Բյուզանդական և նախաբյուզանդական սրբապատկերների թանգարան

Բյուզանդական և նախաբյուզանդական սրբապատկերների թանգարան, թանգարան Վենետիկում, որը գտնվում է հույն ուղղափառ Սուրբ Գրիգոր եկեղեցու և բյուզանդական և նախաբյուզանդական հետազոտությունների ինստիտուտի հարևանությամբ, նախկին Ֆլանգինիս դպրոցի շենքում։

Սուրբ Գրիգոր հունակամ եկեղեցին
Եկեղեցին և հետազոտական ինստիտուտի շենքը

Պատմություն խմբագրել

Թանգարանը տեղավորված է 17-րդ դարում կառուցված հունական համայնքի շենքի (Scoletta di San Nicolò) առաջին հարկում։ Շենքը նախագծել է Բալտասարե Լոնգենան։ 1678 թվականից մինչև 20-րդ դարի սկիզբը այստեղ գործել է կարիքավոր հույների համար նախատեսված հիվանդանոց։ 1959 թվականին Վենետիկի «բյուզանդական և նախաբյուզանդական հետազոտությունների» հունական ինստիտուտը այստեղ բացեց Բյուզանդական և նախաբյուզանդական սրբապատկերների թանգարան, որի ցուցանմուշներն ամբողջովին նորացվեցին 1999 թվականին։ Թանգարանում ցուցադրվում են մեծ թվով ձեռագիր մատյանների սրբապատկերներ և ոսկեհյուս ձեռագրեր, որոնք պատկանել են Ֆիլադելֆիայի նախկին արքեպիսկոպոսներին, ինչպես նաև մեծ պատմական եւ գեղարվեստական արժեք ունեցող սպասք։ Հավաքածուն կազմվել է հույն համայնքի անդամների և ուղղափառ եկեղեցու այլ անդամների նվիրատվություններից, շատ սրբապատկերներ Վենետիկ են բերել թուրքերի կողմից օկուպացված տարածքներից հալածված հույն փախստականները, որոշ սրբապատկերներ էլ նկարազարդվել են Վենետիկի հույն նկարիչ-վարպետների կողմից։ Հատուկ ուշադրություն են գրավում այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Միխայիլ Դամասկինը, Գեորգիոա Կլոնձասը, Էմանուիլ Լոմբարդոսը, Թեոդորոս Փուլակիսը և Էմանուիլ Ցանեսը։ Սրբապատկերների մեջ կան Կրիտյան դպրոցին պատկանող աշխատանքներ, Կոստանդնուպոլսի Պալեոլոգյան դարաշրջանի գործեր, ինչպես, օրինակ, «Տիրամայրը մանկան հետ», «Առաքյալներն ու սրբերը», «Քրիստոս Պանտոկրատոր» սրբապատկերը, որը Կոստանդնուպոլսից բերել և համայնքին է հանձնել Աննա Նոտարան՝ Բյուզանդական կայսրության վերջին տիրակալ Ղուկաս Նոտարասի դուստրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Hellenic Institute :: museum of icons». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդական և նախաբյուզանդական սրբապատկերների թանգարան» հոդվածին։