Բոուլինգ (անգլ.՝ to bowl - գլորել), գնդակներով սպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։

Բոուլինգ
Տեսակbowling?
Տարբերվում էbowling?
 Bowling Վիքիպահեստում

Աշխարհում կան բոուլինգի բազմաթիվ տեսակներ․ 5 կեգլիանոց բոուլինգ, որը տարբերվում է 10 կեգլիանոցից ոչ միայն կեգլիների քանակով, այլև յուրաքանչյուր ֆրեյմում թույլատրելի նետումների թվով[1], ինչպես նաև կեգլիների տարբեր խաղային արժեքներով, քենդլփին-բոուլինգ, որի կեգլիների տեսքը նման է մոմի, դաքփին-բոուլինգ, որը ևս տարբերվում է կեգլիների տեսքով․ դրանք նման են բադի, ավելի փոքր են և դիմացկուն, նաև թեթև, սկիթլզ և այլ տեսակներ։

Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն[2]։

Խաղը շատ տարածված է ԱՄՆ-ում, այս երկիրն առաջատար է մեկ բնակչին բաժին ընկնող բոուլինգի ուղիների քանակով (1/2 250)։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Ազգերի համագործակցության և Սկանդինավիայի երկրները, Ճապոնիան։ Ընդհանուր առմամբ, ըստ 2007 թվականի տվյալների՝ աշխարհի 120 երկրում հաշվարկվել է բոուլինգի շուրջ 10 միլիոն մշտական խաղացող[3]։ Խաղացողները միավորվում են ակումբներում, ակումբները՝ տարբեր ասոցիացիաներում, որոնք էլ իրենց հերթին կազմակերպում են ազգային և միջազգային մրցաշարեր։

Ամենախոշոր և հեղինակավոր ասոցիացիան Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիան է (անգլ.՝ World Bowling, WB), որն իր մեջ ներառում է 134 երկրի ֆեդերացիները։ Ֆեդերացիան ճանաչվել է որպես պաշտոնական կարգավորող և սահմանում է ամբողջ աշխարհում 10 և 9 կեգլիանոց բոուլինգի կանոններն ու չափանիշները[4]։ Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիայի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։

Պատմություն խմբագրել

Բոուլինգ խաղի նախատիպը հնագետները և ազգագետները հայտնաբերել են աշխարհի տարբեր վայրերում՝ Հնդկաստանում, Ֆինլանդիայում, Եմենում և Պոլինեզիայում։ Նախաբոուլինգի ամենահին նմուշը համարվում է խաղային հավաքածուն, որը հայտնաբերվել է 1930 թվականին Եգիպտոսում՝ նախադինաստիկ դարաշրջանում մի դեռահասի հուղարկավորության ժամանակ, և թվագրվում է մ․թ․ա․ 3200 թվականով[5][6]։ 2007 թվականին բոուլինգի նման խաղի համար կահավորված մի հնագույն շինություն է հայտնաբերվել կրկին Եգիպտոսում՝ Կահիրեում։ Շինության կառուցումը թվագրվում է մ․թ․ա․ 2000 թվականին[7]։

Սակայն ժամանակակից բոուլինգի հայրենիքն ընդունված է համարել վերին Գերմանիայի տեղանքը։ Այստեղ փայտե ցցերի (Kegel) և դրանց գցելու համար նախատեսված քարե գնդակի (Kugel) գոյության մասին վկայություններ կան մ․թ․ 3-րդ դարից։ Սկզբում դրանք օգտագործում էին կրոնական ծեսերում. ցցերը վայր նետող անձն ազատվում էր մեղքերից[8]։ Աստիճանաբար ծեսը ձևափոխվեց՝ վերածվելով զվարճանքի, որը դուր էր գալիս գերմանախոս շատ ժողովուրդների։ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ խաղը տարածվեց ամբողջ Եվրոպայում. միջնադարի վերջում նմանատիպ անվանումներով խաղը հայտնի էր Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Դանիայում և Անգլիայում[7]։ Խաղի կանոնները և սարքավորումները տարբերվում էին ոչ միայն երկրից երկիր, այլև քաղաքից քաղաք, ինչով էլ հավանաբար պայմանավորված է խաղի ժամանակակից բազմազանությունը. միայն 9 կեգլիանոց բոուլինգն ունի խաղալու ավելի քան հարյուր տարբերակ։

 
Խաղ կեգլի․ Մանրանկարչություն, Գերմանիա, 1736

Աշխարհի հնագույն և դեռևս գործող բոուլինգի հարթակը գտնվում է Անգլիայում՝ Սաութհեմփթոնում։ Հայտարարվում է, որ այն որպես այդպիսին օգտագործվել է դեռևս 1299 թվականից[7]։ Իսկ 1366 թվականից Անգլիայի թագավոր Էդուարդ III-ը իր զորքի շրջանակներում ստիպված էր արգելել «գնդակներ խոտի վրա» խաղը՝ դրդելով իր ազարտային զինվորներին ազատ ժամանակն օգտագործել ավելի արդյունավետորեն՝ զբաղվելով նետաձգությամբ[6]։

16-րդ դարում բոուլինգի տեսակները, հատկապես 9 կեգլիանոցը, դարձել էին Հյուսիսային ծովի ավազանում ապրող ժողովուրդների համընդհանուր զվարճանքի առարկան։ Այն խաղում էին բոլորը՝ գյուղացիներն ու աշխատավորները, զինվորներն ու նավաստիները, ազնվականներն ու թագավորները, անգլիացիները, հոլանդացիները, դանիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները։ Շատ հաճախ նրանք դա անում էին՝ ի վնաս իրենց անմիջական պարտականությունների և դրամապանակի։ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը, որն ինքը խաղամոլ էր, հրամանագիր է ստորագրել՝ արգելելով «գնդակներ խոտի վրա» խաղը բոլորին, բացի հարուստ քաղաքացիներից, քանի որ զորքերի և աշխատավորների շրջանում կարգապահությունը խախտվել էր[7]։ Այս միապետի մասին ասվում է նաև, որ նա է մտածել որպես գնդակ օգտագործել թնդանոթային ռումբը[9]։

Միևնույն ժամանակ, փաստերը վկայում են, որ Հենրի VIII-ի ժամանակակից, գերմանացի կրոնական բարեփոխիչ Մարտին Լյութերը խաղի անունը հաստատել է իբրև «կեգլի» և որպես խաղի կեգլիների լավագույն քանակ սահմանել 9-ը[5]։ Բացի այդ, նշվում է, որ ֆրանսիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյքին թշնամու մոտենալու մասին լուրը հայտնել են բոուլինգի խաղի ընթացքում, ինչին ի պատասխան՝ նա ասել է․ «Դեռ շատ ժամանակ կա հաղթելու համար… և իսպանացիներին նույնպես»։ Իսկ Դրեյքի երիտասարդ ժամանակակից աստվածավախ Հակոբ Ա թագավորի մասին ասվում է, որ վախենալով մեղքերից՝ նա խուսափել է խաղալ շատ խաղեր, բայց բոուլինգի համար բացառություն է արել[7]։

 
«Ա․Կ․Բ․-ի առաջին առաջնությունը
6 ուղի, 41 թիմ՝ 5-ական անդամով», պաստառ, Չիկագո, 1901

Այսպիսով, օրինաչափ է, որ Ամերիկայի գաղութացման շրջանում գաղութաբնակների հետ միասին Նոր աշխարհ է տեղափոխվել նաև հայտնի խաղը։ Նյու Յորքի Մանհեթեն վարչական միավորի ամենահին զբոսայգին կոչվում է «Բոուլինգի բացատ» (անգլ.՝ Bowling Green)։ Բոուլինգ անունն են կրում նաև ԱՄՆ-ի «հին նահանգների» 8 քաղաքները[10]։ Խաղի նկատմամբ հատկապես մեծ հակվածություն ունեին Հոլանդիայից և Գերմանական իշխանություններից ներգաղթածները։

19-րդ դարի երկրորդ քառորդում Ամերիկայում բոուլինգն այնքան մոլի բնույթ էր ստացել՝ ուղեկցվելով ծեծկռտուքներով և տարբեր պատահարներով, որ խաղը սկսեցին արգելել Կենտուկի, ապա նաև Նյու Յորք նահանգներում, իսկ 1870 թվականին՝ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում[5][6]։ Այս արգելքների հետ միասին ի հայտ եկավ և սկսեց արագորեն տարածվել 10 կեգլիանոց բոուլինգը (անգլ.՝ tenpin), որը պաշտոնապես չէր ենթարկվում օրենքին։ Դրա դեպքում կեգլիները ոչ թե շարում էին շեղանկյունաձև, ինչպես 9 կեգլիանոցի ժամանակ, այլ եռանկյունաձև։ Աստիճանաբար տարբերությունների թիվն ավելացավ։ 19-րդ դարի վերջում ԱՄՆ-ում 10 կեգլիանոց տարբերակը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց 9 կեգլիանոց տարբերակը։

Թեև «տասներորդ կեգլիի» ծագումը ԱՄՆ-ում վիճարկվում է Անգլիայի[11] և Շոտլանդիայի[5] հետ, սակայն բոուլինգի ամենատարածված տարբերակի ծագումը պետք է վերագրել ԱՄՆ-ին, քանի որ այստեղ 1895 թվականին «Բոուլինգի ամերիկյան կոնգրես»-ի կողմից սահմանվել են կեգլիների, խաղային ուղիների և գնդակների պաշտոնական չափանիշները, մշակվել են թենփինի խաղի համընդհանուր կանոններ, ինչպես նաև անցկացվել է համաշխարհային պատմության մեջ առաջին առաջնությունը (Չիկագո, 1901)[10]։

20-րդ դարի 30-ական թվականներին ԱՄՆ-ի AMF (American Machinery and Foundry) գործարանում Գոթֆրիդ Շմիդտը (անգլ.՝ Gottfried Schmidt) հայտնաբերեց հատուկ սարքավորում՝ փինսեթթեր (անգլ.՝ pinsetter)՝ նախատեսված կեգլիների ավտոմատ դասավորման և գնդակի վերադարձի համար[12]։ Բոուլինգի զարգացման հաջորդ քայլը 1970-ական թվականներին միավորների ավտոմատ հաշվարկման համակարգի ներդրումն էր[13]։

Կանոններ խմբագրել

 
Կեգլիների համարակալումը բոուլինգում

Խաղի մեկ պարտիան բաղկացած է 10 ֆրեյմից։ Յուրաքանչյուր ֆրեյմում խաղացողն ունի նետելու երկու հնարավորություն։ Եթե խաղացողը առաջին հարվածով տապալում է բոլոր տասը կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սթրայք (անգլ.՝ strike՝ հարված), և նշանակվում է «X»: Եթե խաղացողը երկու հարվածով է տապալում բոլոր կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սփեյր (անգլ.՝ spare՝ պահեստային), և նշանակվում «/»: Եթե ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում կանգուն են մնում ոչ հարևան կեգլիները, օրինակ՝ անկյունային 7 և 10, ապա այսպիսի համադրությունը կոչվում է սփլիթ (անգլ.՝ split՝ պառակտված), և նշանակվում է « », որտեղ S-ը տապալված կեգլիների թիվն է։ Եթե երկու հարվածից հետո մնում են չտապալված կեգլիներ, այդպիսի ֆրեյմը կոչվում է «բաց»։

Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սթրայք, ապա այդ ֆրեյմում միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ երկու հարվածի արդյունքում տապալված կեգլիների թիվը։ Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սփեր, ապա միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում տապալած կեգլիների թվին։ Եթե ֆրեյմը բաց է մնում, ապա միավորների քանակը հավասար է այդ ֆրեյմում տապալված կեգլիների թվին։

Քանի որ սթրայքի և սփերի դեպքում միավորների քանակը կախված է ոչ միայն այդ ֆրեյմի, այլև հաջորդ հարվածներից, հատուկ կարգավիճակ է ստանում վերջին՝ 10-րդ ֆրեյմը։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջին հարվածի արդյունքում առաջանում է սթրայք, խաղացողը կարող է այդ ֆրեյմում կատարել ևս երկու հարված։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջանում է սփեր, խաղացողը կարող է կատարել ևս մեկ հարված։ Տասներորդ ֆրեյմի սփերին և սթրեյքին վերոնշյալ կանոնները չեն վերաբերում, քանի որ հաջորդ ֆրեյմ գոյություն չունի։ Եթե 10-րդ ֆրեյմում առաջին երկու հարվածների արդյունքում չտապալված կեգլիներ են մնում, և ֆրեյմը դառնում է բաց, ապա խաղն ավարտվում է։

Խաղի մեկ պարտիայի առավելագույն միավորների քանակը 300 է, քանի որ յուրաքանչյուր ֆրեյմում առավելագույնը կարելի է կուտակել 30 միավոր։ Պրոֆեսիոնալ առաջնությունների ժամանակ փորձառու խաղացողների միջին միավորը մեկ պարտիայի համար սովորաբար 200-ից ցածր չի լինում։

Անընդմեջ երկու սթրայքը կոչվում է «դաբլ» (անգլ.՝ double՝ կրկնակի), երեքը՝ «թըրքի» (անգլ.՝ turkey՝ հնդկահավ), չորսը՝ «հեմբոուն» (անգլ.՝ hambone՝ ազդր)։

Սարքավորումներ խմբագրել

Բոուլինգի պաշտոնական մրցույթները՝ 10 կեգլիանոց հավաքածուի կիրառմամբ, անցկացվում են միայն հատուկ սարքավորումներով, որոնք համապատասխանում են Բոուլինգի միջազգային ֆեդերացիայի հատուկ չափանիշներին[14]։

Ուղիներ խմբագրել

 
Բոուլինգի ուղիներ՝ ներառյալ երեխաների համար նախատեսված վահանակներով (№ 2)

Ուղիները ծագել են խաղի փողոցային տարբերակներից․ հաստատություններում, որպես կանոն, բավարարվում էին հատակով։ Ուղիները ավելի հեշտությամբ պատրաստում էին կավից կամ թերթաքարից, իսկ ենթուղիները՝ 1 դյույմ հաստություն և 3 դյույմ լայնություն ունեցող սոճու և թխկու տախտակներից[2]։ Ուղիների վրա կարող էին ամրացնել արևից և անձրևից պաշտպանող ծածկ։ Ուղու վերջում հատուկ տեղ էր նախատեսվում այն մարդու համար, որը հավաքում և ուղղում էր ընկած կեգլիները, վարում հաշիվը և հատուկ խողովակով գնդակները ուղարկում հետ։

Ժամանակակից ուղիները հիմնականում պատրաստում են գերամուր քիմիական մանրաթելերից։ Թույլատրվում է նաև պատրաստել փայտից և պատել հատուկ լաքով։

Ժամանակակից բոուլինգում ուղու երկարությունը մեկնարկի գծից մինչև № 1 կեգլիի կենտրոնական մասը կազմում է 60 ֆուտ ± 1/2 դյույմ (18288 ± 13 մմ) է, № 1 կեգլիից մինչև հետին եզրը՝ 34 3/16 դյույմ ± 1/16 դյույմ (868,5 ± 1,5 մմ), ընդ որում, ընդհանուր երկարությունը մեկնարկի գծից մինչև հետին ծայրը շեղումներ չունի և կազմում է 62 ֆուտ 10 3/16 դյույմ (19 156 մմ)։

Ուղու լայնությունը կազմում է 41 1/2 դյույմ ± 1/2 դյույմ (1054 ± 12,7 մմ)։

Ուղի հասկացության մեջ ներառվում է նաև մուտքի հատվածը, մեկնարկի գիծը, հարթ փողրակները, կեգլիների բաժինը, հետին կողը, կեգլիների տապալման հորը, կեգլիների ավտոմատ դասավորման սարքավորումը, նշագծումը և ցուցիչները։ Նրանց ձևը, չափերը, քանակությունը, արտադրության եղանակը և բոլոր միջանկյալ հեռավորությունները խստորեն կարգավորում են և հաճախ շեղումներ չունեն, կամ դրանք աննշան են։

Վերահսկվում է նաև ուղու թեքությունը, նրա մակերևույթը և շփման ուժը, որոնց հետ կապված շեղումները թույլատրելի չեն։

Նախքան մրցույթը պարտադիր անցկացվում են ուղու բոլոր վերահսկիչ մեծությունների լաբորատոր չափումներ[14]։

Կեգլի խմբագրել

 
Պրոֆեսիոնալ բոուլինգի գնդակ և կեգլի

Մինչև 1895 թվականը, երբ կեգլիների նյութը, չափերը և ծավալը առաջին անգամ դարձան ստանդարտ, կեգլիները կարող էին լինել տարբեր՝ կավե, փայտե, քարե։ Ժամանակակից բոուլինգում բոլոր բնութագրերը (նույնիսկ նկարների առկայությունը և ներկի շերտի հաստությունը) կարգավորում են։ Այնուամենայնիվ, որոշ շեղումներ թույլատրվում են՝ հատկապես նոր տեխնոլոգիաների կամ խոշոր արտադրողների հեղինակության հետ կապված[14]։

Կեգլիների պատրաստման համար օգտագործվում է ամուր թխկի՝ մեկ ամբողջական կտորից կամ մի քանի շերտից։ Ստանդարտ կեգլիի զանգվածը՝ ծածկույթը ներառյալ, պետք է լինի ոչ պակաս, քան 3 ֆունտ և 6 ունցիա (1531 գրամ) և ոչ ավելի, քան 3 ֆունտ և 10 ունցիա (1645 գրամ)։ Կեգլիի բարձրությունը պետք է լինի 15 ± 1/32 դյույմ (380-382 մմ)։ Վերին մասում կեգլիի հավասարաչափ աղեղի կլորացման շառավիղը պետք է լինի 1,273 դյույմ ± 1/32 դյույմ (31,5-33 մմ)։

4,5 դյույմ (114 մմ) բարձրության վրա կեգլիի հիմքում նրա տրամագիծը պետք է լինի 4,755-4,797 դյույմ (121-122 մմ)։ Նման ճշգրտությունը կարևոր է, քանի որ դրանից է կախված կեգլիի ծանրության կենտրոնը, և, հետևաբար, նաև նրա կայունությունը, որն ազդում է ամբողջ խաղի վրա։ Կեգլիի չափերն այնպես են հաշվարկած, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը 24% դիմադրություն ցույց տա ամենածանր գնդակի զանգվածին, ինչը, ըստ կանոնների, 16 ֆունտ է (7,5 կգ)։

Թույլատրվում է կեգլիների խելամիտ մաշվածություն, աղտոտվածության և մնացորդների մաքրում մետաղական ճիլոպով կամ զմռնիտի թղթով, միայն այն պայմանով, որ այդ բոլոր գործողությունները ապահովեն կեգլիների միանման արտաքին տեսք և իրականացվեն WB-ի չափանիշների սահմաններում[14]։

Գնդակներ խմբագրել

 
Վարձույթի գնդակներ («հաուս-բոլլ»)

Հնագույն ժամանակներից մինչև 1895 թվականը՝ պաշտոնական կանոնների հաստատումը, գնդակները պատրաստում էին ցանկացած նյութից և տարբեր չափերի։ 19-րդ դարից սկսած՝ լավագույնը համարվեց բակաուտից՝ բացառիկ օգտակար և ամուր բնափայտից պատրաստված գնդակը[2]։ Յուրահատուկ հատկանիշների շնորհիվ բակաուտը սկսեցին անվանել «lignum vitae» (կյանքի ծառ), «palo santo» (սուրբ ծառ), «greenheart» (կանաչ սիրտ)։ Բնականաբար, այդպիսի թանկարժեք փայտից պատրաստված գնդակի գինը համապատասխանում էր նյութի բացառիկությանը։

 
Պրոֆեսիոնալ գնդակների կառուցվածքը

1905 թվականին ի հայտ եկավ թանկարժեք բակաուտին փոխարինող առաջին ընդունելի նյութը՝ բնական ռետինը (Evertrue): 1911 թվականին այն փոխարինվեց ավելի մատչելի ռետինե սինթետիկայով (Mineralite), որը որպես բոուլինգի գնդակի պատրաստման հիմնական նյութ՝ օգտագործվեց մինչև 1970-ական թվականները՝ սինթետիկ պոլիմերների դարաշրջանը[6][15]։

 
Գնդակի նետման տեխնիկա

Պրոֆեսիոնալ գնդակները տարբերվում են վարձութային գնդակներից (որոնք օգտագործվում են բոուլինգի կենտրոններում) ոչ միայն նյութով, այլև կառուցվածքով։ Պրոֆեսիոնալ գնդակների պարագայում մատների համար նախատեսված անցքերն այնպես են դասավորվում, որ միջնամատը և մատնեմատը մտնեն գնդակի մեջ միայն առաջին ֆալանգով։

Գնդակի զանգվածը ֆունտով (1 ֆունտը հավասար է 453.6 գրամ) նշվում է մակերևույթի վրա։ Ամենաթեթև գնդակը՝ 6-ը, կշռում է 2,7 կիլոգրամ, իսկ ամենածանրը՝ 16 համարը՝ 7,3 կիլոգրամ։ Որպես կանոն, բոուլինգի կենտրոններում նույն զանգվածն ունեցող գնդակները լինում են միևնույն գույնի։ Գնդակի տրամագիծը պետք է լինի մինչև 8.5-8.595 դյույմ, այսինքն՝ 21.59-21.83 սմ։

Բոուլինգի տեսակներ (թենփին) խմբագրել

Ոչ պրոֆեսիոնալների միջավայրում թենփին-բոուլինգ խաղալիս[16] կարելի է շեղվել հիմնական կանոններից՝ կիրառելով խաղը զվարճալի և հետաքրքիր դարձնող կանոններ[5]

  1. «Լոու բոլ» (Low Boll), խնդիրը՝ միևնույն թվով ֆրեյմների և մոտեցումների դեպքում հավաքել հնարավորինս քիչ միավորներ։ Սթրայքը և սփերը հաշվում են սովորականի նման։
  2. «Բայրութ բոուլինգ» (Byroute Bowling), խմբային խաղ է երկու ուղիներով։ Խնդիրը՝ թիմի յուրաքանչյուր խաղացող պետք է հնարավորինս արագ սթրայք անի։ Մոտեցումների քանակը սահմանափակ չէ։
  3. «3-6-9», սովորական խաղի նման է, միայն 3, 6 և 9 ֆրեյմներում նախապես համարվում է սթրայք։
  4. «Լայթ սթրայք» (Light Strike), սովորական խաղի նման է, միայն սթրայք է համարվում նաև 9 (տարբերակ 8) կեգլին, սփլիթը առանց գլխավոր կեգլիի (№ 1) դիտարկվում է որպես սփեր։
  5. «21», սովորական խաղի նման է, սակայն խաղի համար խաղացողը պետք է ընտրի ֆրեյմ, որպեսզի մոտենա երրորդ անգամ։ Դա կարող է լինել ցանկացած ֆրեյմ, բացի տասներորդից, ընդ որում, խաղացողը պարտավոր է օգտագործել լրացուցիչ մոտեցում։
  6. «Բեյքեր» (Baker), երկու ուղով 5-ական մասնակիցներով թիմերի խաղ է։ Առաջին խաղացողները մոտենում են 1 և 5 ֆրեյմներում, երկրորդները՝ 2 և 6, և այդպես շարունակ։ Եթե որևէ թիմում կա 5-ից ավելի կամ պակաս մասնակից, որոշ խաղացողներ խաղում են ավելի շատ կամ քիչ։
  7. «Շոտլանդական զույգ», խաղում է երկու խաղացող մեկ ուղով, ընդ որում, առաջին խաղացողը մոտենում է միայն ֆրեյմի առաջին հարվածին, երկրորդը՝ երկրորդին։ Մեկ ամբողջական խաղից հետո հաջորդականությունը փոխվում է։

Բոուլինգը կինոարվեստում խմբագրել

  • «Տղամարդուն չի կարելի բռնաբարել» (ռուս.՝ Мужчину нельзя изнасиловать, 1978), ֆին ռեժիսոր Յորն Դոնների դրաման` բոուլինգ խաղացողի կողմից բռնաբարված կնոջ մասին[17]։
  • «Ագահություն» (ռուս.՝ Жадность, 1994), Ջոնաթան Լինի կատակերգությունը պրոֆեսիոնալ բոուլինգ խաղացողի մասին, որը ցանկանում է բոուլինգ ակումբ բացել։
  • «Պարագլուխ» (ռուս.՝ Заводила, 1996), Ֆարելլի եղբայրների կատակերգությունը բոուլինգ խաղացողների մասին։
  • «Մեծ Լեբովսկի» (ռուս.՝ Большой Лебовски, 1998), Կոեն եղբայրների ֆիլմը։
  • «Սերը մեծ քաղաքում 3» (ռուս.՝ Любовь в большом городе 3, 2013), Մարյուս Վայսբերգի կատակերգությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրեյմ (անգլ.՝ frame  - ինչ-որ բանի խումբ, որը կազմում է ինչճոր բանի հիմքը), բոուլինգում այդպես է կոչվում խաղացողի մոտեցումը ուղուն՝ գնդակը երկու անգամ նետելու իրավունքով, սովորաբար խաղն ունենում է մինչև 10 ֆրեյմ
  2. 2,0 2,1 2,2 Bowling // Энциклопедия Британника (11-е издание) / Chisholm, Hugh, ed.. — 11th ed.. — New York: Encyclopædia Britannica, Inc, 1911. — Vol. IV, BISHĀRĪN to CALGARY. — P. 344. — 1004 p.
  3. Белых, Антон Кегельбум // Московский бизнес-журнал : Журнал. — 2007. — № 6. — С. 14-20. — ISSN 1819-267Х.
  4. «World Bowling. Official site — электронный ресурс (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Белякова, Ольга Энциклопедия игр. — М: АСТ: Астрель, 2012. — 352 с. — ISBN 978-5-271-28022-1
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hall, Loretta. «Bowling Ball – Background, History, Structural Evolution» (անգլերեն). madehow.com — электронный ресурс. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hunsinger, Earl (2008 թ․ ապրիլի 4). «Bowling – The Sport of Kings and Working Men». Bowling (անգլերեն). Buzzle.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Mag.com Staff (March 26, 2008.). ««The Jordan of … Bowling»» (անգլերեն). ESPN the Magazine. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  9. BBC Staff (ապրիլի 11, 2002.). ««Tenpin bowling schools championships»». Newsround (անգլերեն). BBC. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  10. 10,0 10,1 Mag.com Staff (March 26, 2008.). ««History of Bowling in the US»». Online Exhibits (անգլերեն). The Internatianal Bowling Museum & Hall of Fame. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  11. Pluckhahn, Bruce; «Bowling Games People Play». Bowler’s Journal magazine, December 1988 issue, pg. 121.
  12. Bowling pin setting machine pin changing mechanism — United States Patent 2711318
  13. Electronic scoring system for bowling establishments
  14. 14,0 14,1 14,2 14,3 Об утверждении правил вида спорта «Боулинг», Министерство спорта Российской Федерации, Приказ от 2 сентября 2014 г. № 742.
  15. Bowling Ball Coverstock Classifications(անգլ.)
  16. Комплектом из 10 кеглей
  17. Решив отомстить насильнику, она даже стала ходить в боулинг-клуб, где он тренировался, и брать уроки игры в боулинг.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոուլինգ» հոդվածին։