Բնակչության աշխարհագրություն

Բնակչության աշխարհագրություն, տնտեսական աշխարհագրության ճյուղ, որն ուսումնասիրում է բնակչության և բնակավայրերի կազմն ու տեղաբաշխումը։ Հետազոտում է տարբեր տարածքներում բնակչության ձևավորումը, կառուցվածքը, խտությունն ու կոնկրետ կուտակումները (քաղաքներ ու գյուղական բնակավայրեր), տարաբնակեցման տվյալ ձևերը որոշող պայմանները, ինչպես նաև բնակավայրերի աշխարհագրական առանձնահատկությունները։ Մարդիկ ոչ միայն արտադրության մասնակիցներ են, նյութական բարիքների ստեղծողներ, այլև՝ դրանց սպառողներ։ Բնակչության ուրույն տեղը տնտեսական աշխարհագրության համակարգում որոշվում է նրանով, որ բնակչությունը և՝ որպես արտադրողական ուժ, և՝ որպես սպառողների միագումար կապված է տնտեսության բոլոր ճյուղերի հետ, մասնակցում է տնտեսական աշխարհագրության ուսումնասիրած բոլոր երևույթներին ու պրոցեսներին, և նրա ուսումնասիրությունը որոշ չափով սինթետիկ՝ համատնտեսաաշխարհագրական նշանակություն ունի։ Բնակչության հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում են նաև բնակչության վերարտադրության և տեղաշարժերի որոշ հարցերը, որոնք ամբողջությամբ վերցրած հետազոտվում են ժողովրդագրության կողմից։ Բնակչության աշխարհագրւթյունը ելնում է հասարակության զարգացման ընդհանուր օրենքներից՝ իր հերթին սահմանելով յուրահատուկ օրինաչափություններ, որոնք որոշում են բնակչության և նրա տարածքային տեղաբաշխման առանձնահատկությունները, հենվում է վիճակագրության տվյալների վրա։ Կարևոր տեղ է հատկացվում բնակավայրերի դասակարգմանն ու տիպիզացիային։ Պլանային սոցիալիստական տնտեսության մեջ Բնակչության գործնական խնդիրներից են աշխատանքային ռեսուրսների քանակական ու որակական գնահատումը և տարաբնակեցման առավել ռացիոնալ ձևերի որոնումը։ Բնակչության աշխարհագրությանը սերտորեն հարում և հաճախ նրա հետ միահյուսվում են ազգագրության, աշխատանքի էկոնոմիկայի, շրջանային հատակագծման գծով կատարվող հետազոտությունները։ Կարևոր նշանակություն ունի բնակչության քարտեզներ կազմելու մեթոդների մշակումը։ Բուրժուական գրականության մեջ բնակչության հարցերի լուսաբանումը մեծ մասամբ կրում է աշխարհագրական դետերմինիզմի կամ բիոլոգիզմի կոնցեպցիաների ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 493