Բեսիկի (վրաց.՝ ბესიკი իսկական անունը Բեսարիոն Գաբաշվիլի [ბესარიონ გაბაშვილი], 1750, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն[1] - հունվարի 24 (փետրվարի 4), 1791, Յասի, Մոլդովական իշխանություն[1]), վրացի բանաստեղծ և քաղաքական գործիչ։ Գրել է սիրո երգեր, երգիծական բանաստեղծություններ, էպիգրամներ, հայրենասիրական ներբողներ և այլն։

Բեսիկի
Ծնվել է1750
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն[1]
Վախճանվել էհունվարի 24 (փետրվարի 4), 1791
Վախճանի վայրՅասի, Մոլդովական իշխանություն[1]
Գրական անունBesiki
Մասնագիտությունդիվանագետ և բանաստեղծ
Ուշագրավ աշխատանքներTano-Tatano?
Изображение автографа
 Besarion Gabashvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերում է հայտնի դպիր-գեղագիր Գաբաշվիլիների տոհմից[2][3]։ Հայրը՝ վրացի պետական գործիչ, գրող ու հոգևորական Զաքարիա Գաբաշվիլին[4], եղել է Քարթլիի ու Կախեթի Թեյմուրազ II ու Իրակլի II թագավորների խոստովանահայրը, սակայն 1764 թվականին կաթողիկոս Անտոնի I-ի հետ ունեցած վեճի պատճառով 1764 թվականին հեռացվել է եկեղեցուց և վտարվել Թբիլիսիից[5]։

Չնայած հոր վտարմանը՝ Բեսարիոն Գաբաշվիլին ապրել ու դաստիարակվել է Իրակլի II-ի արքունիքում։ Ընկերական հարաբերություններ է ունեցել Իրակլի II-ի որդու՝ արքայազն Լևանի, և թագավորի փեսայի՝ ապագա զորահրամանատար, իշխան Դավիթ Օրբելիանիի հետ։ Դեռ վաղ տարիքից աչքի է ընկել իր գրական տաղանդով, սակայն արքունիքում բազմաթիվ թշնամիներ է ունեցել հատկապես իր սատիրական ստեղծագործությունների պատճառով, որոնցում ծաղրում էր նույնիսկ կաթողիկոս Անտոնի I-ին, ինչպես նաև Իրակլիի քրոջ՝ Աննայի հետ ունեցած սիրային կապի վերաբերյալ լուրերի պատճառով։ 1777 թվականին Անտոնի I-ը Բեսարիոն Գաբաշվիլիին մեղադրում է անաստվածության մեջ, և վերջինս ստիպված է լինում Թբիլիսիից փախչել Իմերեթիա։

Իմերեթիայում Բեսարիոն Գաբաշվիլին՝ որպես ավագ քարտուղար, ծառայել է Սողոմոն I-ի, ապա Սողոմոն II-ի մոտ։

1778 թվականին ուղարկվել է Պարսկաստան, որպեսզի Վրաստան բերի Քարթլիի գահի հավանական թեկնածուին՝ Վախթանգ VI արքայի թոռ Ալեքսանդր Բաքարովիչին[6]։

1787 թվականին դեսպանական առաքելությամբ ուղարկվել է Ռուսական կայսրություն, որպեսզի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը պաշտպանի Վրաստանը[7][8][9][10]։ Գրիգորի Պոտյոմկինի հետ առաջին հանդիպման ժամանակ՝ 1787 թվականի սեպտեմբերի 16-ին, Բեսարիոն Գաբաշվիլին նրան հայտնում է Իմերեթի, Գուրիայի ու Սամեգրելոյի՝ Ռուսաստանի գերիշխանությունն ընդունելու պատրաստակամության և խնդրում, որ ռուսական զորքերը մտնեն Աբխազիա՝ այնտեղից վտարելու թուրքերին։

Պոտյոմկինի զորքերի հետ եղել է Մոլդովայում ու Ուկրաինայում։ Անսպասելի մահացել է Յաշիում 1791 թվականին։

Ստեղծագործություն խմբագրել

Որպես բանաստեղծ՝ Բեսարիոն Գաբաշվիլին հայտնի է Բեսիկի գրական կեղծանվամբ, որը Բեսարիոն (վրաց.՝ ბესარიონ) անվան փոքրացուցիչ-փաղաքշական տարբերակն է։

Բեսիկիի գրական ժառանգությունը բավական բազմազան է և ներառում է սիրային երգեր՝ «Գեղեցկուհու իրանը» («Տանո տատանո»)[11], «Վշտի այգին», «Ես հասկացա քո մեղադրանքները», «Երկու կեռնեխ» և այլն, սատիրական էպիգրամներ ու բանաստեղծություններ, հայրենասիրական ներբողներ ու գրողին ժամանակակից իրադարձությունների թեմաներով ստեղծագործություններ։

«Ասպինձա» պոեմը գրվել է ի պատիվ 1770 թվականին երկրի հարավում՝ Ասպինձա վայրում, վրացական զորքերի՝ թուրքերի նկատմամբ տարած հաղթանակի և գովերգում է զորավար Դավիթ Օրբելիանիի (Բեսիկիի ընկերոջ) քաջությունը։ Վերջինիս Բեսիկին նվիրել է նաև բանաստեղծությունների շարք։ «Ասպինձա» պոեմում Բեսիկին պարսավում է Իրակլի II թագավորի դաշնակցին՝ ռուս գեներալ Տոտլեբենին, ով ռազմադաշտից հանել էր ռուսական զորքը։

«Ռուխիի ճակատամարտ» պոեմը նվիրված է 1780 թվականին՝ աբխազ ավատատերերի դեմ կռվի ժամանակ, Ռուխիի բերդի պատերի տակ Իմերեթի արքա Սողոմոն II-ի տարած հաղթանակին։ Գաբաշվիլին իրադարձությանը հաղորդել է նաև կրոնական բնույթ՝ ճակատամարտը ներկայացնելով որպես քրիստոնյաների հաղթանակը «հագարների» նկատմամբ[12][13]։

Բեսիկին՝ կրելով պարսկական պոեզիայի ազդեցությունը, վրացական գրականություն է ներմուծել պարսկականի մեղեդայնությունը, փոխաբերականությունն ու պատկերավորությունը։ Նա հայտնի է եղել ոչ միայն որպես բանաստեղծ, այլ նաև որպես սեփական երգերի կատարող և որպես ժողովրդական նվագարանների գիտակ, ինչպիսիք են սազը և թառը[14]։

Իր վարած թափառական կյանքի ու օտարության մեջ անսպասելի մահվան պատճառով Բեսիկիի գրական արխիվը կորել է, սակայն տասնամյակների ընթացքում Վրաստանում տարածվել են նրա ստեղծագործությունների ձեռագիր պատճենները։ Բեսիկիի բանաստեղծական արվեստը նշանակալի ազդեցություն է ունեցել XIX դարի սկզբի վրացի ռոմանտիկների վրա[15]։

«Սիրո երգիչ Բեսիկի Գաբաշվիլիի»[16] բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը՝ «Մուղամ», «Սոխակն ու վարդը», «Սուլում է սոխակը», «Ես սիրտս եմ նետել քո ոտքերի տակ» և այլն, ընդգրկված են ժամանակակից կատարողների երգացանկերում[17]։

Հիշատակ խմբագրել

Բեսիկիի կյանքին և գրական գործունեությանն է նվիրված Ակակի Բելիաշվիլու «Բեսիկի» (1942–47) վեպը։

Քութայիս քաղաքում Բեսիկիի անունով կոչվել է այգի[18], իսկ Թբիլիսիում՝ փողոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Бесики // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Жизнь и книжническая деятельность Осэ Габашвили
  3. Представитель этой семьи выходцев из сирийского города Габаон (совр. Габала-Забель) Лаврентий Габовани (Габашвили), будучи настоятелем московского Донского монастыря, вёл на рубеже XVII-XVIII веков активную деятельность по переписке книг
  4. Православная энциклопедия. Габашвили
  5. Донесение попа Захария Габашвили епископу Астраханскому и Ставропольскому Мефодию о перенесенном им мучении по вине католикоса Антония и о книге, сочиненной Антонием I. 1768 г.
  6. Вачнадзе М., Гурули В., Бахтадзе М. История Грузии
  7. Обращение посла имеретинского царя Бессариона Габашвили к фельдм. Гр. Потемкину об ускорении ответов на письма царя Имеретии
  8. Из письма Имеретинского царя Давида к Бесариону Габашвили - об Абхазии
  9. Из письма католикоса абхаз-имеров Максима II к Бесариону Габашвили о целесообразности воссоединения Абхазии с Имеретией и преданности России
  10. Обращение имеретинского посла Бессариона Габашвили к фельдм. Гр. Потемкину с просьбой о назначении аудиенции
  11. Тано татано - Бесики (Виссарион Габашвили, 1749-1791)(չաշխատող հղում)
  12. Из криптографированных записей Теймураза Багратиони
  13. Агаряне - мусульмане - //Степенная книга царского родословия по древнейшим спискам: Тексты и комментарии. Т. 2. Степени XI-XVII - М.: Языки славянских культур, 2008, 568 с., - с. 528 ISBN 978-9551-0274-0
  14. Очерк по истории музыки в Грузии
  15. Краткая литературная энциклопедия
  16. «Каландадзе Л. Николоз Бараташвили». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. Каталог песен Габашвили
  18. Парк культуры и отдыха им. Б. Габашвили (Грузия, Кутаиси)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Статья в БСЭ (ռուս.)
  • Барамидзе А. Г. Грузинская литература [XVIII в.] - // История всемирной литературы: В 8 томах. Т. 5 - М.: Наука, 1988, сс. 505-513. (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 408