Բենեֆիցիում (լատին․՝ beneficium նշանակում է բարերարություն), Արևմտյան Եվրոպայում վաղ միջնադարում թագավորի կամ ավատատիրոջի կողմից հողը պայմանական և ժամանակավոր շնորհվում էր զինվորական կամ վարչական ծառայության համար։ Նա, ում տրվում էր հողը, կոչվում էր բենեֆիցիար։ Բենեֆիցիումը կարող էր ետ խլվել բենեֆիցիարից, եթե վերջինս չէր կատարում իրենից պահանջվող ծառայությունները։

Բենեֆիցիումը ֆրանկական պետության մեջ

խմբագրել

Ֆրանկական պետության մեջ բենեֆիցիումը լայնորեն կիրառվել է 8-րդ դարի 30-ական թվականներին՝ Կառլոս Մարտելի կողմից բենեֆիցիումի վերաբերյալ բարեփոխություն կատարելուց հետո։ Հողն այն մշակող գյուղացու հետ միասին ցմահ տրվել է բենեֆիցիարին հիմնականում զինծառայության դիմաց։ Բենեֆիցիումը ժամանակի ընթացքում դարձել է ժառանգական սեփականություն՝ ֆեոդ։

«Պարգևական» և «արքայատուր» հողեր

խմբագրել

Հայաստանում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում բենեֆիցիումին նման հողատիրության ձև է եղել։ Այդ ձևը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում կոչվել է «պարգևական», իսկ ուշ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում՝ «արքայատուր»։ Հողը որպես պարգև տրվել է ֆեոդալներին աչքի ընկնող ռազմական ու վարչական ծառայությունների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Բենեֆիցիում» հոդվածից (հ․ 2, էջ 390 )։