Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, Տավուշի մարզի Բերդ քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին՝ որպես Սարդարապատի ազգագրության թանգարանի մասնաճյուղ, հետագայում անցել է ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ, իսկ 1997 թվականին այն Բերդի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն է։
Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերդ |
Հիմնադրվել է | 1981 |
Տնօրեն | Արթուր Երկանյան |
Պատմություն
խմբագրելԹանգարանը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։ Թանգարանի հիմնադիր և առաջին տնօրեն է եղել Ռաֆիկ Աշոտի Մուրադյանը։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում առկա է 624 ցուցանմուշ, որոնցից 190-ը գտնվում է ֆոնդում։ Ցուցադրված է 434-ը, որից 34-ը գրքեր են։ Թանգարանն ունի բաժիններ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, ԽՍՀՄ կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցածներին, հայ-ադրբեջանական հակամարտությանը, քաղաքի ինքնապաշտպանական ջոկատներին (այս բաժինն ստեղծվել է տնօրեն Հրաչիկ Աթոյանի նախաձեռնությամբ) Տավուշ կամ Ցլիկ Ամրամի ամրոցի պատմությանը, կատարված պեղումներին, բնակավայրի կենցաղին, որը ներկայացված է «տատիկի տուն», «մոր և մանկան» անկյունների միջոցով, հողագործությանը, կավագործությանը, ձեռագործությանը, գորգագործությանը և երաժշտական գործիքներին։
Արժեքավոր է հատկապես Տավուշ բերդին նվիրված անկյունը, որտեղ ներկայացված են պեղումների միջոցով բերդի շրջակայքից հայտնաբերված կավե, պղնձե գործիքների մնացորդներ, նիզակներ, կենցաղային իրեր, ջրամատակարարման կավե խողովակներ, կմախքներ, զարդեր և այլն։
Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը։ Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ։
Թանգարանում ներկայացված են նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները՝ հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի՝ Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները։ Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է բերդ քաղաքում, «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։