Բնակավայրերի կանաչ տնկարկներ

Բնակավայրերի կանաչ տնկարկներ, գեղազարդիչ ծառատեսակների, թփերի և խոտաբույսերի օգտագործմամբ կանաչապատ տարածքներ, որոնք նպաստում են բնակչության էկոլոգիական, միկրոկլիմայական և սանիտարահիգիենային պայմանների բարելավմանը։

Բնակավայրերի կանաչ տնկարկների առկայությունը և դրանց տեղադրման բնույթը խիստ կարևոր են բնակավայրերի գործառնական գոտիավորման, տրանսպորտային և հետիոտն ուղիների համակարգի, ճարտարագիտական հաղորդակցուղիների, մշակութային լանդշաֆտի ձևավորման համար։ Կանաչապատ տարածքներում օդի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան բաց տեղանքներում, քամու արագությունը մոտ 3 անգամ փոքր է և օդի հարաբերական խոնավությունը զգալիորեն բարձր։

Բնակավայրերի կանաչ տնկարկներն ունեն ծխա-, գազա-, փոշե- և աղմկապաշտպան նշանակություն։

Դասակարգում խմբագրել

Բնակավայրերի կանաչ տնկարկները ըստ գործառնական նշանակության ստորաբաժանվում են 3 խմբի.

  1. ընդհանուր օգտագործման (քաղաքային, մշակութային և հանգստի զբոսայգիներ, պուրակներ և այլն),
  2. սահմանափակ օգտագործման (բնակեցված, ուսումնական, մանկական, հասարակական, սպորտային, առողջապահական, արտադրական հաստատությունների տարածքներ),
  3. հատուկ նշանակության (ճանապարհների և փողոցների, ջրապաշտպանական, հողմապաշտպանական, հակաէրոզային, սանիտարապաշտպանական և պահպանական գոտիների, բուսաբանական և կենդանաբանական այգիների և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։