Բոգդան Հակոբի Վերդյան (սեպտեմբերի 20, 1919(1919-09-20), Բեգում Սարով - 1992, Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրող։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1973 թվականից)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Բոգդան Վերդյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1919(1919-09-20)
ԾննդավայրԲեգում Սարով
Վախճանվել է1992
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Բոգդան Վերդյանը ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Միր Բաշիրի շրջանի Բեգում Սարով գյուղում 1919 թվականի սեպտեմբերի 20-ին։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որտեղ և դասախոսել է 1948 թվականից, եղել է ֆակուլտետի դեկան (1964 թ. և 1978 թ.), պրոռեկտոր (1965—1969), 1973 թվականից՝ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր։ Վերդյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել 1943 թվականին։ 1943—1944 թվականներին ուսուցչություն է արել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում։ 1944 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1952 թվականին «Ձևաբանության հարցերը Մանուկ Աբեղյանի քերականական համակարգում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1970 թվականին «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Բոգդան Վերդյանը մահացել է 1992 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում 73 տարեկան հասակում։

Ստեղծագործությունը խմբագրել

Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951) և ետպատերազմյան տարիների աշխատավոր մարդու ներաշխարհն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» (1957) վեպերը։ Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է «Լեռների որդին» (1962) վեպը։ Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1915—1920 թթ. և ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կյանքն ու գործը 1915—1921 թվականներին՝ ընդհուպ մինչև երիտթուրքական պարագլուխ, մեծ ոճրագործ Թալեաթի սպանությունն ու Բեռլինյան դատավարությունը։ Վերդյանն իր եռերգության առաջին («Այրվող ալիքներ», 1977) և երկրորդ («Երկխոսություն», 1980) գրքերում պատկերել է հայ ժողովրդի ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի («այրվող ալիքների») ձգտումը դեպի Սովետական Հայաստան։ Ուսանողության կյանքը, նոր մարդու ձևավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» (1975) վիպակում։ Վերդյանը հեղինակ է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970) մենագրության և լեզվաբանական այլ աշխատությունների։ Ռուսերեն լույս է տեսել Վերդյանի «Լեռների որդին» (Մոսկվա, 1965) գիրքը։

Երկեր խմբագրել

  • Քեզ համար, Լենինգրադ, Երևան, 1951, 392 էջ։
  • Ինչպես է գալիս երջանկությունը, Երևան, 1958, 419 էջ։
  • Լեռների որդին, Երևան, 1962, 472 էջ։
  • Ծաղիկներս մնացին հեռվում, Երևան, 1969, 460 էջ։
  • Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970, 376 էջ։
  • Երրորդ կուրսը, Երևան, 1975, 164 էջ։
  • Այրվող ալիքներ, Երևան, 1977, 415 էջ։
  • Երկխոսություն, Երևան, 1980, 432 էջ։
  • Արտակարգ դեսպաններ, Երևան, 1985, 416 էջ։
  • Ծաղիկներս մնացին հեռվում, Երևան, 1990, 416 էջ։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399