Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան)
«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Բարեկամության ձեռքեր | |
---|---|
Բարեկամության ձեռքեր (Հիսուսի ձեռքեր) | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/114 |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 1950 |
Գտնվում է | Օղակաձև զբոսայգի |
Քանդակագործ(ներ) | Խիլմա Մադերա, Արա Հարությունյան |
Նյութ | սպիտակ մարմար |
Շինարարության ավարտ | 1965 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։
Հեղինակներ
խմբագրելՏվյալներ
խմբագրելՀուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։
Պատմություն
խմբագրելԿուբա
խմբագրել1950 թվականի սեպտեմբերի 13-ին հեղափոխականների մի խումբ մահափորձ է ձեռնարկում Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի նկատմամբ։ Նրա կինը՝ Մարթան, խոստանում է, որ եթե ամուսինը փրկվի, ինքը Հավանայում կանգնեցնելու է Հիսուսի հսկայական արձանը, ինչպես Ռիո դե Ժանեյրոյում է։ Մահափորձը ձախողվում է, և Մարթան չի մոռանում իր խոստումը։
Արձանը պատվիրում են քանդակագործուհի Խիլմա Մադերային (1915-2000)։ Բատիստաներն ուզում էին, որ արձանը լինի սպիտակ մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը։ Ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը։ Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ գտնվող բլրին։ 1958 թ.-ի Ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը։
Մի քանի օր անց՝ 1959 թ.-ի հունվարի 1-ին, Կուբայում տեղի է ունենում հեղաշրջում։ Իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն, որը որոշում է պահպանել 320 տոննա կշռող արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։
Կարրարա
խմբագրելԵրեք տարի անց՝ 1962 թ.-ի հունիսին Իտալիայի Կարրարա քաղաքի Ջունիո հրապարակում տեղի է ունենում նոր պալատի բացումը։ Եվ քանի որ Կարրարան բարեկամական հարաբերությունների մեջ էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ։ Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը։
1963 թ.-ի օգոստոսի 8-ին Կարրարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին երկաթգծով Երևան է ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ։ Կարրարա քաղաքի կողմից արվող այդ նվերը պետք է դառնար բարեկամության խորհրդանիշ։
Ավելի քան երկու մետր բարձրությամբ մարմարյա երկու ձեռքերը Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն էին։ Քաղաքապետ Մարտինելլին խնդրել էր Մադերային կերտել դրանք ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարրարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները։
Երևան
խմբագրելՀասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թվականին[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բարեկամության ձեռքեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան)» հոդվածին։ |