Գիշերահավասարի և արևադարձի օրերը և պահերը ըստ UTC
տարի Գիշերահավասար
Մարտ
Արևադարձ
Հունիս
Գիշերահավասար
Սեպտեմբեր
Արևադարձ
Դեկտեմբեր
օր ժամ օր ժամ օր ժամ օր ժամ
2010 20 17:32:13 21 11:28:25 23 03:09:02 21 23:38:28
2011 20 23:21:44 21 17:16:30 23 09:04:38 22 05:30:03
2012 20 05:14:25 20 23:09:49 22 14:49:59 21 11:12:37
2013 20 11:02:55 21 05:04:57 22 20:44:08 21 17:11:00
2014 20 16:57:05 21 10:51:14 23 02:29:05 21 23:03:01
2015 20 22:45:09 21 16:38:55 23 08:20:33 22 04:48:57
2016 20 04:30:11 20 22:34:11 22 14:21:07 21 10:44:10
2017 20 10:28:38 21 04:24:09 22 20:02:48 21 16:28:57
2018 20 16:15:27 21 10:07:18 23 01:54:05 21 22:23:44
2019 20 21:58:25 21 15:54:14 23 07:50:10 22 04:19:25
2020 20 03:50:36 20 21:44:40 22 13:31:38 21 10:02:19
2021 20 09:37:27 21 03:32:08 22 19:21:03 21 15:59:16
2022 20 15:33:23 21 09:13:49 23 01:03:40 21 21:48:10
2023 20 21:24:24 21 14:57:47 23 06:49:56 22 03:27:19
2024 20 03:06:21 20 20:50:56 22 12:43:36 21 09:20:30
2025 20 09:01:25 21 02:42:11 22 18:19:16 21 15:03:01

Գիշերահավասար, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա[1][2]։ Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։

Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։

Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։ Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, և նրա սկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։ Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։ Նշենք, որ խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը։ Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան)։

Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին և այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26 000 տարում կատարում 1 մեկ լրիվ պտույտ։ Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ։

Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվարկման համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի՝ ուղղակի ծագման հաշվարկը։ Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռևս զրադաշտական կրոնի ժամանակներից և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։

Հիշեցնենք, որ մեզանում ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ։ Այսպես, ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է։ Ի դեպ, 2011 թվականին Զատկի օրը համընկել է թե' արևմտյան և թե' հայ առաքելական եկեղեցիներով։

Գարնանային գիշերահավասարը տեղի է ունենում մարտի 20-ին կամ մարտի 21-ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, իսկ աշնանային գիշերահավասարը տեղի է ունենում սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 23-ին, երբ այն հյուսիսայինից անցնում է հարավայինին։ Այդ օրերին Արեգակը ծագում է գրեթե ճշգրիտ արևելքում և մայր է մտնում գրեթե ճշգրիտ արևմուտքում, օրվա տևողությունը ամբողջ երկրագնդի վրա գրեթե ճշգրիտ հավասարվում է գիշերվա տևողությանը (գիշերահավասարի պահի անցման, արեգակի չափսերի և ռեֆրակցիայի պատճառով ցերեկը տևում է ավելի երկար)։ Բացառություն են կազմում միայն բևեռները. Արեգակի չափսերի պատճառով այնտեղ ամբողջ ցերեկը և գիշերը կիսով չափ երևացող Արեգակը պտտվում է հորիզոնով։

Ազգեր և կրոններ, որոնք Նոր տարվա սկիզբը տոնում են գիշերահավասարի օրը խմբագրել

Զրադաշտականությունից փոխառվել է Նովրուզը, տոնում են՝

Սեպտեմբերի 22-ը նույնպես տարվա սկիզբ է նշանակել Ֆրանսիական հանրապետական տոմարով։

Պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել գիշերահավասարին խմբագրել

Արևային ինտերֆերենցիա խմբագրել

Արևային ինտերֆերենցիան արևային ճառագայթման հետ արբանյակից ընդունվող ռադիոազդանշանի ինտերֆերենցիոն աղավաղումն է։ Այն տեղի է ունենում, երբ ընդունիչ կայանից դիտելիս արեգակը երկնակամարում հայտնվում է արբանյակի շրջակայքում։ Համընդհանուր այս երևույթը տեղի է ունենում տարին երկու անգամ գիշերահավասարի շրջանում և տևում է մոտ 3.5 շաբաթ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Equinoxes». Astronomical Information Center. United States Naval Observatory. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  2. «ESRL Global Monitoring Division - Global Radiation Group». NOAA. www.esrl.noaa.gov (ամերիկյան անգլերեն). U.S. Department of Commerce. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։