Բանակի թանգարան (Փարիզ)

ազգային թանգարան Հաշմանդամների տանը, Ֆրանսիա, Փարիզ

Ռազմական թանգարան կամ բանակի թանգարան, գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը, որը կառուցվել է հաշմանդամ զինվորների համար՝ Լյուդովիկոս XIV-ի պատվերով։

Բանակի թանգարան
Տեսակռազմական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 7-րդ շրջան
ՎայրՀաշմանդամների տուն
Կազմված է19th century and decorations department of Musée de l'Armée?
Հասցե75007
Հիմնադրվել է1905[1][2]
Այցելուներ1 252 095 մարդ (2019)[3]
ՏնօրենAlexandre d'Andoque de Sériège? և Henry de Medlege?
Կայքmusee-armee.fr/en/(անգլ.), musee-armee.fr(ֆր.), musee-armee.fr/de/(գերմ.), musee-armee.fr/es/(իսպ.), musee-armee.fr/ru/(ռուս.), musee-armee.fr/cn/(չին.) և musee-armee.fr/jp/(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն

խմբագրել

Բանակի թանգարանը բացվել է 1905 թվականին՝ հրետանու թանգարանի և բանակի պատմության թանգարանի միավորման արդյունքում։

Հրետանու թանգարան

խմբագրել

1871 թվականին հիմնադրված հրետանու թանգարանն իր հերթին ժառանգել է երկու հանրահայտ հավաքածուներ. ֆրանսիական թագի (ֆր.՝ la collection du garde-meuble de la Couronne) շարժական ունեցվածքի հավաքածուն և Կոնդեի արքայորդիների սպառազինության և զենքի հավաքածուն (ավելի վաղ ցուցադրվել է Շանտիի դղյակում)։ 1852 թվականից թանգարանի հրետանային հավաքածուն հաստատվել է Հաշմանդամների տանը՝ անընդհատ հարստանալով Ազգային գրադարանի, Լուվրի, Վենսենսկյան հրետանային թանգարանի, Փարիզի դրամահատարանի, Պիերֆոն դղյակի ցուցանմուշների, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։

Բանակի պատմության թանգարան

խմբագրել

Բանակի պատմության թանգարանը ստեղծվել է 1896 թվականին La Sabretache ընկերության կողմից, որի նախագահը (նկարիչ Էդուարդ Դետայը — ֆր.՝ Edouard Detaille) երազում էր ստեղծել այդօրինակ թանգարան սեփական հավաքածուի հիման վրա՝ ընդօրինակելով 1889 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի պատմական սրահները։

Մշտական հավաքածու

խմբագրել

Հին շրջանի սպառազինության բաժին (Armes et Armures Anciennes)

խմբագրել

Փարիզի բանակի թանգարանին է պատկանում զենքի և սպառազինության հավաքածուն, որն իր մեծությամբ երրորդն է աշխարհում (վիեննական և մադրիդյան թանգարաններից հետո)։ Հավաքածուն ընդգրկում է պատմական մեծ ժամանակաշրջան՝ Պալեոլիթից մինչև XVII դարակես։ Թանգարանում ցուցադրվում են մոտավորապես 2500 զինատեսակներ։ Մեծ մասամբ դրանք ֆրանսիական զենքեր են, սակայն հավասարապես ներկայացված են ինչպես եվրոպական, այնպես նաև Մերձավոր և Հեռավոր Արևելքի երկրները (Օսմանյան կայսրություն, Պարսկաստան, Հնդկաստան, Չինաստան և Ճապոնիա)։ Ցուցանմուշների մեջ պետք է առանձնացնել ֆրանսիական արքաների զորահանդեսային սպառազինությունը (Հենրիխ II, Հենրիխ IV, Լյուդովիկոս XIII և Լյուդովիկոս XIV) և ֆրանսիական դյուրակիր հրաձգային զենքի հավաքածուն։

Նոր շրջանի բաժին (1648—1792)

խմբագրել

Բաժինն ընդգրկում է Լյուդովիկոս XIV-ի ժամանակներից մինչև Ֆրանսիական հեղափոխությունը։ Այս շրջանը բնութագրվում է ֆրանսիական բանակի կառուցվածքի կտրուկ փոփոխություններով։

Արդեն Լյուդովիկոս XIV-ի օրոք բանակում բարեփոխումներ են տեղի ունեցել, ստեղծվել է զինվորական կոչումների ճշգրիտ աստիճանավորումը։ 1680 թվականից սկսած՝ գործածության մեջ են դրվել բոլորի համար պարտադիր համազգեստները, Ֆրանսիական բանակը մասնակցել է Երեսնամյա պատերազմին։

Լյուդովիկոս XV-ի գահակալության տարիներին Ֆրանսիայում ստեղծվել է առաջին ստանդարտ զենքը՝ 1717 թվականի հրացանը։ Ֆրանսիական բանակն այս զենքով մասնակցել է Ավստրիայի ժառանգության համար մղվող պատերազմին։

Լյուդովիկոս XVI-ի օրոք բանակը կատարելագործվել է. ճշգրիտ ռազմական կանոնադրություն և տեխնիկական առաջընթաց՝ ահա երկու հիմնական բաղադրիչները, որոնցով դաստիարակվել են ֆրանսիական հեղափոխության ապագա զինվորները։ Լյուդովիկոս XVI-ի գահակալության շրջանում Ֆրանսիան մասնակցել է Անկախության համար մղվող ամերիկյան պատերազմին։

Նոր շրջանի բաժին (1792—1871)

խմբագրել

Այս շրջանը ներկայացնում է ֆրանսիական բանակի պատմությունը Ֆրանսիական մեծ հեղափոխությունից մինչև Փարիզյան կոմունան։

Որպես հետաքրքիր ցուցանմուշներ՝ կարելի է առանձնացնել Նապոլեոնի գլխարկները. մեծ զորավարն իր հայտնի եռանկյունի գլխարկը փոխել է մոտավորապես ամիսը մեկ անգամ, և նրա հրամանատարության շրջանում այդ գլխարկների թիվը հասել է 170-ի։ Նապոլեոնի գլխարկներից այժմ պահպանվում են 20 օրինակ, որոնցից 6-ը՝ Փարիզի բանակի թանգարանում։

Այս բաժնում ներկայացված է Նապոլեոնի գեներալական համազգեստը, որը զորավարը կրել է Իտալական արշավանքի ժամանակ, ինչպես նաև դաշույնը՝ բուրգերի մոտ մղված Եգիպտական պատերազմից։ Լինելով միապետության Առաջին հյուպատոսը՝ Նապոլեոնը սահմանել է պատվո զենքը, որով պարգևատրվել են մարտի ընթացքում առանձնակի հերոսություն դրսևորած զինվորները։

Այս զենքերից շատերը ևս պահպանվում են թանգարանում։ Նապոլեոնյան շրջանը ներկայացնող ցուցանմուշներից են նաև Բոնապարտին պատկանող կայսերական Պատվավոր լեգեոնի վզնոցը, նրա սուսերը Աուստեռլիցի ճակատամարտից, ինչպես նաև նրա հանրահայտ մոխրագույն սերթուկներից մեկը։

Միապետության վերականգնումը, ավելի ճիշտ, Կառլոս X-ի և Լուի Ֆիլիպի գահակալությունը նշանավորվում են ֆրանսիական բանակի գաղութային արշավանքներով։ Թանգարանում ներկայացված է ֆրանսիական Աֆրիկյան կորպուսի համազգեստը, որն ստեղծվել է վառ արտահայտված արևելյան մոտիվներով։

Երկրորդ միապետության շրջանում Նապոլեոն III-ը տեխնիկապես վերազինել է բանակը, ինչը ստիպել է նրան ընդունել որպես Բոնապարտի Մեծ Բանակի արժանի հետնորդի։ Այս շրջանին են վերաբերում Ղրիմի պատերազմը, Իտալիայի պատերազմը Մեքսիկայում, Ալժիրի գաղութների ճնշումը, Սիրիայի և Հեռավոր Արևելքի պատերազմը։

Բաժինն ավարտվում է 1870-1871 թթ. պատերազմի և Կոմունայի ստեղծման մասին պատմությամբ։

Երկու համաշխարհային պատերազմների բաժին

խմբագրել

Այս բաժնում պատմվում է բանակի պատմությունը 1871 թվականից մինչև 1945 թվականը։ Այստեղ միայն ֆրանսիական բանակը չէ որ ներկայացված է. ցարական Ռուսաստանի բանակային գեղեցիկ համազգեստի հետ միասին ցուցադրված են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակից բոլոր բանակների համազգեստները։

2000 թվականի հունիսի 18-ին՝ Շառլ դը Գոլի պաշտոնավարության 60-ամյակի օրը, բացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված նոր սրահներ։ Իսկ 2006 թվականի հուլիսից սկսած՝ այս բաժինն ամբողջությամբ նորացվել է, էականորեն ընդլայնվել է III Հանրապետությանը և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հավաքածուն։

Հրետանային բաժին

խմբագրել

Հրետանային բաժինը, ժառանգելով համանուն թանգարանի հավաքածուն, որպես ցուցանմուշ ներկայացնում է ինչպես իսկական հրանոթներ, այնպես էլ նրանց մոդելները։ Հաշմանդամների տան շրջակայքում, որտեղ գտնվում է թանգարանը, բաց երկնքի տակ ցուցադրված են մոտավորապես 800 թնդանոթներ։ Այս հավաքածուի մեջ կարելի է տեսնել XIV դարի թնդանոթներ, որոնք առաջինն են պատմության մեջ։

Հաշմանդամների տան գլխավոր բակում ցուցադրված են XVII—XVIII դարերի դասական ֆրանսիական հրետանային մարտկոցներ, որոնք ինքնատիպ ձևով նմանվել են արվեստի գործերի։ Մասնավորապես, թանգարանի այցելուն գիտի, որ այդ ժամանակաշրջանում ձուլող բանվորները թնդանոթի տրամաչափը նշել են հարթաքանդակի վրա կենդանի պատկերելով. աքաղաղը պատկերել են 12 տրամաչափի փողի վրա (տրամաչափի ֆրանսիական չափման միավորը համապատասխանում է գնդի ֆունտով արտահայտված քաշի միավորին, այսինքն, 12 տրամաչափը համապատասխանում է մոտավորապես 6 կիլոգրամանոց ռմբագնդին), քիմեռը՝ 16 տրամաչափի, իսկ առյուծը՝ 24 տրամաչափի վրա։

Հաշմանդամների հրապարակի կողմից փոսերի երկայնքով ցուցադրված են ռազմաավարային թնդանոթներ, այդ թվում՝ Նապոլոնի Մեծ բանակի կողմից գրավված ռուսական բանակի հրանոթները։ Մինչև XX դարասկիզբը այդ հրանոթներից արձակել են հանդիսավոր տոնական հրետանային սալյուտներ։

Մոդելների սրահում ցուցադրված է թնդանոթների մոդելների աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ ավելի քան 1000 ցուցանմուշ։ Ցուցադրված մոդելներից ամենահին նմուշները թվագրվում են XVI դարով և իրենցից ներկայացնում են իրական թնդանոթների նախատիպեր։ Կրակող մոդելները «դաստիարակչական նպատակներով» հաճախ նվիրել են թագավորական ընտանիքի տղաներին։ XVII դարում թնդանոթի մոդելը եղել է դասական դիվանագիտական նվեր. որպես օրինակ՝ կարելի է նշել Լյուդովիկոս XIV-ի կողմից Ֆրանշ-Կոնտեի խորհրդարանին նվիրած մոդելը՝ ի պատիվ 1676 թվականին այդ գավառի՝ Ֆրանսիայի հետ միավորման։

 
Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքնշանի հրասանդ, Հռոդոս 1480—1500 թթ.

Պաշտոնական սիմվոլիկայի բաժին

խմբագրել

Դրոշներն ի սկզբանե որոշակի զինվորական ստորաբաժանման պատկանելիության խորհրդանիշեր են։ Փարիզի բանակի թանգարանում պահպանվել են մի քանի հարյուրյակ այսպիսի դրոշներ, ինչպես ֆրանսիական, այնպես էլ ֆրանսիական բանակի կողմից պատերազմներում զավթված դրոշներ։

Ֆրանսիական դրոշներ

խմբագրել

Ֆրանսիական դրոշները ժամանակագրական հերթականությամբ ներկայացված են Տյուրեն սրահում (անվանվել է Հաշմանդամներ տանը թաղված մարշալ Տյուրենի անունով)։

Ցուցանմուշներից ամենահինը թվագրվում է 1619 թվականով և համարվում է այդ ժամանակաշրջանից պահպանված եզակի նմուշներից մեկը։

Առաջին դրոշները, որոնցում գործածվել են դասական կապույտ, սպիտակ, կարմիր գույները, հայտնվել են 1812 թվականին։ Այդ ժամանակների ամենահայտնի դրոշներից է կայսերական գվարդիայի գրենադերների առաջին հետևակային զորագնդի դրոշը, որը նույնպես պահպանվում է այս թանգարանում։ Նապոլեոնը 1814 թվականին հենց այս դրոշն է համբուրել՝ առաջին անգամ կայսերական գահից հրաժարվելու ժամանակ։

1880 թվականին պաշտոնական դեկրետը հաստատել է ռազմական խորհրդանիշը՝ սահմանելով նաև ռազմական դրոշների ստանդարտը (դրոշակի պաստառի չափսը, գործվածքը, մակագրության չափսը և այլն)։ Այդ ստանդարտը ֆրանսիական բանակում գործում է մինչ օրս։

Ռազմաավարային դրոշներ

խմբագրել

Հին ռեժիմի ժամանակ ռազմաավարային դրոշները ցուցադրվել են Փարիզի Աստվածամոր տաճարում։ 1793 թվականի նոյեմբերին Կոնվենտի հրամանով դրանք տեղափոխվել են Հաշմանդամների տան տարածքում գտնվող Սուրբ Լյուդովիկոսի եկեղեցի, որն այդ ժամանակ անվանափոխվել էր և կոչվում էր Մարսի տաճար։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները նշանակալիորեն հարստացրել են հավաքածուն, սակայն 1814 թվականին Հաշմանդամների տան պահակը այրել է ողջ հավաքածուն, որպեսզի դրոշները չհայտնվեն Փարիզի դարպասներին մոտեցած թշնամական զորքերի ձեռքում։

Ներկայումս ցուցադրվող ռազմաավարային դրոշները XIX—XX դարերի նմուշներ են՝ Աուստեռլիցի ճակատամարտից (1805 թիվ) մինչև Հնդկաչինի պատերազմը (1952 թիվ)։

Խաղալիք զինվորիկների բաժին

խմբագրել

Այս բաժնում ներկայացվում են մոտավորապես 150 000 ստվարաթղթե, կապարե, անագե զինվորիկներ, որոնք ստեղծվել են XVIII դարից մինչև XX դարակեսը։

 
Էնգր, Նապոլեոնը կայսերական գահին 1806 թ.

Կերպարվեստի բաժին

խմբագրել

Մոտ 200 000 ցուցանմուշներ՝ նկարներ և քանդակներ, փորագրանկարներ, լուսանկարներ, հավաքված են բանակի թանգարանի կերպարվեստի բաժնում։ Այդ թվում՝ նկարիչների կողմից արված նկարներ և գծանկարներ, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին թանգարանից ուղարկվել են ռազմաճակատ։

Ռուսական բաժին

խմբագրել

1953 թվականին գեներալ Բլանի, թանգարանի տնօրենի և ռուս ռազմական պատմաբան Անդոլենկոյի նախաձեռնությամբ ստեղծվել է Ռուսական բաժնի առանձին սրահը՝ ռուսական կայսերական բանակի ամենահայտնի զորագնդերը ներկայացնող ցուցափեղկերով, որոնցից են Կայսերական գվարդիան, Պաժեսկյան կորպուսը, բանակային հեծելազորը, գվարդիական զինվորներին և ռուսական նավատորմը ներկայացնող ցուցափեղկերը։ 1972 թվականին ռուսական բաժինը ներկայանում էր հատուկ սրահում՝ առանձնահատուկ ցուցանմուշների կարգավիճակով։ Հետագայում սրահը ձևափոխվել է, իսկ այնտեղի հավաքածուները հիմք են դարձել Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված հատուկ բաժինների համար։ Ներկայումս ցուցադրվում է ռուսական գվարդիային և Ֆրանսիայում ռուսական էքսպեդիցիոն կորպուսին նվիրված հավաքածուի միայն մի մասը։ Մյուս ցուցանմուշների ճակատագիրն անհայտ է[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ցուցադրություն՝ նվիրված խորհրդային զինվորներին, ովքեր հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում եղել են Ֆրանսիայի դաշնակիցը։ ֆրանսիայի Դիմադրությունը ներկայացնող բաժնում տեղ են գտել նաև պարտիզանական շարժմանը և գերմանական համակենտրոնացման ճամբարներից փախուստի դիմած ռուսական ռազմագերիներին նվիրված ցուցանմուշներ[5]։ Գեներալ Վրանգելի նախկին բանակի ռուս սպա Ա. Լոպատինսկին, իր տղայի հետ միասին, ռուս զինվորներին օգնել են փախչել գերությունից։ Բազմաթիվ ռուս զինվորներ մասնակցել են Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և դարձել են Գեստապոյի զոհեր։

2016-2017 թվականի ձմռանը թանգարանում անց է կացվել «Գաղտնի պատերազմներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը նվիրվել է աշխարհի առաջատար երկրների գաղտնի ծառայություններին։ Ներկայացվել են հատուկ նշանակության զենքեր, հատուկ տեխնիկա, թույներ և սեղմօղակներ, երկու ամշխարհային պատերազմներին և հետպատերազմյան շրջաններին վերաբերող փաստաթղթեր։ Այս բաժինը ներկայացնում էր նաև «սառը պատերազմի» շրջանում ՊԱԿ-ի դիմակայությունն ընդդեմ ԿՀՎ-ի և Գաղտնի հետախուզական ծառայության[6]։

Գործնական տեղեկություն

խմբագրել

Թանգարանը գտնվում է Փարիզի VII շրջանում, մետրոյի մոտակա կայարաններն են՝ Invalides, La Tour-Maubourg և Varenne:

Թանգարանը բաց է ամեն օր՝ բացի յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթիից։ Հանգստյան օրերն են հունվարի 1-ը, մայիսի 1-ը, նոյեմբերի 1-ը և դեկտեմբերի 25-ը։

Աշխատանքային ժամերն են.

  • ամռանը (ապրիլի 1 - սեպտեմբերի 30) 10:00 - 18:00
  • ձմռանը (հոկտեմբերի 1 - մարտի 31) 10:00 - 17:00
  • երեքշաբթի օրերին բաց է մինչև 21:00

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://en.parisinfo.com/paris-museum-monument/71520/Musée-de-l%27Armée-Invalides
  2. http://www.musee-armee.fr/collections/les-espaces-du-musee.html
  3. Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  4. «Русский отдел, Музей армии в Париже | "ПАРИЖ и РУССКАЯ ФРАНЦИЯ" Franco-Russe гид-путеводитель: история, музеи, экскурсии». paris1814.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Музей Армии и Дом Инвалидов. Часы работы, стоимость билетов | "ПАРИЖ и РУССКАЯ ФРАНЦИЯ" Franco-Russe гид-путеводитель: история, музеи, экскурсии». paris1814.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  6. «Музей Армии. Секретные войны | Русский Париж» (ռուսերեն). paris1814.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանակի թանգարան (Փարիզ)» հոդվածին։