Բյույուքդերե պողոտա (թուրքերեն՝ Büyükdere Caddesi), խոշոր պողոտա Ստամբուլի եվրոպական հատվածում, որն անցնում է Շիշլի (Էսենթեփե թաղամաս), Բեշիքթաշ (Լևենթ թաղամաս) և Սարըյեր (Մասլաք թաղամաս) շրջաններով։ Պողոտան սկսվում է Շիշլիի մզկիթի մոտից և շարժվում է դեպի արևելք, որտեղ հատվում է O-1 ավտոմայրուղու հետ։ Այնուհետև պողոտան անցնում է Մեջիդիեքյոյի և Էսենթեփեի միջով, որտեղ հասնելով Զինջիրլիքույու թաղամաս, միանում է Բարբարոս բուլվարին և շարժվելով դեպի հյուսիս, հասնում Լևենթ և Մասլաք։ Պողոտան վերջանում է Սարըյեր շրջանի Հաջըօսման թաղամասի մոտ։ Պողոտայի ընսհանուր երկարությունը 14 կիլոմետր է (8,7 մղոն)։ Զինջիրլիքույույից Մասլաք հատվածում, պողոտան ձևավորում է Քյաղըթհանե և Բեշիքթաշ շրջանների սահմանագիծը, որտեղ Քյաղըթհանեն ընկնում է դեպի արևելք, իսկ Բեշիքթաշը՝ արևմուտք։ Պողոտան իր անվանումն ստացել է Սարըյեր շրջանի Բյույուքդերե թաղամասի անվանումից։

Քարտեզ
Բյույուքդերե պողոտան Լևենթ թաղամասի խճուղու հատվածում։ Ձախում հատվում է O-2 ավտոմայրուղին։
Բյույուքդերե պողոտան Մասլաքում:

Ստամբուլի մետրոյի M2 գիծը (Ենիքափը-Հաջըօսման) անցնում է պողոտային զուգահեռ և Շիշլիից ձգվում Հաջըօսման։ Մետրոյի գիծը բաղկացած է մետրոյի 9 կայարաններից։ Վերջին տարիներին պողոտայի երկայնքով կառուցվել են մի շարք բանկերի կենտրոնակայաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, էլիտար հյուրանոցներ և երկնաքերեր՝ դարձնելով այն ֆինանսական, բիզնես և սոցիալական կարևոր կենտրոն։

Պողոտայի երկայնքով կառուցված երկնաքերերի թվում են Diamond of Istanbul-ը, Sapphire Tower-ը, Isbank Tower 1-ը, Sabancı Center-ը, Kanyon Towers-ը, Finansbank Tower-ը և այլն։ Պողոտայի վրա են գտնվում նաև Zorlu Center, Kanyon Shopping Mall, MetroCity AVM և Özdilek Park առևտրի կենտրոնները։

Կրթական հաստատություններից պողոտայի վրա են գտնվում Հալիչ համալսարանը, Ճարտարապետության բարձրագույն դպրոցը, Ստամբուլի տեխնիկական համալսարանի Մասլաքի կամպուսը, Իշըք համալսարանը և Յըլդըզ տեխնիկական համալսարանի վարժարանը։

Պողոտայի վրա են գտնվում նաև Մեջիդիեքյոյի իտալա-հրեական և Զինջիրլիքույու գերեզմանատները[1]։

2003 թվականի նոյեմբերի 20-ին «HSBC Bank Turkey» բանկի գլխամասի մոտ, որը գտնվում էր Բյույուքդերե պողոտայի վրա, «Ալ-Կաիդայի» մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի արդյունքում զոհվել և վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ[2]։ Շուրջ 10 ժամ ահաբեկչության պատճառով պողոտան փակ է եղել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Onur Demirbaş (2014 թ․ օգոստոսի 25). «Ne kendi tarihimizi, ne de dünya tarihini koruyabiliyoruz». Hürriyet (Turkish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Powerful blasts kill at least 27 in Istanbul». CNN. 2003 թ․ նոյեմբերի 21.
  3. «Büyükdere Caddesi tek yönlü açıldı». Hürriyet (Turkish). 2003 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)