Գնդիկներով թեյ (նաև մարգարտյա թեյ, փրփուրով թեյ[1]), փրփրուն թեյի ըմպելիք, որի մեջ սովորաբար ավելացվում են «մարգարիտներ» (չինարեն՝ 珍珠), գնդիկներ՝ պատրաստված տապիոկայից (չինարեն՝ 粉圓), հայտնի են նաև որպես «բոբա» (չինարեն՝ 波霸)։ Բաղադրատոմսերի մեծ մասը ներառում է թեյի հիմք՝ խառնված մրգահյութի կամ կաթի հետ, երբեմն՝ սառույցի հավելումով։ Մատուցելուց առաջ ըմպելիքը հարում են կոկտեյլի հարիչով այնքան, մինչև օդային փուչիկներ հայտնվեն․ այստեղից էլ՝ «փրփուրային» [2] անվանումը։

Թեյ գնդիկներով

Պատմություն խմբագրել

Փրփուրով թեյը առաջին անգամ հայտնվեց Թայվան-ում 1980-ականների սկզբին[2]։ Ենթադրվում է[2], որ սկիզբը դրել է Լին Շու Խուն (անգլ.՝ Lin Hsui Hui) Թայչժուն[3] քաղաքի «Չուն Շու Թանգ» (անգլ.՝ Chun Shui Tang) սրճարանում, երբ նա սառը թեյին ավելացրեց ֆենյուան (անգլ.՝ fen yuan) տեղական աղանդերը։ Մինչ այդ սրճարանը մասնագիտացված էր սառը թեյի վրա[3]։

Այլ տեղեկությունների համաձայն՝ այս հնագույն փրփուրային թեյը բաղկացած էր տաք սև թեյի, տապիոկայի փոքրիկ գնդիկների, խտացրած կաթի և քաղցուի կամ մեղրի խառնուրդից։ Արդյունքում առաջացած տարբերակները սև թեյի փոխարեն հիմնականում օգտագործում են սառը թեյ, ինչպես նաև կանաչ կամ հասմիկի թեյ։

Տապիոկայի խոշոր գնդիկները արագորեն դուրս մղեցին փոքրերին։ Ի հայտ եկան տանձի և սալորի, այնուհետև մյուս մրգերի հավելումներ, մինչև որոշ տարբերակներում թեյն ամբողջովին փոխարինվեց մրգերով։

20-րդ դարի վերջին հայտնվեցին սրճարաններ, որոնք ամբողջովին նվիրված էին մարգարտյա թեյին, ինչպես 1990-ականների՝ մրգերի բարերը։

Որոշ սրճարաններ բաժակը փակում են կիսագնդաձեւ պլաստմասե գմբեթով, մյուսները հատուկ ապարատի միջոցով ցելոֆանապատում են բաժակը։ Ըմպելու համար օգտագործում են լայն ձողիկներ, որոնց միջով կանցնեն գնդիկները։

Բաղադրություն խմբագրել

Ըմպելիք խմբագրել

Պղպջակներով թեյի յուրաքանչյուր բաղադրիչ կարող է ունենալ տարատեսակություն՝ կախված թեյի խանութից։ Որպես կանոն՝ օգտագործվում են սև, կանաչ, ուլուն, իսկ երբեմն էլ սպիտակ թեյի տարբեր տեսակներ։ «Յուանյանգ» (Կաղապար:Китайский) տարատեսակը, որ այդպես է կոչվել մանդարինկա թռչնի պատվին, առաջացել է Հոնկոնգում և բաղկացած է սև թեյից, սուրճից և կաթից։ Կան նաև մրգային կոկտեյլներ, որոնք պարունակում են և՛ թեյ, և՛ միրգ։ Չնայած գնդիկներով թեյը առաջացել է Թայվանում, սակայն որոշ սրճարաններ նրա մեջ ավելացնում են նաև այլ երկրների համեմունքներ։ Օրինակ՝ լայն տարածում ունեն բաղրջուկի, քրքումի, հիլի ծաղիկները և վարդաջուրը[4]։

Թոփինգ խմբագրել

Որպես «մարգարիտ»՝ սովորաբար օգտագործվում են տապիոկայի՝ ծամելու համար շատ հարմար գնդիկները, որոնք սև են լինում նրանցում շագանակագույն շաքար ավելացնելու արդյունքում։ Բայց ըմպելիքին նման երանգ տալու շատ այլ տարբերակներ կան։ «Կանաչ մարգարիտը» ունի կանաչ թեյի թեթև երանգ և ավելի ամուր է, քան տապիոկայի ավանդական գնդիկները։ «Սպիտակ մարգարիտը» պատրաստվում է ջրիմուռների հյութաքամվածքի հավելումով։

Դոնդողի կտորները բազմաձև են․ փոքր խորանարդներ, աստղիկներ կամ ուղղանկյուն շերտեր․ համը նույնպես տատանվում է․ կոկոս, կոնյակ, լորենի, խոտաբույսեր, մանգո, սուրճ և կանաչ թեյ։ Լրացուցիչ համ ու երանգ հաղորդելու համար օգտագործում են մրտուկի կամ ոսկեգույն ոլոռի մածուկ, ինչը թայվանական սառցե աղանդերին բնորոշ հավելում է։ Թեյարանների մեծ մասում օգտագործվում են նաև ալոե, քաստարդ և սագո։ «Փոփինգ բոբա»․ թաղանթավոր գնդիկներ են, որոնք պարունակում են մրգահյութեր կամ օշարակներ` տարբեր համերով՝ մանգոյի, ելակի, կանաչ խնձորի, մարակույայի, նռան, նարնջիի, կանտալուպի, հապալասի, սուրճի, շոկոլադի, յոգուրտի, կիվիի, դեղձի, բանանի, լայմի, բալի, արքայախնձորի, կարմիր գուավայի և այլն։

Շաքար և սառույց խմբագրել

«Գնդիկներով թեյ» խանութները հաճախ այցելուներին տալիս են սառույցի կամ շաքարի քանակի ընտրություն։ Շաքարի չափը սովորաբար նշվում է տոկոսով (օրինակ՝ 30%, 50%, 70%, 100%), իսկ սառույցի չափը նշվում է սովորական եղանակով (օրինակ՝ առանց սառույցի, ջրի քիչ քանակություն, սառույցով)։ Այս թեյը առաջարկվում է նաև որոշ ռեստորաններում,օրինակ՝ Din Tai Fung ռեստորանում

Փաթեթավորում խմբագրել

Հարավարևելյան Ասիայում գնդիկներով թեյը ավանդաբար փաթեթավորվում է պլաստմասե բաժակի մեջ՝ վերցնելու համար, և կնքվում պլաստիկ կամ կորաձև կափարիչով։

Նոր շուկայի ներկայացուցիչները փորձեցին տարբերակել իրենց արտադրանքը՝ փաթեթավորելով դրանք շշերի[5] և այլ հետաքրքիր կաղապարների մեջ։

Ոմանք նույնիսկ հրաժարվեցին շշերից և սկսկեցին օգտագործել պլաստմասե կնքված փաթեթներ[6]։ Այնուամենայնիվ, կնքված կափարիչով ավանդական պլաստմասե բաժակը վերցնելու համար շարունակում է մնալ փաթեթավորման ամենատարածված մեթոդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Леонид Гаврилов. Тайвань: Путеводитель(չաշխատող հղում).
  2. 2,0 2,1 2,2 Чу, 2014, էջ 36
  3. 3,0 3,1 Derrick Chang. Bubble tea: How did it start? // Си-Эн-Эн, 12 июля 2017 года.(անգլ.)
  4. «Everything You Need To Know About Bubble Tea». Sous Chef (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  5. Daniel Ang. «Teabrary 小茶識 – Bubble Tea Shop Opened By MediaCorp Host Vivian Lai, Offering Trendy Dessert Teas – DanielFoodDiary.com» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Another example of bubble tea in unique packaging, this is bubble tea in plastic bags for drinking. | Bubble tea recipe, Food and drink, Cafe food». Pinterest (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդիկներով թեյ» հոդվածին։