Հիմնական բառաֆոնդ, բառապաշարի հիմքը, նրա ամենակայուն շերտը, որի առաջին հերթին մեջ մտնում են նախասկզբնական ու նախնական կարևորագույն ու ամենաանհրաժեշտ այն բառերը, որոնք հաստատապես մուտք են գործել այդ լեզվով խոսող ժողովրդի կյանք։ Դրանք ընդհանուր գործածական այն բառերն են, որոնք անվանում են օբյեկտիվ իրականության առարկաները, երևույթները, գործընթացները, հատկանիշները և այլն։ Այդ բառերը տարբեր դարաշրջանների ու տարբեր ժողովուրդների լեզուների համար կարող են բնույթով որոշակիորեն տարբեր լինել։

Բառային հիմնական ֆոնդն ընդգրկում է լեզվի ամենանհրաժեշտ բառերը, բայց չի կարելի պնդել, թե դրանք միայն այն բառերն են, որոնք համապատասխանում են միայն անհրաժեշտ առարկաներին ու կարևոր հասկացություններին, քանի որ միևնույն հասկացություննների հետ կարող են կապված լինել տարբեր բառեր, իսկ նույն առարկաները կարող են անվանվել տարբեր բառերով, սակայն այդ բառերը ոչ բոլորն են գործածվում հավասարապես և բառապաշարում խաղացած իրենց դերի և արժեքի համապատասխան էլ դրանք ոչ բոլորն են մտնում բառային հիմնական ֆոնդ։

Հիմնական բառաֆոնդի բառերը չեզոք բառապաշարի են վերաբերում. դրանք կարելի է գործածել միայն նույն իմաստներով խոսքի ցանկացած տեքստում և ժանրերում։

Լեզվի բառային հիմնական ֆոնդի կորիզն են կազմում արմատներն ու արմատական բառերը, որոնք հիմք են ծառայում բազմաթիվ բաղադրյալ բառերի համար։

Հայոց լեզվի հիմնական բառաֆոնդը ձևավորվել է նրա կազմավորման ընթացքում, ընդգրկում է բնիկ հայերեն, այսինքն՝ հնդեվրոպական նախալեզվից ժառանգած և այլ ժողովուրդներից փոխառյալ բառերը, որոնք այլ ժողովուրդների ու քաղաքակրթությունների հետ ունեցած մշակութային, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բնականոն արդյունքը կամ հետևանքն են հանդիսանում։

Բառային հիմնական ֆոնդին հատուկ է նրա ոչ մեծ ծավալը, կայունությունը, գործածության տևականությունը։ Նրա համեմատական կայունությունից էլ բխում է մյուս կարևոր առանձնահատկությունը՝ ժառանգորդությունը, փոխանցումը սերնդից սերունդ։ Սվոդեշի կարծիքով՝ լեզվի հիմնական բառաֆոնդը փոփոխման է ենթարկվում հավասար արագությամբ, ըստ որում, յուրաքանչյուր հազարամյակի ընթացքում դուրս է ընկնում բառերի 15 %-ը[1]։

Հիմնական բառաֆոնդի մեջ մտնող բառերը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. *Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 141։

Գրականություն խմբագրել

  • Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Երևան, 1970։
  • Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան, 1982։
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
  • Մուրվալյան Ա., Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։