Գիտատեխնիկական հեղափոխություն

Գիտատեխնիկական հեղափոխություն, պատմության նորագույն շրջան, որն իրավամբ կարելի է համարել քաղաքակրթության գիտատեխնիկական հզոր առաջընթացի դարաշրջան։ Անընդհատ բնույթ ստացած այդ գործընթացի արդյունքում շարունակաբար տեղի են ունենում հասարակական կյանքի արմատական փոփոխություններ։ Գիտության և տեխնիկայի նվաճումների աննախադեպ ներդրման շնորհիվ կտրուկ վերելք ապրեց տնտեսությունը, զարգացան մշակույթի բոլոր բնագավառները, ի հայտ եկան սպասարկման և հանգստի նոր ոլորտներ, էականորեն բարելավվեց մարդկանց կենսամակարդակը։ Այս դարակազմիկ փոփոխությունների հիմքում ընկած էին գիտության, տեխնիկայի և արտադրության թռիչքաձև զարգացումն ու միաձուլումը։

Այս գործընթացները սկիզբ էին առել դեռևս XIX դարում սակայն գիտությունը, տեխնիկան և արտադրությունը մինչև XX դարի 30–ական թվականներին հասարակական կյանքի ինքնուրույն, առանձին ոլորտներ էին։

1940–ական թվականների երկրորդ կեսին սկսվեց գիտատեխնիկական առաջընթացի մի նոր փուլ, որն ստացավ գիտատեխնիկական հեղափոխություն (ԳՏՀ) անվանումը։ Այդպես է կոչվել, որովհետև գիտությունն ու արտադրությունը ոչ միայն թռիչքաձև զարգացան, այլև դրանց միաձուլման արդյունքում գիտությունը դարձավ արտադրողական ուժ։ Եթե մինչ այդ գիտական հայտնագործությունների և նվաճումների պահից մինչև արտադրության մեջ դրանց ներդրումը տևում էր տասնյակ տարիներ, ապա ԳՏՀ–ի պայմաններում այն կատարվում էր շատ արագ, գյուտերը և նորույթները ներդրվում էին անմիջապես։ Գիտությունն աշխատում էր արդյունաբերության և տնտեսության մյուս ոլորտների համար, իր հերթին տնտեսությունը նորանոր պահանջներ ու խնդիրներ էր առաջադրում գիտությանը։ Այս միասնացված գործընթացը նպաստում էր գիտության, տեխնիկայի և արտադրության փոխկապակցված զարգացմանը։ ԳՏՀ–ն շարունակվում է նաև մեր օրերում և ընդունված է նրա պատմությունը բաժանել երկու փուլի՝

  1. 1940–ական թվականների երկրորդ կեսից մինչև 1960–ական թվականների ավարտը,
  2. 1970–ական թվականներից մինչև մեր օրերը։

Գիտատեխնիկական հեղափոխությունը գիտությունը հասարակական արտադրության զարգացման առաջատար գործոնի վերածելու հիմքի վրա արտադրողական ուժերի արմատական, որակական վերափոխում։ Գիտատեխնիկական հեղափոխության ժամանակ, որն սկսվել է XX դարի կեսերին, սրընթաց զարգանում է և ավարտվում գիտությունն անմիջական արտադրողական ուժի վերաճելու պրոցեսը։ Գիտատեխնիկական հեղափոխությունը փոփոխում է հասարակական արտադրության ողջ դեմքը, աշխատանքի պայմանները, բնույթն ու բովանդակությունը, արտադրողական ուժերի, աշխատանքի հասարակական բաժանման և հասարակության ճյուղային և պրոֆեսիոնալ կառուցվածքը, հանգեցնում աշխատանքի արտադրողականության կտրուկ աճի, ներազդում հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա՝ ներառյալ գյուղատնտեսությունը, տրանսպորտը, կապը, մշակույթը, կենցաղը, մարդկանց հոգեբանությունը, բնության հետ հասարակության փոխհարաբերությունը և այլն, շեշտակի արագացնում գիտատեխնիկական առաջընթացը։ Գիտատեխնիկական հեղափոխությունը մարդկության պատմության օրինաչափ էտապ է՝ բնորոշ կապիտալիզմից կոմունիզմի անցման դարաշրջանին։ Այն համաշխարհային երևույթ է, սակայն դրսնորման ձևերը, ընթացքը և հետևանքները սոցիալիստական ու կապիտալիստական երկրներում սկզբունքորևն տարբեր են։

Գիտատեխնիկական հեղափոխությունը երկարատև պրոցես է, ունի երկու գլխավոր նախադրյալ՝ գիտատեխնիկական և սոցիալական։ Գիտատեխնիկական հեղափոխության նախապատրաստման գործում կարևորագույն դեր խաղացին XIX դարի վերջի և XX դարի սկզբի բնագիտության նվաճումները, երբ մատև երիայի վերաբերյալ հայացքներում կատարվեց արմատական հեղաշրջում՝ ձևավորվեց աշխարհի նոր պատկերը։ Դա Վ․ Ի․ Լենինն անվանևց նորագույն հեղափոխություն բնագիտության մեջ։ Այն սկզբնավորվեց էլեկտրոնի, ռադիումի հայտնաբերումով, քիմիական տարրերի փոխարկմամբ, հարաբերականության և քվանտային տեսությունների ստեղծմամբ։ XX դարի առաջին տասնամյակներին էապես կերպափոխվեցին քիմիայի տեսական հիմունքները, սկսվեց ներթափանցումը ժառանգականության մեխանիզմի մեջ, զարգացավ գենետիկան, ձևավորվեց քրոմոսոմային տեսությունը, հայտնագործվեց ռադիոն, ծնվեց ավիացիան, հեղափոխական առաջընթաց տեղի ունեցավ տեխնիկայում, առաջին հերթին՝ արդյունաբերության մեջ և տրանսպորտում էլեկտրականության կիրառման շնորհիվ։ 40-ական թվականներին գիտությունը լուծեց ատոմի միջուկի ճեղքման պրոբլեմը, մարդկությունը տիրապեւոեց ատոմային էևերգիային։ Կարևորագույն նշանակություն ունեցավ կիբեռնետիկայի ծնունդը։ 50-ական թվականների․ 2-րդ կեսից ԽՍՀՄ-ում Տիեզերքի հետազոտության, գիտության կազմակերպման ու պլանավորման փորձի ազդեցության ներքո մի շարք տերություններում ստեղծվեցին գիտական գործունեության պլանավորման և կառավարման համապետական մարմիններ։ Մեծ թափ ստացավ գիտության և գիտահետազոտական կազմակերպությունների ֆինանսավորումը, գիտության նվաճումները արագորեն սկսեցին ներդրվել արտադրության մեջ, գիտությունն ու արտադրությունը օրգանապես միահյուսվեցին։ 50-ական թվականներին ստեղծվեցին և գիտական հետազոտություններում, արտադրության մեջ, ապա կառավարման բնագավառում լայնորևն կիրառվեցին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (ԷՀՄ), որոնք դարձան գիտատեխնիկական հեղափոխության խորհրդանիշը։ ԷՀՄ-ի ստեղծմամբ մարդկանց տրամաբանական, մտավոր ֆունկցիաների կատարումը մասամբ փոխանցվեց մեքենային, հեռանկարում հնարավորություն ստեղծվեց անցնել արտադրության ու կառավարման համալիր ավտոմատացմանը։ ԷՀՄ սկզբունքորեն նոր տիպի տեխնիկա է, որը փոխում է մարդու դիրքն ու դերը արտադրության պրոցեսում, մարդ-մեքենա հարաբերությունում։ Այսպիսով, 40—50-ական թվականներին մարդկությունը թևակոխեց գիտատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանը։

Զարգացման արդի էտապում գիտատեխնիկական հեղափոխության հատուկ են հետևյալ հիմնական գծերը․

  • գիտության վերափոխում անմիջական արտադրողակաև ուժի, գիտության, տեխնիկայի և արտադրության միասնացում՝ գիտական նոր գաղափարի արտադրական մարմնավորման ժամկետների կրճատում.
  • սոցիալ-տնտեսական գործունեության մարզում, գիտության՝ առաջատար ոլորտի վերածման շնորհիվ, աշխատանքի հասարակական բաժանման նոր էտապ.
  • արտադրողական ուժերի բոլոր տարրերի, աշխատանքի առարկայի, արտադրության գործիքների և հենց աշխատողի որակական վերափոխում.
  • աշխատանքի բնույթի և բովանդակության, արտադրության պրոցեսի փոխակերպում «․․․ աշխատանքի պարզ պրոցեսից գիտականի․․․»[1],
  • այդ հիմքի վրա մտավոր և ֆիզիկական աշխատանքի, քաղաքի և գյուղի, արտադրական և ոչ արտադրական ոլորտների միջև հակադրությունների ու էական տարբերությունների հաղթահարման նյութատեխնիկական նախադրյալների ստեղծում.
  • որակապես նոր, նախապես տրված հատկություններով արհեստական նյութերի, ինչպես նաև էներգիայի անսպառ աղբյուրների հայտնադործում.
  • ինֆորմացիոն գործունեության սոցիալ-տնտեսական ձևերի բարձրացում, որպես հասարակական արտադրության կազմակերպման, կառավարման ու վերահսկման միջոցի, մասսայական հաղորդակցման միջոցների վիթխարի աճ.
  • աշխատավորության ընդհանուր և հատուկ մասնագիտական կրթության, կուլտուրական մակարդակի, ազատ ժամանակի աճ,
  • գիտությունների փոխներգործունեություն, բարդ պրոբլեմների համալիր հետազոտման, հասարակական գիտությունների և գաղափարական պայքարի դերի մեծացում.
  • հասարակական առաջընթացի շեշտակի արագացում, երկրի մասշտաբով մարդկության ողջ գործունեության հետագա ինտերնացիոնալացում, այսպես կոչված «էկոլոգիական պրոբլեմների» առաջացում և դրա հետ կապված «հասարակություն-բնություն» համակարգի գիտական կարգավորման անհրաժեշտություն։

Գիտատեխնիկական հեղափոխությունը ստեղծում է մարդկանց գործունեության կարևորագույն ոլորտների միասնական համակարգի առաջացման նախադրյալներ, բնության ու հասարակության օրինաչափությունների տեսական ճանաչման (գիտություն), բնության վերափոխման փորձի ու տեխնիկական միջոցների համալիրի (տեխնիկա), նյութական բարիքների արտադրության պրոցեսի (արտադրություն) և արտադրության պրոցեսում պրակտիկ գործունեության եղանակների ռացիոնալ փոխկապակցություն (կառավարում)։ Արմատապես և որակապես վերափոխելով արտադրական պրակտիկան, կյանքի կոչելով սկզբունքորեն նոր առաջադեմ ճյուղեր (ռադիոէլեկտրոնիկա, ատոմային էներգետիկա, սինթետիկ նյութերի քիմիա, ԷՀՄ-ի արտադրություն ևն), տեխնոլոգիական պրոցեսներ ու էներգիայի նոր աղբյուրներ, ցանկալի հատկություններով նյութերի ստացում՝ գիտատեխնիկական հեղափոխության նվազեցնում է մարդկանց կախյալ վիճակը բնությունից։ Այն նախադրյալներ է ստեղծում արմատապես վերափոխելու արտադրության բնույթը և գլխավոր արտադրողական ուժի՝ աշխատավորության ֆունկցիաները, ծնում նոր մասնագիտություններ (ծրագրավորող, կարգավորող, կառավարող ևն)։ Գիտատեխնիկական հեղափոխությանը, ինչպես և ամեն մի տեխնիկական հեղաշրջմանը «․․․ անխուսափելիորեն հետևում է արտադրության հասարակական հարաբերությունների ամենասուր բեկում»[2]։

Գիտատեխնիկական հեղափոխության նվաճումների կապիտալիստական կիրառումը ելնում է առաջին հերթին մոնոպոլիաների շահերից և ուղղված է նրանց տնտեսական և քաղաքական դիրքերի ամրապնդմանը։ Կապիտալիզմի պայմաններում գիտատեխնիկական հեղափոխության ունի հակամարտ բնույթ, նրա ըստ ամենայնի զարգացումը խոչընդոտվում է կապիտալիստական արտադրաեղանակի շրջանակների սահմանափակությամբ, խորացնում աշխատանքի և կապիտալի միջև անհաշտելի հակասությունները, հանգեցնում տնտեսական և քաղաքական ճգնաժամերի, մեծ մասշտաբների հասցնում գործազուրկների թիվը։ Այն ուժեղացնում է կապիտալիզմից սոցիալիզմի անցման օբյեկտիվ անհրաժեշտությունը, դառնում ևամաշխարհային հեղափոխական պրոցեսի արագացուցիչ գործոններից մեկը։ Սոցիալիստական երկրներում, ընդհակառակը, գիտատեխնիկական հեղափոխության ընթանում է անխաթար, և կոմունիզմի, նյութատեխնիկական բազայի ստեղծումը ենթադրում է դրա նվաճումների օրգանական միացում սոցիալիզմի առավելությունների հետ, քանի որ դրանում կենսականորեն շահագրգռված են հասարակության բոլոր անդամները։ Վերջիններիս նյութական ու կուլտուրական բարեկեցության անընդհատ բարձրացման նպատակին է ծառայում գիտատեխնիկական հեղափոխության, դրա բարեհաջող ընթացքը նպաստում է կոմունիստական շինարարության տնտեսական և սոցիալական համալիր խնդիրների լուծմանը՝ համակողմանի ու ներդաշնակ անհատ ձևավորելու համար նյութական ու հոգևոր նախադրյալներ ստեղծելուն։ Գիտատեխնիկական հեղափոխության էության և սոցիալական հետևանքների մեկնաբանումը մարքսլենինյան ու բուրժուական գաղափարախոսությունների սուր պայքարի ասպարեզ է։

Գրականությունը խմբագրել

  • Քոթանյան Մ․ Խ․, Գիտա-տեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը, Ե․, 1969։
  • Գիտա-տեխնիկական հեղափոխությունը և սոցիալիզմը, Ե․, 1975։
  • Գիտա–տեխնիկական հեղափոխություն, փիլիսոփայական և սոցիալական պրոբլեմները, պրակ 1, Ե․, 1975։
  • Научно-техническая революция и общественный прогресс, М․, 1969.
  • Современная научно-техническая революция․ Историческое исследование, 2 изд․, М․, 1970.
  • Афанасьев В․ Г․, Научно-техническая революция, управление, образование, М․, 1972.
  • Научно-техническая революция и социализм, М․, 1973.
  • Марков Н․ В․, Научно-тех–ническая революция, анализ, перспективы, последствия, М․, 1973.
  • Глаголев В․ Ф․, Гудожник Г․ С․, Козиков Н․ А․, Современная научно-техническая революция, М․, 1974.
  • Товмасян С․ С․, Качественные фазы развитя техники и научно- техническая революция, Е․,- 1970․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Маркс К․ и Эн–гельс Փ․, Соч․, 2 изд․, т․ 46, էջ 208.
  2. Լենին Վ․ Ի․, հ․ 3, էջ 571։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 79