Գրիգոր Չալխուշյան

հայ հասարակական գործիչ, պատմաբան

Գրիգոր Չալխուշյան (հուլիսի 1, 1861(1861-07-01), Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - մարտի 1, 1939(1939-03-01) կամ 1931, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, պատմաբան, իրավաբան։

Գրիգոր Չալխուշյան
Ծնվել էհուլիսի 1, 1861(1861-07-01)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 1, 1939(1939-03-01) (77 տարեկան) կամ 1931
Մահվան վայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնի Ռոստովի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունփաստաբան, պատմաբան և հասարակական գործիչ

1919 թվականին Հայաստանի կառավարությունը Չալխուշյանին նշանակել է Հանրապետության ներկայացուցիչ Դոնում։ 1920 թվականի հունվարին եկել է Հայաստան, ընտրվել Կարմիր խաչի կենտրոնական վարչության նախագահ։ 1920 թվականի նոյեմբերի 10-ին մեկնել է Կ. Պոլիս, այնտեղ մնացել Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Ուսումնասիրությունների նշանակալի մասը վերաբերում է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը։ «Հայկական պոեզիան ի դեմս Ռափայել Պատկանյանի» (1886, ռուս.) գործում ներկայացրել է արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, եվրոպական տերությունների խաղերը հայկական հարցում։ «Հայկական խնդիրը և հայկական կոտորածները Ռուսաստանում» («Պանիսլամիզմ», 1905, ռուսական) աշխատության մեջ Չալխուշյանը հիշեցնում է ռուս, կայսրերի հայերին շնորհած արտոնությունները, հայերի դերը ռուս-թուրքական պատերազմներում, ապա անդրադառնում ցարական իշխանությունների այն քաղաքականությանը, որն ուղղված էր հայերի դեմ. հայկական դպրոցների փակմանը X դարի 1880-1890 ական թվականներին, եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքին (1903) և այլն։ Չալխուշյանը քննում է 1905 թվականի հայ-թաթարական բախումները Հարավային Կովկասում, մերկացնում ռուսական կառավարության դիրքորոշումը, պանիսլամիզմի էությունը։ «Կարմիր գիրք» (1919, ռուս.) երկում լուսաբանում է 1894-1896 թվականների հայկական կոտորածները արևմտյան Հայաստանում և Թուրքիայում, երիտթուրքերի իշխանության գալը, Ադանայի կոտորածը (1909), առաջին աշխարհամարտի նախօրեին կայացած բանակցությունները, հայերի մասնակցությունը պատերազմին, հայկական կամավորական ջոկատների գործողությունները, հայերի ցեղասպանությունը։ Փաստաթղթերի և վկաների հարցման հիման վրա հեղինակը մերկացնում է թուրքերի բարբարոսությունը, քննադատում գերմանական ղեկավար շրջանների և զինվորական հրամանատարության թողտվության քաղաքականությունը։ 1923 թվականին հրատարակել է «Ինչ էր և ի՞նչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է Հայաստանի Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։