Գառնիկ Բաղդասարյան

հայ մանկավարժ

Գառնիկ Վանոյի Բաղդասարյան (1913, Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1940):

Գառնիկ Բաղդասարյան
Ծնվել է1913
ԾննդավայրԱլափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականին, Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։ Դեռևս դպրոցական տարիներից զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1930-1933 թվականներին Հրազդանի շրջանի Ֆանտան և Բջնի գյուղերում դասավանդել է աշխարհագրություն։ Միաժամանակ ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումի հեռակա բաժինը։ 1933 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել հայկական գնդի վարժական դիվիզիոնում։ 1934-1941 թվականներին Գառնիկը պատմություն և աշխարհագրություն է դասավանդել Հրազդանի շրջանի Ֆանտան գյուղում, եղել է երեկոյան դպրոցի վարիչ։ ԽՄԿԿ անդամ է եղել 1940 թվականից։ 1941 թվականին եղել է Քաղսի գյուղի դպրոցի տնօրենը։

1942 թվականի ապրիլին զորակոչվել է բանակ, ծառայել 683-րդ հրաձգային գնդում որպես վաշտի ավագ և կուսակցական կազմակերպիչ։ 1942 թվականի սեպտեմբերից կռվել է Հյուսիսային Կովկասում։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Բաղդասարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» մեդալներով։ 1942 թվականի հոկտեմբերին ծանր վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ, ապաքինվելուց հետո զորացրվում է բանակից։

1943 թվականից Բաղդասարյանն աշխատել է Ֆանտանի միջնակարգ դպրոցի տնօրեն և գյուղի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 1950- 1953 թվականներին եղել է Սոլակի 7-ամյա և ծննդավայրի միջնակարգ դպրոցների տնօրեն։

1953 թվականին Բաղդասարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում[1]։

1954-1971 թվականներին Բաղդասարյանը ղեկավարել է Չարենցավանի երեկոյան միջնակարգ և Երևանի Շահումյանի շրջանի № 111 8-ամյա դպրոցների մանկավարժական կոլեկտիվները։ Կենսաթոշակի է անցել 1971 թվականից։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987։