եղել է կլինիկայի տնօրեն Վ. Ա. Մուրատովի և ասիստենտ պրիվատ դոցենտ (հետագայում՝ պրոֆեսոր) Կ. Սեպպի ղեկավարության ներքո։ 1912 թվականին պրոֆեսորի աջակցությամբ սկսել է «բազեդովյան հիվանդության էության մասին» գիտական աշխատանքը։ Կլինիկայում աշխատելուն զուգահեռ աշխատել է բժիշկ Գրիգոր Տերյանի հոգե-նյարդաբուժական հիանդանոցում և առողջարանում՝ որպես օրդինատոր։ 1913 թվականի սկզբներին թոքախտով ծանր հիվանդանալու պատճառով բժիշկների խորհրդով ժամանակավորապես ընդհատել է աշխատանքը և բուժման նպատակով ուղարկվել Աբասթուման, սակայն չի կարողացել տեղավորվել այնտեղ։ Տեղափոխվել է Երևան և սկսել բուժվել թոքախտի դեմ և նյութական վիճակից դրդված՝ աշխատել Երևանի նորաբաց հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես գլխավոր բժիշկ։ Առաջին համաշխարհային պատերազմը և առողջական վիճակը խոչընդոտել են Մոսկվա վերադառնալուն, և նա վերջնականապես հաստատվել է Երևանում։ 1915 թվականին նշանակվել է Երևանի զինվորական հիվանդանոցի օրդինատոր, սակայն 6 ամիս հետո՝ որպես Հայաստանի միակ հոգեբույժ, ազատվել պաշտոնից՝ հոգեբուժությամբ զբաղվելու նպատակով։

 
Գրիգոր Տեր-Հակոբյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում

1918 թվականին նշանակվել է Հայկական հրաձգային դիվիզիայի առաջին լազարեթի գլխավոր բժիշկ և 6 ամիս հետո ազատվելով պաշտոնից՝ կրկին անցել հոգեբուժական հիվանդանոցում իր նախկին աշխատանքին։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումից հետո Հեղափոխական կոմիտեի կողմից նշանակվել է Սոցիալական ապահովության ժողովրդական կոմիսարիատի ժամանակավոր կոմիսար, նույն թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Առողջապահության ժողովրդական կոմիսարի տեղակալ և կազմակերպել այդ կոմիսարիատն ու դրա աշխատանքը։ 1921 թվականին նշանակվել է Առժողկոմի մշակույթի և կրթության բաժնի վարիչ, 1922 -1924 թվականներին՝ բուժական բաժնի վարիչ։ Այդ ժամանակաշրջանում շարունակել է զբաղեցնել հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը։ Ավտոմոբիլային վթարից ստացած ծանր վնասվածքների պատճառով մեկ տարով ազատվել է աշխատանքից և բուժում անցել։ 1925 թվականին աշխատել է Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի ուղղիչ-կրթական գաղութում՝ որպես կոնսուլտանտ։ 1926 թվականին կրկին ընդունվել է հոգեբուժական հիվանդանոց՝ որպես գլխավոր բժիշկ, միաժամանակ հանդիսանալով Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժական կլինիկայի ասիստենտ։ 1927-1929 թվականներին վարել է դատական հոգեբուժության դասընթացը։ 1926-1930 թվականներին Երևանի քաղաքային բուժարանում շաբաթը երկու օր կատարել է հիվանդների ընդունելություն։ 1926 և 1928 թվականներին երկամսյա արձակուրդների ընթացքում աշխատել է Օդեսայի շրջանային հոգեբուժական հիվանդանոցում և Լենինգրադի Վ. Բեխտերևի անվան հոգե-նյարդաբանական ինստիտուտում։ 1930 թվականին նշանակվել է Երևանի պետական համալսարանից նոր անջատված Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժական կլինիկայի (աբիոնի) ասիստենտ, 1931-1937 թվականներին կլինիկայի տնօրեն (ամբիոնի վարիչ)[1], 1931 թվականին համատեղությամբ նշանակվել է Լուսժողկոմատի Մանկաբանական ինստիտուտի կոնսուլլտանտ-հոգենյարդաբույժ։ 1931 թվականին Առժողկոմատի կողմից եռամսյա գիտական գործուղման է մեկենլ Մոսկվա՝ կլինիկաներում և գիտահետազոտական ինստիտուտներում հոգեբուժական գործի դրվածքին ծանոթանալու։ 1936 թվականին բարձր գնահատելով նրա գիտամանկավարժական գործունեությունը՝ Հայկական ԽՍՀ Առժողկոմատին առընթեր ատեստավորող հանձնաժողովը, առանց թեզ պաշտպանելու, նրան շնորհել է գիտության թեկնածուի աստիճան և պրոֆեսորի կոչում։

Հեղինակ է բազմաթիվ գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների, որոնք տպագրվել են գիտական հանդեսներում և պարբերական մամուլում։ Գիտական ախատանքները, հոդվածներն ու զեկուցումները նվիրված են բազեդովյան հիվանդության, մալարիայի կլինիկայի, շիզոֆրենիայի պիրոթերապիայի և սուլֆազինոթերապիայի, հոգեբուժության պատմության ու կազմակերպման հարցերին[2][3]։

Գրոն եղել է լայնախոհ ու առինքնող մտավորական, մտերիմ է եղել 1920-1930-ական թվականների բազմաթիվ հայ նշանավոր անձանց հետ։ Եղիշե Չարենցի հոգեբանական ճգնաժամի շրջանում հաճախակի է այցելել նրան։ Ենթարկվել է ստալինյան վարչակարգի հալածանքներին։ 1937 թվականին դառնալով ստալինյան տեռորի զոհը՝ հեռացվել է հոգեբուժական կլինիկայի տնօրենի պաշտոնից, ձերբակալվել և աքսորվել Ակմոլինսկ (այժմ՝ Ցելինոգրադ), ապա՝ Կարագանդա։ 1947 թվականին արդարացվել և վերադարձել է Երևան։ 1947-1953 թվականներին եղել է Հանրապետական հոգեբուժական դիսպանսերի լոգոպեդիայի կաբինետի վարիչ, 1953 թվականից՝ հոգեթերապիայի կաբինետի վարիչ։ 1948 թվականին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Նյարդաբույժների և հոգեբույժների համագումարին և Բուրգեկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում ենթարկվելու կոնսուլտացիայի՝ իր մոտ առկա ուղեղի ուռուցքի կապակցությամբ։

Մահացել է 1969 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում։

Հիշատակ խմբագրել

Գրիգոր Տեր-Հակոբյանի անունով Երևանի քաղաքային հոգեբուժական դիսպանսերի նախասրահում կա ցայտաղբյուր։ Նրա անձնական գործը պահվում է Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանի արխիվում, թիվ 58, թ.6-7: Ինքնագիր։

Երկեր խմբագրել

  • Հոգեբուժական գործի դրվածքը ՀԽՍՀ և մեր մոտական անելիքները, «Առողջապահությունը Հայաստանում», Երևան, 1929, 2։
  • Հոգեբուժական գործը Հայաստանում, «Առողջ կենցաղ», Երևան, 1931, 3-6։
  • Բժիշկ Արմենակ Մելիքյանի հետ միասին թարգմանել է Մ. Աստվածատուրովի «Ներվային հիվանդություններ» դասագիրքը։ Երևան, 1936։
  • Կազմել է այդ դասագրքի հավելվածը հանդիսացող, հայ իրականության մեջ առաջին «Ներվաբանական տերմիններ» ռուս-հայերեն բառարանը։ Երևան, 1936։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հոգեբուժության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  2. «Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։
  • ГМИ Еревана, ф. 4, 19 ед. хр., 1911—1961.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 232