Գերարդ Ռևե

հոլանդացի գրող

Գերարդ Ռևե (հոլ.՝ Gerard Reve, դեկտեմբերի 14, 1923(1923-12-14)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - ապրիլի 8, 2006(2006-04-08)[4][1][2][…], Zulte, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա), հոլանդացի հայտնի գրող, 20-րդ դարի հոլանդական գրականության ճանաչված դասական։ Հարի Մուլիշի և Վիլեմ Ֆրեդերիկ Հերմանսի հետ ընդունված է նրան դասել հետպատերազմյան նիդերլանդական գրականության այսպես կոչված «մեծ եռյակի» շարքը[5]։ Գրողի ամբողջական անունը Գերարդ Կորնելիս վան հեթ Ռևե է (Gerard Kornelis van het Reve):

Գերարդ Ռևե
հոլ.՝ Gerard Reve
Ծննդյան անունհոլ.՝ Gerard Kornelis van het Reve
Ծնվել էդեկտեմբերի 14, 1923(1923-12-14)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Վախճանվել էապրիլի 8, 2006(2006-04-08)[4][1][2][…] (82 տարեկան)
Վախճանի վայրZulte, Գենտ, Արևելյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
Գրական անունSimon van het Reve
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, սցենարիստ և վիզուալ արտիստ
Լեզուհոլանդերեն
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունVossius Gymnasium?
Ժանրերվեպ, պոեզիա, էսսե և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներDe Avonden? և Nader tot U?
Պարգևներ
ԱմուսինHanny Michaelis?
Կայքnadertotreve.nl
 Gerard Reve Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռևեն ծնվել է 1923 թվականին Ամստերդամում, մանուկ հասակում ապրել է Բետոնդորպեի համեմատաբար բարեկեցիկ աշխատանքային շրջանում։ Նրա հայրը` Գերարդ Յոհաննես Մարինուս վան հեթ Ռևեն (Gerardus Johannes Marinus van het Reve, 1892-1975), եղել է համոզված կոմունիստ և վաղ տարիքից իր երկու որդիներին` Գերարդին ու նրա ավագ եղբորը` Կառելին (Karel van het Reve, 1921-1999), որը հետագայում դարձել է ռուս գրականության պրոֆեսոր[6], ներգրավել է քարոզչական գործունեության մեջ. տղաները պիոներական թերթ են տարածել տնից տուն։ Ավելի ուշ գրողը հիշում էր մանկությունը կարոտի, վախի ու մենակության զգացումով և կտրուկ մերժում էր կոմունիզմը[7]։

Վերաքննությունը չհանձնելու պատճառով գիմնազիան չավարտելով` Գերարդը 1940-1943 թվականներին սովորել է տպարանի գրաֆիկայի դպրոցում։ Մի օր նա փորձել է ինքնասպան լինել` նետվելով կամրջից, բայց լավ էր լողում ու հեշտությամբ ափ է դուրս եկել։ Պատերազմից հետո Ռևեն որոշ ժամանակ եղել է «Het Parool» թերթի թղթակից, սակայն 1947 թվականին՝ իր առաջին` «Երեկոները» վեպի հաջողությունից հետո, ազատվել է աշխատանքից և որոշել դառնալ գրող[8]։

1948-1959 թվականներին նա ամուսնացել է բանաստեղծուհի Հանի Միխայելիսի հետ (1922-2007), բայց արդեն ամուսնության ընթացքում նա երբեմն սիրավեպեր է ունեցել տղամարդկանց հետ` առանձնապես չթաքցնելով նրանց կնոջից. ամուսնալուծությունից հետո նրանք ընկերներ են մնացել։ Մի քանի տարի (մինչև 1957 թվականը) Ռևեն ապրել է Լոնդոնում, բայց այդպես էլ չի կարողացել տիրապետել անգլերենին բավականաչափ լավ, որպեսզի ստեղծագործի այդ լեզվով[9]։

Հետագա տարիներին նրա նյութական վիճակը մնում էր ծանր. նա շատ էր խմում, գումար էր վաստակում թատերական գրախոսություններով ու պիեսների թարգմանություններով։ Լքելով Ամստերդամը` 1964 թվականին նա բնակություն է հաստատել ֆրիսլանդական գյուղում, որտեղ նրան ընկերակցել է երիտասարդ սիրեցյալը` Վիլեմ Բրունո վան Ալբադան. գրողի գրքերում հիշատակվում է Վագր անվան տակ (Tijgetje), իսկ հետո նրանց է միացել նաև մեկ այլ սիրեցյալ` Հենկ վան Մանենը` Մկնիկ մականունով (Woelrat)[10]: Այս զույգը շարունակել է համատեղ կյանքը և այն բանից հետո, երբ Ռևեն հեռացել է Նիդերլանդներից։

1960-ականների երկրորդ կեսին Ռևեի էպիստոլյար վեպերի հրապարակումը նրան է վերադարձրել լայն հանրության ուշադրությունը (նա նույնիսկ պարբերաբար ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ) և դրա հետ մեկտեղ հարուցել աստվածանարգության մեղադրանքով դատավարություն։ Հայցը հրահրել է «Քեզ ավելի մոտ» գրքից մի հատված, որտեղ հեղինակը պատկերացրել է իր զուգակցումը Քրիստոսի հետ ավանակի տեսքով։ Այդ, այսպես կոչված, «Էշի դատավարությունը» ավարտվել է մեղադրանքները հետ վերցնելով` 1968 թվականին[11][12]։ Նույն թվականին Ռևեն պարգևատրվել է Հոֆտի մրցանակով և կրկին սկանդալ է հրահրել` պարգևատրման ժամանակ համբուրելով սոցիալական աշխատանքի նախարար Մարգ Կլոմպեին[11]։

1975 թվականից և գրեթե մինչև կյանքի վերջը գրողը ապրել է Ֆրանսիայի փոքրիկ գյուղում իր սիրելի Յուպ Շաֆթհեյզենի (Joop Schafthuizen) հետ, ում անվանում էր Մատրոս Լիս (Matroos Vos), և որի շնորհիվ գրեթե բուժվել է ալկոհոլիզմից[13]։

Անգլիախոս աշխարհում Ռևեին առավել մեծ ճանաչում է բերել 1983 թվականին Փոլ Վերխովենի կողմից «Չորրորդ տղամարդը» վեպի էկրանավորումը[14]։ 1989 թվականին Նիդերլանդներում «Երեկոները» վեպի էկրանավորումը ստացել է Ուտրեխտի կինոփառատոնի «Ոսկե հորթ» մրցանակը։

2001 թվականին Ռևան պարգևատրվել է նիդերլանդական գրական մրցանակով։

Կյանքի վերջին տարիներին նա տառապել Է Ալցհայմերի հիվանդությամբ և մահացել է 2006 թվականի ապրիլի 8-ին Զյուլտեում (Բելգիա

2009-2010 թվականներին լույս է տեսել հոլանդացի գրականագետ Նորբերտ Մաասի (Nop Maas) կողմից գրված Ռևեի եռահատոր կենսագրությունը։

Ստեղծագործական թեմաներ և ոճ խմբագրել

Ռևեին հռչակ բերած «Երեկոները» վեպում (1947) ներկայացված են գրասենյակային երիտասարդ ծառայող Ֆրիտս վան Էխտերսը, նրա ծնողներն ու ծանոթները, իսկ վերջերս ավարտված պատերազմի մասին չի հիշատակվում. կապակցված սյուժեն, ինչպես նաև հեղինակային մեկնաբանությունները բացակայում են։ Գրքի 10 գլուխներն ընդգրկում են 1946 թվականի դեկտեմբերի վերջի 10 երեկոները[15]։ Քննադատները նշել են, որ վեպում Ռևեն արտահայտվելու հնարավորություն է տվել իդեալներից զրկված երիտասարդ սերնդին և անհեթեթ աշխարհընկալում է ներկայացրել։ Այն բանից հետո, երբ 1960-ականներին լայնորեն հայտնի դարձավ հեղինակի համասեռամոլության մասին, վեպի ընդգծված ասեքսուալությունը նոր ընթերցում ստացավ[16]։

1960-70-ական թվականների բազմաթիվ ու հաճախ միմյանց կրկնող վեպերը նա սկսել է գրել որպես առաջին դեմքով մենախոսություններ, իր և իր սիրեկանների մասին պատմություններ, որոնք ընդմիջվում են գրականության, կրոնի և սեքսուալության մասին դատողություններով[17]։

Ռևեին յուրահատուկ հաջողություն է բերել «Սիրո լեզուն» (1972) գիրքը, որի առաջին և երրորդ մասերը ներառում են հենց պատմողների միասեռական արկածների նկարագրությունները, հաճախ սադիստական մոտեցմամբ, իսկ երկրորդը պարունակում է նամակներ` ուղղված հեղինակի կողմից մեկ այլ նիդերլանդացի գրողի[18]։

Ռևեն առաջիններից էր Նիդերլանդներում, որ չէր թաքցնում իր համասեռամոլ լինելը։ Նա բացահայտորեն գրել է տղամարդկանց միջև սեքսի մասին, ինչը ցնցել է շատ ընթերցողների։ Հաճախակի հանդիպող մի այլ թեմա էր կրոնը։ Ռևեն վստահեցնում էր, որ իր աշխատանքների գլխավոր «ուղերձը» փրկությունն էր նյութական աշխարհից, որտեղ մենք ապրում ենք։

Ռևեն պնդում էր, որ միասեռականությունն իր ստեղծագործությունների միայն մեկ շարժառիթն է այն ժամանակ, երբ ավելի խորը թեմա էր մարդկային սիրո ձախողումն աստվածային սիրո համեմատ։ Սկսած երկու հիմնական վաղ աշխատանքներից` «Ճանապարհով դեպի վերջ» և «Քեզ ավելի մոտ», նա զարգացրել է իր տեսակետներն աստվածային արարման և մարդկային ճակատագրի վերաբերյալ, հատկապես իր բազմաթիվ նամակներում։ Այդ աշխատություններն ընդգծում են կրոնական տեքստերի խորհրդանշական նշանակությունը` որպես ինտելեկտուալ միակ ընդունելի, և պնդում են Աստվածաշնչի պատմական ճշմարտացիության հարցի գոյություն չունենալը։ Ռևեն կարծում էր, որ կրոնը ոչ մի կապ չունի փաստերի, բարոյականության կամ քաղաքականության հետ։ Այն նաև ժամանակակից գիտության հետ կոնֆլիկտ չունի, քանի որ կրոնական ճշմարտություններն ու էմպիրիկ փաստերը տարբեր «աշխարհների» են պատկանում։

Ռևեի էրոտիկ արձակը մասամբ նվիրված է իր սեփական գրավչությանը, սակայն նա ձգտել է հասնել համընդհանուր ընդհանրացումների։ Նրա աշխատանքները հաճախ նկարագրել են սեքսուալությունը որպես ծիսակատարություն։ Շատ տեսարաններ սադիստական բնույթ են կրում, բայց սադիզմն ինքնին նպատակ չէ։ Ռևեն հորինել է «ռևիզմ» տերմինը, որով նա նկատի է ունեցել սեռական պատժի կատարումը` նվիրված հարգարժան մարդկանց, բարձրագույն էակներին և, ի վերջո, հենց Աստծուն։ Սա կրկին կապված է մարդկային գործողության (սեքսի) մեջ բարձրագույն իմաստ գտնելու հետ, որն անիմաստ է իր նյութական ձևով։

Ռևեի ոճը համատեղում է գրական և խոսակցական լեզուն` միաժամանակ ունենալով վառ անհատականություն։ Նրա հումորը և աշխարհի պարադոքսալ ըմբռնումը հաճախ հիմնված էին վսեմ միստիցիզմի և առողջ բանականության հակադրության վրա։ Շատ ընթերցողներ վատ էին հասկանում նրա ստեղծագործությունների հեգնանքը, ինչպես նաև Ռևեի հակվածությունը դեպի ծայրահեղ հայտարարությունները։ Շատերը նաև կասկածում էին նրա` կաթոլիկ հավատքի անցնելու անկեղծությանը, սակայն Ռևեն վստահեցնում էր իր հավատքի ճշմարտացիությունը` պնդելով, որ իրավունք ունի կրոնի և կրոնական փորձի իր սեփական մեկնաբանության համար։

Հոլանդացի քննադատ Թոն Անբեյքը Ռևեի ոճն անվանել է նիդերլանդական գրականության մեջ մաքուր ռոմանտիկ հեգնանքի եզակի օրինակ։ Ռոմանտիկ առանձնահատկություն են համարում նաև բարձրի ու ցածրի խառնուրդը նրա ստեղծագործություններում, անցումը աստվածաշնչյան վեհ լեզվից դեպի կլիշեներ և զվարճախոսություններ[19]։

Որպես Ռևեի հեգնանքի օրինակ կարող է ծառայել իր իսկ կարճ ծաղրական կեղծք ինքնակենսագրությունը` «Գրողի կյանքի ուղին», որտեղ նա պնդում է, թե ինքը ենթադրաբար ծառայել է Արևելյան Հնդկաստանում, որտեղ սիրահարվել է ջավայացի արքայազնին և ազատ է արձակել նրան կալանքից, ինչի համար դատապարտվել է բանտարկության ամրոցում[20]։

Իրեն կաթոլիկ անվանելով և 1966 թվականին պաշտոնապես մուտք գործելով հռոմեական կաթոլիկ եկեղեցի` Ռևեն միևնույն ժամանակ ժխտում էր հանդերձյալ կյանքը և Մահը համարում էր վերջ, իսկ դատողություններ անելով Աստծո հանդեպ կատարյալ սիրո մասին` կարծում էր, որ մարդը պետք է պատկանի նրան ամբողջովին` հոգով և մարմնով[21]։

Գրողին ռասիզմի մեջ են մեղադրել «գունավոր եղբայրների» հանդեպ զզվանքի մասին հիշատակելու համար, այդ և այլ մեղադրանքներին նա թունոտ կերպով է արձագանքել ինքնակենսագրության մեջ.

  Գրողին բնորոշ պարադոքսալ արտահայտությունների ու ելույթների պատճառով Գերարդ Ռևեին փոփոխակի կերպով ներկայացնում են մեկ որպես անպարկեշտ աթեիստ, մեկ` որպես աջ ռասիստ, մեկ` շովինիստ ռոյալիստ, մեկ` սնահավատ օկուլտիստ, բայց շատերը նրա մեջ տեսնում են նահատակի ու սրբի, ինչպես նաև նոր, ճշմարիտ բարոյականության առաքյալի[22]։  

Մատենագիտության ընտրանի խմբագրել

Ռուսերենով խմբագրել

Ստորև բերված են գրողի ստեղծագործությունները` ամբողջությամբ կամ մասամբ ռուսերեն թարգմանված:

  • Երեկոները / De avonden (վեպ, 1947, ռուս. մասնակի թարգմանություն 2013 ISBN 978-5-98144-163-9)
  • Վերտեր Նիլանդ / Werther Nieland (վիպակ, 1949, ռուս. թարգմանություն 2009 ISBN 978-5-98144-118-9)
  • Բոսլովիցների ընտանիքի վերջը / De ondergang van de familie Boslowits (վիպակ, 1950, ռուս. թարգմանություն 2009 ISBN 978-5-98144-118-9)
  • Մելանխոլիա / Melancholia (վիպակ անգլերենով, 1951, ռուս. թարգմանություն 2008 ISBN 978-5-98144-113-4)
  • Ակրոբատ և այլ պատմություններ / Acrobat and Other Stories (պատմվածքների ժողովածու անգլերենով, 1956, ռուս. թարգմանություն 2008 ISBN 978-5-98144-113-4)
  • Տասը զվարճալի պատմություններ / Tien vrolijke verhalen (պատմվածքների ժողովածու, 1961, ռուս. թարգմանություն 2009 ISBN 978-5-98144-118-9)
  • Ճանապարհով դեպի վերջ / Op weg naar het einde (վեպ, 1963, ռուս. թարգմանություն 2006 ISBN 5-98144-086-4)
  • Քեզ ավելի մոտ / Nader tot U (վեպ, 1966, ռուս. թարգմանություն 2006 ISBN 5-98144-086-4)
  • Բանտային երգը արձակում / A Prison Song in Prose (պատմվածք անգլերենով, 1968, ռուս. թարգմանություն 2008 ISBN 978-5-98144-113-4)
  • Չորս պաշտպանական ճառ / Vier Pleidooien (դատական ճառեր, 1971, ռուս. թարգմանություն 2013 ISBN 978-5-98144-163-9)
  • Սիրո լեզուն / De Taal der Liefde (վեպ, 1972, ռուս. թարգմանություն 1999 ISBN 5-87135-071-2)
  • Գրավիչ տղաները / Lieve Jongens (վեպ, 1973, ռուս. թարգմանություն 2006 ISBN 5-98144-082-1)
  • Կրկեսի դերասանը / Een Circusjongen (վեպ, 1975, ռուս. թարգմանություն 2009 ISBN 978-5-98144-125-7)
  • Իմ իսկ տունը / Een eigen huis (արձակի և պոեզիայի ժողովածու, 1979, ռուս. մասնակի թարգմանություն 2009 ISBN 978-5-98144-118-9)
  • Մայր և որդի / Moeder en Zoon (վեպ, 1980, ռուս. թարգմանություն 2007 ISBN 5-98144-099-6)
  • Չորրորդ մարդը / De vierde man (վեպ, 1981, ռուս. թարգմանություն 2010 ISBN 978-5-98144-136-3)
  • Նամակներ Սիմոն Կ.-ին / Brieven aan Simon C. (նամակներ, 1982, ռուս. թարգմանություն 2014 ISBN 978-5-98144-190-5)
  • Հանգիստ ընկերը / De stille vriend (վիպակ, 1984, ռուս. թարգմանություն 2010 ISBN 978-5-98144-136-3)
  • Նամակներ Ֆրանց Պ.-ին/ Brieven aan Frans P. (նամակներ, 1984, ռուս. թարգմանություն 2016 ISBN 978-5-98144-216-2</nowiki>)
  • Նամակներ իմ բժշկին / Brieven aan mijn lijfarts (նամակներ, 1991, ռուս. թարգմանություն 2015 ISBN 978-5-98144-201-8)
  • Որոնման մեջ / Op zoek (վիպակ, 1995, ռուս. թարգմանություն 2010 ISBN 978-5-98144-136-3)
  • Գիրք մանուշակագույնի և մահվան մասին / Het boek van violet en dood (վեպ, 1996 ռուս. թարգմանություն 2018 ISBN 978-5-98144-242-1)

Անգլերենով խմբագրել

  • The Acrobat (1956). Amsterdam/ London, G.A. van Oorschot Publisher, 1956; 2nd ed. Amsterdam, Manteau, 1985.
  • Parents Worry (Bezorgde ouders, 1990). Translated by Richard Huijing. London, Minerva, 1991
  • The Evenings (De avonden, 1947). Translated by Sam Garrett. London, Pushkin Press, 2016
  • Childhood. Two Novellas (Werther Nieland, 1949, and De ondergang van de familie Boslowits, 1950). Translated by Sam Garrett. London, Pushkin Press, 2018

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gerard Kornelis van het Reve — 2009.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nos.nl/nos/artikelen/2006/04/art000001C65BB3206470ED.html
  5. Вардт, 2013, էջ 281
  6. HDN, 2007, էջ 192
  7. Вардт, 2013, էջ 274
  8. Вардт, 2013, էջ 274-275
  9. Вардт, 2013, էջ 275-276
  10. Вардт, 2013, էջ 276-278
  11. 11,0 11,1 HDN, 2007, էջ 191
  12. Вардт, 2013, էջ 277
  13. Вардт, 2013, էջ 278
  14. RIEQC, 2006, էջ 484
  15. Meijer, 1978, էջ 350
  16. Вардт, 2013, էջ 271-273
  17. Вардт, 2013, էջ 277-278
  18. Meijer, 1978, էջ 351
  19. Вардт, 2013, էջ 280
  20. Вардт, 2013, էջ 286-287
  21. Вардт, 2013, էջ 278-280
  22. Вардт, 2013, էջ 287

Գրականություն խմբագրել

  • Meijer R. P. Literature of the Low Countries. A short history of Dutch literature in the Netherlands and Belgium. — The Hague/Boston: Martinus Nijhoff, 1978. — С. 349-353.
  • Ван дер Вардт Г. Герард Реве // От Лиса Рейнарда до Сна богов. История нидерландской литературы. В 2 т. Том II. XX-начало XXI века. — СПб: Alexandria, 2013. — С. 271-287.
  • Koopmans J. W., Huussen Jr., A. H. Reve, Gerard Kornelis van Het // Historical Dictionary of the Netherlands. — Lanham, Maryland; Toronto; Plymouth, UK: Scarecrow Press, Inc., 2007. — С. 191-192.
  • Hendrickson D. Reve, Gerard // Routledge International Encyclopedia of Queer Culture. — London & New York: Routledge, 2006. — С. 484.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերարդ Ռևե» հոդվածին։