Գեորգ Բրուտյան

հայ փիլիսոփա

Գեորգ Աբելի Բրուտյան (մարտի 24, 1926(1926-03-24)[1][2][3], Սևքար, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն[1][3] և Հայաստան[4] - դեկտեմբերի 8, 2015(2015-12-08), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963): ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1962), թղթակից անդամ (1971)[5]: Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հիմնադիր-նախագահ (1987):

Գեորգ Բրուտյան
Ծնվել էմարտի 24, 1926(1926-03-24)[1][2][3]
Սևքար, Տավուշի մարզ
Մահացել էդեկտեմբերի 8, 2015(2015-12-08) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1], Ֆիլոսոֆսկիե նաուկի[1] և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, տրամաբանություն, լեզվաբանություն, metaphilosophy? և հայագիտություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՀԱՊՀ (1947)[1] և Երևանի պետական համալսարան (1970)[1]
Կոչումպրոֆեսոր[2] և ակադեմիկոս[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն[4] և ռուսերեն[4]
Գիտական ղեկավարՎալենտին Ասմուս
Հայտնի աշակերտներՏիգրան Պետրոսյան
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Լիլիթ Բրուտյանի հայրը։

Կենսագրություն

խմբագրել

Գեորգ Աբելի Բրուտյանը ծնվել է 1926 թվականի մարտի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղում։ 1942 թվականին ավարտել է Թբիլիսիի 81-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ 1947 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, իսկ 1951 թվականին՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետին կից ասպիրանտուրան։

Գործունեություն

խմբագրել

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը հայ ականավոր գիտնականների տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները գիտական խորը վերլուծության արդյունք են։ Անվանի գիտնականի հակումների և հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է՝ փիլիսոփայական տրամաբանություն և տրամաբանության փիլիսոփայություն, փոխակերպական տրամաբանություն և մտածողության փոխակերպումների տրամաբանություն, սեմանտիկա և երկխոսություն, մաթեմատիկական տրամաբանություն և տրամաբանության կապը բնագիտության և գեղարվեստական գիտակցության հետ, որը մարդկային գիտակցության ամենաբարդ ձևն է։ Ակադեմիկոս Բրուտյանը հեղինակել է ավելի քան 60 մենագրական հետազոտություններ, դասագրքեր, գրքույկներ, 200 և ավելի հոդվածներ, որոնք թարգմանաբար հրատարակվել են աշխարհի 20 երկրներում։

Աշխատությունները

խմբագրել

Գեորգ Բրուտյանի աշխատությունները ուշագրավ արձագանքներ են գտել աշխարհի շատ երկրներում։ Մատնանշելով հայ գիտնականի որոշ աշխատությունների լեզվաբանատրամաբանափիլիսոփայական բնույթը՝ արտասահմանյան փիլիսոփայության հանրահայտ շատ ներկայացուցիչներ աներկբա գրել են նրա տրամաբանական մտածողության բարձր կուլտուրայի, նրա աշխատությունների լայն ճանաչման, դրանցում ինչպես տրամաբանության, բնագիտության և լեզվաբանության հետ փիլիսոփայության յուրօրինակ զուգակցման, այնպես էլ առկա նոր գաղափարների ու խոր ընդհանրացումների, նրա առաջադրած բազմատրամաբանության, որը գիտական շրջանառության մեջ է դրվել Գեորգ Բրուտյանի կողմից՝ կոնցեպցիայի մասին։ Լուրջ գնահատականի է արժանի գիտնականի ակտիվ մասնակցությունը համաշխարհային համաժողովներին և միջազգային կոնֆերանսներին Իտալիա, Մեքսիկա, Ավստրիա, Կանադա, Անգլիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Բելգիա և այլուր, որտեղ նա հանդես է եկել զեկուցումներով, ղեկավարել մասնաճյուղերի աշխատանքները, վարել “կլոր սեղաններ”։ Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը համաշխարհային և միջազգային շուրջ երկու տասնյակ ակադեմիաների ու գիտական ընկերակցությունների, այդ թվում՝ Համաշխարհային մշակույթի ակադեմիայի (Անգլիա) անդամ է։ Նա ընտրվել է Ոչ ձևական տրամաբանության և քննադատական մտածողության միջազգային ասոցիացիայի / ԱՄՆ/ պատվավոր փոխպրեզիդենտ։ Գիտնականը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Կանադայի, Նիդեռլանդների և այլ երկրների տասներկու միջազգային գիտական հանդեսների ու պարբերականների խմբագրակազմերի անդամ է։

Նվաճումներ

խմբագրել

1982 թվականից դարձել է «Փիլիսոփայական տարեգրքի» գլխավոր խմբագիր։ Փիլիսոփայական գիտության մեջ Գեորգ Բրուտյանը կանգնած է մի շարք գիտական դպրոցների և ուղղությունների ակունքներում։ Գեորգ Բրուտյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ են գրավում հայագիտական հետազոտությունները։ Դրանք վերաբերում են Դավիթ Անհաղթի, Անտոն Գարագաշյանի տրամաբանական ուսմունքների, տրամաբանափիլիսոփայական տեսանկյունից Սայաթ-Նովայի, Դանիել Վարուժանի, Եղիշե Չարենցի և հայ մշակույթի այլ ներկայացուցիչների ստեղծագործությունների ուսումնասիրմանը։ Նրա հետազոտություններն ընդգրկել են հայ փիլիսոփայության և տրամաբանության պատմության, հայոց լեզվի արդի վիճակի և նրա տրամաբանական տեսանկյունների հարցերը, հայագիտությանը հարակից այլ հիմնախնդիրներ։ Նշանակալից է ակադեմիկոս Բրուտյանի ներդրումը ժամանակակից հայ փիլիսոփայական դպրոցի զարգացման և կատարելագործման գործում։ Անհրաժեշտ է ընդգծել այն կարևոր ավանդը, որ Բրուտյանն ունի հայերենով ժամանակակից տրամաբանության տերմինաբանության մշակման ասպարեզում։

Խիստ արդյունավետ է եղել ակադեմիկոս Բրուտյանի գիտակազմակերպական գործունեությունը։ 1987 թվականին նա հիմնել է Հայոց փիլիսոփայական ակադեմիան` դառնալով նրա պրեզիդենտը։

Երևանի համալսարանում Բրուտյանը ակտիվ մասնակցություն է ունեցել փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի և փիլիսոփայության ֆակուլտետի հիմնադրման գործին։ 1977-1994 թվականներին Բրուտյանը եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, իսկ 1994 թվականին ընտրվել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա փոխնախագահ։ Ակադեմիկոսի տասնյակ աշակերտներ նրա ղեկավարությամբ ատենախոսություններ են պաշտպանել։ Նրանց մեջ չի կարելի չառանձնացնել խոշորագույն շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին։ Վաստակաշատ հայ գիտնականը 1970 թվականից առ այսօր անդամակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների՝ «Փիլիսոփայություն և հռետորություն» միջազգային հանդեսի (Փենսիլվանիա) խմբագրության անդամ է, Փաստարկման հետազոտությունների Եվրոպական կենտրոնի պատվավոր անդամ (Բրյուսել), «Հաղորդակցում և իմացություն» միջազգային ընկերության պատվավոր անդամ (Քենթ), «Հետազոտություններ փաստարկման մասին» միջազգային մատենաշարի գլխավոր խմբագիր (Բելգիա), «Ոչ ձևական տրամաբանության և քննադատական մտածողության» միջազգային ընկերակցության պատվավոր փոխպրեզիդենտ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Լոնդոնի դինագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա), Գիտությունների համաշխարհային կենտրոն «Լեոնարդո դա Վինչի»-ի հոգեբանական-սոցիալական ազգային կենտրոնի փորձագետ՝ սոցիոլոգիայի գծով, Գիտությունների միջազգային «Արարատ» ակադեմիայի (Փարիզ) անդամ, «Հասարակությունը և էկոնոմիկան» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ (Մոսկվա

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

Գեորգ Բրուտյանը պարգևատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի Պատվո մեդալով, Կոմենսկու անվան մեդալով (Սլովակիա), «Պատվո նշան» առաջին կարգի մեդալով (Չեխոսլովակիա), Վավիլովի անվան մեդալով, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ 1966 թվականին արժանացել է Մեծ Մաստերտոնի (Նոր Զելանդիա) պատվավոր քաղաքացու կոչման։ 1970 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։ 1993 թվականին Կենսագրական միջազգային կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) կողմից անվանվել է «Համաշխարհային մտավորական, 1993 թվական»[6]։

Աշխատություններ

խմբագրել
  • Logic, language, and argumentation in projection of philosophical knowledge, Lisbon, 1998, 175 p.
  • Transformational Logic, Yerevan, 1995, 52 p.[7]

Մամուլ

խմբագրել
  • Հոդվածների մատենագիտություն[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  6. ԳԱԱ կայք
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գեորգ Բրուտյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Բրուտյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Բրուտյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580