Գլխավոր շտաբ, զինվորական կառավարման բարձրագույն մարմին, որը գլխավորում է կենտրոնական և տեղական բոլոր զինվորական մարմինների աշխատանքը, ապահովում տեղեկատվության երկկողմանի հոսք հրամանատարության և ենթակա զորամասերի միջև։

Գլխավոր շտաբի ծառայությունը ծագել է XVI-XVII դարերում, երբ բանակներում հաստատվեցին գեներալ-կվարտիրմեյստերների պաշտոններ, որոնք վարում էին տեղանքի և ճանապարհների ուսումնասիրման, զորքերի տեղաշարժման, հետախուզության կազմակերպման և այլ աշխատանքներ։ Սկզբում այդ պաշտոնները գործի էին դրվում միայն պատերազմի ժամանակ, իսկ XVIII դարի վերջից մշտական դարձան։ Ֆրանսիայում 1792 թվականից գեներալ-կվարտիրմեյստերությունը ստացավ բանակի գլխավոր շտաբ անվանումը։ Պրուսիայում 1785 թվականից «Գլխավոր շտաբ» և «գեներալ-կվարտիրմեյստեր» անվանումը միևնույն նշանակությունն են ստանում։

Գլխավոր շտաբի պատմությունը Ռուսական կայսրությունում խմբագրել

Ռուսաստանում XVIII դարի սկզբներից գոյություն են ունեցել գլխավոր շտաբի և կվարտիրմեյստերական աստիճանակարգեր։ 1815 թվականին ստեղծվել է գլխավոր շտաբներ, որի մեջ մտավ նաև կվարտիրմեյստերական ծառայությունը։ 1863 թվականին ստեղծվեց գլխավոր շտաբների Գլխավոր վարչություն, որը 1865 թվականին մտցվել է գլխավոր շտաբի կազմի մեջ։ 1905 թվականին գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունը դարձել է ինքնուրույն մարմին, որի պետը անմիջականորեն ենթարկվում էր կայսրին, իսկ 1908 թվականից՝ ռազմական մինիստրին։

Գլխավոր շտաբի պատմությունը արևմտաեվրոպական երկրներում խմբագրել

Արևմտաեվրոպական երկրներում գլխավոր շտաբի դերը սկսեց աճել XIX դարի 2-րդ կեսից։ Պրուսիայում, այսպես կոչված, Մեծ գլխավոր շտաբը առաջատար դեր ստանձնեց զինվորական վարչության մեջ և որոշակի ազդեցություն սկսեց գործել Գերմանիայի ագրեսիվ քաղաքականության հետագա զարգացման վրա։ Ֆրանսիայում գլխավոր շտաբը զբաղվում էր զորքերի նախապատրաստման, գործողությունների պլանավորման և իրականացման հարցերով։ Պատերազմը վարելու և այն նյութապես ապահովելու հարցերը վճռում Էր կառավարությունը։ XX դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին բանակի կայսերական գլխավոր շտաբ (ենթարկվում Էր ռազմական մինիստրին), ծովային և ցամաքային շտաբներ։ Բոլոր շտաբների գործունեությունը համաձայնեցնում Էր գլխավոր շտաբի պետը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայում առանձնահատուկ դեր Էր խաղում գերմանական գլխավոր շտաբը, որը 1932 թվականից սկսել Էր իրագործել ռայխսվերի ընդարձակման գաղտնի ծրագրեր։ 1938 թվականից գերմանական գլխավոր շտաբի մեջ Էին մտնում Գերագույն հրամանատարության շտաբը և առանձին զորատեսակների գլխավոր շտաբները։ Ռազմաճակատներում զինվորական ուժերի ղեկավարման հիմնական դերը պատկանում Էր ցամաքային ուժերի գլխավոր շտաբին, որն ընդգրկում Էր մի շարք վարչություններ (օպերատիվ, հետախուզական և այլն)։ 1945 թվականի մայիսին, Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ, գերմանական գլխավոր շտաբը լուծարքի ենթարկվեց։

Գլխավոր շտաբի կառուցվածքը և սկզբունքները Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ֊-ում գլխավոր շտաբները գործում էին կոլեգիալ սկզբունքով։ Գլխավոր շտաբի ֆունկցիան կատարում Էին շտաբների պետերի կոմիտեները։ Անգլիայի շտաբների պետերի կոմիտեն բաղկացած Էր կայսերական գլխավոր շտաբի պետից (նախագահ), առաևձիև զորատեսակների շտաբների, պաշտպանության մինիստրությանը կից շտաբի և միացյալ գործողությունների շտաբի պետերից։ 1970-ական թվականների սկզբներիև այդ երկրներում պահպանվել Էր գլխավոր շտաբի աշխատանքի կոլեգիալ սկզբունքը։ ԳՖՀ-ում գլխավոր շտաբի ֆունկցիաները կատարում է ռազմական հարցերի գծով Գլխավոր վարչությունը։ Նրան են ենթարկվում բոլոր զորատեսակների գլխավոր շտաբները։ ՆԱՏՕ-ի խորհրդին կից ստեղծված է Ռազմական կոմիտե, որը փաստորեն հյուսիս-ատլանտյան բլոկի գլխավոր շտաբն Է։

Գլխավոր շտաբի պատմությունը ԽՍՀՄ-ում խմբագրել

ԽՍՀՄ-ում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1918 թվականի մայիսին ստեղծվեց համառուսական գլխավոր շտաբ (ռուս.՝ Всероглавштаб)։ Օպերատիվ ղեկավարման մարմինը 1918 թվականի սեպտեմբերից դարձավ Հանրապետության Ռազմահեղափոխական խորհրդի շտաբը, իսկ նոյեմբերի 8-ից՝ Հանրապետության Դաշտային շտաբը։ 1921 թվականի փետրվարին Համառուսական գլխավոր շտաբը միավորվեց Դաշտային շտաբի հետ և կոչվեց Բանվորա-գյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) շտաբ։ Խորհրդային գլխավոր շտաբի զարգացումը կապված է Մ․ Ֆրունզեի [(ԲԳԿԲ) շտաբի պետ 1924 թվականի ապրիլ-1925 թվականի հունվար] անվան հետ։ 1935 թվականի սեպտեմբերի 22-ին ԲԳԿԲ շտաբը վերանվանվեց ԲԳԿԲ գլխավոր շտաբ։ 1941-ից 1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավոր շտաբը Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայանի հիմնական մարմինն Էր։ Այստեղ Էին լուծվում ռազմաճակատների զինված ուժերի ստրատեգիական պլանավորման և ղեկավարման հարցերը։ Գլխավոր շտաբի պետ Էին Բ․ Ս․ Շապոշնիկովը (1941 թվականի օգոստոս—1942 թվականի մայիս), Ա․ Մ․ Վասիլնսկին (1942 թվականի հունիս—1945 թվականի փետրվար), Ա․ Ի․ Անտոնովը (1945 թվականի փետրվարից)։

Խորհրդային գլխավոր շտաբը, որպես զինվորական կառավարման բարձրագույն մարմին, ապահովում է զինված ուժերի տեսակների գլխավոր շտաբների, թիկունքի շտաբի, պաշտպանության մինիստրության գլխավոր և կենտրոնական վարչությունների համաձայնեցված գործողությունները։ 1946 թվականի մարտից կոչվում է ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբ։ 1971 թվականի սեպտեմբերից գլխավոր շտաբի պետն է Վ․ Գ․ Կուլիկովը։ 1953 թվականի մարտից ԽՍՀՄ-ում գլխավոր շտաբի պետը միաժամանակ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալն Է։ Ինչպես ԽՍՀՄ-ում այնպես Էլ մյուս սոցիալիստական երկրներում, գլխավոր շտաբները մտնում են պաշտպանության մինիստրությունների մեջ և ենթարկվում են պաշտպանության մինիստրներին։ Վարշավայի պայմանագրի պետությունների Միացյալ զինված ուժերի գործունեության համաձայնեցման նպատակով գոյություն ունի այդ երկրների Միացյալ զինված ուժերի շտաբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 97