Բենջամին Հոլթ (անգլ.՝ Benjamin Leroy Holt, հունվարի 1, 1849(1849-01-01)[1][2], Կոնկորդ, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 1920(1920-12-05)[1][2], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր, առաջին թրթուրավոր շարժասարքի գյուտարարը (1904)։ Իր եղբայրների հետ հիմնել է Holt Manufacturing Company ընկերությունը[4]։

Բենջամին Հոլթ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1849(1849-01-01)[1][2]
ԾննդավայրԿոնկորդ, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 5, 1920(1920-12-05)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՍթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանStockton Rural Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
 Benjamin Holt Վիքիպահեստում
Բենջամին Հոլթի ստորագրությունը

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1849 թվականի հունվարի 1-ին Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նա ընտանիքի 11 երեխաներից կրտսեր եղբայրն էր։ Հայրը ձեռնարկատեր էր, ուներ սղոցամեքենա։

1864 թվականին Բենջամինի եղբայրը՝ Չարլզը, մեկնել է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաք, որտեղ հիմնել է «C. H. Holt and Co» ընկերությունը։ Այն սկսել է սայլակների համար փայտե անիվներ թողարկել, իսկ ավելի ուշ՝ պողպատե տրամվայի անիվներ։ Մյուս երկու եղբայրները՝ Ուիլյամն ու Էյմսը, 1871 թվականին նույնպես մեկնել են Սան Ֆրանցիսկո և միացել Չարլզին։ Եղբայրներն իրենց արտադրանքի համար նախատեսված գերանները Նյու Հեմփշիրից նավով ուղարկում էին Սան Ֆրանցիսիկո։ 1869 թվականին Բենջամինը սկսել է աշխատել հոր փայտասղոցարանում՝ պատասխանատու լինելով եղբայրներին Սան Ֆրանցիսկո ծառ մատակարարելու համար։ 23 տարեկանում նա բաժնեմաս է ստացել բիզնեսում և շարունակել սղոցանյութերը Նյու Գեփշիրից Կալիֆորնիա հասցնել։ 1875 թվականին մահացել է նրա մայրը, իսկ ութ տարի անց՝ հայրը։ Ծնողների մահից հետո եղբայրներից կրտսերը լքել է հայրական տունը և մեկնել Կալիֆոռնիա։

Բենջամին Հոլթը 1883 թվականին ժամանել է Կալիֆոռնիա։ Նրա եղբայրները Սթոքտոն քաղաքում հիմնել են «Stockton Wheel Company» ընկերությունը՝ գործի մեջ դնելով լրացուցիչ 65000 դոլար։ Ադ տարի ընկերությանը պատկանող եռահարկ աղյուսե և մեկհարկանի կարկասե շենքերում աշխատում էր 25 վարձու աշխատող։ Բենջամինը տիրապետում էր տեխնիկական հմտություններին և նորարարությաններին։ Այդ ժամանակ շրջակա դաշտերի մեծ մասը, որտեղ աճեցվում էր գյուղատնտեսական արտադրանքը, գտնվում էր Սան Խոակին գետահովտում։ Այստեղ առավելապես զբաղվում էին ցորենի մշակմամբ։ Բենջամինն իր արտադրությունը հեշտացնելու համար հորինել է իր առաջին ձիաքարշ կոմբայնը՝ «Link-Belt Combined Harvester»-ը։ Այս մեքենան հզորությունը շարժիչից անիվներին փոխանցելու համար օգտագործում էր ճկուն շղթայական տեղափոխում, այլ ոչ թե փոխանցումատուփ, ինչպես նախկինում էր արվում։ Այնուհետև ձիաքարշ ուժի փոխարեն նա սկսել է օգտագործել լոկոմոբիլ։

1890 թվականին Հոլթը կառուցել է իր առաջին փորձառու շարժիչը շոգեուժի համար՝ այն անվանելով «Old Betsy»։ Որպես վառելիք դրանում կարելի էր օգտագործել փայտ, ածուխ կամ նավթ։ Այն կշռում էր 22000 կգ և շարժվում էր մեծ մետաղական անիվներով։ Հոլթի ադ մեքենաները սկսել են կիրառվել ցորենի մաքրման և անտառամշակման գերանների տեղափոխման ժամանակ՝ ձիաքարշ կոմբայնների փոխարեն։ 1892 թվականին Հոլթն անտառային աշխատանքների համար արտադրել է շոգետրակտորներ, որոնք կարող էին 45 տոննա բեռ քաշել 1 ժամում 3 մղոն արագությամբ (4,8 կմ/ժ)։ Դա բեկում էր կենդանի ուժից անցում կատարելու մեջ։ Բենջամինը դարձել է նոր ստեղծված «Holt Manufacturing Company» ընկերության նախագահը, որն արտադրում էր այդ մեքենաները։ Նրա հաջորդ գյուտը գյուղատնտեսական կոմբայնն էր, որը կարող էր աշխատել մինչև 30 աստիճան թեքությամբ սարալանջին։

1889 թվականի հոկտեմբերի 7-ին մահացել է նրա եղբայր Էյմսը։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում մահացել են մնացած երկու եղբայրները։ Բենջամինը մենակ է մնացել իրենց բիզնեսի ղեկավարման մեջ։ Հետագայում նա հեղինակել է թրթուրավոր շարժասարքի ավելի քան 100 արտոնագիր։ 20-րդ դարի սկզբին նորարարությունների կենտրոնը Անգլիան էր, և 1903 թվականին Հոլթը գնացել է այնտեղ՝ իմանալու տեխնիկայի զարգացման ընթացիկ միտումների մասին։ Վերադառնալով Սթոքտոն՝ նա առաջինն է մշակել և օգտագործել անընդհատ թրթուրօղակները (թրթուր)՝ թրթուրավոր շարժասարքի տեղաշարժման համար։ 1904 թվականի նոյեմբերի 24-ին Սթոքտոնին հարող դաշտերում նա ցուցադրել է աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը։ Որոշ ժամանակ անց Հոլթը գրանցել է «Caterpillar» ապրանքանիշը, որը թողարկվում էր սեփական արտադրության «Holt Manufacturing Company»-ի կողմից[5]։ Ընկերության տրակտորների օգտագործման համար բեկումնային էր 1909 թվականին շոգեշարժիչների փոխարեն բենզինային շարժիչների օգտագործումը։

 
Հոլթը (աջից) և Սուինթոնը Հոլթի տրակտորի և բրիտանական տանկի մոդելի հետ, Սթոքտոն, 1918

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրետանին և բեռները քարշ տալու համար ձիերի փոխարեն օգտագործվել են Հոլթի տրակտորները։ Նրա տրակտորները ոգեշնչել են անգլիացի և ֆրանսիացի ինժեներներին տանկեր ստեղծելու համար, որոնք սկզբունքորեն փոխել են մարտական գործողությունների վարումը[6][7]։ Մինչև 1916 թվականը բրիտանացիները պատերազմում օգտագործում էին Հոլթի տրակտորները։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Անտանտի ուժերը օգտագործել էին շուրջ 10000 թրթուրավոր մեքենա։ 1918 թվականի ապրիլի 22-ին բրիտանական բանակի սպա, գնդապետ Էռնեստ Սուինտոնը ԱՄՆ շրջագայության ժամանակ այցելել է Սթոքտոն։ Նա շնորհակալություն է հայտնել Բենջամին Հոլթին և նրա ընկերության աշխատակիցներին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների մեջ իրենց ներդրման համար։

Պատերազմի ավարտից հետո Հոլթի ընկերությունը, բացի գյուղատնտեսական տրակտորներից, ձեռնամուխ է եղել նաև ճանապարհաշինական տեխնիկայի արտադրության մեջ։

Մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 5-ին Կալիֆորնիայի Սթոքտոն քաղաքում և թաղվել քաղաքային «Stockton Rural Cemetery» գերեզմանատանը գտնվող ընտանեկան դամբարանում[8]։

Բենջամին Հոլթի մահից հինգ տարի անց նրա «Holt Caterpillar Company» ընկերությունը միացվել է «C. L. Best Tractor Company» ընկերությանը, որպեսզի ստեղծվի նոր ձեռնարկություն, որը ներկայումս հայտնի է որպես «Caterpillar»[9]։

Ընտանիք խմբագրել

1890 թվականին Բենջամինն ամուսնացել է Սթոքտոն քաղաքի պիոներների դուստր Աննա Բրաունի (անգլ.՝ Anna W. Brown Holt, 1868-1952) հետ[10]։ Նրանք ունեցել են 5 երեխա՝ Ալֆրեդը, Վիլյամ Կնոքսը, Աննեն, Էդիսոն Էյմսը և Բենջամին Դեանը։ Հետագայում Վիլյամը ժառանգել է հոր բիզնեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. https://www.invent.org/inductees/benjamin-holt
  4. Фирма Бенджамина Холта — первый в мире изготовитель полугусеничных тракторов
  5. «История бренда Challenger». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
  6. Pernie, Gwenyth Laird (2009 թ․ մարտի 3). «Benjamin Holt (1849-1920): The Father of the Caterpillar tractor». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. (անգլ.)
  7. «HOLT CAT - Texas Caterpillar Dealer Equipment Sales and Service». 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին. (անգլ.)
  8. Benjamin Leroy Holt (անգլ.)
  9. What is the history of Caterpillar Inc. in manufacturing? (անգլ.)
  10. Anna W. Brown Holt (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Հոլթ» հոդվածին։