Բուրժի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Étienne de Bourges), Սուրբ Ստեփանոսին նվիրված գոթական տաճար Ֆրանսիայի Բուրժ քաղաքում։ Եկեղեցին Բուրժի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ Տաճարի կառուցումը սկսվել է 12-րդ դարի սկզբին, օծումը կայացել է 1324 թվականի մայիսի 13-ին, սակայն տաճարի շինարարական աշխատանքները շարունակվել են ընդհուպ մինչև 16-րդ դարը։ Իր առանձնահատուկ ճարտարապետության, տպավորիչ քանդակների և հոյակապ վիտրաժների համար տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։ Տաճարը Ֆրանսիայի ազգային ժառանգության հուշարձան է[3]։

Բուրժի տաճար
ֆր.՝ Cathédrale Saint-Étienne de Bourges
Bourges-Kathedrale-110-2008-gje.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԲուրժ[1][2]
Հասցեplace Étienne-Dolet
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲուրժի թեմ
Ներկա վիճակգործող
Մասն էWay of Saint James UNESCO World Heritage Sites in France?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճդասական գոթիկա
Կառուցման սկիզբ1192
Կառուցման ավարտ1390
Հիմնադրված1195
Երկարություն122 մ
Նավի լայնություն15 մ
Մակերես0,85 հեկտար, 105 հեկտար

Տաճարի կառուցումըԽմբագրել

Տաճարը գտնվում է նախկին հռոմեական Ավարիկում քաղաքի հյուսիսարևմտյան մասում, ուր ապաստանել են առաջին քրիստոնյա գալլերը։ Մինչ տաճարի կառուցումը նրա տեղում եղել է առնվազն երեք եկեղեցի, որոնք կառուցվել են 3-րդ, 4-րդ և 9-րդ դարերում։ 11-րդ դարի առաջին մայր տաճարը կառուցվել է ռոմանական ոճով. նրա հետքերը պահպանվել են վերջին կառույցի կրիպտեում։

Շինարարության սկսման ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն այն պետք է որ լինի 1183-1195 թվականների միջակայքում, քանի որ տաճարի արևելյան կողմը անցնում է քաղաքային նախկին պատերի սահմանը, ինչի քանդումը թվագրվում է 1183 թվականին, իսկ 1195 թվականից հիշատակություն է պահպանվել, որ վկայում է ռոմանական տաճարի շինարարության ծախսերի մասին։ Բուրժի տաճարի և նշանավոր Շարտրի տաճարի կառուցման ժամանակաշրջանները համընկնում են[4]։ Տաճարի ճարտարապետների անունները չեն պահպանվել։

Կառույցի շինարարության փուլերի մասին կարելի է դատել հետևյալ տեղեկություններով. ստորին եկեղեցին կառուցվել է մոտ 1200 թվականին։ Եկեղեցական դասի գոյության առաջին վկայությունը թվագրվում է 1214 թվականին։ Վիտրաժների և խորանին հարակից կիսաշրջանաձև կամարակապ մասը պատրաստ են եղել 1215-1225 թվականներին, իսկ նավը ավարտին է հասցվել 1230 թվականին, ինչից հետո շինարարական աշխատանքների թափը նվազել է։ Արևմտյան ճակատի մեծ մասի կառուցումն ավարտվել է 1270 թվականին, չնայած աշտարակների կառուցումը շարունակվել է հետագայում ևս։ 1313 թվականին հարավային աշտարակում ճաքեր են առաջացել, որոնց դեմ պայքարելու համար 14-րդ դարի կեսերին որմնահեցեր են ամրացրել։ Սակայն դա ևս թույլ չի տալիս աշտարակը որպես զանգակատուն օգտագործել։ Բուրժի մայր տաճարի օծման պահին` 1324 թվականի մայիսի 13-ին, հյուսիսային աշտարակը դեռևս անավարտ էր. նրա շինարարությունն ավարտվում է միայն 15-րդ դարի վերջին, սակայն 1506 թվականին այն փլուզվում է` վնասելով ճակատի հյուսիսային մասը։ Հյուսիսային նոր աշտարակը և պորտալը վերակառուցվել են 1542 թվականին և պարունակում են Վերածննդի դարաշրջանի տարրեր։

Ի տարբերություն գոթական այլ տաճարների` Բուրժի մայր տաճարը կառուցումից հետո համեմատաբար քիչ է տուժել պատերազմներից, հեղափոխություններից, որոնցից Ֆրանսիան զերծ չի եղել շուրջ հինգ հարյուր տարի։

ՃարտարապետությունԽմբագրել

 
Բուրժի տաճարի հատակագիծը

Տաճարն ունի իր տեսակի շինությունների համար հազվադեպ նախագիծ։ Տրանսեպտը, որը քրիստոնեական եկեղեցիներում ավանդաբար խաչի տեսք ունի, Բուրժի տաճարում բացակայում է ընդհանրապես։ Գլխավոր նավի լայնությունը 15 մ է, երկարությունը` 122 մ. բարձրությունը` 37 մ, իսկ կամարաշարի բարձրությունը` 20 մ։ Եզրային երկու նավերը երկաստիճան ձև ունեն և շրջապատում են աբսիդը։

Արտաքին կողմի ամրության համար կիրառվել են արկբուտաններ, ինչը թույլ է տվել ընդարձակել պատուհանի բացվածքները. դրա հետևանքով ապահովվել է տաճարի լավ լուսավորվածությունը։ Չնայած արկբուտանների օգտագործմանը, ինչը տաճարի ամրությունն ապահովող ճարտարապետական համեմատաբար նոր տարր էր, տաճարն ունի լայն պատեր։

Տրասեպտի բացակայությունը և նավի մեծ բարձրությունը առանձնահատուկ է դարձնում տաճարի ներքին ձևը` ստեղծելով անկրկնելի հեռապատկեր։

Արևմտյան ճակատը, որն ունի 40 մ լայնություն, ամենամեծերից մեկն է Ֆրանսիայի գոթական տաճարների թվում։ Այն ունի հինգ պորտալ, որ համապատասխանում է մեկ գլխավոր և եզրային չորս նավերին։ Բոլոր պորտալերը զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ նրանցից մեկը նվիրված է սուրբ Ստեփանոսի կյանքին։ Հյուսիսային և հարավային պորտալների քանդակները վաղ ռոմանական ոճով են արված և թվագրվում են մոտ 1160 թվականին, պորտալների փայտե դռները պատրաստվել են 15-րդ դարում։

Մեր օրեր է հասել վիտրաժների մեծ մասը, որ Շարտրի տաճարի պես թվագրվում է 13-րդ դարի առաջին քառորդին։ 25 վիտրաժներից պահպանվել են 22-ը. հատկապես հետաքրքրություն են ներկայացնում արևելյան մասի վիտրաժները[5]։

Ստորին եկեղեցին կամ կրիպտեն կառուցվել է մոտ 1200 թվականին և կրկնում է իրենից ներքև գտնվող դեամբուլատորիայի ձևը։ Կրիպտեն աչքի է ընկնում իր կամարներով։ Այնտեղ է գտնվում հերցոգ Ժակ Բերիացու գերեզմանը. աբսիդում ևս պահպանվել են հերցոգի և նրա կնոջ արձանները։ Տաճարի նավում տեղակայված աստղագիտական ժամացույցը գոյություն ունի ավելի քան 500 տարի. նրա մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1422 թվականին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM — 1994.
  3. Dominique Seridji и другие Le guide du patrimonie en France. — Centre des monuments nationaux (MONUM), 2002. — С. 193. — ISBN 2-85822-760-8
  4. Bony, Jean (1985). French Gothic Architecture of the Twelfth and Thirteenth Centuries, p. 212. University of California Press. ISBN 0-520-05586-1.
  5. Louis Grodecki. A Stained Glass Atelier of the Thirteenth Century: A Study of Windows in the Cathedrals of Bourges, Chartres and Poitiers, Journal of the Warburg and Courtauld Institutes, Vol. 11, (1948), pp. 87-111

Արտաքին հղումներԽմբագրել