Բնորդուհին (Արվեստանոցում)

Էդուարդ Իսաբեկյանի կտավը

Բնորդուհին (Արվեստանոցում), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում։

Picto infobox artiste.png
Բնորդուհին
Model 1985.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1985
բարձրություն146,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն97,5 ± 0,1 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
հավաքածուԷդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Բնորդուհին (Արվեստանոցում)
Ծանոթագրություններ

ՊատմությունԽմբագրել

Նկարչի աշխատասենյակի ինտերիերն է, սեղանին հենված բնորդուհու կիսամերկ պատկերով։ Արվեստանոցի կիսամթում երևում են պատի գեղանկարները, որոնցից ամենախոշորը հետաքրքիր կոմպոզիցիոն-գունային լրացում է։ Ընթերցվում են կերպարային ձևերի դինամիկան, հեծյալի ու կիսամերկ կանացի ֆիգուրի իմաստա-բովանդակային կապը, որ գեղանկարչական հախուռն պլաստիկայով հիշեցնում է «Առևանգումների» շարքը։ Գունային գամման երանգավորումների խլացված հնչեղությամբ, շրջանակի, համատարած «կետաբծային» մշակումով, պատի, առարկայական թվարկման հետ միասնական ամբողջություն է կազմում, ընդգծում ստեղծագործական մթնոլորտը, առարկաների տրամաբանված, խնամքով դասավորվածությունը (սեղանի, աթոռակի և այլն)։ Զարմանալի խաղաղություն է տիրում շուրջը։ Ստվերների ընդհանուր աղոտության շնորհիվ նկարիչը կարծես ցուցադրում է գեղանկարչական պատկերային հնարավորությունը, գունա-երանգային հարուստ շերտերի թեթևությամբ մասնակիորեն հաղորդակից դարձնում դիտողին արվեստագետի ստեղծագործման սրբազան վայրին, կեցության և աշխատանքային գաղտնարանին։ Հաղորդակցությունն աննշան է, հազիվ շոշափելի, առավել մոտ զգայական ընկալողականությանը։

Արվեստագետի կիրառած ինտերիերի պատկերային մեթոդն առաջին հերթին ուղղված է կնոջ կերպարի բացահայտմանը։ Իսաբեկյանի ընտրած մոդելն ունի դիմահայաց դիրք, անկաշկանդ հարմարավետ կեցվածքի ատրիբուտներ, ինչպես օրինակ ներքևում խաչաձև ոտքի անմիջականությունը, սեղանին հենված աջ ձեռքը, հագի խալաթաձև երկար շապիկը։ Արտասովոր արտիստականությամբ է աչքի ընկնում իսաբեկյանական տեսունակությունը։ Առարկայական ձևերի, կնոջ կերպարի գունա-ֆակտուրային առանձնահատկությունները խորհրդավորություն են հաղորդում իրականին, յուրահատուկ դարձնում առօրեականը, հուզական ու «նոր», անկրկնելի հմայք հաղորդում ստեղծագործությանը։

Այստեղ իսաբեկյանական վրձինը հագեցնում է օդային միջավայրը խավարամշուշի պատրանքա-զգայականությամբ (ինչպես հատկապես «Պատասխան Հազկերտին կտավում»)։ Հուզականության աննախադեպ օրինակ է կանացի մերկության այս մեկնաբանումը։ Լուսա-ստվերային ամենահարուստ խաղով նկարիչը պատկերում է զգայական թրթիռ, մաշկի տաք ու սառը ողորկության շոշափելիությունը, ստեղծում նյութական-իրականի տպավորություն, ձևա- ծավալային շքեղությունը լուսավորում ու սքողում գեղանկարի զգայական պլաստիկայով։ Խորհրդավոր լույսի ջերմ տաքությամբ ու արխայիկ ժպիտով մեզ է «նայում» ուռուցիկ դիմակի կիսադեմը, հեղինակային քմահաճույքի՝ իմաստա- հոգեբանական առիթ, ուղղված դիտողի խոհին, երևակայությանը կամ որպես ակնարկ (ինչպես հայելին Վելասկեսի «Վեներայում», ձեռքերը կապված արտասվող ամուրը Ռեմբրանդտի «Դանայայում», սև կատուն Մանեի «Օլիմպիայում» և այլն)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել