Գյուղացիական կանոնադրություն (1912)

Գյուղացիական կանոնադրություն, («Գյուղացիների ժամանակավոր կախյալ վիճակի վերացման օրենք»), 1912 թվականին ընդունված ագրարային ռեֆորմ Ռուսաստանում։

1860-70-ական թվականներին գյուղացիական ռեֆորմներն Անդրկովկասում տարածվեցին միայն կալվածատիրական գյուղացիների վրա և ըստ էության չլուծեցին գյուղացիների հողային հարցը[փա՞ստ], ովքեր ընկան կախյալ կամ կիսակախյալ վիճակի մեջ։ 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության, ինչպես և դրան հաջորդած տարիներին գյուղացիական շարժումներն աշխուժացան նաև Անդրկովկասում։ Այդ շարժումները ճնշելու նպատակով Կովկասի փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովը 1910 թվականի հունիսին նախագիծ ներկայացրեց կառավարությանը՝ գյուղացիների ժամանակավոր կախյալ վիճակի վերացման մասին։ Ռուսաստանի ցարական կառավարությունը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը և ղեկավարվելով ստոլիպինյան ագրարային քաղաքականության սկզբունքներով, 1912 թվականի դեկտեմբերի 20-ին օրենք հրապարակեց Անդրկովկասի կալվածատիրական գյուղացիների ժամանակավոր կախյալ վիճակի վերացման մասին։ Այդ օրենքով 1913 թվականի հունվարի 1-ից նրանք դասվում էին սեփականատեր շինականների շարքը։ Պետության օժանդակությամբ գյուղացիները պարտադիր կարգով գնում էին իրենց հողաբաժինը՝ 28,41 կամ 56 տարվա ընթացքում արժեքը պետությանը վերադարձնելու պայմանով։ Մինչև փրկագնի լրիվ մարումը նրանք պետք է պետական գանձարան մուծեին սահմանված տոկոսները 28 տարվա ժամկետի դեպքում մեկ ռուբլու դիմաց տարեկան 6 կոպեկ, 41-ի՝ 5 կոպեկ, 56-ի՝ 4,5 կոպեկ։ Գյուղատեղերն ու այգիները, սեփականատիրական իրավունքով, անվճար անցնում էին գյուղացիներին։ Կալվածատերերը հողի արժեքը միանվագ ստանում էին պետական գանձարանից։ Անդրկովկասում վերջապես վերացվում էին ֆեոդալական հարաբերությունների մնացորդները, նպաստավոր պայմաններ էին ստեղծվում կապիտալիզմի զարգացման համար։ Իսկ գյուղացին (կալվածատիրական գյուղացիության միայն 5% ը փրկագնեց իր բաժնեհողը) հողի սեփականատեր դառնալու համար ընկնում էր ծանր պարտքերի տակ, ուժեղանում էր նրա քայքայման ու աղքատացման պրոցեսը։ Անդրկովկասի բոլշևիկները խստորեն քննադատեցին գյուղացիական կանոնադրությունը և պահանջեցին ամբողջ հողը հանձնել գյուղացիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 128