Բելևալիա երկարասռնակ

բույսերի տեսակ
Բելևալիա երկարասռնակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Ցեղ Բելևալիա (Bellevalia)
Տեսակ Բելևալիա երկարասռնակ (B. longistyla)
Միջազգային անվանում
Bellevalia longistyla

Բելևալիա երկարասռնակ (լատին․՝ Bellevalia longistyla), հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուղիղ և ամուր ծաղկասլաքներով, 20-30 սմ բարձրությամբ, բազմամյա սոխուկավոր բույս է։ 10-20 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ տերևները 6-7 հատ են, լայնանշտարաձև, մանր թարթիչավոր, խորդուբորդ կամ մերկ։ Ծաղիկները հավաքված են լայն կոնուսաձև ողկույզում։ Ներքևի ծաղկակոթերը վերևիններից երկար են։ 9-12 մմ երկարությամբ ծաղկապատը երկարավուն զանգակաձև է, դժգույն, բաց մանուշակագույն գորշավուն, ավելի բաց գույնի ետծալի մասերով։ Տուփիկն ունի 12-14 մմ երկարություն և 8 մմ լայնություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ուրծի լեռնաշղթա, Ձորաղբյուր, Շորբուլախ, Ձորափ)։ Աճում է նաև Նախիջևանում, Զուվանդում, Արևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորինից սկսած մինչև վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 600-2000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ և խճաքարոտ լանջերին, կիսաանապատներում, տափաստաններում և մարգագետնատափաստաններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելևալիա երկարասռնակ» հոդվածին։