Գյուղատնտեսական բանկի շենք

Պատմամշակութային շենք Երևանի կենտրոնում։

Գյուղատնտեսական բանկի շենք, պատմամշակութային շենք Երևանի կենտրոնում՝ Խորենացի, Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների հատույթում։ Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Կառուցվել է 1929 թվականին։

Գյուղատնտեսական բանկի շենք
Գյուղբանկի շենքի ճակատային մասը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակշենք
ՔանդակագործՆիկողայոս Բունիաթյան
Ստեղծում1929
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՓողոցՄովսես Խորենացու փողոց, Վազգեն Սարգսյան փողոց և Դեղատան փողոց
ՀասցեԴեղատան փող. 2, 4, 5[1]
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Ներկա վիճակՊահպանվել է միայն ճակատային մասը
ՀՀ ՊՄԱՀ1.6/97

Պատմությունը խմբագրել

20-րդ դարում Հայաստանում ակտիվորեն զարգանում էր տնտեսությունը։ Շուտով այդ զարգացման ֆոնին անհրաժեշտություն է դառնում բանկերի համար շենքերի կառուցումը։ Գյուղատնտեսական բանկի շենքի կառուցման գաղափարը պատկանում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր Գյուղատնտեսական բանկի շենքի կառուցման աշխատանքներով։ 1925 թ. հոկտեմբերի 5-ին «Շինարար» բաժնետիրական ընկերությունը և Գյուղբանկի վարչությունը նախնական պայմանավորվածություն են կնքում բանկի շենքի կառուցման մասին։ Իսկ 1926 թ. փետրվարի 10-ին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի և Գյուղատնտեսական բանկի միջև կնքվում է շենքի նախագծման վերաբերյալ պայմանագիրը։ Նույն տարվա օգոստոսի 10-ին Երևանի քաղաքային խորհրդի և Գյուղբանկի վարչության միջև կնքվում է պայմանագիր՝ հողատարածքը 49 տարով վարձակալելու մասին։

Այդ հողատարածքը, որտեղ հետագայում կառուցվելու էր Գյուղատնտեսական բանկի շենքը, գտնվել է Էնգելսի (ներկայումս՝ Դեղատան) և Տեր-Ղուկասովսկու (ներկայումս՝ Վ. Սարգսյան) փողոցների անկյունում։ Պայմանագրի համաձայն՝ տեղամասի մակերեսը կազմել է 274.64 քառ. սաժեն, որը կարող էր ընդլայնվել՝ ըստ անհրաժեշտության։ 1926 թ. նույն օրը Գյուղբանկի վարչությունն ու «Շինարար» ընկերությունը կնքում են Գյուղբանկի շենքի կառուցման մասին պայմանագիրը։ Մեկ տարի անց սկսվում է նաև բանկի աշխատակիցների համար հանրակացարանի շենքի կառուցումը (շենքին կից)։

Հաստատված պլանով նախատեսվում էր Գյուղատնտեսական բանկի շենքի շինարարությունը սկսել 1925 թ. հոկտեմբերի 1-ին և շահագործել այն 1927 թ., սակայն մի շարք պատճառներով շինարարական աշխատանքներն ավարտվում են 1929 թ.։

Ոճը խմբագրել

Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցված է այն ժամանակ ամենաթանկարժեք համարվող քարից՝ սև տուֆից՝ նեոկլասիկ ոճով։ Այն համահունչ էր 1930-ականներին տվյալ տարածքում գտնվող ռուսական տաճարի և հրապարակի ընդհանուր համալիրի տեսքին։

Բանկի գործունեությունը խմբագրել

Գյուղատնտեսական բանկը հիմնված էր գյուղատնտեսական վարկեր տրամադրող ընկերությունների վրա, որոնք տեղակայնված էին Հայաստանի 29 կետերում։ Բանկի միջոցներն էին սեփական կապիտալը, Կենտրոնական գյուղատնտեսական բանկից ստացված փոխառությունները և ընթացիկ հաշիվները։

Բացման պահին Գյուղատնտեսական բանկի կապիտալը կազմել է 750.000 ռուբլի։

Բանկն իր գործունեությամբ զգալիորեն նպաստեց Հայաստանի գյուղատնտեսության վերականգնմանը։

Այլ հաստատություններ խմբագրել

1928 թ. Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ Գյուղատնտեսական բանկի վարձակալության պայմանագիրը երկարաձգվում է մինչև 65 տարի։ Համաձայն այդ պայմանագրի՝ բանկի շենքում տեղակայվում են նաև այլ հաստատություններ, մասնավորապես Ոռոգման աշխատանքների վարչությունը, Անդրկովկասյան երկաթուղու քաղաքային կայանը, Հայբնակկոոպը, Էրիվանի կոմունալ տրեստը և Պետական արդյունաբերությունը։

1944 թ. շենքում գործել է նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետաշխդրամարկղերի և պետվարկի վարչությունը, հետագայում` ՍՍՀՄ Պետաշխխնայդրամարկղի հայկական հանրապետական գլխավոր վարչությունը։ Բանկի հարևանությամբ մի կողմում գտնվում էր Ղանթարի շուկան, մյուս կողմում՝ ռուսական Նիկոլաևյան Սուրբ Աննա տաճարը, Ջանփոլադյանների թատրոնը, որը հետագայում կոչվեց Սպայի տուն, Ոստիկանության գլխավոր վարչությունը, քաղաքային զբոսայգին և քաղաքի ամենաշքեղ հյուրանոցները՝ «Գրանդ հոթել»-ը, «Ֆրանսիա»-ն և «Լիոն»-ը։

Շենքի վերակառուցումը խմբագրել

Գյուղբանկի շենքի վերակառուցման և բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման աշխատանքները նախաձեռնել է «Փրոփերթի դիվելոփմենթ քոմփանին»։2010 թ. դեկտեմբերին «Փրոփերթի դիվելոփմենթ քամփանին», որը հանդիսանում է «Ամերիա» ընկերության խմբի անդամ, հայտարարեց Գյուղատնտեսական բանկի շենքի տարածքում (Երևանի Խորենացի, Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների հատույթ) բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ։ Արդյունքները անփոփվեցին 2011 թ. մարտին։ 2012 թ. անցկացվեցին հանրային լսումներ։ Գյուղբանկի շենքը, որն ընդգրկված էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, քանդվեց 2013 թվականին։ Պահպանվել է միայն դիմերեսը։ 2014 թ. նոյեմբերին մեկնարկեց «Կամար» բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը։

Կամար բիզնես համալիր խմբագրել

 
Գյուղատնտեսական բանկի շենքը վերակառուցումից հետո, 2018 թվական

Կամար բիզնես համալիրի շենքի կառուցումն ավարտին հասցվեց 2018 թ.: Ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները։ «Կամար» գործարար համալիրի շենքը կառուցվել է նորագույն շինարարա-ինժեներական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Համալիրը միավորում է տարբեր պատմական ժամանակաշրջանների 3 շենքեր (Գյուղատնտեսական բանկի, Թիֆլիսի առևտրային բանկի և համալիրի շենքերը)՝ ցարական, խորհրդային և ժամանակակից[2]։

Շենքի մուտքը կառուցված է մեծ կամարի ձևով, որի վրա կա պղնձե ծառի քանդակային պատկեր (հեղինակներ՝ Ռուբեն Հասրաթյան և Դավիթ Երևանցի)։

Բիզնես համալիրը Հայաստանում «կանաչ» բիզնես կենտրոնի առաջին նախագիծն է։ Շենքը համապատասխանում է էներգախնայողության և էկոլոգիական շինարարության միջազգային չափանիշներին, հագեցած է բարձր տեխնոլոգիական օդափոխության եւ ջերմաստիճանի կառավարման համակարգերով, ինչպես նաեւ էներգախնայող համակարգերով, որոնք թույլ են տալիս խնայել ծախսերը մինչև 35%։ Շենքը բաղկացած է 9 վերգետնյա հարկից, ունի 7 մարդատար վերելակ։ Կենտրոնն ունի նաև 100 տեղանոց երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Այն առաջին կենտրոնն է, որ ունի էլեկտրամոբիլների լիցքավորման կայան[2]։

«Կամար»-ի ընդհանուր մակերեսը 23,000 քմ է, որի մեծ մասն արդեն վարձակալված է. այստեղ են տեղակայված «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը, «Կամար» բանկի մասնաճյուղը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գրասենյակը, Ասիական զարգացման բանկի գրասենյակը, ինչպես նաեւ ասիական խոհանոցի «Գաստրոպոլիս» ռեստորանը և մի քանի այլ գրասենյակներ։ Շուտով այստեղ կտեղափոխվի նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/97