Բիզնես գործընթացների վերակառուցում

Բիզնես պրոցեսների վերակառուցումը կազմակերպությունում կատարվող աշխատանքային պրոցեսների և իրականացվող աշխատանքային գործընթացների վերլուծությունն ու վերամշակումն է։

Համաձայն Դավենփորթի[1] բիզնես գործունեությունը տրամաբանորեն փոխկապակցված առաջադրանքների ամբողջություն է, որն ուղղված է կանխորոշված արդյունքի նվաճմանը։ Վերակառուցումը մենեջմենթի բնագավառում վերջերս տեղի ունեցած շատ նորամուծությունների հիմք է հանդիսացել։ Օրինակ միջֆունկցիոնալ աշխատախմբերը (cross-functional team) ձևավորվել են առանձին ֆունկցիոնալ առաջանդրանքներն ամբողջական միջֆունկցիոնալ պրոցեսում միավորելու ձգտումից։

Բիզնես պրոցեսների վերակառուցումը անվանում են նաև ԲՊ վերադիզայնավորում, բիզնես-տրանսֆորմացիա և բիզնես պրոցեսների փոփոխման մենեջմենթ։

Ընդհանուր ներկայացում խմբագրել

Բիզնես պրոցեսների վերակառուցումն առաջացել է որպես մասնավոր հատվածում կիրառվող գործիք, որը կազմակերպություններին իրենց գործունեության իրականացման մեխանիզմը հիմնովին վերանայելու հնարավորություն էր տալիս և այդպիսով հնարավոր դարձնում զգալիորեն բարելավել սպառողներին մատուցվող ծառայությունների որակը և նվազեցնել գործառնական ծախքերը։ Այդ ամենն, իր հերթին, հնարավորություն էր տալիս բարելավել կազմակերպության մրցունակությունը և ուղիներ հաստատել դեպի միջազգային շուկա։ ԲՊՎ գաղափարի ստեղծման և կենսունակության ամրացման համար առաջնային կարևորություն ուներ բարդ տեղեկատվական համակարգերի և ցանցերի շարունակական բարելավումն ու ներմուծումը բիզնես պրոցեսների բնագավառ։ Այսօրվա դրությամբ առաջատար կազմակերպությունները սկսում են աստիճանաբար մեծացնել իրենց ուշադրությունը ԲՊ վերակառուցման հանդեպ՝ ներկայում կիրառվող գործառնական ոճի բարելավումների փոխարենը գերադասելով ինովացիաների և արդիական տեխնոլոգիաների միջոցով կազմակերպության գործառնական մթնոլորտը բարելավումը[2]։

Վերակառուցումը որպես նախապայման է ընդունում այն, որ կազմակերպությունում ընթացող բիզնես պրոցեսները սովորաբար մասնատված են բազում ենթագործառույթների և առաջադրանքների, որոնց կատարմամբ զբաղվում են առանձին կազմակերպական մասնաճյուղեր և բաժանմունքներ։ Նման իրավիճակում հաճախ լինում է այնպես, որ բացակայում է մի հատուկ առանձին բաժանմունք, որն իր վրա կվերցներ այդ ենթաբաժինների գործունեության կոորդինացման և փոխարդյունավետ իրականացման խնդիրներն ու պատասխանատվությունը։ Վերակառուցման մոտեցումը կայանում է ողջ ֆունկցիոնալ համակարգի փոխակերպման մեջ՝ հաճախ հրաժարվելով կամ արմատականորեն ձևափոխելով որոշ առանձին վերցրած ենթահամակարգեր։ Նման մոտեցումը համարվում է արդարեցված, քանզի համարվում է, որ նույնիսկ եթե հնարավոր է իրականացնել առանձին ենթատարրերի կատարելագործում՝ դա միևնույնն է չի բերելու անհրաժեշտ ընդհանուր արդյունավետության աճի, և գրանցվող արդյունավետության աճը լինելու է համեմատաբար աննշան։ Իսկապես զգայուն բարեփոխումների հասնելու համար անպայման կարիք է լինելու զբաղվել համակարգի կառուցվածքային բնույթի վերանայմամբ և դրա վերլուծությամբ։

Վերակառուցման ենթարկվելու որոշումն ընդունելու դեպքում կազմակերպությունը պետք է վերանայի սեփական նպատակները և որոշի, թե դրանցից որն է հանդիսանում իր համար առաջնային; հաշվարկի իր սպառողների նպատակային խմբերը, և թե որքանով են սահմանված նպատակները խոսում նրանց շահերից։ Այս փուլում հաճախ կազմակերպության հիմնական նպատակը փոխելու կամ փոփոխելու անհրաժեշտություն է ծագում, հարկ է լինում ճշգրտել նաև դրան հասնելու համար մշակված ռազմավարությունն ու մարտավարական ծրագրերը, կամ համապատասխանեցնել դրանք համաձայն սպառողների վերագնահատված շահերին։ Միայն այս ամենի մասին հստակ պատկերացում ձևավորելուց հետո է հարկավոր անցնել գործնական քայլերի և ծավալել իրական վերակառուցողական գործունեություն։

Նման վերլուծություններից ստացված արդյունքների հաշվառմամբ վերակառուցումն ուղղվում է կազմակերպության բիզնես պրոցեսների բարելավմանը՝ ներառելով այն բոլոր գործառնական փուլերն ու ընթացակարգերը, որոնք կառավարում են ռեսուրսների վերաբաշխումն ու օգտագործումը՝ սպառողների և սպառողական շուկաների պահանջների բավարարմանն ուղղված պատրաստի ապրանքների կամ ծառայությունների պատրաստման համար։ Ընթացքում բիզնես պրոսեցը բաժանվում է բաղկացուցիչ տարրերի, որոնց համար մշակվում են նոր կառուցվածքային կապեր և հարաբերություններ։ Արդյունքում որոշ տարրեր և ենթատարրեր ենթարկվում են կատարելագործման, որոշներն էլ կարող են փոխարինվել նորերով կամ ընդհանրապես դուրս հանվել կազմակերպության համակարգից։

ԲՊՎ զարգացման պատմությունը խմբագրել

1990 թ.-ին՝ նախկինում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանի պրոֆեսոր Մայքլ Համերը (Michael Hammer), Harvard Business Review ամսագրում հրատարակեց մի հոդված, որում խոսում էր այն մասին, որ իրականում մենեջերների առջև դրված է արտադրական ցիկլից լրացուցիչ արժեք չստեղծող գործառնությունների վերացման խնդիրը, այլ ոչ այդ գործառնությունների ավտոմատացումը ժամանակակից տեխնոլոգիաների հաշվին[3]։ Հոդվածում խոսվում էր այն մասին, որ կառավարիչներն իրենց ուշադրությունը թյուր ուղղությամբ են շեղել և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործում են ներկայում ընթացող պրոցեսների ավտոմատացման համար, երբ իրականում դրանք հարկավոր է ուղղել արժեք չավելացնող գործառնությունների վերացմանը։

Նույն թվականին նրա մոտեցմանը համահունչ կարծիք ներկայացրեցին Թոմաս Հ. Դավենփորթը և Ջ. Շորթը մի աշխատության մեջ, որը լույս էր տեսել Sloan Management Review[4] ամսագրում[5]։

Կազմակերպության բիզնես պրոցեսների օբյեկտիվ գնահատման և վերանայման գաղափարը արագորեն ընդունվեց շատ ֆիրմաների կողմից, որոնք ձգտում էին այդպիսով վերականգնել իրենց մրցունակությունը և արտասահմանյան մատակարարներին պարտված շուկայական դիրքերը։ Հետագա տարիներին ԲՊ վերակառուցմանը սկսեցին նվիրվել մի շարք գիտական հետազոտություններ, ամսագրային հոդվածներ և գրքեր։ Վերակառուցման գաղափարը որդեգրվեց նաև խորհրդատվական ֆիրմաների կողմից, որոնք սկսեցին առաջարկել թեմատիկ ծառայություններ, ընդգրկել դրանք ծառայությունների փաթեթներում և զբաղվել դրանց հետագա մշակմամբ։

Զարգացումը 1995 թվականից հետո խմբագրել

1995 և 1996 թվականներին հրատարակված քննադատությունների, ինչպես նաև ԲՊՎ գաղափարախոսության հաճախակի չարաշահման և սխալ օգտագործման պատճառով վերակառուցմանը վերաբերող հետաքրքրությունը ԱՄՆ-ում աստիճանաբար սկսեց խամրել։ Այդ ժամանակվանից ի վեր բիզնես պրոցեսները գնահատվում են որպես բիզնես վերլուծության սկզբնակետ, իսկ գործառնական վերամշակումը դարձել է լայնորեն կիրառվող և ընդունելի մոտեցում և ընդգրկվում է շատ մեթոդաբանական պորտֆոլիոների մեջ։ Այդ ամենի հետ մեկտեղ, սակայն, այն սովորաբար իրականացվում է ավելի մեղմ կերպով և սկզբնապես նախատեսվող մասշտաբների չի հասնում։

Վերջերս սկսել է զարգանալ “բիզնես պրոսեցների մենեջմենթի” գաղափարը, որն իր առջև դրված նպատակներով կարող է համարվել ԲՊՎ տրամաբանական հետևորդը։ Այն նույնպես դիտարկում է պրոցեսների կատարելագործման ուղիների մշակումը և նույնպես գործադրում է դրա համար տեղեկատվական տեխնոլոգիաները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ԲՊՎ ունեցած հաջողություններում խմբագրել

ԲՊ վերաբերող վաղ գրականության մեջ[6] նշվում է զարգացող ՏՏ-ի մի քանի բնագավառներ, որոնք ենթադրաբար պետք է ցնցեին կորպորատիվ գործունեության պլանավորման և իրականացման մասին կայացած պատկերացումներն ու նորմերը, դրանց կառուցվածքային վերաձևավորման պատճառ հանդիսանային։ Դրանց թվին են դասվում.

  • ընդհանուր տվյալային բազաները, որոնք նույն ինֆորմացիան մատչելի են դարձնում տարբեր վայրերում միաժամանակ,
  • Էքսպերտային համակարգերը, որոնց շնորհիվ բազմակողմանի հղկվածություն և փորձ ունեցող մասնագետները կարողանում են իրականացնել բազմաբնույթ առաջադրանքներ,
  • հեռահաղորդակցային ցանցերը, որոնք կազմակերպություններին հնարավորություն են տալիս ձևավորել միաժամանակ կենտրոնացված և ապակենտրոնացված ներքին միջավայր,
  • որոշումների կայացման մեխանիզմներ, որոնց միջոցով որոշումների ընդունումը և մասնակցությունը այդ պրոցեսին դառնում է մատչելի բոլոր հետաքրքրված կողմերի համար,
  • անլար տվյալային հաղորդակցության տեխնոլոգիաներն ու շարժական համակարգիչները, որոնց միջոցով դաշտային աշխատակազմը հնարավորություն է ստանում աշխատել գրասենյակային սահմաններից անկախ,
  • ապրանքների և առարկաների ավտոմատացված ճանաչումն և դրանց տեղաշարժերի գրանցումը, որի միջոցով կարելի է ժամանակի ցանկացած պահի տեղեկատվություն հայցել ճանապարհին գտնվող ապրանքախմբի, կամ որևէ այլ ապրանքի կամ առարկայի մասին։

1990-ականների կեսերին գործունեության արդյունավետության բարձրացման գործում զգալի ներդրողներ էին համարվում հատկապես հարահոսի (конвейер) մենեջմենթի համակարգերը։ Այս ոլորտի տարածքում էին ցանկանում գործել նաև ERP ոլորտում գործող ընկերությունները, որոնցից էին SAP-ը[7], JD Edwards-ը, Օրաքլը, PeopleSoft-ը և այլն։ Նրանք իրենց ծառայությունները ներկայացնում էին որպես բիզնես պրոցեսի վերանախագծման և բարելավման գործիքներ։

Քննադատությունը խմբագրել

մեծ մասամբ այն պատճառով, որ վերակառուցողական նախագծերը հանգեցրել են մասշտաբային աշխատազրկումների, կամ օգտագործվել են նման գործազրկումների արդարացման համար, վերակառուցման գաղափարը սկսել է բացասաբար ընկալվել։ Դրանից բացի, վերակառուցումը ոչ միշտ է արդարացրել իր հանդեպ եղած սպասումները։ Մասնավորապես այն պատճառով, որ վերակառուցման գաղափարը պնդում է, որ կազմակերպության դրսևորած արդյունքների անարդյունավետությունը բխում է իր պրոցեսների անարդյունավետությունից, սակայն ոչ մի կերպ այդ մոտեցումը չի փորձում ապացուցել։ Բացի դրանից, ԲՊՎ-ն առաջարկում է գործունեության արդյունքների բարելավման գործը սկսել մաքուր էջից՝ լիովին անտեսելով ներկայում տիրող իրավիճակը, որը չի կարող օբյեկտիվորեն շահավետ դառնալ որոշում ընդունող կազմակերպության համար։

Էբրահամսոնի վերլուծության մեջ ասվում է այն մասին, որ մենեջմենթին վերաբերող “արդիական”, մոդայիկ տերմինները կենսացիկլային ընթացքի հակում ունեն[8]։ “Վերակառուցման” համար այդ ցիկլի գագաթնակետն էր գրանցվել 1993-96 թթ.-ին[9]։

Կարծիքներ կան նաև, որ վերակառուցման գաղափարը, ըստ իր էության, նոր չէ։ Օրինակ՝ կարելի է ասել, որ Հենրի Ֆորդի ապրանքի պատրաստման բնագավառում կիրառած նորամուծությունները, արտադրական շղթայի հորինումը և արդյունաբերական գործունեության մասին եղած պատկերացումների շտկումը տիպիկ վերակառուցողական քաղաքականության տարրեր էին։

Ֆարազ Ռաֆիքի (Faraz Rafique) քննադատական հոդվածը ուղղված է այն հանգամանքի դեմ, որ ԲՊՎ-ն գործում է տեխնոլոգիաների և զուտ արդյունավետության կատեգորիաներով՝ անտեսելով կազմակերպությունում աշխատող մարդկանց, որոնց շահերը իրականացվող քաղաքականության արդյունքում կարող են հաշվի չառնվել։ Բազում դեպքերում վերակառուցումը օգտագործվել է որպես քողարկիչ միջոց անհարմար կադրային ռեսուրսներից ձերբազատվելու համար։

Թոմաս Դավենփորթը, որը հանդիսանում էր ԲՊՎ առաջին կողմնակիցներից և առաջխաղացողներից, 1995 թ.-ին գրել է.

  Երբ 1990-ին ես գրեցի բիզնես պրոցեսների վերակառուցման մասին, ես հստակորեն նշեցի, որ դրա օգտագործումը զուտ ծաքսերի նվազեցման համար չի կարող զգոն նպատակ հանդիսանալ։ Եվ վերակառուցմանը առավել մոտ հանդիսացող երկու խորհրդատուները՝ Մայքլ Համերը և Ջեյմս Չեմփին նույնպես պնդել են, որ աշխատանքային ռեսուրսների կրճատումները չպիտի դառնան հիմնական նպատակը։ Բայց բանը նրանում է, որ շշից դուրս պրծնելու հետո վերակառուցման ջինը արագորեն գարշելի տեսք ընդունեց[10]։  

Նման կերպով նա ընդունել է.

  Ես անհրաժեշտ խելամտություն չունեցա այդ հարցում։ Ես հենվում էի սեփական ինժեներական փորձի վրա և հարկ եղած չափով հաշվի չառա մարդկային գործոնը։ Ես սովորեցի, որ դա վճռական է։”[11]  

Ամփոփելով, ԲՊ վերակառուցման դեմ բերվող հիմնական քննադատությունը կարելի է բերել հետևյալ տեսքի.

  • ԲՊ վերակառուցմանն այդպես էլ չհաջողվեց փոխել կառավարչական մտածելակերպը, որն իրականում հանդիսանում է կազմակերպչական վնասների հիմնական պատճառը,
  • գաղափարը չի ընդունվում մենեջերների կողմից և որպես հետևանք անարդյունավետ կիրառություն է գտնում կազմակերպություններում,
  • ԲՊՎ հանդեպ ունեցած նախնական սպասումները և գաղափարի իրացումից ստացված արդյունքները խստորեն չեն համապատասխանում,
  • գաղափարը թերագնահատում էր պատկերացումային դիմադրողականությունը կազմակերպություններում,
  • գաղափարին համաձայն ենթադրվում էր իրացնել այսպես կոչված “լավագույն լուծումների” տարրեր, որոնք կարող էին չխոսել կազմակերպության շահերից,
  • գաղափարը չափից շատ էր հենվում տեխնոլոգիական լուծումների վրա,

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոմաս Հ. Դավենփորթ և Ջ. Շորթ, 1990 թ.
  2. Business Process Re-engineering Assessment Guide, United States General Accounting Office, 1997
  3. Համեր, 1990 թ.
  4. թողարկվում է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Համալսարանի Սլոնի Մենեջմենթի Դպրոցում (MIT Sloan School of Management)
  5. Thomas H. Davenport and J. Short, 1990
  6. օր.՝ Hammer & Champy, 1993
  7. SAP-ը ծրագրավորման ոլորտում մասնագիտացված միջազգային գերմանական կազմակերպություն է, որն առաջարկում է կազմակերպությունների համար նախատեսված ծրագրային փաթեթներ և բոլոր մասշտաբների բիզնեսների համար նախատեսված խորհրդատվական ծառայություններ։
  8. Abrahamson, E. (1996). Management fashion, Academy of Management Review, 21, 254-285
  9. Ponzi, L. and Koenig, M. (2002). "Knowledge management: another management fad?", Information Research, 8(1).
  10. Դավենփորթ, Թոմաս “Reengineering - The Fad That Forgot People, Fast Company”; 1995 թ.-ի Նոյեմբեր.
  11. White, JB (1996), Wall Street Journal. New York, N.Y.; 1996 թ.-ի Նոյեմբերի 26; էջ. A.1

Բառացանկ խմբագրել

  • (ենթատեքստում) վերակառուցում — reengineering
  • միջֆունկցիոնալ աշխատախումբ — cross-functional team
  • տեղեկատվության տիրապետման համակարգեր — management information systems

Թեմատիկ գրականության ցանկ խմբագրել

  • Abrahamson, E. (1996). Management fashion, Academy of Management Review, 21, 254-285.
  • Champy, J. (1995). Reengineering Management, Harper Business Books, New York.
  • Davenport, Thomas & Short, J. (1990), The New Industrial Engineering։ Information Technology and Business Process Redesign, in։ Sloan Management Review, Summer 1990, pp 11–27
  • Davenport, Thomas (1993), Process Innovation։ Reengineering work through information technology, Harvard Business School Press, Boston
  • Davenport, Thomas (1995), Reengineering - The Fad That Forgot People, Fast Company, November 1995.
  • Drucker, Peter (1972), Work and Tools, in։ W. Kranzberg and W.H. Davenport (eds), Technology and Culture, New York
  • Greenbaum, Joan (1995), Windows on the workplace, Cornerstone
  • Guha, S.; Kettinger, W.J. & Teng, T.C., Business Process Reengineering։ Building a Comprehensive Methodology, Information Systems Management, Summer 1993
  • Hammer, M., (1990). "Reengineering Work: Don't Automate, Obliterate", Harvard Business Review, July/August, pp. 104–112.
  • Hammer, M. and Champy, J. A.։ (1993) Reengineering the Corporation։ A Manifesto for Business Revolution, Harper Business Books, New York, 199#ISBN 0-06-662112-7.
  • Hammer, M. and Stanton, S. (1995). "The Reengineering Revolution", Harper Collins, London, 1995.
  • Hansen, Gregory (1993) "Automating Business Process Reengineering", Prentice Hall.
  • Hussein, Bassam (2008), PRISM։ Process Re-engineering Integrated Spiral Model, VDM Verlag [1]
  • Industry Week (1994), De-engineering the corporation, Industry Week article, 4/18/94
  • Johansson, Henry J. et al. (1993), Business Process Reengineering։ BreakPoint Strategies for Market Dominance, John Wiley & Sons
  • Leavitt, H.J. (1965), Applied Organizational Change in Industry։ Structural, Technological and Humanistic Approaches, in։ James March (ed.), Handbook of Organizations, Rand McNally, Chicago
  • Loyd, Tom (1994), Giants with Feet of Clay, Financial Times, Dec 5 1994, p 8
  • Malhotra, Yogesh (1998), Business Process Redesign։ An Overview, IEEE Engineering Management Review, vol. 26, no. 3, Fall 1998.
  • Ponzi, L. and Koenig, M. (2002). "Knowledge management: another management fad?", Information Research, 8(1).
  • "Reengineering Reviewed", (1994). The Economist, 2 July 1994, pp 66.
  • Roberts, Lon (1994), Process Reengineering։ The Key To Achieving Breakthrough Success, Quality Press, Milwaukee.
  • Rummler, Geary A. and Brache, Alan P. Improving Performance։ How to Manage the White Space in the Organization Chart, ISBN 0-7879-0090-7.
  • Taylor (1911), Frederick, The principles of scientific management, Harper & Row, New York
  • Thompson, James D. (1969), Organizations in Action, MacGraw-Hill, New York
  • White, JB (1996), Wall Street Journal. New York, N.Y.։ Nov 26, 199#pg. A.1
  • Business Process Redesign։ An Overview, IEEE Engineering Management Review.