Բարիշնիկովի դաստակերտ

Բարիշնիկովի դաստակերտ (ռուս.՝ Усадьба Барышникова), քաղաքային դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, տուն 42։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 7735154000)[1]։

Museum Silhouette.svg
Բարիշնիկովի դաստակերտ
Municipal Album 1.061 Myasnitskaya Hospital.jpg
Տեսակկալվածք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Մյասնիցկայա փողոց
ՃարտարապետՄատվեյ Կազակով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

ՊատմությունԽմբագրել

Դաստակերտի շինարարության պատվիրատուն եղել է Բարիշնիկովների ազնվական հարուստ ցեղի ներկայացուցիչ պահեստազորի մայոր Իվան Իվանովիչ Բարիշնիկովը։ Շինարարությունը 1793-1802 թվականներին վարել է ճարտարապետ Մատվեյ Ֆեոդորովիչ Կազակովը[2][3]։

Շենքն ունի П-աձև հատակագիծ, կենտրոնական մասը զարդարված է կորնթոսյան սյունասրահով։ Գլխավոր բակը շրջապատում էին սյունազարդ սրահները, որոնք այժմ կորսված են։ Բակի ցանկապատը ձուլածո ճաղերով սպիտակաքար սյուներից է, այն անցնում է փողոցի գծով և միացնում է շենքի թևերը։ Շինության աջ մասի ծավալը թաքցնում է XVII դարի վերջի - XVIII դարի սկզբի երկհարկանի ապարանք։ Թեև 1812 թվականի հրդեհը չի վնասել դաստակերտը, այն կողոպտվել է ֆրանսիացի զինվորների կողմից, և Բարիշնիկովը ստիպված էր երկար ժամանակ վերականգնել իր ունեցվածքը[2][3]։

1823 թվականին Բարիշնիկովը իր դստերն ամուսնացրել է Ստեպան Նիկիտիչ Բեգիչևի հետ, որն էլ դարձել է դաստակերտի նոր սեփականատերը։ Հարսանիքից անմիջապես հետո Բեգիչևը թողել է զինվորական ծառայությունը գնդապետի կոչումով և բնակվել իր նոր տանը։ Նոր տիրոջ օրոք դաստակերտը դարձել է Մոսկվայի մշակութային կյանքի կենտրոններից մեկը, այնտեղ հաճախ էին հյուրընկալվում բանաստեղծներ Դենիս Դավիդովը և Վիլհելմ Կյուխելբեկերը, գրող Վլադիմիր Օդոևսկին, կոմպոզիտոր Ալեքսեյ Վերստովսկին։ Բեգիչևը Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի  ընկերն էր, 1823-1824 թվականների ձմռանը գրողը հյուրընկալվել էր Մյասնիցկայա փողոցի տանը։ Այդ ժամանակաընթացքում նա աշխատել է «Խելքից պատուհաս» կատակերգության վրա, Գրիբոյեդովի սենյակները շենքի ձախ մասում էին[2][3]։

Տան հաջորդ սեփականատերերն էին ազնվականներ Բեկետովները։ Այնուհետև XIX դարի երկրորդ կեսին գույքը ձեռք է բերել պետությունը, դաստակերտում տեղակայվել է սևագործ բանվորների (նրանց թվին էին դասվում գյուղական բնակիչները, որոնք աշխատում էին Մոսկվայում) համար հիվանդանոցի Մյասնիցկայայի բաժանմունքը։ XX դարի սկզբին այստեղ, ըստ տեղեկատուների, գտնվում էր Մյասնիցկայա քաղաքային հիվանդանոցը։ 1923 թվականին հիվանդանոցը դաստակերտից տեղափոխվել է այլ շենք, իսկ նրա տեղը որոշ ժամանակ անց զբաղեցրել է ԽՍՀՄ առողջապահության ժողկոմի սանիտարական լուսավորության ինստիտուտը[2][3]։

1990-ական թվականների սկզբին երկարաժամկետ վարձակալության պայմաններով (49 տարով) շենք է տեղափոխվել «Արգումենտի ի ֆակտի» թերթի խմբագրությունը։ Իրականացվել է շենքի վերականգնում։ Պահպանվել է ներսույթի դեկորատիվ հարդարումը՝ առաստաղների որմնանկարները, խորաքանդակները, արհեստական մարմարից պատրաստված սյուները[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Усадьба Барышникова» 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Дедушкин, Алексей։ «Усадьба Барышникова»։ Узнай Москву։ Վերցված է 2015-04-13 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Усадьба Барышникова. Горе, аргументы и факты.»։ Прогулки по Москве ─ liveinmsk.ru