Բացել գլխավոր ցանկը

Բերանաբորբ (ստոմատիտ), բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ, գրիպ, սանդիդոզ և այլն) ախտանշան։ Միայն լեզվի վրա առաջացած բորբոքումը կոչվում է լեզվաբորբ (գլոսիտ), լնդերինը՝ լնդաբորբ (գինգիվիտ)։

Բերանաբորբ
Kwashiorkor 6180.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասբերանի հիվանդություն[1][2], բորբոքում, mucositis? և բորբոքային հիվանդություն[2]
Բուն պատճառC26887[3][2] և C26887[1]
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն և մաշկաբանություն
ՀՄԴ-9528.0
ՀՄԴ-10K1212.
Հիվանդությունների բազա27158
MedlinePlus001052
MeSHIDD013280 և D013280
Disease OntologyDOID:9637 և DOID:9637
NCI ThesaurusC26887[3][2] և C26887[1]
Stomatitis Վիքիպահեստում

Բերանաբորբին նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները։ Ծխելը, թունդ սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սննդի ընդունումը նույնպես կարող են բերանաբորբի պատճառ լինել։ Վերջինս երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության (հատկապես ինքնաբուժման դեպքում), սեռական հասունացման շրջանում, իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ։

ՏեսակներԽմբագրել

Կան բերանաբորբի տարբեր ձևեր, որոնք բոլորն էլ ունեն ընդհանուր աշխտանշաններ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմրություն, մոտակա հյուսվածքների այտուց, ցավ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում։

Բերանաբորբը կարող է ընթանալ սուր ձևով, երբ լորձաթաղանթը բորբոքվում է արագ, լինում է խիստ ցավոտ, իսկ քրոնիկ ձևի դեպքում հիվանդությունը երկարատև է, թույլ արտահայտված ցավերով։

Լորձենաբորբային բերանաբորբԽմբագրել

Լորձենաբորբային (կատառային) բերանաբորբին բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի վառ կարմրությունը, հաճախ այտուցվածությունը, առատ թքարտադրությունը, ցավոտությունը (հատկապես սնունդ ընդունելիս)։ Նշված երևույթները հաճախ նկատվում են անգինայի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքում։

Խոցամեռուկային բերանաբորբԽմբագրել

Խոցամեռուկային բերանաբորբը սովորաբար սկսվում է լնդերի վրա խոցերի առաջացմամբ, որոնք պատվում են մոխրագույն փառով։ Խոցերը տարածվում են բերանի խոռոչի լորձաթաղանթի մյուս հատվածների, երբեմն՝ լեզվի վրա։ Առավել հաճախ հիվանդանում են պատանեկան, երբեմն՝ հասուն տարիքում։ Հիվանդությունն ընթանում է ջերմաստիճանի բարձրացումով, նկատվում է դող, ընդհանուր թուլություն, բերանի տհաճ հոտ, ենթածնոտային ավշահանգույցների մեծացում։ Սննդի ընդունումը դժվարանում է։

Աֆթոզ բերանաբորբԽմբագրել

Աֆթոզ բերանաբորբն առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն հաճախ կապված է լինում մարսողության օրգանների հիվանդությունների հետ։ Սկզբում նկատվում է ընդհանուր թուլություն, այնուհետև բերանի խոռոչում առաջանում են մակերեսային խոցոտումների ոչ մեծ, կլորավուն, դեղին փառով պատված օջախներ՝ աֆթեր, որոնք շրջապատված են լինում կարմիր երիզով և հաճախ շատ ցավոտ են։

Աֆթոզ բերանաբորբի սուր ձևով հաճախ հիվանդանում են երեխաները (1-3 տարեկան)։ Այն ունենում է քրոնիկական ընթացք՝ պարբերական սրացումներով, առաջանում են փոքրաթիվ և քիչ ցավոտ նոր աֆթեր։ Քրոնիկական ձևը հաճախ կապված է ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբ, հաստ աղիքների բորբոքում և այլն), լյարդի և այլ հիվանդությունների հետ։

Դեղորայքային բերանաբորբԽմբագրել

Դեղորայքային բերանաբորբն առաջանում է որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ) ընդունումից։ Հիվանդության դրսևորումները խիստ բազմազան են։ Միևնույն դեղանյութը տարբեր մարդկանց օրգանիզմում կարող է առաջացնել բերանաբորբի տարբեր ձևեր, առավել հաճախ՝ լորձենաբորբային։ Որոշ քիմիական նյութերի հետ շփվելիս նույնպես առաջանում է բերանաբորբ, որը նման է դեղորայքային ձևով։

Կանդիդոզային բերանաբորբԽմբագրել

Կանդիդոզային բերանաբորբը կարող է առաջանալ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդ տարեցների և խիստ թուլացած, հատկապես անհաս կրծքի երեխաների մոտ։ Դրսևորվում է լորձաթաղանթի տարբեր հատվածների վրա սպիտակ թաղանթային փառի առաջացմամբ։

Վնասվածքային բերանաբորբԽմբագրել

Վնասվածքային բերանաբորբն առաջանում է լորձաթաղանթը կտրող կամ ծակող առարկաներով, քայքայված ատամներով, ոչ սարքին պրոթեզներով վնասվելիս։ Առավել հաճախ ախտահարվում են լնդերը և լեզուն։ Վնասվածքի հատվածը խոցոտվում է։ Վնասվածքային բերանաբորբի ձևերից է Բեդնարի կամ նորածինների աֆթերը, որի դեպքում նորածին և կրծքի երեխաների քիմքի միջին մասի լորձաթաղանթի վրա գոյանում են ոչ մեծ, կլորավուն խոցոտումներ։ Դրանց պատճառը նորածնի բերանի խոռոչն անզգույշ մաքրելը կամ երեխային շշով կերակրելիս կոպիտ և երկար ռետինե ծծակով լորձաթաղանթը վնասելն է։

ժամանակին չբուժելու դեպքում առանձին խոցերը կարող են ձուլվել և առաջացնել թիթեռանման վերքային մակերես, որը հաճախ պատվում է դեղնավուն փառով։ Արհեստական կերակրման դեպքում պետք է հետևել, որ ծծակը լինի կարճ և հարթ մակերեսով։

ԼնդաբորբԽմբագրել

Լնդաբորբը, բերանաբորբին բնորոշ ընդհանուր պատճառներից բացի, կարող է առաջանալ նաև ատամի քարի գոյացման, անհաջող դրված ատամի պլոմբի, պրոթեզի ճնշման հետևանքով կամ կոպիտ խոզանակով լնդերը գրգռելիս։ Լնդաբորբը միշտ նկատվում է հարատամնաբորբի և ատամնակծվածքի զգալի խանգարումների, ինչպես նաև լնդախտի դեպքերում։ Բորբոքումը կարող է սահմանափակվել 2-3 ատամների հատվածում կամ տարածվել ամբողջ լնդերի վրա։

Հիվանդությունը մեծ մասամբ սկսվում է միջատամնային լնդային պտկիկների ուռածությամբ, ցավոտությամբ և արյունահոսությամբ, կարող է առաջանալ լնդերի քոր (լորձենաբորբային լնդաբորբ)։ Օրգանիզմի պաշտպանական ուժերի նվազման, ծանր ընդհանուր հիվանդությունների դեպքում լնդաբորբն ունենում է խիստ ծանր ընթացք, ատամների շուրջ լնդերի վրա առաջանում են խոցեր, լնդերն ուժեղ այտուցվում են, թեթևակի հպումից արյունահոսում, բերանից տհաճ հոտ է գալիս։ Սովորաբար հիվանդության այս ձևն առաջանում է սննդի մեջ վիտամին C-ի կտրուկ նվազման դեպքում (լնդախտային լնդաբորբ)՝ ընդ որում ատամներն սկսում են շարժվել։

ԼեզվաբորբԽմբագրել

Լեզվաբորբը հաճախ լինում է մակերեսային՝ բորբոքվում է միայն լեզվի լորձաթաղանթը։ Սակայն լեզվի խոր վնասվածքներից մկանի հաստության մեջ կարող է առաջանալ թարախային բորբոքում, որն ուղեկցվում է լեզվի այտուցով, կլման խանգարումով, ջերմաստիճանի բարձրացումով։ Երբեմն գոյանում է թարախակույտ։

ԲուժումԽմբագրել

Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն՝ հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները։ Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստոմատոլոգին և կատարել նրա նշանակումները։ Ինքնուրույն բուժումը կարող է բարդություններ առաջացնել, չպետք է օգտագործել հակամանրէներ կամ այրող միջոցներ։ Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք սնունդ, ալկոհոլային խմիչք։ Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, փափուկ, չգրգռող։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել ջրածնի գերօքսիդի (1 թեյի գդալը՝ 0,5 բաժակ ջրում), ֆուրացիլինի (1 հաբը՝ 1 բաժակ ջրում), կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով։

Կարելի է օգտագործել «սպիտակուցային լոգնոց» (1 ձվի սպիտակուցը խառնել 0,5 բաժակ ջրում և այդ հեղուկը որոշ ժամանակ պահել բերանում)։

ԿանխարգելումԽմբագրել

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, հեռացնել քայքայված ատամները, որոնք վարակի օջախ են։ Հատկապես կարևոր է շաքարախտով, սիրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև երեխաների, դեռահասների և հղի կանանց բերանի խոռոչի առողջացումը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։