Բժիշկներն Արցախյան ազատագրական պատերազմում։ Պատերազմի սկզբին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի առողջապահության ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել կարևորագույն հարցը. ժամանակին մարտադաշտից տարհանել վիրավոր ազատամարտիկներին, կազմակերպել նրանց առաջին բուժօգնությունը, ինչպես նաև խաղաղ բնակչության բուժսպասարկման աշխատանքները։

Մինչև ռազմական բժշկական ծառայության ստեղծումը

խմբագրել

Մինչև ռազմական բժշկական ծառայության ստեղծումը, 1988-1990 թվականներին. Շահումյանի շրջանում և ԼՂ-ում հիվանդ և վիրավոր ազատամարտիկների բժշկական սպասարկումը իրականացվել է ինքնօգնությամբ և փոխօգնությամբ՝ բուժօգնության անհատական միջոցներով, կամավոր մեկնած բժիշկների, բուժքույրերի, տեղական հիվանդանոցների, բժշկական կետերի քաղաքացիական բուժանձնակազմի օգնությամբ։

1992 թվականից հետո

խմբագրել

1992 թվականից, պաշտպանական բանակի կազմավորմանը զուգընթաց, ձևավորվել են ռազմական բժշկական ծառայությունները. ստեղծվել են հոսպիտալներ, մշակվել և իրականացվել մարտական գործողությունների բժշկական ապահովման միասնական համակարգ, զորակոչվել են բժիշկներ, ստեղծվել արագ արձագանքման բժշկական ջոկատներ, ձևավորվել զորամասերի բժշկական ծառայություններ։

1988-1994 թվականներին Հայաստանի Հանրապետությունից կամավոր և գործուղումով Շահումյանի շրջան և Լեռնային Ղարաբաղ մեկնել են վնասվածքաբաններ, օրթոպեդներ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, որոնք իրագործել են բացառապես բարդ և լրացուցիչ խնդիրներ, ցույց են տվել անհրաժեշտ բուժօգնություն վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին (նաև խաղաղ բնակիչներին), ապահովել նրանց վերադարձը մարտադաշտ, կանխել համաճարակները և վարակիչ հիվանդությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։