Բելառուսի ազգային գրադարան

Բելառուսի ազգային գրադարան կամ Բելառուսի ազգային գրադարանի պետական հաստատություն (բելառուս․՝ Дзяржаўная ўстанова «Нацыянальная бібліятэка Беларусі), Բելառուսի գլխավոր հանրային գրադարան։

Բելառուսի ազգային գրադարան
Երկիր Բելառուս[1]
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1922
ՏեղադրությունՄինսկ[1]
Հասցեпроспект Независимости, 116
Հավաքածուներ
Չափ9 200 000
Այլ տվյալներ
ՏնօրենRoman Motulsky?
Կայքnlb.by/portal/page/portal/index

Շենք խմբագրել

Գրադարանի շենքն ունի ռոմբոօկտաեդր խորանարդի տեսք (խոսակցական տարբերակով կոչվում է ադամանդ)՝ 73,7 մ բարձրությամբ (23 հարկ), 115,000 տ կշիռով (չհաշված գրքերը)։ Կառույցի մակերեսը 19,500 մ² է, շինության ընդհանուր մակերեսը՝ 113,700 մ², այդ թվում՝ գրապահոցը՝ 54,9 մ²։ Գրադարանի նոր շենքն ապահովված է գրականության ավտոմատ մատուցման «Հեռավերելակ» համակարգով, որը կազմված է մոնոռելսերից և 5-10 կգ բեռնողությամբ խցերից։

Շինության լուսավորությունը լուսադիոդային գրաֆիկական էկրան է՝ 1985 մ² մակերեսով և լուսադիոդային կլաստերների հիմքով, որն ամեն օր միանում է արևի մայր մտնելուց հետո և աշխատում մինչև լուսաբաց։ Պատկերն ու նախշերն անընդհատ փոփոխվում են։

Պատմություն խմբագրել

Բելառուսի ազգային գրադարանը հիմնադրվել է Բելառուսի խորհրդային սոցիալիստական հանրապետության ժողկոմխորհի որոշումով 1922 թվականին որպես Բելառուսի պետական համալսարանի պետական և համալսարանական գրադարան։ Բացման պահին գրադարանի ֆոնդում հաշվվել է 60,000 նմուշ, որոնցից օգտվել է 1,100 մարդ։ Գրադարանի առաջին սեփական շենքը դարձել է Հոբելյանական տունը Զախարևի փողոցում (ներկայումս՝ Անկախության պողոտա)։ 1926 թվականի մայիսի 14-ի որոշումով գրադարանը դուրս է բերվել Բելառուսի պետական համալսարանի կազմից և վերակազմավորվել է որպես Բելառուսի պետական գրադարան։ 1932 թվականին գրադարանն անվանակոչվել է Վ․ Լենինի անունով։ Նույն թվականին գրադարանը ստացել է կոնստրուկտիվ ոճի նոր շենք, որի հեղինակը ճարտարապետ Գ․ Լավրովն էր։

1941 թվականի սկզբին գրադարանում արդեն հաշվվում էր մոտ երկու միլիոն օրինակ գիրք, իսկ ընթերցողների քանակը հասնում էր 15,000-ի։ Նրա հետագա զարգացումն ընդհատվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Մինսկի ազատագրման ժամանակ գրադարանի երկու միլիոն օրինակ գրքից պահպանվել էր 320,000-ը։

1992 թվականի մայիսի 19-ին ԲԽՍՀ Լենինի անվան պետական գրադարանը վերանվանվել է Բելառուսի ազգային գրադարան։ Այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել նոր շենք կառուցելու։ Ռոմբոօկտաէդրի տեսքով շինության հեղինակներն են ճարտարապետներ Մ․ Վինոգադովը, Վ․ Կրամարենկոն։ Նրանց նախագիծը, որը մշակվել էր դեռևս 1980-ական թվականների վերջին, 1989 թվականի հաղթող է ճանաչվել համամիութենական մրցույթում, սակայն նախագիծն իրականություն է դարձել միայն 15 տարի անց։

Գրադարանի շինարարության համար 500,000 դոլար է տրամադրել Սադամ Հուսեյնը[2][3]։

Շինարարությունը սկսվել է 2002 թվականի նոյեմբերի 2-ին՝ Վոսոտոկ-1 բնակելի թաղամասից ոչ հեռու։ Համալիրը նախնական տեսքով (հնոցատուն, էներգամատակարարում, ինժեներական արտաքին ցանցեր) պատրաստ է եղել 2005 թվականի հոկտեմբերին։ Կատարվել են նաև շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ (2016-2018 թվականներին այգու արևելյան մասը ավտոկայանատեղի են դարձրել հարևան առևտրի կենտրոնի համար)։

Աշխատանքների երկրորդ մասը, որ պատրաստ է եղել 2005 թվականի դեկտեմբերին, իր մեջ ներառում էր գրապահոցը, ընթերցասրահները, ինչպես նաև սոցիալ-մշակութային կենտրոնը։ Նրա մեջ էր մտնում բազմաֆունկցիոնալ հանդիսությունների սրահը, գործնական հանդիպումների սրահը, երաժշտական-գեղարվեստական սալոնը, թանգարանային համալիրը, գեղարվեստական պատկերասրահը։

Աշխատանքների երրորդ մասը նախատեսում էր տեղեկատվական տեխնոլոգիական համակարգով համալիրի շահագործման սկիզբը, որը պետք է ապահովեր աշխատանքային անձնակազմի և գրադարանից օգտվողների սպասարկումը, միջազգային հանդիպումների կենտրոնի, համաժողովների երկու սրահների, գագաթնաժողովի սրահի և հարակից շինությունների կառուցումը։ 2006 թվականի մայիսի 31-ին գրադարանը բացվել է ընթերցողների համար։

Ամբողջ ծավալով համալիրը գործարկվել է 2006 թվականի հոկտեմբերից։

2006 թվականի հունվարի 10-ին սկսվել է վեց տարբեր շենքերից գրքային ֆոնդի տեղափոխումը գրադարանի նոր շենք։ Նույն օրը ժամը 11։00-ին գրադարանին է մոտեցել առաջին բեռնատարը՝ տարբեր լեզուներով և տարբեր շրջանների վերաբերող առաջին երեք տոննա գրքերով, որոնք բեռնված էին հատուկ խցիկների մեջ։ Գրքային ֆոնդի տեղափոխումը տևել է մի քանի ամիս։ Վերջում տեղափոխվել են հազվագյուտ հրատարակությունները, որոնք տեղավորվել են գրադարանի 8-րդ հարկում։

Ազգային գրադարանի նոր շենքի հանդիսավոր բացումը կայացել է 2006 թվականի հունիսի 16-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ստացել է ընթերցողի № 1 տոմսը։ Տվյալների պահմպանման մրցույթում հաղթող է ճանաչվել Հյուլեթ Փաքարդ (անգլ.՝ Hewlett-Packard) ընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքով գրադարանի բացման պահին ԱՊՀ երկրների տարածքում նման մակարդակի լուծումներով գրադարան չի եղել։

Ծառայություններ խմբագրել

Գրադարանային ֆոնդեր խմբագրել

2018 թվականի փետրվարին գրադարանը պարունակում էր 9,8 միլիոն միավոր պահպանման տարբեր կրիչներում։

Տվյալների բազա խմբագրել

2008 թվականի սեպտեմբերի դրությամբ գրադարանն ունեցել է տվյալների 110 բազա (հանրապետության ամենախոշոր հավաքածու)։

Վիրտութալ ընթերցասրահ խմբագրել

Տրամադրվել է ֆոնդերի հասանելիության հեռակա թույլտվություն։

Փաստաթղթերի էլեկտրոնային հասանելիություն խմբագրել

Տվյալ ծառայությունը թույլ է տվել Ազգային գրադարանի ֆոնդից պատվիրել փաստաթղթերի պատճեններ (գրքեր, ամսագրերից հոդվածներ, քարտեզներ և այլն) Բելառուսից աշխարհի ցանկացած այլ երկիր։ Պատվերն իրականացվում է գրադարանի պորտալի միջոցով հեռակա կարգով։ Պատճեններն ուղարկվում են էլեկտրոնային փոստով։

Աշխատանքի վիճակագրություն խմբագրել

2016 թվականին Բելառուսի ազգային գրադարան է այցելել 77,400 օգտատեր, որոնց տրվել է 2449,3 հազար օրինակ գիրք ու ամսագիր (միջին հաշվով՝ 32 օրինակ ամեն օգտատիրոջ)[4]։ Ստորև ներկայացվում է գրադարանի օգտատերերի թվաքանակը՝ ըստ տարիների․

ԲԱԳ-ի օգտատերերի թիվ, հազար մարդ[4]։ Տրված գրքեր, ամսագրեր, հազար օրինակ։

Գնահատականներ խմբագրել

Բելառուսի ազգային գրադարանը ամերիկյան «Flavorwire» հրատարակչության տարբերակով ամենաֆանտաստիկ ճարտարապետական շինությունների վարկանիշում 2013 թվականին զբաղեցրել է 11-րդ տեղը։ 2011 թվականին գրադարանի շենքն ընդգրկվել է աշխարհի հիսուն ամենաարտասովոր կառույցների ցանկում՝ զբաղեցնելով 24-րդ տեղը։ Շենքը հիշատակվել է «Աշխարհի լավագույն գրադարաններ» բեռլինյան հրատարակությունում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Хусейн пожертвовал $500000 на строительство Национальной библиотеки Беларуси». podrobnosti. 2002 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Лукашенко: Саддам Хусейн инвестировал полмиллиона долларов на строительство Национальной библиотеки». naviny.by. 2006 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Культура Республики Беларусь. Статистический сборник. — Мн., 2017. — С. 44.
  5. «Национальная библиотека Беларуси» (ռուսերեն). www.belarus.by. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել