Բլեթչլի պարկ (անգլ.՝ Bletchley Park, հայտնի է նաև Station X անվամբ), առանձնատուն, որը գտնվում է Անգլիայի կենտրոնում՝ Բաքինհեմշիր կոմսության Բլեթչլի տեղանքում (Միլթոն-Քինս քաղաք)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բլեթչլի պարկում տեղակայված է եղել Մեծ Բրիտանիայի կոդավորման գլխավոր ստորաբաժանումը՝ Կոդերի և ծածկագրերի կառավարական դպրոցը (անգլ.՝ Government Code and Cypher School, GC&CS), որը հետագայում ստացել է Կառավարական կապի կենտրոն (անգլ.՝ Government Communications Headquarters, GCHQ) անվանումը։ Այստեղ ապակոդավորվել են Առանցքի ուժերի և նրանց դաշնակիցների ծածկագրերը և պլանավորվել «Ուլտրա» գործողությունը, որի նպատակը «Էնիգմա» համակարգի ծածկագրերի ապակոդավորումն էր[3]։

Բլեթչլի պարկ
Տեսակպատմական շենք-թանգարան, English country house?, ռազմական թանգարան, պուրակ, տեսարժան վայր և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՄիլթոն-Քինս
ՎայրԲլեթչլի
ՀասցեSherwood Drive, Milton Keynes, MK3 6EB[2]
Հիմնադրվել է1877
Կայքbletchleypark.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ներկայումս Բլեթչլի պարկի տարածքում տեղակայված է Համակարգիչների ազգային թանգարանը[4]։

Վաղ պատմություն

խմբագրել

Բլեթչլի պարկը գտնվում է Բլեթչլի երկաթուղային կայարանի հակադիր կողմում՝ Լոնդոնից 80 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Առաջին անգամ այդ հողատարածքը հիշատակվել է Ահեղ դատաստանագրքում՝ որպես Իթոնի կալվածք։ Այդ տարածքում 1711 թվականին Բրաուն Ուիլիսը կառուցել է առանձնատուն, սակայն այն բանից հետո, երբ Թոմաս Հարիսոնը 1793 թվականին գնել է հողատարածքը, առանձնատունը ապամոնտաժվել է։ Կալվածքը անվանվել է Բլեթչլի պարկ՝ 1877 թվականին Սամուել Լիպսկոմբ Սեքհամի կողմից գնվելուց հետո[5]։ 235 հեկտար տարածություն ունեցող հողատարածքը 1883 թվականին գնվել է սըր Հերբերտ Սամուել Լեոնի կողմից (անգլ.՝ Sir Herbert Samuel Leon): Նա, լինելով բավականին հաջողակ քաղաքական գործիչ, ոչ միայն ընդարձակեց առանձնատունը՝ կառույցի արտաքին և ներքին տեսքում համադրելով ճարտարապետական ոճերը, այլև առանձնատունը դարձրեց Բրիտանիայի ամենահայտնի վայրերից մեկը։

1938 թվականին առանձնատունը և հողատարածքի մեծ մասը գնվել է մի շինարարի կողմից, ով պլանավորում էր այստեղ կառուցել բնակելի համալիր։ Սակայն նույն տարվա մայիսին ծովակալ սըր Հյու Սինքլերը, ով ղեկավարում էր Գաղտնի հետախուզության ծառայությունը (SIS կամ MI6), գնել է առանձնատունը 23 հեկտար հողատարածքը 6000 ֆունտ ստերլինգով։ Նա սեփական փողերը օգտագործեց այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ չունի համապատասխան դրամական միջոցներ՝ այն գնելու համար[6]։

Այս կալվածքի հիմնական առավելությունը[7] եղել է Բլեթչլիի աշխարհագրական դիրքը։ Առանձնատունը գտնվել է Բլեթչլի երկաթուղային կայարանից ոչ շատ հեռու, որտեղ Օքսֆորդի և Քեմբրիջի երկաթգծերը հատվում են Արևմտյան ափի գլխավոր երկաթգծի հետ։ Վերջինս իրար է կապում Լոնդոնը, Բիրմինգհեմը, Մանչեսթերը, Լիվերպուլը, Գլազգոն և Էդինբուրգը։ Բացի այդ, մոտակայքով անցել է նաև Ուոլինգ սթրիթ ավտոմայրուղին, որը Լոնդոնը կապում էր Հյուսիս-արևմտյան Անգլիայի հետ (ներկայումս A5)։ Առանձնատնից 10 կիլոմետր հեռավորության վրա եղել է նաև հեռագրակայարան։

Նրանք, ովքեր աշխատում էին Բլեթչլիում, այն կոչել են «Բ.Պ.»[8]։ Պատերազմի ժամանակ կիրառվել են նաև «Կայարան X», «Ազդանշանների հետախուզման լոնդոնյան կենտրոն» և «Կառավարական հաղորդակցությունների կենտրոնակայան» անվանումները[9]։ Փոստային հասցեն, որը պետք է օգտագործեին անձնակազմի անդամները, եղել է «Սենյակ 47, Արտաքին գործերի նախարարություն»[10]։

Անձնակազմ

խմբագրել

Հրամանատար Ալիսթեր Դենիսթոնը (անգլ.՝ Alastair Denniston) 1919-1942 թվականներին եղել է GC & CS-ի օպերացիոն ղեկավարը։ Նա ղեկավարել է համակարգը՝ սկսած այն ժամանակվանից, երբ համակարգը գործում էր Ադմիրալության 40 հասցեում և MI1b ռազմական հաստատությունում[11]։ GC & CS-ի առանցքային ծածկավերծանողներից էին Ջոն Թիլթմանը, Դիլվին «Դիլլի» Նոքսը, Ջոշը Կուպերը և Նայջել դե Գրին, ովքեր Բլեթչլիի պարկ էին տեղափոխվել Լոնդոնից։ Այդ մարդիկ ունեցել են տարբեր մասնագիտություններ։ Նրանց մի մասը լեզվաբաններ էին, կային նաև շախմատի չեմպիոններ, իսկ Նոքսը եղել է պապիրուսագիտության մասնագետ։ Բրիտանական ռազմական գերատեսչությունը հավաքել էր խաչբառների լուծման չեմպիոններին, քանի որ այս մարդիկ ունեին ոչ ստանդարտ մտածողություն[12]։

Երբ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Դենիսթոնը Արտաքին գործերի նախարարություն նամակ գրեց՝ «պրոֆեսորների նման մարդկանց» հավաքագրելու համար[13]։ Զորահավաք սկսվեց, հիմնականում արական սեռի, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ուսանողների և դասախոսների շրջանում։ Կանայք հիմնականում ներգրավվեցին վարչական և տեխնիկական աշխատանքներում[14]։ «The Daily Telegraph» օրաթերթի 1941 թվականի համարներից մեկում առաջարկվել է կազմակերպել խաչբառ-մրցույթ, որից հետո մրցութականների մի մասին աշխատանք առաջարկեցին Բլեթչլի պարկում[15]։

Սակայն Դենիսթոնը խոստովանել է, որ թշնամիների կողմից էլեկտրամեխանիկական ծածկագրային մեքենաների կիրառումը նշանակում էր, որ բրիտանական պաշտպանական և հետախուզական կառույցներին անհրաժեշտ են նաև պատրաստված մաթեմատիկոսներ։ Օքսֆորդի համալսարանից Փիթեր Շտերնը 1939 թվականի փետրվարին միացավ GC & CS-ի աշխատանքներին[16]։ Ալան Թյուրինգը[17] և Գորդոն Ուելչմանը[18] Քեմբրիջի համալսարան էին ընդունվել 1938 թվականին և Ջոն Ջեֆրիսի հետ միասին Բլեթչլի տեղափոխվեցին պատերազմ հայտարարելուց մեկ օր անց։ Ավելի ուշ, աշխատանքներին միացան նաև մաթեմատիկոսներ Դերեք Թաունթը[19], Ջեք Դոբրը, Բիլ Տուտը[20] և Մաքս Նյումանը, պատմաբան Հարրի Հինսլին և շախմատի չեմպիոններ Հյու Ալեքսանդերն ու Ստյուարտ Միլներ Բարրին[21]։ Ջոան Քլարկը, ով հետագայում եղել է 8-րդ բաժնի ղեկավարի տեղակալ, եղել է այն եզակի կանանցից մեկը, ով Բլեթչլի պարկում աշխատել է որպես ծածկավերծանող[22][23]։

«Բոֆինս և Դեբս» էկլեկտիկ կոլեկտիվը[24], որի անդամակցել են բարձրաշխարհիկ երիտասարդ կանայք, գիտնականներ և դեբյուտանտներ, ստիպել է GC & CS-ին իրեն գրանցել որպես «Գոլֆի, պանրի և շախմատի միություն»[25]։ 1941 թվականի սեպտեմբերին իր այցի ժամանակ Ուինսթոն Չերչիլը, ինչպես հաղորդվում է, Դենինսթոնի հետ զրույցի ժամանակ նշել է․ «Ես ասել եմ, որ աշխատակիցներ գտնելու համար Դուք քարը քարի վրա չթողնեք։ Բայց ես անգամ չեմ կասկածել, որ Դուք ինձ կհասկանայիք բառացիորեն»[26]։

Բրիտանական հատուկ ծառայությունների Inter-Service դպրոցի աշխատանքների մեկնարկից առաջ, որը ստեղծվել է Ջոն Թիլթմանի կողմից։ Սկզբնական շրջանում այն տեղակայված է եղել Բաքինգհեմում, այնուհետ տեղափոխվել է Բեդֆորդշիր, որտեղ դպրոցը առավել հայտնի է եղել «Լրտեսների դպրոց» անվամբ[27]։ Աշխատակիցները աշխատել են շաբաթական վեց օր՝ երեք հերթափոխներով (ժամը 16։00-ից մինչև կեսգիշեր, կեսգիշերից առավոտյան 08։00, որը աշխատողների ամենաչսիրած ժամն էր և առավոտյան 8-ից մինչև 16։00)։ Ընդորում, յուրաքանչյուր աշխատակից ունեցել է կես ժամ ընդմիջում։ Երրորդ շաբաթվա վերջին աշխատակիցը մեկնել է առավոտյան ժամը 08։00-ին և վերադարձել գիշերը չորսին, այդ իսկ պատճառով, վերջին օրվա ընթացքում աշխատակիցը աշխատել է 16 ժամ։ Ոչ մշտական և կայուն աշխատաժամանակը ազդում էր նրանց առողջության և սոցիալական կյանքի վրա, ինչպես նաև հարակից տների ամենօրյա կյանքի վրա, որտեղ բնակվում էին աշխատակիցների մեծ մասը։ Աշխատանքը եղել է հոգնեցուցիչ և պահանջել է բարձր կոնցենտրացիա։ Աշխատողները տարվա ընթացքում չորս անգամ ստացել են շաբաթական արձակուրդ, սակայն որոշ կանայք չեն դիմացել այդ ծանր գրաֆիկին և պահանջել ավելի երկար արձակուրդ[28]։ Որոշ աշխատակիցներ, ինչպես օրինակ ծովային ծածկանիշների բաժանմունքի փոստային փորձագետները և գերմաներենի մասնագետները աշխատել են ոչ լրիվ աշխատանքային օր։

1945 թվականի հունվարին, ծածկագրման գործընթացի թեժ պահերին, մոտ 10000 մարդ աշխատել է Բլեթչլիում և նրա հարակից կառույցներում[29]։ Նրանց երեք չորրորդը եղել են կանայք[29]։ Նրանցից շատերը եղել են միջին դասի ներկայացուցիչներ[30] և ունեցել են մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում գիտական աստիճան։ Կանանց թույլատրվել է աշխատել STEM ծրագրի շրջանակներում, քանի որ տղամարդիկ ուղարկվել էին ռազմաճակատ։ Նրանք իրականացրել են բարդ բացահայտումներ և ապածածկագրում, որոնք եղել են բացահայտիչ գործընթացների անբաժան մաս[31]։ Օրինակ, Էլեոնորա Իրլանդը աշխատել է Կոլոսսա տիպի համակարգիչների վրա[32]։

Դիլվին Քնոքսի բաժնում աշխատող կանանց երբեմն անվանել են «Դիլլիի աղջիկներ»[33]։ «Դիլլի աղջիկների» մեջ մտել են Ջիմ Փերին, Քլեր Հարդինգը, Ռեյչել Ռոնալդը և Էլիզաբեթ Գրեյնջերը։ Ջեյն Հյուզը մշակել է այն տեղեկատվությունը, որտեղ նշված էր «Բիսմարկի» խորտակման մասին։ Մավիս Լևերը, ով ամուսնացել էր մաթեմատիկոս և ապածածկագրող Քեյթ Բաթեյի հետ, խոշոր ներդրում է ունեցել իտալական ռազմածովային նավատորմի ուսումնասիրությունների գործընթացում։ Քեյթ Բաթեյը և Մարգարեթ Ռոքը ապածածկագրել են գերմանական Աբվերի կոդը[34][35][35]։ Նրանց աշխատանքը պաշտոնապես ճանաչվել է միայն 2009 թվականին[30]։

Բազմաթիվ կանայք ունեցել են օտար լեզուների աշխատանքային փորձ, հատկապես ֆրանսերենի և գերմաներենի։

Ռոզաննա Քոլչեսթերը եղել է թարգմանչուհի, ով 1942 թվականի ապրիլից մինչև 1945 թվականի հունվար ամիսը աշխատել է Բլեթչլիում՝ հիմնականում Իտալիայի օդային ուժերի բաժնում[36]։ Ինչպես Բլեթչլիի աշխատակիցների մեծ մասը, նա եղել է միջին դասի ներկայացուցիչ։ Նրա հայրը եղել է փոխմարշալ սըր Չարլզ Մեդհերսթը, ով եղել է Հռոմում բրիտանական դեսպանատան ատտաշե։ Մինչև Բլեթչլի ժամանելը, Քոլչեսթերը եղել է բարձրաշխարհիկ հասարակության անդամ։ Նա հանդիպել է Ադոլֆ Հիտլերի հետ, սիրախաղ ունեցել Բենիտո Մուսոլինիի հետ դեսպանատանը։ Այս մասին գրել է Սառա Ռեյնին։ Նա միացել է Պարկի գործունեությանը, որովհետև ցանկացել է պայքարել հանուն իր երկրի ազատության[37]։

Սիկելիա Մեյհյուն հավաքագրվել է 1944 թվականին՝ Օքսֆորդի Լեդի Մարգարեթ հոլ քոլեջն ավարտելուց հետո։ Նա աշխատել է 8-րդ բաժնում՝ թարգմանելով գերմանական նավատորմի ապակոդավորված ծանուցումները[38]։

Գերմանացի գիտնական Ռութ Բրիգսը աշխատել է ռազմածովային բաժանմունքում և համարվել լավագույն ծածկագրողներից մեկը[39]։ Նա ամուսնացել է Օլիվեր Չերչիլի հետ, ով աշխատում էր SOE-ում[40]։

Գաղտնիություն

խմբագրել

Ճիշտ օգտագործված «Էնիգմա» և «Լորենց» գերմանական ծածկագրերը փաստացի պետք է լինեին անմեկնելի, սակայն գերմանական ծածկագրային գործընթացներում և անձնակազմի շրջանում առկա դժգոհություններն ու բացթողումներն ստեղծեցին թերություններ, որոնք էլ նպաստեցին Բլեթչլիի առավել էֆեկտիվ աշխատանքի կազմակերպմանը։ Սակայն այդ բացթողումները կարելի էր վերացնել պարզ գործողությունների արդյունքում[41], և դրանք միանշանակորեն կիրագործվեին, եթե Գերմանիան որևէ խայծ ունենար Բլեթչլիի հաջողությունների վերաբերյալ։ Այդպիսով, Բլեթչլիից դուրս եկող փաստաթղթերը գտնվում էին «Ultra secret» գրիֆի ներքո, որն ավելի բարձր էր քան «Most Secret» գրիֆը[42]։

Բոլոր աշխատակիցները ստորագրել են «Պետական գաղտնիքի մասին» օրենքը (1939 թվական), իսկ 1942 թվականի անվտանգության զգուշացման թերթիկի մեջ նշված է, որ կարևոր է Բլեթչլիում գաղտնիության և զգուշավորության ապահովումը․ «Մի խոսեք խոհանոցում։ Մի խոսեք տրանսպորտի մեջ։ Մի խոսեք ճանապարհորդության ժամանակ։ Մի խոսեք Ձեր սեփական քարի հետ։ Զգույշ եղեք նույնիսկ Ձեր բաժանմունքում…»[43]։

Այդուհանդերձ, եղել են ինֆորմացիայի արտահոսքեր։ Ջոն Քոլվիլը, ով եղել է Ուինսթոն Չերչիլի անձնական քարտուղարի օգնականը, 1941 թվականի հուլիսի 31-ին իր օրագրում գրել է, որ թերթի սեփականատեր լորդ Քամրոզը հայտնաբերել է «Ultra secret» գրիֆով փաստաթղթեր և որ ինֆորմացիայի արտահոսքը «թե քանակապես և թե իրապես մեծանում է»[44]։ Անկասկած է, որ ամենամեծ խնդիրն այն է, որ Բլեթչլի պարկում աշխատել է Ջոն Քերնքրոսը, ով եղել է խորհրդային լրտես և Քեմբրիջյան հնգյակի անդամ։ Վերջինս գաղտնի նյութեր է ուղարկել Մոսկվա[45]։

Բլեթչլին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

խմբագրել
 
Station X-ի սարքավորումները
 
Bombe ապածածկագրման մեքենան

1918 թվականին հայտնաբերված «Էնիգմա» ծածկագրման մեքենան, որը նախատեսված էր բանկային գործողությունների անվտանգության ապահովման համար, արդյունքում օգտագործվել է վերմախտի կողմից՝ ռազմական կիրառման նպատակներով։ Առաջատար պետությունների հետախուզական մարմինները հաջողություն չեն արձանագրել՝ սարքավորման կոդերի ապածածկագրման գործընթացում։ Սակայն 1932 թվականին լեհ մասնագետներին հաջողվել է լուրջ հաջողություններ արձանագրել այս ուղղությամբ։ Այդուհանդերձ, ծածկագիրը փոխվում էր անընդհատ՝ էֆֆեկտիվորեն պաշտպանելով տեղեկատվությունը լեհական հատուկ ծառայություններից։ Այդ նպատակով, լեհ մասնագետներն իրենց փորձը կիսեցին բրիտանական և ֆրանսիական հատուկ ծառայությունների ծածկագիրների հետ։ Հիմնվելով այդ տվյալների վրա՝ բրիտանական հատուկ ծառայությունները սկսեցին «Ultra» նախագծի իրականացումը, որը հիմնական նպատակը, սկզբնական շրջանում, «Էնիգմայի» հաղորդագրությունների վերծանումն էր։

Ի շնորհիվ Ծածկագրերի բյուրոյի լեհ մասնագետների՝ Էնիգմայի հին տարբերակը վերծանվել է 1932 թվականին, որն իրականացվել է ծածկագրային ռումբ հատուկ մեխանիզմի օգնությամբ։ Ռումբը եղել է էլեկտրամեխանիկական սարքավորում, որի գործառույթը կայանում էր նրանում, որ հայտնաբերեր Էնիգմա մեքենայով փոխանցվող ծածկագրերը՝ գերմանական զորատեսակների տարբեր ստորաբաժանումներին[46][47][48]։ Սարքավորման նորարարական տարբերակը մշակվել է Ալան Թյուրինգի կողմից` Գորդոն Ուելչմանի անմիջական մասնակցությամբ և ներդրմամբ։ Մեքենան նախագծվել է Հարոլդ Դոք Քինի կողմից, որը աշխատում էր Tabulating Machine բրիտանական ընկերությունում։ Յուրաքանչյուր ռումբ ունեցել է 2,1 մետր բարձրություն և 2 ֆուտ լայնություն։ Ռումբերն ունեցել են մի քանի տոննա քաշ[49]։ Ի նպաստ հակառակորդի հարձակումից պաշտպանության[50]՝ ռումբերի մեծ մասը տեղակայված են եղել Ադստոկում, Վավենդոնում և Գայհերսթում[51][52]։

Առաջինը գաղտնազերծվել են Լյուֆտվաֆեի հաղորդագրությունները։ Գերմանական ռազմածովային նավատորմը ունեցել է օգտագործման առավ խիստ կանոնակարգ և որպեսզի դրանք գաղտնազերծվեն, անհրաժեշտ է կոդերի գրքերի կիրառում։ Երբ 1942 թվականի փետրվարին գերմանական ռազմածովային նավատորմը կիրառման ընդունեց Էնիգմա սարքավորումը՝ ատլանտյան ստորջրյա սուզանավերի հետ կապի համար։ Առաջին 10 ամիսներին ստացված հաղորդագրությունների վերծանումը անհնարին էր[53]։ Մասնագետները տեղակայված էին բազմաթիվ տնակներում, որոնք գտնվում էին Բլեթչլի պարկի տարածքում։ Տնակները տարբերվում էին թվերով։ Էնիգմայի հաղորդագրությունների ապածածկագրմամբ զբաղվել են 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ տնակներում։ Վեցերորդ տնակի թիմը զբաղվել է օդային և ցամաքային զորքերի հաղորդագրություններով։ Նրանց օգնել է երրորդ տնակի թիմը, որը կազմել է ապածածկագրված հաղորդագրություններից զեկույցներ։ 8-րդ և 4-րդ տնակներում ապածածկագրել են գերմանական նավատորմի հաղորդագրությունները։ Տնակներում տեղեկատվությունը ստացվել է գաղտնալսման Y-stations բազմավեկտոր կայանների միջոցով, որոնք տեղակայված են եղել Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս։ Նրանք զբաղվել են տվյալների հավաքագրմամբ, որոնք փոխանցվել են ռադիոալիքների միջոցով։ Այնուհետև այդ ալիքները ուղարկվել են հատուկ ստորաբաժանումներ, ինչպես օրինակ Բլեթչլի պարկ, մշակման և վերլուծության համար։ Ծածկագրված հաղորդագրությունները ընդունվել են այդ կայանների կողմից, ձայնագրվել և նամակի տեսքով ուղարկվել ապածածկագրման համար։ Ավելի ուշ, այդ հաղորդագրություններն ուղարկվել են հեռագրերի միջոցով։

Բլեթչլի պարկի ձեռքբերումների թվին կարելի է դասել «Colossus» տեսակի համակարգչի ստեղծումը, որը եղել է աշխարհի առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից մեկը։ Համակարգիչը նախագծվել և ստեղծվել է Թոմի Ֆլաուերսի և Դոլիս Հիլի փոստային բաժանմունքի նրա հետազոտական կայանի թիմի կողմից։ Նախատիպը, որը աշխատել է 1943 թվականի դեկտեմբերին, Բլեթչլի պարկ է բերվել հունվարին և առաջին անգամ գործարկվել 1944 թվականի փետրվարի 5-ին։ Ավելի ուշ, իրականացվել են Colossus-ի թարմացումներ մինչև Mark 2-ի մակարդակի։ Այս համակարգիչներից առաջինը Բլեթչլի պարկում աշխատել է հունիսի 1-ի առավոտյան, երբ Նորմանդիայում ափ էին իջեցվում զորքերը։ Պատերազմի ավարտին կիրառվել են 10 «Colossus»-ներ։

Բլեթչլի պարկի աշխատանքերի խոշոր արդյունքներից է Ատլանտիկայում գերմանական ստորջրյա սուզանավերի ճակատամարտում, ինչպես նաև Մատապանի հրվանդանի և Նորթ Քեյթփի ճակատամարտերում կրած հաղթանակները։ 1941 թվականին Ուլտրան մեծ ազդեցություն է ունեցել հյուսիսաֆրիկյան անապատային արշավանքի ժամանակ, որն իրականացվում էր գերմանական զորքերի դեմ։ Վերջինիս հրամանատարը եղել է գեներալ Էրվին Ռոմելը։ 1944 թվականին Նորմանդիայում զորքերի ափ հանումից առաջ դաշնակիցները չեն իմացել Գերմանիայի նավատորմի 50 նավերից միայն երկուսի տեղը։

Պատերազմից հետո

խմբագրել
 
Էնիգմա ֆիլմում կիրառված ստորջրյա սուզանավի մոդելը, որը հետագայում փոխանցվել է Բլեթչլի պարկի թանգարանին։
 
Bombe-ի վերանորոգումը

Գերմանիայի կապիտուլյացիայից հետո նվազեց կրիպտովերլուծական հզորության անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց Սառը պատերազմի ժամանակաշրջանը։ 1946 թվականին GCHQ-ը տեղափոխվեց Իսթքոթ, իսկ ավելի ուշ՝ 1950-ական թվականներին՝ Չելթնեմ։ Բլեթչլի պարկում մնաց կենտրոնական վերապատրաստման բազան, որն այնտեղ գործեց ընդհուպ մինչև 1987 թվականը։ Ուինսթոն Չերչիլի հրամանով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Բլեթչլի պարկի բոլոր հաջողությունների վկայությունները պետք է ոչնչացվեին, որպեսզի չընկնեին խորհրդային հետախուզության ձեռք։ Տասնյակ տարիներ անց նոր միայն Բլեթչլի պարկի հետ կապված փաստաթղթերի վրայից հանվեց գաղտնիության գրիֆը։

Պատերազմից հետո անձնակազմի թվաքանակը կրճատվել է։ Արդյունքում, վերականգնվեց սոցիալական կյանքը, բացվեցին դպրոցներ, եկեղեցիներ։ 1987 թվականին, 50 տարվա սերտ համագործակցությունից հետո, Բլեթչլի պարկը խզեց իր հարաբերությունները Բրիտանիայի հետախուզական ծառայությունների հետ։

1991 թվականին Բլեթչլի պարկը լքել են նախկինում այստեղ գործող բոլոր կազմակերպությունները։ Առանձնատունը և նրան հարակից տարածքները նախատեսվում էր ապամոնտաժել և մաքրել տարածքը նոր կառույցների համար։ Հնագիտական և պատմական միությունը հավաքեց կոմիտե, որը բաղկացած էր Բլեթչլի պարկում աշխատած վետերաններից՝ վերջին հրաժեշտի համար։ Այն տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 21-ին։ Կազմակերպիչներն այնքան ոգևորված էին վետերանների պատմություններով, որը հանգան այն եզարակցության, որ պետք է պահպանել Բլեթչլի պարկ և նրան հարակից կառույցները[54]։ 1992 թվականի փետրվարի 10-ին ամբողջ տարածքը հայտարարվել է պատմական հուշարձան, իսկ երեք օր անց՝ փետրվարի 13-ին ձևավորվել է Բլեթչլի պարկի տրեստը ապածած՝ կագրողների և վերծանող տեխնիկայի թանգարանի պահպանման համար։ Տրեստին անդամակցել են բազմաթիվ կամավորներ, իսկ 1994 թվականին Բլեթչլի պարկը ծառայում էր որպես թանգարան՝ յուրաքանչյուր հանգստյան օր[55]։ 2004 թվականին թանգարանը գործել է ամեն օր։ Սակայն պատերազմից ի վեր չվերանորոգված շենքերը փլուզման եզրին էին։ Այդ ժամանակվանից միայն խոշոր տարեկան նվիրատվություններն են, որ փրկում են Բլեթչլի պարկը փակվելուց[56]։ Ներկայումս տրեստի ղեկավարն է Յան Սթենդենը։ Տրեստի միջոցներով ստեղծվել են «Colossus»-ի և «Bombe»-ի կրկնօրինակներ[57][58]։

Կառույցներ

խմբագրել
 
Բլեթչլի պարկի հատակագիծը

Բլեթչլի պարկի տարածքում աշխատանքն իրականացվել է փայտ տնակներում, որոնք միմյանցից տարբերվում էին թվերով։ Տնակները կառուցվել են պատերազմի տարիներին՝ մասնագետների և սարքավորումների տեղակայման համար։ Բացի այդ, տնակների վրա գործունեության ուղղությունների կամ բաժանմունքների վահանակների փոխարեն (օրինակ նավատորմի, բանակի և օդային ուժերի հաղորդագրությունների վերծանման բաժանմունք) օգտագործվել են տնակների համարները։ Բաժանմունքների ընդլայնման հետ զուգընթաց տնակներից աշխատողները տեղափոխվել են ավելի մեծ աղյուսե տներ։ Ստորև ներկայացված են Բլեթչլի պարկի շրջակայքում գտնվող կառույցները[59]

 
Տնակ N 1-ը, որն առաջին կառուցված տնակն է Բլեթչլի պարկում։
 
Տնակ N 4
 
6-րդ տնակը 2004 թվականին
  • Առանձնատուն, կառուցվել է 1882 թվականին սըր Լեոնի կողմից։ 1938 թվականին անցել է GCCS-ի ենթակայության տակ։ 1939 թվականին ռադիոկայանը տեղակայված է եղել այն սենյակում, որը գտնվել է առանձնատան ջրամատակարարման աշտարակի տակ։ Ծխնելույզների միջոցով արբանյակները հասցվել են մոտակա բարձր ծառերին։ Այդ ռադիոկայանը կապ է ունեցել Եվրոպայում գործող բրիտանական դեսպանատների հետ։ Ռադիոկայանը ստացել էր հերթական 10-րդ համարը և համապատասխան Station X անվանումը, որը դարձել էր ողջ Բլեթչլի պարկի կոդային անվանումը։
  • Ավտոտնակ, ներկայումս այստեղ տեղակայված է Leighton Buzzard Model Boat Club-ը։
  • Ձիանոց, պատերազմի տարիներին ծառայել է որպես ավտոտնակ։ Ներկայումս, այնտեղ տեղակայված են հրդեհաշիջման սարքավորումները։
  • Տնակ N 1, կառուցվել է 1939 թվականին։
  • Տնակ N 2, հանգստյան ժամերի համար նախատեսված տնակ։
  • Տնակ N 3, այստեղ է կոտրվել Էնիգման, մշակվել են տվյալները, որոնք ստացվել են 6-րդ տնակից։ Այդ տնակների միջև փոխանցվել են բազմաթիվ թղթեր և որպեսզի այդ փոխանցումը իրականացվի անխախտ, կառուցվել է փայտե թունել, որն իրար է կապել տնակները։ Թղթերը թունելով փոխանցվել են փայտե ավելների միջոցով։
  • Տնակ N 4, ծովային հետախուզության բաժանմունքներից մեկը, որի ծավալները մեծացել էին այնքան, որ 1941 թվականին տեղափոխել են ավելի մեծ կառույցը։ Այստեղից 3-րդ տնակ է ուղարկվել գերմանական ռազմածովային ուժերին առնչվող տեղեկատվսւթյունը։ 1940 թվականին գերմանական ռմբակոծիչը, որը, հավանաբար, թիրախավորել էր երկաթուղային մոտակա կայարանը, մի քանի ռումբ գծեց Բլեթչլի պարկի տարածքում։ Ռումբերից մեկը, որը պայթել էր 4-րդ տնակի մոտ, ալիքի ազդեցությունից մեկ մետր առաջ ձգեց շինությունը։ Ընդորում, տնակի անձնակազմը և սարքավորումները չտուժեցին և շարունակեցին իրենց աշխատանքը[60]։
  • Տելեթայփի շենք, կառուցվել է 1942 թվականին՝ տելեթայփային գծերի աճող քանակի պահանջարկի պատճառով։ Այստեղ աշխատել են 350 հեռախոսավարներ։ 
  • Տնակ N 8, այստեղ ապածածկագրվել են Էնիգմայի հաղորդագրությունները, որոնք նախատեսված էին նավատորմերի համար, հատկապես սուզանավերի։ Այստեղ աշխատել է նաև Ալան Թյուրինգը։
  • Տնակ N 6, այստեղ 1940 թվականի մարտին տեղափոխվել են մասնագետներ, ովքեր զբաղվել են զորքերի և ռազմաօդային ուժերի հաղորդագրությունների ապածածկագրմամբ։ Տեղակայված է եղել 3-րդ տնակի հարևանությամբ։
  • Տնակ N 11, այստեղ տեղակայված է եղել Բոմբա տիպի առաջին մեքենան, որը ստեղծվել է 1940 թվականի օգոստոսին։ Ընդհանուր առմամբ, պատերազմի ժամանակ կառուցվել են 212 այդպիսի մեքենաներ, որոնք բոլորն էլ ոչնչացվել են։ Ներկայումս, այստեղ տեղադրված է Բոմբայի վերականգնված տարբերակը։
  • 1987 թվականին ապամոնտաժվել է Տնակ F-ը, որտեղ տեղակայված են եղել 10 Colossus տիպի մեքենաներ, որոնցից առաջինը տեղադրվել է 1943 թվականի վերջին։
  • Տնակ D, այստեղ են տեղափոխվել 3-րդ, 6-րդ և 8-րդ տնակների մասնագետները։ Դրանք շարունակել են կրել 3-րդ, 6-րդ և 8-րդ անվանումները՝ գործունեության բնույթը տարանջատելու համար։
  • Տնակ E, այստեղ ապածածկագրվել և փոխանցվել են բրիտանական հրամանատարությանը տրամադրվող տեղեկատվությունը։ Այդ նպատակով, դրանք նորից ծածկագրվել են TypeX մեքենայով, որը հիմնված էր գերմանական Էնիգմայի վրա և մեծապես հզորացված։ Գերմանացիներին այդպես էլ չի հաջողվել կոտրել այդ մեքենայի կոդերը։
  • Տնակ C, այստեղ տեղակայված է եղել Ինդեքսը՝ տեղեկատվության խոշոր պահոց, որտեղ տեղակայված էր Բլեթչլի պարկի բոլոր մասնագետների վերծանած տեղեկատվությունը։
  • Տնակ D, այստեղ վերահսկվել է Նորմանդական օպերացիայի հաջող իրականացումը։
  • Ֆոլքների տուն, այստեղ տեղակայված է վերականգնված Colossus տիպի մեքենան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. https://bletchleypark.org.uk/contact-us/
  3. Hinsley, Sir Harry (1996) [1993], The Influence of ULTRA in the Second World War, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին Transcript of a lecture given on Tuesday 19 October 1993 at Cambridge University
  4. «Bletchley Park Welcomes 2015'S 200,000th Visitor». Bletchley Park. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. Morrison, էջ. 89
  6. Morrison, էջեր. 102–103
  7. McKay 2010, էջ. 11 harvnb error: multiple targets (2×): CITEREFMcKay2010 (help)
  8. Briggs 2011, էջ. 1
  9. Aldrich 2010, էջ. 69
  10. Good, Jack, Enigma and Fish, էջ 154 in Hinsley & Stripp 1993, էջեր. 149–166
  11. Erskine & Smith 2011, էջ. 14
  12. «Could you have been a codebreaker at Bletchley Park?». Telegraph.co.uk. 2014 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  13. Budiansky 2000, էջ. 112
  14. Hill 2004, էջեր. 13
  15. McKay, Sinclair (2010 թ․ օգոստոսի 26), «Telegraph crossword: Cracking hobby won the day – The boffins of Bletchley cut their teeth on the Telegraph crossword», The Telegraph, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին, Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին
  16. Twinn 1993, էջ. 125
  17. Hodges, Andrew (1992), Alan Turing: The Enigma, London: Vintage Books, էջ 148, ISBN 978-0099116417
  18. Welchman 1997, էջ. 11
  19. Taunt, Derek, Hut 6: 1941-1945, էջ 101 in Hinsley & Stripp 1993, էջեր. 100–112
  20. Tutte, William T. (2006), My Work at Bletchley Park Appendix 4 in Copeland 2006, էջեր. 352
  21. Grey 2012, էջ. 133
  22. Burman, Annie. «Gendering decryption – decrypting gender The gender discourse of labour at Bletchley Park 1939–1945» (PDF). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Women Codebreakers». Bletchley Park Research. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  24. Hill 2004, էջեր. 62
  25. BBC News UK: Saving Bletchley for the nation, 1999 թ․ հունիսի 2, Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին
  26. Kahn1991, էջ. 185
  27. Smith 1999, էջեր. 79, 82
  28. McKay 2010, էջեր. 70, 102, 105 harvnb error: multiple targets (2×): CITEREFMcKay2010 (help)
  29. 29,0 29,1 tanya king says:. «Women Codebreakers». Bletchley Park Research. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. 30,0 30,1 «The extraordinary female codebreakers of Bletchley Park». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  31. «Project MUSE - When Computers Were Women». Muse.jhu.edu. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  32. Copeland, B. Jack; Bowen, Jonathan P.; Wilson, Robin; Sprevak, Mark (2017). «We were the world's first computer operators». The Turing Guide. Oxford University Press.
  33. McKay 2010, էջ. 14 harvnb error: multiple targets (2×): CITEREFMcKay2010 (help)
  34. Sebag-Montefiore, Hugh (2004). Enigma – The battle for the code. London: Cassell Military Paperbacks. էջ 129. ISBN 0-304-36662-5.
  35. 35,0 35,1 «The Abwehr Enigma Machine» (PDF). Bletchleypark.org.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  36. «Record Detail - Bletchley Park - Roll of Honour». Rollofhonour.bletchleypark.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  37. «The Telegraph, The extraordinary female codebreakers of Bletchley Park». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  38. «Lady Mayhew | Register | The Times & The Sunday Times». Thetimes.co.uk. 2016 թ․ հուլիսի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  39. Hinsley, Francis Harry (2001 թ․ հունվարի 1). Codebreakers: The Inside Story of Bletchley Park (անգլերեն). Oxford University Press. ISBN 9780192801326.
  40. «Women Codebreakers». Bletchley Park Research (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  41. Milner-Barry 1993, էջ. 92
  42. Hinsley & Stripp 1993, էջ. vii
  43. Hill 2004, էջեր. 128
  44. Colville, 1985, էջ 422
  45. Smith, 2015, էջեր 81—82
  46. Budiansky 2000, էջ. 195
  47. Sebag-Montefiore 2004, էջ. 375 harvnb error: multiple targets (2×): CITEREFSebag-Montefiore2004 (help)
  48. Carter, Frank (2004), From Bombe Stops to Enigma Keys (PDF), Bletchley Park Codes Centre, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 8-ին, Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին
  49. Ellsbury, Graham (1988), «2. Description of the Bombe», The Turing Bombe: What it was and how it worked, Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին
  50. «Outstations from the Park», Bletchley Park Jewels, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 13-ին, Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին
  51. Toms, Susan (2005), Enigma and the Eastcote connection, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին, Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին
  52. Welchman 1997, էջ. 141
  53. Smith 2006, էջ. 34
  54. «The Bletchley Park Site» (անգլերեն). Bletchley Park. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  55. «The formation of the Bletchley Park Trust» (անգլերեն). Bletchley Park. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  56. «Financial stability and investment» (անգլերեն). Bletchley Park. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  57. http://www.bletchleypark.org/content/hist/recent.rhtm Արխիվացված 2011-05-18 Wayback Machine Recent History
  58. «Bletchley Park today». School of Mathematical and Computer Sciences (անգլերեն). Heriot-Watt University. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  59. Tony Sale «Bletchley Park Tour», Tour 3.
  60. «Historic articles taken from the Bletchley Park Archives». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլեթչլի պարկ» հոդվածին։