Գրիգոր Եղիկյան (հասարակական գործիչ)

հասարակական գործիչ, դրամատուրգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Եղիկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Եղիկյան (1880, Կերասուն, Թուրքիա - 1951), հայ հրապարակագիր, լրագրող, դրամատուրգ, հասարակական, քաղաքական գործիչ, նախկին Հնչակյան գործիչ։

Գրիգոր Եղիկյան
Ծնվել է1880
ԾննդավայրԿերասուն, Թուրքիա
Մահացել է1951
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ, դրամատուրգ, լրագրող և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Եղիկյանը ծնվել է 1880 թվականին Սեբաստիայի նահանգի Կերասուն քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է հայտնի Հնչակյան ուսուցիչ Անտոնի հսկողութության ներքո։ 1809 թվականին տեղափոխվել է հոր մոտ՝ Կոստանդնուպոլիս, որտեղ ականատես է եղել Պոլսի ցույցերին, Գում Գափուի դեպքերին, հեղափոխական ելույթներին և դրանց հաջորդող համիդիական ջարդերին։ 1896 թվականին անցել է Կովկաս։ 1897 թվականին Թիֆլիսի «Տարազ» հանդեսում լույս է տեսել նրա առաջին հոդվածը։ 1898 թվականին Եղիկյանը հաստատվել է Բաքվում։ Գրիգոր Եղիկյանի վրա խորը ազդեցություն է ունենում 1902 թվականի մայիսի 26-ին Բաքվի Պարապետ հրապարակում կայացած բանվորական ցույցը, որը կազմակերպվել էր ՍԴՀԿ-ի և Բաքվի Սոցիալ դեմոկրատական բանվորական կուսակցության կողմից։ Նույն տարում նա մեկնել է Պարսկաստան և մտել Հնչակյան կուսակցության շարքերը։ 1904 թվականին հիմնել է ՍԴՀԿ Ռաշթի մասնաճյուղը, որի հետ մեկտեղ աշխատացրել է «Նոր Դար», «Մշակ», «Տարազ» և «Երիտասարդ Հայաստան» թերթերը, Ռաշթի հայկական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ Ռաշթում լույս է տեսել Եղիկյանի առաջին գիրքը՝ «Ինչ են ասում սոցիալ-դեմոկրատները և Իրանի վիճակի մասին սոցիալ-դեմոկրատների ժամանակակից հայացքներով» վերնագրով։

Նույն տարում կուսակցական աշխատանքների համար մեկնել է Բաթում, մեկ տարի մնացել այնտեղ, ապա կրկին վերադարձել Պարսկաստան։ 1906 թվականին Գրիգոր Եղիկյանին հրավիրել են ԱՄՆ` որպես «Երիտասարդ Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր և շուրջ մեկ տարի աշխատել է այնտեղ։ 1905-1906 թվականներին գրել է «Արեան ճանապարհով, Ի՛նչ ժառանգեցին որդիները իրենց հայրերէն» երեք գործողութեամբ դրաման։ 1907 թվականին մեկնել է Փարիզ, ապա՝ Պարսկաստան, որտեղ կարճ ժամանակ մնալուց հետո մեկնել է Բաքու և նշանակվել ՍԴՀԿ Ռուսաստանի և Անդրկովկասի Գործադիր հանձնախմբի նախագահ։

1908 թվականին Երևանում ամուսնացել է Աստղիկ Սարգյանի հետ։

Օսմանյան Սահմանադրությունից հետո Եղիկյանը մեկնել է Բրուսա, Մարզվան և Փոքր Հայքի շրջաններ, Հ. Արամյանցի հետ հիմնադրել «Կոհակ» շաբաթաթերթը։

1910 թվականին, որպես ՍԴՀԿ Կենտրոնական վարչության լիազոր-ներկայացուցիչ, Եղիկյանը վերադարձել է Պարսկաստան` Բանդարե Անզալի, պարսկական միջնակարգ դպրոցում շուրջ 5 տարի եղել է տեսուչ։ Այդ շրջանում գրել է «Պարսկաստանի յեղափոխական շարժուսները» պատմությունը։

Եղիկյանը աչքի է ընկել պարտիզանական շարժման մեջ։ Նրա նախաձեռնությամբ բոլշևիկները հրաժարվել են մտնել Ռաշթ։

Եղիկյանը բազմաթիվ անգամներ եղել է Միրզա Քուչեք խանի թարգմանիչը՝ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Պարտիզանական շարժման պարտությունից և 1928 թվականին պետական ուժերի կողմից Գիլանի գրավումից հետո, Ռաշթում տպագրել է «Իրանե քաբիր» (Մեծ Իրան) թերթը։ Երբ արգելվում է թերթի տպագրությունը, Եղիկյանը մեկնել է Թեհրան, 1934 թվականին ձեռք բերել «Իրանի քոնունի» (Ժամանակակից Իրան) թերթի կոնցեսիան, որը ղեկավարել է մինչև 1948 թվականը[1]։

Գրական գործունեություն խմբագրել

Բացի լրագրությունն ու քաղաքականությունը, զբաղվել է նաև թատերական գործունեությամբ, համագործակցել է տարբեր թատերախմբերի հետ, հեղինակել է մի քանի պիեսներ՝ «Արդարադատ Անուշիրվան և Մազդակը», «Դարեհ 3-ը», «Արևելքի և Արևմուտքի պատերազմ»[2][3]։ Նա ինքը բեմադրել և կնոջ հետ խաղացել է այդ ներկայացումներում։

Գրել է մի քանի պատմվածքներ պատմական իրադարձությունների մասին՝

  • «Շապուհ Զոլաքթափը և նրա կռիվները Ժուլիենի հետ»
  • «Գեղեցիկ աղջիկ»
  • «Սաբիռեն»
  • «Գիլանցի աղջիկը»

Եղիկյանի ուշագրավ ստեղծագործություններից է Միրզա Քուչեք խան Ջանգյալիի ղեկավարած շարժման մասին նրա հուշերը, որոնք տպագրվել են Թեհրանում «Խորհրդային միությունը և Ջանգյալիի շարժումը» վերնագրով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Berberian, Houri (2008 թ․ հունվարի 1). «History, Memory and Iranian-Armenian Memoirs of the Iranian Constitutional Revolution». Critique: Critical Middle Eastern Studies. 17 (3): 261–292. doi:10.1080/10669920802405456. ISSN 1066-9922.
  2. Brisbane, Katherine; Chaturvedi, Ravi; Majumdar, Ramendu; Pong, Chua Soo; Tanokura, Minoru (2005 թ․ օգոստոսի 16). The World Encyclopedia of Contemporary Theatre: Volume 5: Asia/Pacific (անգլերեն). Routledge. ISBN 9781134929771.
  3. Rubin, Don; Pong, Chua Soo; Chaturvedi, Ravi; Majundar, Ramendu; Tanokura, Minoru (2001). The World Encyclopedia of Contemporary Theatre: Asia/Pacific (անգլերեն). Taylor & Francis. ISBN 9780415260879.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Հատոր Դ., էջ 675։

Գրականություն խմբագրել