Ֆեդերիկո Գարսիա Լորկա

(Վերահղված է Գարսիա Լորկաից)

Ֆեդերիկո Գարսիա Լորկա (իսպ.՝ Federico García Lorca, հունիսի 5, 1898(1898-06-05)[1][2][3][…], Ֆուենտա Վակերոս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[1][4][5][…] - օգոստոսի 19, 1936(1936-08-19)[3][6][7][…], Վիսնար, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[5]), իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա «Մեղրի երգը» բանաստեղծությունների գրքույկը (Երևան, 1965)։ [9]

Ֆեդերիկո Գարսիա Լորկա
իսպ.՝ Federico García Lorca
Ծննդյան անունիսպ.՝ Federico del Sagrado Corazón de Jesús García Lorca
Ծնվել էհունիսի 5, 1898(1898-06-05)[1][2][3][…]
ԾննդավայրՖուենտա Վակերոս, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[1][4][5][…]
Վախճանվել էօգոստոսի 19, 1936(1936-08-19)[3][6][7][…] (38 տարեկան)
Վախճանի վայրՎիսնար, Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա[5]
Գերեզմանանհայտ[8]
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, երգերի հեղինակ, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԳրանադայի համալսարան և Facultad de Filosofía y Letras (Universidad de Granada)?
Ժանրերթատրոն, պոեզիա և արվեստ
Գրական ուղղություններ27 թվականի սերունդ
Ուշագրավ աշխատանքներBlood Wedding?, Yerma?, Libro de poemas?, Poet in New York?, Poema del cante jondo?, When Five Years Pass?, The Public?, Diván del Tamarit?, Doña Rosita the Spinster?, The House of Bernarda Alba?, Romancero gitano?, Seis poemas galegos? և Noche?
Համատեղ ապրողRafael Rodríguez Rapún? և Emilio Aladrén?
ԱզգականներLaura de los Ríos Giner?, Manuel Fernández Montesinos?, Isabel García Rodríguez?, Laura García Lorca? և Vicenta Fernández-Montesinos?
Изображение автографа
Ֆեդերիկո Գարսիա Լորկա Վիքիքաղվածքում
Ֆեդերիկո Գարսիա Լորկա Վիքիդարանում
 Federico García Lorca Վիքիպահեստում

Լորկայի ստեղծագործությունը

խմբագրել

Բանաստեղծ և դրամատուրգ Գարսիա Լորկայի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի տարրեր։ Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է իսպանական ազգային թատրոնի զարգացումը։ «Բանաստեղծությունների գիրք» (1921), «Երգեր» (1927) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919 թվական, բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ։ Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928 թվական), «Կանտե խոնդո» (1931 թվական) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա Պինեդա» (1925 թվական) ողբերգությունը։ 1929–30 թվականներին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929–30 թվականներ) բանաստեղծությունների ժողովածուում։

1930-ական թվականներին Լորկան հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստական ամսագրի շուրջ համախմբված մտավորականներին և համակրանքով վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը։ Այդ տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թվական) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թվական) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից։ Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա, ձգտել է ստեղծել նոր՝ սոցիալական ուղղվածության թատրոն։ Նրա կարծիքով նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները. ըստ Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել բանական և բնական օրենքներին։ 1933–36 թթ-ին Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին։ Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը։ Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները։ «Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում։

Բեռնարդա Ալբայի տունը

խմբագրել

Պիեսի գործողությունները տեղի են ունենում գլխավոր հերոսուհու` Բեռնարդա Ալբայի տանը, ուր նա ապրում է իր 5 դուստրերի, աղախին Լա Պոնիկայի և մի քանի այլ ծառաների հետ։ Գործողությունները սկսվում են Լա Պոնիկայի և մի ծառայի խոսակցությամբ։ Նրանք մաքրում են տունը, մինչդեռ մոտակա եկեղեցում տեղի է ունենում Բեռնարդայի ամուսնու հուղարկավորությունը։ Նրանք բողոքում են, որ Բեռնարդան չափազանց շատ է մաքրություն պահանջում, դրա փոխարեն կարող է ավելի շատ ո ւշադրություն հատկացնել իր չամուսնացած դուստրերին։ Զանգերը ազդարարում են հուղարկավորության ավարտը, և 200 կանայք մտնում են տուն Բեռնարդայի և աղջիկների հետ։ Նրանք խոսում են մի երիտասարդի` Պեպե էլ Ռոմանյի մասին` ակնկալելով, որ նա ամուսնության առաջարկ քանի Բեռնարդայի մեծ դուստր Անգուստիասին հանուն նրա ժառանգության։ Վերջ տալով այս բամբասանքներին` Բեռնարդան ավարտում է արարողությունը, և հյուրերը հեռանում են։ Բեռնարդան ասում է իր աղջիկներին, որ պիտի 8 տարի սուգ պահեն, քանի որ նրանց հայրը մահացել է։ Դա, սակայն, չէր վերաբերում Անգուստիասին, քանի որ այդ մարդը նրա հայրը չէր։ Ադելան` կրտսերը դուստրը, ըմբոստանում է` ասելով, որ ինքը ազատ մարդ է և չի կարող այդքան հեշտությամբ ենթարկվել Բեռնարդայի թելադրանքին։ Պիեսում նաև շատ է խոսվում այն մասին, թե ինչպես Անգուստիասը հույս ունի գրավել Պեպեին իր փողերի միջոցով, թե ինչպես են բոլոր աղջիկները հետաքրքրված Պեպեով, և թե ինչպես է Բեռնարդան անդադար սաստում նրանց։ Ադելան վազում է դուրս և սկսում խաղալ հավերի հետ, ինչը տարօրինակ է թվում մյուս աղջիկներին։ Բեռնարդան Անգուստիասին գտնում է գեղեցիկ դիմահարդարված և բարկանում է։ Հանկարծ երևում է Բեռնարդայի ծերունի մայրը`Մարիան, որին փակի տակ էին պահում, և սկսում բղավել, որ ինքը ուզում է ամուսնանալ և փախչել։ Բեռնարդան բռնում է նրան և նորից փակում։ Առավոտ է, աղջիկները կար են անում և քննարկում, թե ինչպես պիտի լինեն իսկական տղամարդն ու ամուսինը։ Նրանք սկսում են բամբասել։ Ագուստիասը հայտնում է, որ ինչ-որ մեկը գողացել է Պեպեի նկարը, որը ինքը պահում էր իր բարձի տակ։ Սկսվում է վեճ, որի արդյունքում պարզվում է, որ այն գողացել է քույրերից մեկը` Մարտիրիոն։ Անհանգստանալով իր աղջիկների համար` Բեռնարդան գանգատվում է Լա Պոնիկային, ով խստորեն ասում է, որ նրա տան մեջ չարությունն է իշխում։ Նա ասում է, որ իր որդիները տեսել են, թե ինչպես է Պեպեն այստեղ եղել ուշ երեկոյան, երբ Անգուստիասն էլ էր արթուն։ Ի վերջո, Անգուստիասն ու Պեպեն արդեն նշանված են։ Ադելան գաղտնի դուրս է գալիս տնից։ Նկատելով սա` Մարտիրիոն որոշում է հետևել նրան և տեսնում է Ադելային և Պեպեյին միասին։ Ադելան հայտարարում է, որ ինքը պիտի լինի Պեպեի հետ` անկախ նրանից, թե ինչ անարգանք է դա ընտանիքի համար։ Բոլոր կանայք հավաքվում են բեմի վրա, վիճաբանություն է սկսվում։ Բեռնարդան, զենքը ձեռքին, վազում է` Պեպեին սպանելու։ Քիչ անց Մարտիրիոն հայտնում է, որ Պեպեն մեռած է։ Ադելան ինքնասպան է լինում` չիմանալով, որ Մարտիրիոն իրականում խաբում էր, և Պեպեին հաջողվել էր փախչել։ Դիակը գտնելուց հետո Բեռնարդան մի պահ զղջում է, սակայն հետո պահանջում է Ադելային թաղել որպես կույս աղջկա։ Աղջիկները նորից ընկնում են նրա իշխանության տակ։

Թեմաները

խմբագրել

Դասային անհավասարություն

խմբագրել

Բեռնարդայի ընտանիքը ավելի հարուստ է, քան գյուղի մյուս ընտանիքները։ Այս պատճառով էլ Բեռնարդան արհամարհանքով է նայում ցածր դասի մարդկանց և ստիպում իր աղջիկներին հեռու մնալ նրանցից։ Լա Պոնիկան բացահայտ ասում է, որ այս ընտանիքը հարուստ է միայն փոքրիկ գյուղակի սահմաններում, իրականում նրանք չունեն այնքան հարստություն, որքան կարծում են։ Լորկայի համակրանքը այդ ցածր դասի մարդկանց կողմն է` Լա Պոնիկան ու ծառաները։ Նրանք ճնշվում են իշխողների կողմից և արդարացիորեն դառնանում, որ ճակատագիրը իրենց աղքատության է մատնել։

Իշխանություն և ճնշում

խմբագրել

Սա պիեսի ամենագլխավոր թեմաներից մեկն է։ Բեռնարդան գիտակցում է, որ իր երեխաները ձգտում են ազատության(հատկապես սեռական), և նրա գլխավոր նպատակն է դառնում զրկել նրանց դրանից։ Այս պատճառով էլ պարտադրում է նրանց 8տարի սուգ պահել։ Պիեսի սկզբում նրան դուր չի գալիս, որ իր աղջիկները կարող են տարվել Պեպեի նման մեկով և տրվել զգացմունքներին։ Լա Պոնիկան ասում է, որ աղջիկները ազատության մի փոքր նշույլ անգամ ստանալու դեպքում կկոտրեն բոլոր սահմանափակումները։ Աղջիկները կարծես դատապարտված են փակ տարածքում ապրելու, ինչը արտահայտվում է քույրերի հարաբերությունների ոչ բարյացակամ լինելով։ Սա բացատրելի է նրանով, որ նրանցից յուրաքանչյուրը ունի Պեպեի կարիքը` ազատության փոքրիկ մի նշույլի:Վերջում Ադելան ինքնասպան է լինում ոչ այնքան Պեպեի կորստի ցավից, այլ մոր ճնշումներից ազատվելու համար։ Լորկան համակրանքով է լցված այս աղջկա հանդեպ, քանի որ նա միակն է, ով ունի անհատականություն։ Լորկան այն համոզմունքն ունի, որ ճնշումն ու սահմանափակումները մարդուն դատապարտում են տառապանքի, որը նրան դարձնում է ավելի վատը ու չար։

Պիեսը սկսվում և ավարտվում է մահով։ Չնայած կերպարները ուղղակի կերպով չոն խոսում այս մասին, սակայն նրանք ներքուստ գիտեն, որ իրենց ընտանիքի գլխին կախված է կործանման սուրը։ Չես կարող փախչել նրանից, ինչը քեզ համար է նախատեսված։ Իհարկե, բոլոր մարդիկ մի օր մեռնելու են, բայց դրանից առաջ նախ պետք է ապրել կյանքը բարոյական արժեքների, պայքարի ու վառ անհատականության շնորհիվ։

Բամբասանք

խմբագրել

Բեռնարդան ինքը ներկայացնում է գյուղի բնակչության վերաբերմունքը։ Չնայած նա բարկանում է բամբասկոտ կանանց վրա թաղման ժամանակ, այդուհանդերձ դա չի փակում մյուս բամբասկոտների բերանը։ Բեռնարդայի համար ծանր է լինել բամբասանքի առարկա, ինչը ավելի է մեծացնում նրա բռնապետությունը աղջիկների վրա։ Նա իդեալական մաքրություն է պահանջում հենց բամբասանքից խուսափելու համար, նաև աղջկան կարգադրում է թաղել իբրև կույսի։ Պիեսում բամբասկոտ կանայք խոսում են մի կնոջից, ով սպանել էր իր նորածին երեխային և ինքնասպան եղել։ Այս կինը վառ օրինակն է նրա, թե ինչի կարող է հասցնել հասարակության բամբասկոտությունը։

Արյունոտ հարսանիք

խմբագրել

Սյուժե

խմբագրել

Իսպանական լեռնային գյուղ։ Փեսացուի մայրը իմանալով, որ տղան գնում է խաղողի այգի և դանակ է վերցրել, անիծում է զենք հնարողին։ Նրա ամուսինը և ավագ որդին մահացել են՝ կռվելով Ֆելիքսների ընտանիքի հետ։ Մորը դուր չի գալիս որդու ամուսնության գաղափարը։ Նրան նախապես տհաճ է հարսը։ Հարևանուհուն հարցուփորձ է անում հարսի մասին։ Սա պատմում է, որ աղջիկը նախկինում ունեցել է ուրիշ փեսացու։ Դա Ֆելիքսների ընտանիքից Լեոնարդոն է, որը հիմա ամուսնացած է։ Մայրը որոշում է ոչինչ չասել որդուն։ Լեոնարդոյի տանը կինը նշում է, որ Լեոնարդոն շատ է շրջում ձիով։ Կինը ասում է գալիք ամուսնության մասին։ Լեոնարդոն մռայլվում է։

Մայրը և փեսացուն գալիս են հարսնախոսի։ Պայմանավորվում են հարսանիքի օրվա մասին։ Երբ հեռանում են, հարսնացուին բարկացնում են աղախնի խոսքերը նվերների և հարսանիքի մասին։ Պատուհանից դուրս լսվում է Լեոնարդոյի ձիու սմբակների ձայնը։ Հարսանիքի օրը։ Հարսնացուն մռայլ է։ Աղախնի այն հարցին, թե սիրում է արդյոք իր ամուսնուն, պատասխանում է, որ սիրում է։ Գալիս է առաջին հյուրը։ Լեոնարդոն է։ Հարսնացուն և Լեոնարդոն խոսում են ինչպես վիճածները։ Հարսնացուն ասում է, որ ունի հպարտություն, ահա ինչու է ամուսնանում։ Լեոնարդոն ասում է, որ հպարտությունը չի փրկի։ Հարսնացուն փախչում է։ Հայտնվում են հյուրերը. բանաստեղծություն են կարդում հարսնացուին։ Աղախինը սեղան է պատրաստում։ Ներս են մտնում հարսնացուի մայրը և փեսացուի հայրը։ Արարողությունից վերադառնում են նորապսակները։ Լեոնարդոն հեռանում է տան խորքը։ Քիչ անց հեռանում է նաև հարսնացուն։ Նրան մոտենում են երիտասարդ աղջիկները, որպեսզի ստանան խորհրդանշական քորոցը։ Փեսացուն նկատում է, որ հարսնացուն անհանգիստ է։ Հարսնացուն խնդրում է տղային չհեռանալ իրենից։ Լեոնարդոյի կինը հարցնում է ամուսնու մասին հյուրերին։ Անհետացել է. ձին ախոռում չէ։ Հարսնացուն հեռանում է հանգստանալու։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ նա անհետացել է։ Ներս է մտնում Լեոնարդոյի կինը և հայտարարում, որ Լեոնարդոն և հարսնացուն փախել են։ Փեսացուն և նրա ազգականները նետվում են փախստականների ետևից։ Անտառ։ Գիշեր։ Երեք փայտահատներ զրուցում են փախստականների ճակատագրի մասին։ Մեկը արդարացնում է նրանց։ Երկրորդը համաձայնում է նրա հետ։ Երրորդը նկատում է, որ նրանց ետևից ընկած փեսացուի դեմքին գրված էր նրա ցեղի ճակատագիրը։ Հայտնվում է փեսացուն իր ընկերոջ հետ։ Հենց նոր լսել է սմբակների ձայնը։

Մյուս տեսարանում հարսնացուն համոզում է Լեոնարդոյին փախչել։ Դանդաղ հայտնվում է լուսինը։ Հնչում են ջութակները։ Հանկարծ լսվում է երկու ճիչ։ Երկրորդ ճիչի ժամանակ հայտնվում է չքավորուհին, որը բացում է իր թիկնոցը և այն նմանվում է մեծ թռչունի բացված թևերին։ Սպիտակ սենյակ։ Երկու աղջիկ դիտում են կարմիր կծիկը և երգում են։ Ներս են մտնում Լեոնարդոյի կինը և կնոջ մայրը։ Կինը ուզում է վերադառնալ և պարզել, թե ինչ է պատահել։ Մայրը ասում է նրան, որ հարկ է տոկալ։ Հիմա նա ստիպված է ապրել միայնակ։ Հայտնվում է չքավորուհին և ասում է, որ երկու տղամարդիկ մեռած են։ Սպանված են։ Հայտնվում են մայրը և հարևանուհին։ Հարևանուհին լալիս է, իսկ մոր աչքերը չոր են։ Նա այլևս անհանգստության առիթ չունի։ Նրա որդին այլևս չկա։ Գալիս է սև թիկնոցով հարսնացուն։ Մայրը հարվածում է նրան։ Հարսնացուն ասում է, որ եկել է, որ իրեն սպանեն և թաղեն սպանվածների կողքին։ Ասում է, որ կթաղվի անարատ։ Ոչ մի տղամարդ չի դիպչել իրեն։ Խնդրում է մորը թույլ տալ իրեն լաց լինել նրա հետ միասին։ Մայրը թույլ է տալիս, սակայն դռան մոտ։ Սկսվում է թաղման արարողությունը։

Թեմաներ

խմբագրել

Ֆեդերիկո Գարսիա Լորկան իր ողջ կյանքում հատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում իսպանական գյուղերի երգ-երաժշտության ու մշակույթի հանդեպ, ինչը բավականին ազդել է նրա ամենահեղինակավոր պիեսներից մեկի` «Արյունոտ հարսանիք»-ի վրա։ Պիեսը մտահղացվել է, երբ Լորկան Մադրիդի թերթերից մեկում կարդում է, որ մի գյուղում երիտասարդը սպանվել է այն բանից հետո, երբ փորձել է փախչել հարսնացուի հետ նրա հասրանիքի նախօրեին։ Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանը փեսայի զարմիկն էր։ Լորկան ուշադիր հետևում է այս դեպքերի զարգացմանը։ Ներգրավված մարդիկ օգնում են կերտելու կերպարներ պիեսի համար։ Ինչպես պիեսում, այնպես էլ թերթի այդ լուրի մեջ հարսը անկախ ու ազատ բնավորություն ունի և հարուստ ընտանիքից է, փեսան բարի է և մոր կողմից չափազանց շատ փայփայված, պիեսի հարսանեկան արարողության դետալներն էլ համապատասխանում են իրական դեպքին։ Պիեսում արտահայտված թեմաներն են.

  1. Սերունդների հակասություն։ Չնայած արտաքուստ պիեսի գլխավոր կոնֆլիկտը Լեոնադրոյի և փեսացուի միջև է, սակայն սերունդների հակասության կոնֆլիկտը ավելի սուր է շեշտված և կարևոր դեր է խաղում ողբերգական այդ իրադարձություններում։ Հարսը բացահայտորեն ընդդիմանում է իր ծնողների, իր նախորդ սերնդի բարոյական նորմերի ու մորալի դեմ, նրա գործողությունները կարելի է ընկալել իբրև պատասխան այն սահմանափակումների, որին դատապարտված էր կինը։ Չնայած փեսան տղամարդ էր և ավելի շատ իրավունքներ և ուժ ուներ, այդուհանդերձ նա ևս կաշկանդված էր` մշտապես ստիպված լինելով բացատրել իր կյանքի որոշումները մորը։ Չնայած փեսան չի կարողանում հրաժարվել մայրական հսկող աչքից, և ինքն էլ ավելի է ընդգրկում մորը իր կյանքի մեջ` հրավիրելով նրան ապրելու իր և իր հարսնացուի հետ, սակայն մայրը հրաժարվում է։ Նա ամուր կառչած է մնում անցյալին` նախընտրելով միայնակ ապրել իր` գերեզմանոցի մոտ գտնվող տանը։
  1. Սեռային խտրականություն։ Լորկան ներկայացնում է մի քանի հակադիր տեսակետներ` կապված հասարակության մեջ կանանց դերի հետ։ Մայրը և սկեսուրը համոզված են, որ կինը ամուսնությունից հետո պիտի ամուր փակվի պատերի ներսում` իր անձնական անվտանգության համար, որպեսզի պահպանի իր փխրուն հոգեկան աշխարհը։ Հարսը առհասարակ կաշկանդվում է ամուսնության գաղափարից, նա նախընտրում է իր կյանքի վերջին օրերը ապրել հասարակությունից հեռու։ Չնայած նա չի սիրում Փեսային, այդուհանդերձ գիտակցում է, որ նա լավ ամուսին կլինի իր համար, սակայն միայն փողի կամ մշտական սեռական զուգընկերոջ համար ամուսնանալը նրա համար չէ։ Հարսի ջանքերը` գտնելու ճիշտ ուղին, անցնում են ապարդյուն, և այս դիլեմման այն բազում կանանց հոգեվիճակի արտահայտությունն է, որոնք գտնվում են նմանատիպ իրավիճակում։
  1. Ֆիզիկական և հոգեկան մեկուսացում։ Պիեսի կերպարները հաճախ քննարկում են հարսի տան մեկուսացումը քաղաքից։ Նմանապես հարևաններից մեկը նշում է, որ Մայրը հազվադեպ է լքում իր տունը` ընկերներին այցելելու կամ որոշակի գործեր անելու նպատակով։ Պիեսի կանացի կերպարների ֆիզիկական մեկուսացումը արտահայտում է նրանց հոգեկան օտարումը։ Մոր դեպքում դա կապված է ամուսնու և որդու սպանության հետ, իսկ Հարսի դեպքում` ամուսնության ճնշման հետ։
  1. Մեղք ու մեղադրանք – Լեոնարդոն և Մայրը երկուսն էլ մեղադրանքը օգտագործում են որպես միջոց` պայքարելու իրենց դառնությունների ու վշտերի դեմ, թե ինչպես իրենց կյանքը միանգամից շրջվեց։ Սակայն մեղադրանքները չեն ուղղորդում նրանց ճիշտ ճանապարհով։ Մայրը վստահ է, որ դանակներն են պատասխանատու իր ամուսնու և որդու մահվան համար, դրա համար էլ պիեսի սկզբում նա անիծում է դանակ հնարողին։ Իսկ Հարսը սիրում է մեղադրել ծառային իր վերահաս ամուսնության համար։ Կերպարները չեն կարողանում հստակ տարբերակել իրենց խնդիրների արմատները, և այսպիսով ներումն էլ քննարկման ենթակա չի լինում։
  1. Բնություն – Հասարակական ճնշող նորմերին հաճախ են հակադրվում բնության գողտրիկ պատկերներն ու բնության հուզական վիճակը։ Այս պատկերները ընդգծված են ոչ այնքան քաղաքում, որքան անտառում, երբ Լուսինը ինքնին հուշում է հերոսների ողբերգական մահվան մասին։ Կաշկանդող ու սահմանափակող քաղաքը կարելի է ընկալել իբրև կերպարների քաոսային, մռայլ ճակատագրի զուգահեռ։

Լորկայի պիեսում խորհրդանշական են լուսինը և մուրացիկ կինը։ Այն աշխարհում, որը ծնում է արյունոտ հարսանիքներ, Լուսինը ներկայացնում է առնական, սառը և արյան ծարավ աշխարհը, իսկ մուրացիկ կինը ինքը խորհրդանշում է մահը։ Առհասարակ իսպանական գրականության մեջ լուսինը խորհրդանշում է խելագարությյունն ու անգիտակցականը։ Ռուպերտ Ալանը իր «Հոգեբանականը և սիմվոլները Լորկայի դրամատուրգիայում» գրքում գրում է, որ լուսինը կարող է փոխել հոգեկան հակվածությունները իրենց հակառակներին։ Նա գրում է. «Լուսինը նման է օդում կախված սրածայր դանակի, որը սպասում է կործանելուն»։ Գիշերը, երբ ողջ աշխարհը քնած է, անտառում տեղի է ունենում սարսափելին. չնայած հարսը չի մահանում, սակայն կարող ենք ասել, որ նրա հոգին մահանում է Լեոնարդոյի հոգու հետ։ Խորհրդանշական է նաև մուրացիկ կնոջ կերպարը։ Չնայած պիեսում չի շեշտվում, որ նա մահն է, սակայն դա ինքնին հասկանալի է։ Նա անդադար գուշակում է հերոսների ապագան` դրանով ստանալով այն, ինչին ձգտում է` մահ։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Ինչպես է երգում քաղաքը նոյեմբերից նոյեմբեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 filmportal.de — 2005.
  8. https://equltura.com/personajes/federico-garcia-lorca-la-eterna-busqueda-de-los-restos-del-poeta/
  9. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 298։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Գարսիա Լորկա» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Գարսիա Լորկա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Գարսիա Լորկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 702