Բլենոռեա
Բլենոռեա (հին հունարեն՝ βλέννος՝ լորձ, ῥέω՝ հոսում եմ), աչքի լորձաթաղանթի (շաղկապենու) վարակիչ հիվանդություն, բնորոշ է առատ արտադրությունը։ Հարուցիչը հիմնականում գոնոկոկերն են։ Բլենոռեայի ժամանակ կոպերն այտուցվում, պնդանում և կարմրում են, իսկ ուժեղ այտուցվելիս կոպի մաշկը գունատվում է։ Դեղին թարախային արտադրությունը, կուտակվելով կոպի տակ, ստորին կոպի եզրով թափվում է մաշկին։
Բլենոռեա | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան |
Տեսակներ
խմբագրելԼինում է նորածինների, մանկական և մեծահասակների բլենոռեա։ Նորածինները բլենոռեայով վարակվում են ծննդաբերության ժամանակ՝ գոնոռեայով հիվանդ մորից՝ սանհիգիենային կանոնները չպահպանելու դեպքում։ Մեծահասակները վարակվում են կեղտոտ ձեռքերի միջոցով։ Սկզբում ախտահարվում է 1 աչքի լորձաթաղանթը։ Աչքի լորձաթաղանթի բորբոքման ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել ակնաբույժի։ Ժամանակին բուժելիս երեխաներն առողջանում են 3-5, մեծահասակները՝ 8-12 օրում, ընդ որում՝ բարդություններ հազվադեպ են լինում։ Չի կարելի վնասված աչքին վիրակապ դնել, որը կնպաստի վարակի հարուցչի տարածմանը։
Կանխարգելում
խմբագրելԿանխարգելումը պայքարն է մոր միզասեռական ուղիների գոնոռեայի դեմ։ Ծնվելուց անմիջապես հետո նորածինների երկու աչքերի կոպերին կաթեցնում են արծաթե նիտրատի (լյապիս) կամ պենիցիլլինի 2% լուծույթի մեկական կաթիլ, մեծահասակների համար՝ անձնական հիգիենայի կանոնների պահպանում։ Միակողմանի պրոցեսի դեպքում շատ կարևոր է երկրորդ աչքի հիվանդության կանխումը, որի համար առողջ աչքին դրվում է ժամացույցի ապակիով հերմետիկ կապիչ, որի եզրերը սոսնձված են կպչուն սոսնձով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 452)։ |